Առողջապահության նախարարությունն օրենսդրական փաթեթ է մշակում արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ունենալու համար։ Երբ այս լուրը կարդացի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի Facebook-ի էջում, առաջին բանը, որ մտքիս եկավ, լոռեցու բառուբանին հատուկ միտքն էր՝ «իբր էն կուռը դեսն ա արել» (նշանակությունը՝ ամեն ինչ հրաշալիորեն կատարել է), հիմա էլ օրենք գրելուն է անցել:
Անկեղծ ասած՝ ամեն անգամ յուրովի եմ զարմանում Թորոսյանի «խանդավառ» մտքերի, նրա սառնասիրտ վերաբերմունքի ու հարցազրույցների ժամանակ լրագրողներիս հարցերին իրոնիկ ու «ես ձեր ժամանակը չունեմ» ոճի պատասախանների վրա: Չեմ հիշում նախկին ու ներկա որևէ այլ պաշտոնյայի, որ այդքան դժկամությամբ, երբեմն նույնիսկ առերևույթ ատելությամբ շփվի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Համավարակի այս օրերին նման բան գրել, իսկապես, չէի ցանկանա, բայց երբ լսում ես կորոնավիրուսի՝ օր օրի ավելացող թվերի մասին, իմանում, որ ջերմություն ունեցող ընկերդ 4 օր շարունակ չի թեստավորվել, նախարարությունը հիվանդանոցներին ու բժիշկներին օրհասական պահերին անգամ սևերի ու սպիտակների է բաժանում, լռել ուղղակի չես կարող: Չգիտեմ՝ ի՞նչ դատողությամբ պետք է մարդ առաջնորդվի, որ շաբաթական կտրվածքով իրարարամերժ հայտարարություններով հանդես գա, բայց դա ոլորտի, մեղմ ասած, ծանր վիճակի մասին է վկայում: Հետաքրքիր է՝ եթե Թորոսյանը հանդիպի կորոնավիրուսի պատճառով մահացած մարդկանց հարազատներին, շարունակելու՞ է պնդել, որ «վիրուսը շատ վտանգավոր չէ»:
Ի՞նչ է կատարվում նրա ներաշխարհի հետ, երբ, ըստ երևույթին, Նիկոլ Փաշինյանի հրահանգով, կառավարական կաբինետի այլ անդամների հետ մեկտեղ փողոցն ընկած դիմակ է բաժանում: Ցավոք, դիմակ բաժանող պաշտոնյաներից որևէ մեկին չեմ հանդիպել, թե չէ կխնդրեի դիմակի փսխարեն ինձ Փաշինյանի ասած «տնական օղի ու պինցետ» հատկացնել: Մի խորհուրդ էլ ես կտայի նրանց՝ վերջնականապես հաղթահարել անվերջ քայլելու սինդրոմն ու գործ անել: Ո՛չ դիմակը, ո՛չ էլ հակահամավարակային այլ միջոցառումներն արդյունք չեն տալու այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունում մեկը մյուսից անտեղյակ պատասխանատուներ են: Գործադիրի պատրաստած տեսանյութը, որ հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերությամբ, տնային պայմաններում դիմակ պատրաստել է սովորեցնում, մինչդեռ դրան զուգահեռ Արսեն Թորոսյանը մարդկանց հորդորում է օրական մինիմում 600 դրամ ծախսել ու բացառապես բժշկական դիմակներ օգտագործել: Մինչև առողջապահական ոլորտի թիվ մեկ պատասխանատուն օրենք է գրում, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը «Իրատեսի» հետ զրույցում հիշեցնում է՝ մեկամսյա կարանտինի ժամանակահատվածում, փաստորեն, նախարարությունը կազմակերպչական որևէ գործողություն չէր իրականացրել. ռեանիմատոլոգների, շտապօգնության մեքենաների վարորդների ու այլ մասնագետների անհրաժեշտության մասին հայտարարությունները դրա անհերքելի ապացույցներն են. «Մեկամսյա կարանտինն իհարկե բավարար ժամկետ էր ոչ միայն բուժաշխատողներին հավաքագրելու, այլ նաև բուժմիավորումները համավարակային պայմաններին հարմարեցնելու, հիվանդանոցներն առանձնանցնելու համար: Ամբիցիաներ դրսևորելու ու լավագույն մասնագետների հետ «ինադ» ընկնելու ժամանակը չէր բնավ: ՈՒզենք թե չուզենք, լավագույն բժիշկները բժշկական համալսարանի «կուրացիայի» տակ են, համալսարանական բուժհաստատություններն էլ առաջին իսկ օրվանից առանձին ստորաբաժանումներ էին առանձնացրել, հետևաբար՝ առանց վարանելու պե՛տք էր համագործակցել պատրաստակամություն հայտնած բժիշկների հետ ու օգտվել արդեն իսկ պատրաստի բուժհաստատություններից: Ավելին ասեմ՝ մեկ ամիսը բավարար էր նաև, որ հոգեբանական աջակցության կենտրոններ բացվեին տարեցների, հղիների, միայնակ ապրող մարդկանց ու, առհասարակ, այս օրերին հոգեբանական ծանր ապրումներ ունեցողների համար»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ