Վրանային հոսպիտալ հիշեցնող համալիրի տեսարանը մահվան վերջին հանգրվան էր հիշեցնում
03.04.2020 | 00:41
Մամուլի նկատմամբ նոր սահմանափակումներ մտցնելու համար իշխանությունների խելքն իրենցը չէ: Երևույթը, իհարկե, նոր չէ, բոլոր ժամանակներում էլ իշխանությունները ցանկացել են, որ լրատվամիջոցները «պուպուշ» բաներ գրեն իրենց մասին, ասեն՝ կառավարող ուժի բոլոր քայլերը վերին ատյանի ճշմարտություն են, իշխանավորներն էլ՝ երկնքից իջած հրեշտակներ: Բայց երբ իշխանության գերակշիռ մասը` ի դեմս երկրի ղեկավարի, լրագրողներ են, արդարացի սպասում ունեինք, թե մամուլի նկատմամբ սահմանափակումներ հնարավորինս չեն լինի: Հույսը, ցավոք, մարեց այն ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ սկսեց մեկիկ-մեկիկ անդրադառնալ իրեն ոչ դուրեկան հրապարակումներին: Եթե մի օր արթնանամ ու կարդամ, որ կառավարության հրամանով լրագրող կոչվելու իրավունք ունեն միայն նրանք, ովքեր ժամանակին քայլել են կամ անգիր գիտեն Փաշինյանի գրած բոլոր բանաստեղծությունները, չեմ զարմանա:
Արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանի «թեթև ձեռքով» բավական բարդացել է լրագրողներիս աշխատանքը: Լուրեր, հարցազրույցներ, նյութեր գրելիս մի պահ կարկամում ենք՝ լրատվությունն ինչպե՞ս մատուցենք, որ պետությունն այն որպես խուճապ չընկալի ու չորոշի մեր հաշվին պետական բյուջե լցնել: Իրական խուճապը, սակայն, բացառապես օրեր առաջ էր, երբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վրանային հոսպիտալ հիշեցնող` լուսանկարը տարածվել էր սոցիալական ցանցերում: Իրար կողքի շարված երկաթե ցանցով մահճակալները, որ, ըստ երևույթին, տարբեր զորանոցներից են այդտեղ բերվել, պարզվում է, նախատեսված են կորոնավիրուսով վարակված կամ ռիսկային խմբում գտնվող անձանց համար: Տեսարանն անչափ ընկճող էր, կարծես մահվան վերջին հանգրվան հիշեցներ: Իշխանության որևէ ներկայացուցիչ՝ պատգամավոր կամ նախարար, որ, սովորաբար, աչքի են ընկնում հասարակական բոլոր դեպքերին Facebook-ում «հավուր պատշաճի» արձագանքելով, դատապարտելով ու անարգանքի սյանը գամելով, այդ լուսանկարի մասին չասացին և ոչ մի բառ: Պատգամավորներից մեկը միայն իմ՝ պարետ Ավինյանին ուղղված հարցին, թե արդյո՞ք այս լուսանկարի տարածումը խուճապ չի առաջացնում, արձագանքել էր, որ այն տարածող անհատին պատասխանատվության կանչել չեն կարող, քանզի «խուճապի մասին» օրենքը միայն լրատվամիջոցներին է վերաբերում: Իշխանավորների քար լռությունից կամ այդօրինակ մեկնաբանությունից հետո առնվազն կարող եմ ենթադրել, որ լուսանկարները տարածվել է հենց իշխանական շրջանակներից՝ մարդկանց սթափեցնելու ու տանը մնալու հորդոր անելու միտումով, ինչը, սակայն, հերթական անգամ նրանց ոչ գրագետ աշխատանքի մասին է վկայում: Մարդիկ ոչ թե սթափվել, այլ խուճապի էին մատնվել, և վստահ էլ չենք, թե այդօրինակ լուսանկարներ կամ հրապարակումներ ապագայում չեն լինի, քանի որ օրենքի առաջ ոչ բոլորն են հավասար:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ