Մենք բազմիցս արձանագրել ենք, որ ՍԴ-ն սեփական ճաշակով վերաձևելուց հետո իշխանության հաջորդ թիրախը լրատվամիջոցներն են լինելու։ Չնայած ԶԼՄ-ների դեմ արշավը մեկնարկել է այս իշխանության կառավարման հենց առաջին օրից, որովհետև գործ ունենք քննադատությունը չհանդուրժող քաղաքական ուժի հետ։ Երբ քաղաքական ընդդիմախոսներին վարչապետն ԱԺ ամբիոնից համարում է «երկրով մեկ գարշահոտությունը տարածող քաղաքական դիակներ», լրատվամիջոցների 99 տոկոսը որակում ծախու (հետո պարզվում է, որ ինքն է իր լրատվամիջոցով ամեն ամիս ծախվել, իսկ եթե այդպես չէ, թող հրապարակային հակառակի մասին փաստեր ներկայացնեն), իսկ այսօր արդեն կոնկրետ քայլեր է ձեռնարկում լրատվամիջոցների դեմ, անունն էլ դնում՝ թափանցիկ աշխատաոճ։ Հետաքրքիր է՝ այսօրվա ձեր «բստրած» կարգավորումները հետադարձ ուժ չե՞ն ունենալու, որպեսզի երկրի վարչապետի խմբագրած լրատվամիջոցն էլ իր ֆինանսական պատմությունը, կոմերցիոն գաղտնիքները ներկայացնի հանրությանը։ Երեկ պաշտոնապես խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցների դեմ հարձակման մեկնարկը տվեց ու պարզ է, որ դա առաջիկա օրերին միս ու արյուն կստանա։
Առաջ անցնելով փաստենք, որ մինչ այդ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը՝ ՏՄՊՊՀ-ն, որ լրիվ անհասկանալի պատճառով խցկվել է մեդիա ոլորտ, ռևիզորի պես սկսել է լրատվամիջոցների գովազդային քաղաքականությունն ուսումնասիրել։ Ավելին, ԶԼՄ-ներից պահանջում են բացահայտել կոմերցիոն գաղտնիքներ։ Լրատվամիջոցներն այս հանձնաժողովի անտրամաբանական պահանջներով նամակները ավելի վաղ են ստացել, իսկ հիմա գյուղնախարարից այս հանձնաժողովի ղեկավար դարձած Գեղամ Գրիգորյանը սկսել է «մոնիտորինգի» ենթարկել լրատվամիջոցներն ու իր պահանջները չկատարելու դեպքում սպառնալ պատասխանատվության կանչելով։ Այս խնդրի շուրջ լրատվամիջոցների խմբագիրներն արդեն իրենց անհանգստությունն են հայտնել, քանի որ այս ամենի հետևում իրականում նպատակ կա ճնշելու ազատ խոսքը։
«Բլոգնյուզի» խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ՏՄՊՊՀ-ի պահանջներն անգամ կատարելու դեպքում ոչ մի երաշխիք չկա, որ այդ տվյալները գաղտնի կմնան, ավելին, մեծ է հավանականությունը, որ իր քիմքին ոչ հաճելի լրատվամիջոցների գովազդատուներին իշխանությունը կարող է հարկային տեռորի ենթարկել և արգելել լրատվամիջոցին գովազդ տալ։ Բայց այսքանով չեն ավարտվում այս «ուսումնասիրությունները», ծանոթանալով ԶԼՄ-ների ներքին խոհանոցին, իշխանությունը կարող է ճնշում գործադրել նրանց վրա և իր ազդեցության դաշտ տեղափոխել։ «Այս երկու տարվա ընթացքում մշտապես ականատես ենք եղել այս ոլորտում իշխանության երեսպաշտությանը և երկակի ստանդարտների կիրառմանը»,- նշում է «Բլոգնյուզի» խմբագիրը՝ հընթացս հավելելով, թե անհեթեթություն է հանձնաժողովի այն դիտարկումը, թե կա դաշտում մրցակցության խնդիր, որովհետև էլեկտրոնային ոչ մի լրատվամիջոցի ղեկավար այս ընթացքում չի բարձրաձայնել, որ անարդար մրցակցության պատճառով են իրենց գովազդերը քիչ։ Ըստ մեր զրուցակցի, սա ամենաքիչ ուսումնասիրված և ամենաարագ զարգացող ոլորտն է ու շատ բան կախված է այցելուների թվից, ոչ թե ՏՄՊՊՀ-ի կարգավորումներից։ «Ի՞նչ պիտի անի ՏՄՊՊՀ-ն, որ «Բլոգնյուզն» ունի 5 մլն այցելու, իսկ «Հայկական ժամանակի» կայքը՝ 1 մլն այցելու։ Սա հանձնաժողովի կարգավորման հարց չէ, այլ մեդիակարգավորումների, մարկետինգի։ Դու համացանցում ավելի լավ ես աշխատում, քան մյուսները։ Հիմա ի՞նչ, ՏՄՊՊՀ-ն մի հատ էլ Մարկ Ցուկերբերգի՞ն է նամակ հղելու, որ տեղեկություններ տրամադրի, թե ինչպես է Ֆեյսբուքի ալգորիթմն աշխատում, ինչու՞ է «Բլոգնյուզի» ֆեյսբուքյան էջի դիտելիությունն ավելի մեծ, քան «ՀԺ»-ինը»,- ընդգծեց Կոնստանտին Տեր-Նակալյանը։
Հարցին, թե սա դագանա՞կ է լրատվամիջոցների գլխին, որով սկսվում է ճնշումների շրջանը, մեր զրուցակիցը համաձայնեց՝ հավելելով, որ հեռուստատեսությունում հստակ երևում է, թե ով է գովազդատուն, բայց էլեկտրոնային լրատվամիջոցներում, համաշխարհային պրակտիկայում էլ է ընդունված, որ կա թաքնված գովազդ։ Սա ամենևին չի նշանակում զարտուղի ճանապարհներով գումարների ձեռքբերում, այլ գովազդատուն ցանկանում է, որ ակնհայտ չլինի, թե նյութը գովազդային է։ «Օրինակ, շոուբիզնեսի աստղերից մեկը գումար է վճարում, որպեսզի մեկ տարված ընթացքում իրեն տեղեկատվական աջակցություն տրամադրեն, բայց դա առերևույթ գովազդ չերևա։ Այսպիսի տեղեկություն հանձնաժողովին տրամադրելը նշանակում է նաև անձնական տվյալների հրապարակում, որը էթիկայի կոպիտ խախտում է լրատվամիջոցի համար»- պարզաբանեց «Բլոգնյուզի» խմբագիրը՝ վստահեցնելով, որ այս իշխանությունները ոչ մի բանից չեն խորշում, այսպիսի քայլերով ցանկանում են ազդեցության լծակներ ձեռք բերել, և ոչ մի երաշխիք չկա, որ մի օր Նիկոլ Փաշինյանը չի պահանջի այդ տեղեկատվությունը հրապարակել։ Գուցե նաև լրատվամիջոցների սնանկացման, փակելու ուղի՞ն է իշխանությունը բռնել, դիտարկմանը Կոնստանտին Տեր-Նակալյանը նկատեց, որ այդ առումով կարող ենք ողջամիտ անհանգստություններ ունենալ, քանի որ իշխանություններն առաջին իսկ օրվանից պայքարել են ազատ խոսքի դեմ։ «Իրենց սիրելի բառամթերքով ասեմ, ով իրենց առաջ չի «կզել», թավշյա դրոշը չի պարզել, նրանց դեմ արշավներ են արել առաջին օրից՝ սկսած ֆեյքային գրոհներից մինչև Ֆեյսբուքում լրատվամիջոցների էջերն արգելափակելու հայտարարություններ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավաստիացնելով, որ լրատվամիջոցների ղեկավարներն արդեն պատրաստակամություն են հայտնել հերթական անհեթեթ որոշման դեմ միասին պայքարելու։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ