Հնարավոր հետևանքների համար պատասխանատու են Արսեն Թորոսյանը և նրա հովանավորը` Նիկոլ Փաշինյանը
03.03.2020 | 01:36
Հայաստան նոր կորոնավիրուսի (COVID-19) ներթափանցման, դրա հնարավոր տարածման ու ծանր հետևանքների համար անձնական պատասխանատվություն են կրում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նրա հովանավորը` վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դեռ ս. թ. հունվարի 24-ին, երբ Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների ու դրա պատճառով մահացածների քանակն այսօրվա համեմատ չնչին էր, Իրանում, Իտալիայում, Հարավային Կորեայում և Ճապոնիայում դեռ նոր կորոնավիրուսի բռնկում կամ համաճարակ չկար, մեր «Նոր կորոնավիրուսի զոհերի թիվը գնալով աճում է, իսկ ՀՀ առողջապահության նախարարությունը քնած է» հրապարակմամբ նշել էինք ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու նշված նախարարությունն այդ պահի դրությամբ ոչինչ չեն անում ՀՀ նոր վիրուսի ներթափանցումը կանխարգելելու, Չինաստանից ժամանածների շրջանում հնարավոր հիվանդներին հայտնաբերելու նպատակով: Նախարարության ու նախարարի անգործության վերաբերյալ մեր այս քննադատություն-ահազանգը նրանց, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության կողմից անտեսվեց, կամ նրանց չհասավ, կամ նրանց գիտակցությանը:
Վերոնշյալ պաշտոնյաների և մարմինների կողմից անտեսվեց նաև Հայաստան կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելելու անբավարար աշխատանքների վերաբերյալ մեր հաջորդ` փետրվարի 25-ի քննադատությունը` «ՀՀ իշխանությունները դեռ բավականաչափ չեն գիտակցում նոր կորոնավիրուսի վտանգը»: Հստակ նշել էինք, որ COVID-19-ի նկատմամբ ՀՀ իշխանությունների վերաբերմունքը կարող է վերածվել ռուսական ռուլետկայի:
Ի՞նչ պետք է անեին իշխանությունները, որ չեն արել և չեն անում նույնիսկ այժմ։
Անհապաղ պետք էր փակել Իրանի հետ սահմանը, բացառություններ չանել բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ, չընդունել Չինաստանից, Իտալիայից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից (հետագայում նաև` բոլոր այն երկրներից, որտեղ վարակն ավելի մեծ տարածում կունենա) Հայաստան եկող անձանց` նախապես հայտարարելով ՀՀ նրանց մուտքի արգելքի մասին: Վերոնշյալ բոլոր երկրներից միակ բացառությունը պետք էր ու պետք է կատարել միայն Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների համար` պայմանով, որ նրանք այստեղ 24 օր պետք է լինեն կարանտինի մեջ, այսինքն` մեկուսացված: Կարանտինի կարճ ժամկետ պետք էր ու պետք է սահմանել թերևս միայն այն անձանց համար, ովքեր կհետազոտվեին ոչ թե չինական, այլ ռուսական թեստերով, և որոնց մոտ այդ հետազոտության արդյունքում COVID-19-ով վարակվածություն չէր հայտնաբերվի (չի հայտնաբերվի): Այս ամենը Հայաստանում չի արվել և չի արվում նույնիսկ հիմա: Հետևաբար Հայաստան նոր կորոնավիրուսի ներթափանցման, դրա հնարավոր տարածման ու ծանր հետևանքների համար, ինչպես արդեն նշեցինք, անձնական պատասխանատվություն են կրում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նրա հովանավորը` վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գոնե հիմա սթափվեն և անեն չարածը:
«Քննարկումների արդյունքում մենք որոշեցինք, որ այսօր կառավարության որոշմամբ երկշաբաթյա ժամկետով կփակենք ցամաքային սահմանն ու հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ,- Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի փետրվարի 24-ի նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:- Իհարկե, կլինեն բացառություններ. բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների, պարզապես բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ կիրականացվի հատուկ հսկողություն, և բեռների տեղափոխման հատուկ կարգ կգործի»:
Դեռ փետրվարի 25-ի մեր վերոնշյալ հրապարակմամբ նշել էինք, որ վարորդների ջերմությունը չափելը, նրանցից COVID-19-ի ախտանշանների բացակայության վերաբերյալ հայտարարագիր պահանջելը, նույնիսկ նրանց շնչադիմակներ տալը և պահանջելը, որ ՀՀ-ում գտնվելու ողջ ընթացքում կրեն, կիրառեն դրանք, բավարար չեն կանխելու հնարավոր վարակակրի կողմից վիրուսի փոխանցումը: Փետրվարի 29-ին պարզվեց, որ Իրանից ՀՀ բեռնափոխադրումներ իրականացնող վարորդներին սահմանին շնչադիմակներ չեն տվել, իսկ եթե նույնիսկ տվել են, ապա վարորդները որոշ ժամանակ հետո այն այլևս չեն օգտագործել: Հակառակ պարագայում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի` հատուկ պաշտպանիչ հանդերձանք ունեցող մասնագետները Երևանում, «Նաիրիտ»-ի հարևանությամբ իրանական համարանիշներով բեռնատարից վարորդին չէին իջեցնի, նրան շնչադիմակ չէին հագցնի ու չէին տեղափոխի հիվանդանոց կամ առողջական վիճակի զննման վայր: Սա նշանակում է, որ եթե նույնիսկ այս հրապարակումից հետո Իրանից ՀՀ բեռնափոխադրումներ իրականացնող վարորդներին սահմանին շնչադիմակներ տրվեն ու նրանցից պահանջվի դրանք կրել, ապա չկա որևէ երաշխիք, որ նրանք այդ պահանջը կկատարեն ՀՀ-ում գտնվելու ողջ ընթացքում, հասարակական սննդի օբյեկտում սնվելիս, բեռնատարը լցավորելիս կամ բեռնաթափման, բարձման աշխատանքների ժամանակ, եթե վարակակիր են, չեն վարակի ուրիշներին: Թեկուզ սնվելիս, նրանք այդ շնչադիմակները կհանեն, էլ չենք ասում այն մասին, որ կարող են շահագրգռություն ունենալ դրանք պահելու և իրենց հետ Իրան տանելու, որտեղ վիճակն ավելի լարված է: Նկատի ունենանք, որ սովորական շնչադիմակները ժամանակավոր օգտագործման են, խոնավանալու պատճառով 2-3 ժամից գրեթե անարդյունավետ են դառնում, հետևաբար մինչև Երևան կամ Վրաստանի սահման հասնելու համար հարկ կլինի վարորդներից յուրաքանչյուրին դրանցից 4-5 հատ տալ:
Ընդգծենք, որ ներկայումս Իրանից ժամանած բեռնատարների վարորդների նկատմամբ իրականցվող վերահսկման գործընթացը` նրանց մեկուսացումը, առողջական վիճակի զննումը դեռ բավարար չեն այդ վարորդների կողմից այստեղ այլոց հնարավոր վարակումը բացառելու համար, քանի որ, ըստ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի պարզաբանման, եթե հայտնաբերվեն ախտանշաններ, կիրականացվի նաև հոսպիտալացում և թեստավորում: Մինչդեռ այդ վարորդների մոտ հիվանդությունը կարող է լինել դեռ ինկուբացիոն, գաղտնի շրջանում, հետևաբար զննման պահին ախտանշաններ կարող են չհայտնաբերվել, ինչը նշանակում է, որ նրանք չեն հոսպիտալացվելու, թեստավորում չի իրականացվելու, բուժզննման վայրից անարգել դուրս են գալու հասարակական միջավայր ու…
Ավելին, Ալինա Նիկողոսյանը ոչինչ չի ասել այն մասին, թե որտեղ է իրականացվում վերոնշյալ վարորդների մեկուսացումը, առողջական վիճակի զննումը` Մեղրիի սահմանային անցակետու՞մ, թե՞ Երևանում։ Դատելով վերոնշյալ դեպքից` Երևանում, ինչը նշանակում է, որ սահմանից մինչև Երևան հիվանդության ախտանշաններ ունեցող վարորդները նույնպես կարող են վարակել այլոց:
Կառավարությունում կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի ընդլայնված կազմով երեկվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հաշվի առնելով տարածաշրջանում համաճարակային իրավիճակը, որոշում է կայացվել երկարացնել և խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ.
«Մենք կսկսենք Իրանի հետ ժամանակավորապես վիզային ռեժիմը վերականգնելու գործընթացը և 5 օրվա մեջ վիզային ռեժիմը կվերականգնվի»,- ասել է վարչապետը:
Արդեն իսկ հայտնի և անբավարար սահմանափակումների երկարացումը, ինչպես նաև հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ սահմանափակումների խստացումը` 5 օրվա մեջ վիզային ռեժիմի ժամանակավոր վերականգնումը, դեռ չեն նշանակում Իրանից ՀՀ բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների մուտքի արգելք, դեռ չեն նշանակում Իրանից ՀՀ վերադարձած ու վերադարձող ՀՀ քաղաքացիների կարանտինացում, հետևաբար ամենևին բավարար չեն հիշյալ անձանց միջոցով Հայաստան նոր կորոնավիրուսի հնարավոր ներթափանցումը և տարածումը կանխարգելելու համար: Մասնակի սահմանափակումների երկարացումը և վիզային ռեժիմի ժամանակավոր վերականգնումը խիստ անբավարար են, դրանք անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքների կատարման երևութականություն են ստեղծում և Հայաստանի բնակչությանը մղում անհիմն հանգստության, անհոգության, հետևաբար և անզգուշության:
Փաշինյանը նույն նիստի ընթացքում ՀՀ քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս սահմանափակել ուղևորություններն Իտալիա և Թուքիա, մինչդեռ այդ նույն կոչը պետք է ուղղեր նաև Ճապոնիա, Հարավային Կորեա, թերևս նաև Ֆրանսիա մեկնելու մտադրություն ունեցողներին: Վարչապետը ոչինչ չի ասել այդ երկրներից ՀՀ եկողների (բացառությամբ ՀՀ քաղաքացիների) մուտքի արգելքի մասին, չնայած դրա անհրաժեշտությանը, այդպիսի արգելք սահմանված չէ` չնայած, ինչպես արդեն հայտնի է, օրինակ, Իտալիայում COVID-19-ով վարակվածության հաստատված դեպքերի քանակը հենց Փաշինյանի վերոնշյալ կոչի օրը, երեկ առավոտ հրապարակված տեղեկությունների համաձայն, արդեն գերազանցում էր 1500-ը և ավելին էր, քան Իրանում գրանցված վարակվածության դեպքերի քանակը: Իտալիայում նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության պատճառով զոհերի քանակը, դարձյալ նույն ժամանակ հրապարակված տեղեկատվության համաձայն, հասել էր 34-ի:
Վերոնշյալ արգելքը սահմանելու փոխարեն, Փաշինյանը ստելով, թե «Իհարկե, կառավարությունը, առողջապահության նախարարությունը բոլոր անհրաժեշտ, հասու միջոցառումները ձեռնարկում են», հերթական անգամ պատասխանատվությունը գցել է ՀՀ բնակչության վրա` ասելով, որ «…ամենահուսալի միջոցը կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու, յուրաքանչյուր մարդու ինքնապատասխանատվությունն է»: Այսինքն` եթե Հայաստանում կառավարության, առողջապահության նախարարության կողմից «բոլոր անհրաժեշտ, հասու միջոցառումները» ձեռնարկելուց հետո COVID-19 համաճարակ բռնկվի, ինքներդ ձեզ մեղադրեք, որ ինքնապատասխանատու չեք եղել:
Մարտի 1-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս կապակցությամբ կատարել էր հետևյալ գրառումը. «Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։ Նա ինքն է դիմել բժշկի և նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, հիմա նույնիսկ ջերմություն չունի։ Նախնական թեստը դրական արդյունք է տվել, կրկնակի թեստի արդյունքները հայտնի են դարձել Երևանի ժամանակով գիշերը ժամը երեքին:
Հատկանշական է, որ պացիենտի կնոջ թեստի պատասխանը բացասական է։ Այսինքն՝ նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել»։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր իշխանությունը, Թեհրանից Երևան ժամանողների նկատմամբ հատուկ հսկողություն է սահմանված, օդանավակայանում չափվում է նրանց ջերմությունը, հարցեր են տրվում, զննում է իրականացվում` նոր կորոնավիրուսով հիվանդության ախտանշանները հայտնաբերելու նպատակով, իրենց բնակության վայր գնալուց հետո նրանց նկատմամբ հսկողություն է իրականացվում բժշկի կողմից:
Բնականաբար հարց է առաջանում` ինչո՞ւ վերոնշյալ միջոցառումները ՀՀ 29 տարեկան հիշյալ քաղաքացու պարագայում արդյունք չեն տվել ու նա չի կարանտինացվել, անարգել հասել է տուն, իսկ հետո ջերմություն ունենալով, հիվանդության թերևս նաև այլ ախտանշաններ նկատելով, ինքն է դիմել բժշկի: Այս փաստը վկայում է, որ կամ իրականում նրա (հնարավոր է նաև` այլ ուղևորների) նկատմամբ նշված հսկողությունն ընդհանրապես չի իրականացվել, այդ կապակցությամբ պաշտոնական հավաստումները, տեղեկատվությունը կեղծ են, կամ այդ հսկողությունը պատշաճ չի իրականացվել, կամ էլ, ինչն ավելի հավանական ենք համարում, տվյալ հսկողությունն ամենևին բավարար չէ COVID-19-ով վարակակիրներին հայտնաբերելու համար, քանի որ Իրանից, Իտալիայից և ռիսկային այլ երկրներից Հայաստան եկած հնարավոր վարակակիրը զննման պահին կարող է ջերմություն կամ հիվանդության որևէ այլ ախտանշան չունենալ, նրա մոտ հիվանդությունը կարող է լինել գաղտնի շրջանում: Սա նշանակում է, որ տվյալ անձի մոտ հիվանդության ախտանշանները, ինչպես վերոնշյալ դեպքի պարագայում, ի հայտ կգան զննումից, տուն կամ մեկ այլ վայր գնալուց հետո միայն, նա և համապատասխան բուժհաստատությունն ուշացումով կիմանան նոր կորոնավիրուսով վարակված լինելու մասին, իսկ թե մինչև այդ վիրուսակիրը քանի՞ մարդու կհասցնի վարակել, թողնում ենք ընթերցողի երևակայությանը:
Ինչ վերաբերվում է նրան, որ պացիենտի կնոջ թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել, ապա եթե նա ոչ թե ռուսական, այլ չինական թեստով է հետազոտվել, որոնք դեպքերի մոտ կեսի պարագայում կարող են վարակվածության հանգամանքը չհայտնաբերել (տես`«Китайские ученые усомнились в надежности тестов на коронавирус» հրապարակումը), ապա հանգստանալու համար դեռ շուտ է:
«Մեկուսացվել է 32 քաղաքացի,- Հայաստանում նոր կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքի առնչությամբ մարտի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ առողջապահության նախարարը:- Նրանք մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում»:
«Այս պահի դրությամբ սպասում ենք 9 թեստերի պատասխանների, և պատասխանները լինելուն պես հանրությանը կտեղեկացնենք»,- ասել է նա:
Նոր կորոնավիրուսի առնչությամբ ծանոթ լինելով հայաստանյան և համաշխարհային մեծածավալ տեղեկատվության, այդ տեղեկատվության վերլուծությունից հետո այն տպավորությունն ունեմ, որ Հայաստանում համապատասխան պաշտոնյաները հանգամանքների բերումով, անարժանիորեն հայտնվելով այդ պաշտոններում, անմեղսունակության աստիճանի չեն գիտակցում իրավիճակը, իրենց հայտարարությունների, գործողությունների և անգործության հետևանքները: Չեմ ուզում մտածել, որ գիտակցել ու գիտակցում են, գիտակցաբար են այդպես վարվել ու վարվում, որովհետև այդ դեպքում նրանց կհամապատասխանի մեկ այլ բնութագրում` օտար թշնամու կամքը կատարող պետական դավաճաններ, որոնց հետ պետք է վարվել համապատասխանաբար:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Խոսելով Երրորդ համաշխարհայինի մասին, իշխանության գալով խաղաղության կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել Երրորդ համաշխարհայինը-3
- Խոսելով Երրորդ համաշխարհայինի մասին, իշխանության գալով խաղաղության կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել Երրորդ համաշխարհայինը-2
- Իսրայելն անընդունելի պայմաններ է առաջադրել, արյունահեղությունը շարունակվում է
- Խոսելով Երրորդ համաշխարհայինի մասին, իշխանության գալով խաղաղության կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել Երրորդ համաշխարհայինը
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին. 4
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին-3
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին-2
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-18
- Արևմուտքում լսել են Պուտինի զգուշացումները, բայց հավանաբար ցանկանում են անտեսել դրանք
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-17
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-16
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-15
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը-3
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը-2
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-14
- Բանսարկու և սուտ մատնության հեղինակ «Լաուռա Արզաքանցյան» կոչվածի նկատմամբ հանցագործության մասին հաղորդումը ներկայացվեց ոստիկանություն
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-13
- Չգիտեի, որ միլիոնների տեր եմ, նույնիսկ «Սրբազան շարժմանը» մասնակցելու համար գումարներ եմ առաջարկում, այսօր իմացա
Մեկնաբանություններ