Չինաստանին օգնություն կցուցաբերե՞նք
14.02.2020 | 02:22
Չինաստանն այս օրերին օգնություն է ստանում տարբեր երկրներից ու կառույցներից՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։ Չինաստանին այժմ ամենից շատ անհրաժեշտ են դեղամիջոցներ, պաշտպանիչ հագուստ, ակնոցներ ու դիմակներ։ Հայաստանի կառավարությունը կարծես թե տեղից չի շարժվում իր օգնությունը ցույց տալու համար։ Համենայն դեպս‚ պաշտոնական մակարդակում օգնություն ցուցաբերելու մասին որևէ տեղեկություն չկա։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Չինաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանը պատրաստ է հնարավոր միջոցներով աջակցություն ցուցաբերելու բարեկամ Չինաստանին, սակայն պատրաստակամությունը գործի չի վերածվում և մնացել է հայտարարության մակարդակում։ Օգնություն ցուցաբերելու մասին հայտարարել է Գյումրիի քաղաքապետարանը, սակայն դա չի կարելի դիտարկել ՀՀ կառավարության օգնություն։
Հավանաբար կառավարության շենքում նստածներին պետք է հիշեցնել‚ որ միջպետական հարաբերությունները պահանջում են աղետալի վիճակում հայտնված երկրներին օգնության ձեռք մեկնել. կարևոր չէ‚ թե ինչքան հնարավորություն ունես։ Պարզ է‚ որ Հայաստանը չի կարող մեծածավալ օգնություն ցուցաբերել բազմամիլիարդանոց բնակչություն ունեցող երկրին, բայց տրամաբանությունը‚ դիվանագիտությունը և վերջապես բարոյականությունը հուշում են‚ որ մահացու վիրուսի դեմ պայքարող երկրին պետական մակարդակով աջակցություն պետք է ցուցաբերվի։ Եվ վատ չէր լինի‚ որ այսօր այդ երկրին օգնություն ցուցաբերող երկրների թվում հնչեր նաև Հայաստանի անունը։
Չինաստանը կհաղթահարի կորոնավիրուսը։ Հայտնի ասացվածք կա՝ բարեկամին փորձանքի ժամանակ են ճանաչում‚ հուսով ենք՝ Հայաստանը կկարողանա պահպանել դեմքը։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ
Մեկնաբանություններ