Համավարակից ավելի վտանգավոր են կաթվածահար պետական ապարատը և անիշխանությունը
05.06.2020 | 00:41
Երբ ամեն օր նախորդից ավելի շատ վարակակիրների թիվ է հրապարակվում, ու դա հարուցում է շատերի զարմանքը, անկեղծ ասած, ես զարմանում եմ այդ զարմացողների վրա։ Հայաստանում այսօր վարակակիրների թիվը շատ մեծ է, ու եթե առողջապահական գերատեսչությունն օրական 700 մարդու է ախտորոշել, նշանակում է առնվազն եռապատիկ այդքան մարդ այդ օրն էլ մնաց չբացահայտված։ Իսկ նրանք երկրաչափական պրոգրեսիայով հաջորդ օրվա համար մի ահռելի մեծ թիվ են ապահովում։ Այնպես որ, այսօրվա թվերից չպետք է անակնկալի գալ։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ շուրջ 20 հազար մարդ հնարավոր է Հայաստանում վարակված են, էլ ինչու՞ եք զարմանում, որ առողջապահական ոլորտն այդքան քիչ ցուցանիշներ է օրական արձանագրում կամ քիչ թեստավորում անում։ Վարակակիրների ցուցանիշները որքան շատ բացահայտվեն, այնքան շուտ կհասկանանք, թե հանրային առողջությունն ինչ վիճակում է, ինչ չափի վտանգի հետ գործ ունենք։
Իսկ իրականում այսօր թվերն արդեն որոշիչ չեն, որովհետև ավելի մեծ սպառնալիքի առաջ ենք կանգնել։ Մահերն ավելանում են, առողջապահական համակարգն արդեն չի կարողանում կյանքեր փրկել, հայտնվել է աղետալի իրավիճակում։ Այս պայմաններում դժվար է ասել, թե ինչ կտան մեղավորներ գտնելու Փաշինյանի անպտուղ դեգերումները, բայց երկրում համավարակից ավելի վտանգավոր են կաթվածահար պետական ապարատը և անիշխանությունը, քանի որ դրանց պատճառով է, որ վիրուսն օրական մոտ 2 տասնյակ մարդկային կյանքեր է խլում։ Փաշինյանն ասում է, թե իրենք «ոչ սուպերմեն են, ոչ մոգ, ոչ էլ կախարդ», որ կարողանան բոլորին հսկել, կանխել տարածումը։ Պետք չէ այդպիսին լինել, ընդամենը հարկավոր էր արդյունավետ կառավարել, պատասխանատվություն ստանձնել ու երկիրը չհասցնել այս վիճակին։ Ժամանակին պետք չէր մեծ-մեծ հոխորտալ, հետո էլ հիմա ժողովրդին մեղադրել իրավիճակի համար։ Իշխանությունն իր անպատասխանատու քայլերով մարդկանց մղեց անլրջության, իսկ հիմա էլ անպատասխանատու վարքի մեջ է մեղադրում ժողովրդին։ Փաշինյանն ասում է, թե «խոսքով է հասել իշխանության», ճիշտ է, բայց ցավն այն է, որ խոսքով էլ միայն կառավարում է, գործ չկա։ Տպավորություն կա, որ համավարակի վերջն ավելի շուտ կգա, քան այս իշխանության շատախոսության, անհեթեթ «լայվերի» ու գրառումների։
Ամեն օրը մեր երկրի խնդիրների բուրգն ավելի է մեծանում, ու այս ամենից հետո ով էլ գա իշխանության, անգամ Փաշինյանի վկայակոչած, սուպերմենն ու մոգը, չի կարող արագ ոտքի կանգնեցնել երկիրը, ժամանակ ու լուրջ աշխատանք է պետք, որպեսզի քանդված ու ավերված համակարգերը մաս առ մաս հավաքվեն, փլուզված տնտեսությունը ռելսերի վրա դրվի։ Իսկ այս ամենի համար պատասխանատու ու մտահոգ մարդկանց միավորում է պետք, որը կկանխի երկրի գահավիժումը։ Մինչդեռ համատարած այս մղձավանջի մեջ, ցավոք, դեռ այդպիսի ուժ չի էլ նշմարվում։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ