ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Դիմակների ու կարգախոսների միջև

Դիմակների ու կարգախոսների միջև
22.05.2020 | 11:03

Հոգեբաններն ուսումնասիրել են՝ ինչպես են մարդիկ իրենց դրսևորում կորոնավիրուսի ժամանակ: Վարքագծի երկու տիպ անհանգստություն է հարուցում՝ գրում է Յանե Կիզելբախը Der Spiegel-ում: Եթե պանդեմիայի սկզբում գերակշռում էին վախերը, անվստահությունը, անօգնականության զգացումը, հիմա տարածվում են ֆրուստրացիան ու անհամբերությունը: Շատերն այլևս չեն հետևում պանդեմիայի պատճառով սահմանված կանոններին: Բերտելսմանի հիմնադրամի պատվերով Ռեյնգոլդի ինստիտուտի աշխատակիցները 25-59 տարեկան 135 մարդու հետ մանրամասն հարցախույզ են անցկացրել: Հիմնականում ուսումնասիրողները տարբերակում են ճգնաժամի հաղթահարման երկու փուլ՝ պանդեմիայի սկզբում շատերը փորձում են անօգնականության զգացումը հաղթահարել ակտիվ գործողություններով: Առավել վառ օրինակը, իհարկե, գնումներն էին, որի հետևանքով Գերմանիայում դատարկվեցին մակարոնի ու զուգարանի թղթի դարակները: Հիգիենայի կանոնների պահպանումը շատերին օգնեց ինչ-որ չափով իրավիճակի վերահսկողություն զգալ: Բայց երկրորդ փուլում մարդկանց մեծ մասը հասկացավ, որ չնայած իրենց գործողություններին, պանդեմիայից խուսափել չի հաջողվում: Դա նորից հարուցեց անօգնականության զգացումը, որին հիմա նրանք արձագանքում են բողոքով՝ սահմանափակումների կրճատումների կոչերը և հարցերը սահմանափակումների նպատակահարմարության վերաբերյալ:
Գիտնականների կարծիքով՝ մարդկանց վարքագիծը այս 2 փուլերում բաժանվում է ճգնաժամի հաղթահարման 5 տիպի: Բոլոր տիպերը ի վիճակի են իրենց ուժեղ կողմերն օգտագործել՝ նպաստելու ընթացիկ խնդիրների հաղթահարմանը: Բայց 2 տիպը կարող է, հակառակը, ուժեղացնել ճգնաժամը, որովհետև գործում են հուզական ու բևեռացնում են հասարակությունը:


Տիպ 1. Ճգնաժամային կայուն մենեջեր
Ճգնաժամային կայուն մենեջերները օգնականներն ու հովանավորներն են՝ ինչ-որ մեկն օգնում է աղքատներին, ռիսկի խմբերում գտնվողների համար մթերքներ է գնում, դիմակներ է կարում, օգնության փաթեթներ է պատրաստում անտունների համար կամ գումար է նվիրաբերում: Այս տիպի մարդիկ ավելի հաճախ հավատում են պետության կարողություններին ու համոզված են, որ ամեն ինչ լավ կլինի:


Տիպ 2. Մնացածներին միավորող կրեատիվ մարդիկ
Մարզական մրցումներ նկուղում կամ երաժշտական ելույթներ ինտերնետում, այս տիպին պատկանող մարդիկ արագ են ընտելանում ճգնաժամին ու դրական կողմեր են գտնում: Թեպետ այս տիպը կարող է իր կրեատիվ եռանդով վարակել մյուսներին ու նպաստել լավ տրամադրությանը, ճգնաժամի հաղթահարման համար մեծ գործ չի անում:


Տիպ 3. Ակտիվ լավատեսներ
Նրանք հրաժարվում են ընդունել պանդեմիայի հետևանքներն առավելագույնս երկար: Ակտիվ լավատեսները նախևառաջ շահագրգռված են իրենց առօրյայի ու աշխատանքի պահպանությամբ: Նրանք դժվար են դիմանում անգործությանը, օգտագործում են ոգևորիչ կարգախոսներ՝ ապագայի համար պանդեմիայի դրական հետևանքներ են տեսնում:


Տիպ 4. Տագնապած ու պաշտպանություն որոնող մարդիկ
Նրանք գործում են վախից, քննադատաբար են վերաբերվում ամեն ինչին և անօգնական փորձում են տարբեր ռազմավարություններ: Նրանք ջանադիր տեղեկություններ են որոնում՝ ոչ միայն լուրջ աղբյուրներից: Դրական է, որ նրանց շնորհիվ շրջապատում կարող են ավելի զգոն դառնալ: Խնդիրն այն է, որ այս տիպի մարդիկ խուճապի մեջ կարող են հետևել բացարձակապես անխելամիտ և ֆեյք տեղեկությունների:


Տիպ 5. Ինքնասածի ակտիվիստներ
Վարքագծի այս տիպը վերջին օրերին հատկապես նկատելի էր նորություններում: Ինքնասածի ակտիվիստներ գիտնականներն անվանում են այն մարդկանց, որ իրենց համար ստեղծում են անվտանգության զգացողություն, վճռականորեն պնդելով ինչ-որ տեսակետ և մերժելով մյուս տեսակետները: Հաճախ նրանք համարում են, որ իրավիճակն ավելի լավ են հասկանում, քան քաղաքական որոշումներ ընդունողները: Նրանք տեղեկությունը վերցնում են իրենց հարմար աղբյուրներից և ուրիշների հետ կիսում են այն ինչ, ինչ իրենց կարծիքով ճիշտ է և ինչ սխալ է:
Գիտնականները հենց այս տիպի վրա են դնում հասարակության աճող բևեռացման պատասխանատվությունը: Այս մարդկանց հակումը կատեգորիկ մտածողության և սեփական գաղափարների անզիջում հաստատման, նպաստում է հասարակության տրոհմանը: Դա հատկապես խնդրահարույց է, երբ նրանք հավատում են դավադրության տեսությանը ու տարածում: Թեպետ գիտնականների առանձնացրած տիպերը միայն ընդհանուր գծերով են բնորոշում մարդկանց անհատական արձագանքը, կարող են օգնել ավելի լավ հասկանալ հասարակական նոր կոնֆլիկտի գծերը: ՙԻնչպես փախստականների կամ կլիմայի հարցերում, բաժանարար գծերը ձևավորվում են խմբերի միջև, որ իրարից տարերվում են քաղաքական հայացքներով, տնտեսական վիճակով ու ԶԼՄ-ների օգտագործմամբ՚՝ ուսումնասիրությունը մեկնաբանել է հաղորդակցության հարցերով փորձագետ Յենց Վոլինգը:
Յանե Կիզելբախ, Der Spiegel


Հ.Գ. Գտա՞ք ձեզ որևէ խմբում: Եթե ոչ, ուրեմն դուք կորոնավիրուսի ռիսկային ոչ մի խմբում չկաք, եթե այո, ուրեմն ինքներդ գիտեք ինչ անել: Եթե կաք բոլոր խմբերում մի քիչ, մի քիչ, մնացեք տանը: Կորոնավիրուսը ոչ միայն առողջապահական, այլև հոգեբանական ճգնաժամ է, որ խորանում է սոցիալական ու տնտեսական ճգնաժամերով, բայց այդ ամենին կա մի հակադրություն՝ մարդու ինքնապաշտպանական բնազդն ու խելամիտ վարքագիծը: Մնացածը քաղաքականություն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11588

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ