Թորոսյանի փափուկ բարձը չօգնեց
20.03.2020 | 03:27
Очень вырос в целом мире
Гриппа вирус, три-четыре,
Ширится, растёт заболевание.
Если хилый, сразу в гроб,
Сохранить здоровье чтоб,
Применяйте, люди, обтирание.
Վլադիմիր Վիսոցկին երբ ստեղծում էր այս տողերը, ո՜վ գիտի ինչ տիպի վիրուս էր տարածված աշխարհում այդ ժամանակ։ Վիրուսները միշտ էլ եղել են, բոլոր ժամանակներում։ Մեր օրերում տոն տվողն ու մարդկանց (իշխանավոր, թե շարքային) գործողության մեջ դնողը կորոնավիրուսն է։
COVID-19-ը շատ երկրների ստիպել է մեկուսացվել։ Արդեն 4 օր է, ինչ Հայաստանում էլ է հայտարարված արտակարգ դրություն։ Ինչ խոսք, ստեղծված իրավիճակում արտակարգ դրությունը անհրաժեշտություն էր, սակայն արդյոք Հայաստանը չէ՞ր կարող խուսափել այս ծայրահեղ միջոցից։ Գուցե կարողանար, եթե առողջապահության նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ փափուկ բարձ չդներ կառավարության գլխի տակ։ Հիշեցնենք` նախարարը հորդորում էր արտերկրից ժամանած մարդկանց ինքնամեկուսացվել։
Կառավարության արտահերթ նիստից հետո ասուլիսում նախարարին հարցրինք` արդյո՞ք այլ պատկեր չէինք ունենա, եթե Հայաստան ժամանած մարդկանց ինքնամեկուսացման չուղարկեին, այլ նրանց մեկուսացումը օդանավակայանից կազմակերպեր պետությունը, հնարավոր է և արդյունքն ավելի լավը լիներ։
Նախարարի պատասխանն ավելի քան զարմանալի էր. «Կարող էր ավելի վատ արդյունք ունենայինք»։ Եվ որպեսզի մեզ չմեղադրեն ենթադրություններ անելու մեջ` նախարարին խնդրեցինք ավելի հստակ պատասխանել մեր հարցին։ «Դա հարց չէ, դա Ձեր կարծիքն է, շնորհակալություն»,- ասաց նախարարը։ Երբ համառեցինք` պատասխանի ակնկալիքով, հնչեց Թորոսյանի առարկություն չընդունող եզրահանգումը` ձեր հարցը պատասխան չի ենթադրում։ Երևի մեր հարցը նախարարի սրտով չէր։ Համենայն դեպս, չենք կարծում, որ պարզ հարցը նախարարին հասկանալի չեղավ։ Եվ եթե նախարարն ավելի հստակ պատասխաներ մեր հարցին, մենք ստիպված չէինք լինի ենթադրություններ անելու։ Համաձայնեք, երբ նախարարն ասում է, թե «Կարող էր ավելի վատ արդյունք ունենայինք», ապա ստացվում է, որ ժողովուրդը պետության վրա չի կարող հույս դնել։ Այսինքն, եթե պետությունը զբաղվեր մարդկանց մեկուսացման հարցով, ապա մեր ժողովուրդը կարող էր կործանվե՞լ։ Հետևաբար, ազգը պետք է շնորհակալ լինի, որ պետությունն այդ խնդիրն իր վրա չի վերցրել։ Թեև մյուս կողմից անհասկանալի է, թե ինչ է նշանակում «ավելի վատ կարող էր լինել» ասվածը։ Համաձայնեք, անտրամաբանական է, երբ պետական բարձրաստիճան պաշտոնյայի բերանից է հնչում այս պատասխանը։
Հիշենք, որ կորոնավիրուսի ներթափանցումը սկսվեց Իտալիայից ժամանած մեր հայրենակցից։ Այս օրերին շատերը գռեհկաբար մեղադրում էին նրան, որ չի ինքնամեկուսացվել` մոռանալով, որ պանդեմիայի դեպքում պետությունը հույսը դնում է ոչ թե մարդկանց ինքնագիտակցության վրա, այլ խնդրի լուծումն իր ձեռքն է վերցնում։ Վերջապես բավականին ժամանակ հսկայական «Գոլդեն Փելես» հյուրանոցում մեկուսացրել էին ընդամենը 31 մարդու։ Ինչու՞ ոչ միայն Իտալիայից ժամանած մեր այդ քաղաքացին, այլև շատերը, ովքեր Հայաստան էին ժամանում «վտանգավոր» երկրներից, չմեկուսացվեցին այդ նույն հյուրանոցում, իմանալով, որ հիվանդության գաղտնիության շրջանը 14 օր է։ Առողջապահության նախարարը հունվարից վստահեցնում էր, որ իրավիճակը վերահսկվում է, խուճապի կարիք չկա և հորդորում էր արտերկրից ժամանած մարդկանց ինքնամեկուսացվել։ Այո, խուճապի կարիք չկա, նման դեպքերում խուճապը վատ խորհրդատու է։ Սակայն, օդանավակայանում ջերմություն չափելուց բացի, նախապես պետք է իրականացվեին կոնկրետ միջոցառումներ, մասնավորապես, վտանգավոր գոտուց ժամանած ուղևորներին պետք էր անմիջապես մեկուսացնել, պահել 14 օրից էլ մի քանի օր ավելի` հասկանալ նրանց առողջական վիճակը և նոր միայն «դուրս գրել»։
Այսօր էլ ուշ չէ, այսօր էլ կարելի է լայնածավալ միջոցառումներ ձեռնարկել վիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ։ Եվ դրա լավագույն ձևերից մեկը կարող է լինել բնակչության պարտադիր թեստավորումը։ Պատրաստվու՞մ է արդյոք պետությունն իրականացնելու այդպիսի գործընթաց։ «Ցանկացած բժշկական միջամտություն արվում է ըստ բժշկական ցուցումի»,- պատասխանելով մեր հարցին` ասաց Արսեն Թորոսյանը։ Մեր հերթին հիշեցնենք ևս մեկ բժշկական աքսիոմ. «Ցանկացած հիվանդություն հեշտ է կանխել, քան բուժել»։ Առաջին հայացքից թվում է, թե կանխարգելումը կարող է ծախսատար լինել, սակայն վիրուսի տարածման դեպքում ծախսը պետության և ժողովրդի վրա շատ ավելի թանկ կարող է նստել։ Ինչ խոսք, պարտադիր թեստավորումը որոշակի հավելյալ ծախս է ենթադրում, սակայն այն կօգնի հիվանդությունը վաղ շրջանում հայտնաբերել, այսինքն` ստանալ բուժման լավագույն արդյունք, կնվազի խուճապը մարդկանց շրջանում, ինքնամեկուսացման խնդիրն էլ ինքնին կլուծվի։ Եվ վերջապես պանդեմիայի ժամանակ բնակչության պարտադիր թեստավորումն ավելի էժան կնստի պետության վրա, քան պարտադրված «գործազրկությունը»։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ