«Եթե հիվանդանոցներում տեղ չկա, տանը մնանք` մեռնե՞նք»
19.06.2020 | 00:21
Չնայած վերջին օրերին մեր վիճակը «կայուն ծանր» էր, վիրուսակիրների թիվը բարձր էր, բայց շարունակում էր նույն տիրույթում մնալ, երեկ կրկին բեկում եղավ, ու թվերն աճեցին։ Այս իրավիճակում որքան էլ իշխանություններն առողջապահական համակարգի կոլապսը քողարկեն, չի ստացվելու։ Օր օրի կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիներն ավելի շատ են բողոքում ոչ պատշաճ բուժօգնությունից։ Օրերս մեզ էր դիմել մի քաղաքացի (անունը չցանկացավ հրապարակենք, ասաց՝ գյուղ տեղ է, բոլորն էլ ամաչում են, որ վիրուսակիր են դառնում), որը պատմեց, որ ողջ ընտանիքը` զոքանչը, կնոջ քույրը վարակված են ու մեկուսացված։ Մեկուսացման օրերին կնոջ քրոջ վիճակը գնալով վատթարացել է, շնչահեղձ է եղել, ուշաթափվել։ Զանգել են շտապօգնություն, որտեղից նրանց ասել են, թե քանի որ հիվանդը գրանցված է Էջմիածնում, պետք է Արմավիրի գյուղերից մեկում ապրող հիվանդին այնտեղ բերեն։ Հարազատները ստիպված իրենք են տեղափոխում հիվանդին Էջմիածին, որտեղից շտապօգնությունը բերում է Երևան: Սակայն այստեղ էլ ամեն ինչ հարթ չի անցնում։ Երևանի մի քանի հիվանդանոց պտտեցնելուց հետո պարզում են, որ տեղ չկա, երեկոյան հիվանդանոցներից մեկում տեղ է ազատվում, տեղափոխում են այնտեղ։ Կնոջ քրոջը մի կերպ հիվանդանոց տեղավորելուց հետո այս ընտանիքն այսօր կրկին խնդրի առաջ է կանգնած։ Մեզ դիմած քաղաքացու կնոջ և զոքանչի ջերմությունը չի իջնում, նրանց վիճակը ևս բարդանում է, ու քաղաքացին չգիտի, թե այս անգամ ինչպես է նրանց բուժօգնություն ցուցաբերելու ճանապարհ գտնելու։ «Վատ հիվանդություն է, թույլ իմունիտետ ունեցող մարդկանց միանգամից տապալում է, քենիս խեղդվում էր, ուշքը գնում, չէր հասկանում, թե ինչ է կատարվում հետը։ Կրծքավանդակն ամբողջությամբ ցավում էր»,- նկարագրում է հիվանդությունը մեր զրուցակիցը ու մտահոգություն հայտնում, թե հիվանդների թիվը շատ մեծ է, հիվանդանոցներում տեղ չկա ու եթե իր մյուս հարազատների վիճակն էլ վատանա, չգիտի` ինչ է անելու։ «Ասում են` տանը մեկուսացեք, լավ, բայց որ հիվանդի վիճակը գնալով վատանում է, ի՞նչ անենք, եթե հիվանդանոցներում տեղ չկա, տանը մնանք մեռնե՞նք։ Զարմանում եմ սրանց տրամաբանության վրա։ Վճարովի հիվանդանոցներում էլ, որն իրենցը չէ, ոչ մեկը չի թողնում։ Տեսնու՞մ եք, թե ինչ է կատարվում, ուզում են ազգովի կործանվենք»,- վրդովված նշում է մեր զրուցակիցը, հավելելով, որ չնայած ինքը շփվել է իր վարակված կնոջ հետ, պոլիկլինիկաներում թեսթեր չեն անում՝ պատճառաբանելով, թե ջերմություն չունի։
Ցավոք, այսպիսի պատմությունները շատ են, որոնք ապացուցում են, որ վիրուսի դեմ պատերազմողներին թշնամու հետ մենակ են թողել մահերի ու վիրուսակիրների «հրամանատար» Արսեն Թորոսյանն ու սեփական սխալները չխոստովանող գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ