Քաղաքացին հեղափոխություն կոչվածն իր մաշկի վրա է ուզում զգալ
21.04.2020 | 00:16
Երկար մտորեցի՝ անդրադառնա՞լ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրագրողներին «ձոնած» հերթական տողերին, թե՞ ոչ, բայց որոշեցի կռիվ չտալ այնտեղ, որտեղ ի սկզբանե էլ չեմ եղել: Լրագրողներն ու խմբագիրները մեկիկ-մեկիկ թող հիշեն 2018-ի ապրիլյան իրադարձությունների իրենց գլխապատառ, սրտակեղեք ու հուզառատ գրառումներն ու հրապարակումները, հետո լսեն Փաշինյանի կարծիքն իրենց մասին: Հեղափոխություն կոչված իշխանափոխության օրերին որևէ օր, ժամ ու րոպե ճանապարհ չեմ փակել, «դմփ-դմփ հու» չեմ գոռացել, ոչ թե որովհետև գոհ էի նախկիններից, այլ սկզբունք ունեմ՝ լրագրողը քաղաքական որևէ գործչի ասածները հալած յուղի տեղ չպետք է ընդունի ու էյֆորիայի ազդեցության տակ թմբուկ չպետք է զարկի: Իշխանափոխության օրերին, միկրոֆոնից ու ձայնագրիչից զատ, նաև «դուխով» գլխարկ կրող լրագրողներին երկրի թիվ մեկ դեմքը շների հետ է նույնականացնում ու «կատաղած» բնորոշումը տալիս:
Փաշինյանի բառապաշարի ու խոսելաոճի վրա վաղուց չեմ զարմանում, իսկ նրա վերջին լայվը, ըստ երևույթին, առաջիկայում սպասվող կադրային ջարդի նախերգանքն է: Հասարակության հիասթափությունը, արտակարգ դրության հետևանքները, սոցիալապես անապահով խավի ահագնացողը պատկերը արդարացնելու նպատակով նա հերթական անգամ նախկիններին, հակահեղափոխականներին և «Սերժի մնացուկներին» է հիշում: Պաշտոնանկությունների շղթան, ըստ երևույթին, Հանրային հեռուստաընկերությունից կսկսվի ու հատվածականորեն կտարածվի բոլոր այն կառույցների ու պաշտոնյաների վրա, որոնք վարչապետի անձը ներկայացնելիս կամ նրա մասին արտահայտվելիս սայթաքումներ կունենան: Բայց ինչքան էլ «Սերժի մնացուկներն» ու «հակահեղափոխականները» փորձեն ավերել ու կազմաքանդել երկիրը, մարդիկ տեսնում, լսում ու համադրում են, օրինակ, հացի փող չունեցող վարսավիրի կամ ռեստորանում աշխատող խոհարարի ու կես միլիոն աշխատավարձից դժգոհող ԱԺ փոխնախագահի խոսքերը: Թե քանի մարդ է գոհ ու բավարարված մնացել Փաշինյանի վերջին «լայվից», չեմ կարող ասել (դատելով նրա հետևորդների թվից՝ երկրպագուների բանակը նոսրացել է), հստակ է, սակայն, որ քաղաքացին հեղափոխություն կոչվածն իր մաշկի վրա է ուզում զգալ:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ