ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Դավիթ Հարությունյան. Այս օրենսդրական նախաձեռնությունը ունի վտանգավոր քաղաքական նպատակ

Դավիթ Հարությունյան. Այս օրենսդրական նախաձեռնությունը ունի վտանգավոր քաղաքական նպատակ
01.02.2020 | 14:19

«Փաստինֆո»-ն ներկայացրել է Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի դիտարկումները «Աժ կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքներում առաջարկվող փոփոխությունների մասին. «2020-ի հունվարի 30-ին ԱԺ պաշտոնական կայքում՝ նստաշրջանի օրակարգում դեռևս չընդգրկված հարցերի մեջ, ավելացվել է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՍԴ դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (136-138-րդ կետեր, հեղինակ՝ Վահագն Հովակիմյան)։


Նույն օրը՝ երեկոյան խորհրդարանի պաշտոնական կայքը հայտնեց, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, Աժ պատգամավորների նախաձեռնությամբ, 2020-ի փետրվարի 6-ին` ժամը 11.00-ին, կգումարվի Աժ արտահերթ նիստ` նախագծերի առաջին և երկրորդ ընթերցման օրակարգով։ Հավանաբար, պարզելով, որ արտահերթ նիստի նշանակումը խախտում է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի պահանջները, հայտարարությունը, հաջորդ օրը՝ հունվարի 31-ին հանվեց ԱԺ կայքից:
Քաղաքական իշխանության համար օրակարգի հարց դարձած ՍԴ խնդրին վերաբերող այդ փաթեթը ակնհայտորեն հակասում է Սահմանադրությանը:
Այս նյութում ներկայացվող հիմնավորումները առավելապես ուղղված են մեր հասարակության իրավաբանական համայնքին: Սակայն, իրավաբան չհանդիսացող անձանց համար ստորև երկու հակիրճ պարբերությամբ կներկայացնեմ խնդրի բուն էությունը.
Սահմանադրությունը նախատեսում է, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ՍԴ-ն փոփոխությունների նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող:


Սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու միջոցով փորձ է արվում վերացնել այս պարտադիր պահանջը՝ «հիմնավորելով» որպես ԱԺ հայեցողություն՝ կցանկանա, կդիմի ՍԴ, չի ցանկանա, չի դիմի: Ավելին, նախատեսում են, որ եթե անգամ Աժ-ն դիմի ՍԴ, սակայն ստանա բացասական եզրակացություն, որևէ ազդեցություն չի ունենա:
I. Ինչո՞վ է նախագծերի փաթեթը հակասահմանադրական
1. Նախագծերի փաթեթով, ըստ էության, վերացվում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին նախադասությունը, որը սահմանադրական փոփոխությունների նախագիծը ԱԺ-ում ընդունելու կամ հանրաքվեի դնելու համար նախատեսում է նախնական սահմանադրական վերահսկողություն՝ Աժ-ի կողմից ՍԴ դիմելու պահանջի ձևով։
2. Նախագծերի փաթեթի հիմնավորումներում նշվում է, որ իբր «Սահմանադրության ընդունումը, փոփոխությունը և հանրաքվեն» նախատեսող «Սահմանադրության 15-րդ գլխում չկա ՍԴ դիմելու միջոցով Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը ստուգելու պարտադիր պահանջ: Նման պահանջ չկա ինչպես Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի դրվող նախագծի, այնպես էլ ԱԺ-ի կողմից Սահմանադրության փոփոխություններ կատարելու դեպքում»։
3. Մինչդեռ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետը Սահմանադրական դատարանին իրավասություն է վերապահել մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումը ստուգել համապատասխանությունը Սահմանադրությանը՝ անկախ այն հանգամանքից՝ Սահմանադրության փոփոխությունը կատարվում է հանրաքվեի միջոցով, թե Աժ-ի կողմից։ Սահմանադրական վերահսկողության նպատակը ստուգելն է, որ սահմանադրական փոփոխությունների միջոցով Սահմանադրության մեջ չառաջանան ներքին հակասություններ։
4. Այս կարևոր նպատակից ելնելով էլ՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասությունը Աժ-ի համար որպես պարտականություն է սահմանել ՍԴ դիմելը՝ Սահմանադրության փոփոխության հարցով․
«2. Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում ՍԴ դիմում է Աժ-ն` Սահմանադրության փոփոխությանը ․․․ վերաբերող հարցերով»։
5. Այն, որ ՍԴ դիմելն այս պարագայում Աժ պարտականությունն է, հստակ երևում է նաև 169-րդ հոդվածի սիստեմատիկայից, որի 1-ին մասում նախատեսված են այն դեպքերը, երբ ՍԴ դիմելը համապատասխան սուբյեկտների հայեցողությունն է։ Դա հստակ արտահայտված է «կարող են դիմել» բառակապակցությամբ։ Օրինակ, պատգամավորների մեկ հինգերորդը, կառավարությունը կարող են նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականության հարցերով դիմել ՍԴ: 6. Մինչդեռ, 169-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով՝ առանձին մասերի տեսքով, կարգավորված են այն դեպքերը, երբ ՍԴ դիմելը համապատասխան մասերում նշված սուբյեկտների պարտականությունն է։ Այս մասերում բացակայում է «կարող են դիմել» բառակապակցությունը, փոխարենը օգտագործվում է «դիմում է» բառակապակցությունը: Այս նույն տրամաբանության մեջ, 169-րդ հոդվածի 2-րդ մասը որպես պարտականություն է նախատեսում ԱԺ-ի համար ՍԴ դիմելը նաև վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով, քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվեի դրվող օրենքի նախագծի հարցերով (նույն 2-րդ մաս), կառավարության համար՝ միջազգային պայմանագրերի վավերացման հարցերով (3-րդ մաս), դատարանների համար՝ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով (4-րդ մաս), Ազգային ժողովի խորհրդի համար՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ (5-րդ մաս)։
7. Հակառակ մեկնաբանման պարագայում կհանգենք այն զավեշտալի և վտանգավոր եզրակացության, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերում սահմանված դեպքերում ՍԴ դիմելը համապատասխան սուբյեկտի իրավունքն է։ Նման անհեթեթ մեկնաբանության դեպքում կստացվի, որ կարող են վավերացվել միջազգային պայմանագրեր, կամ հանրաքվեով ընդունվել օրենքներ, որոնք հակասում են Սահմանադրությանը։
8. Շատ տարօրինակ է, որ նախագծերի հիմնավորման մեջ օրենսդրական նախաձեռնության հեղինակը, մեկնաբանելով 169-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությունը, միանգամայն իրավացիորեն գալիս է այն եզրահանգմանը, որ «Քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվեի դրվող օրենքի նախագծի հարցով ՍԴ է դիմում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը» նախադասության մեջ «Սահմանադրական դատարան է դիմում»
արտահայտությունը ենթադրում է պարտականություն, սակայն ամբողջությամբ անտեսում է դրան նախորդող 1-ին նախադասությունը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Սահմանադրության փոփոխությունների հարցով նույնպես օգտագործված է նույն կոնստրուկցիան` «ՍԴ է դիմում» Աժ-ն:
9. Առաջին հայացքից «պարզունակ» թվացող այս օրենսդրական նախաձեռնությունը իրականում ունի հստակ և իր հետևանքներով վտանգավոր քաղաքական նպատակ, այն է՝ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնում՝ շրջանցելով ՍԴ-ն և փոփոխությունների սահմանադրականության ստուգումը։
Սահմանադրության նման ակնհայտ անտեսումը դառնում է վտանգավոր գործելաոճ։


II. Արտահերթ նիստի հրավիրման կարգի խախտումները
Աժ-ն ՝ 2020-ի փետրվարի 6-ի արտահերթ նիստը հրավիրվել էր նախագծերի առաջին և երկրորդ ընթերցման օրակարգով։ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն (7-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետի հետ կապի մեջ)՝ պատգամավորների կամ խմբակցության նախաձեռնության դեպքում արտահերթ նիստի օրակարգում նույն օրենքի նախագիծն առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը կարող են ընդգրկվել միայն խմբակցության հիմնավորված միջնորդությամբ՝ ԱԺ խորհրդի որոշմամբ: Այսինքն՝ առանց ԱԺ խորհրդի որոշման հնարավոր չէր արտահերթ նիստի օրակարգում դնել նախագիծը և՛ առաջին, և՛ երկրորդ ընթացմամբ քննարկելու հարցը։ Հետևաբար, հակասահմանադրական նախագծերի փաթեթը քննարկելու համար արտահերթ նիստը հրավիրվել է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված կարգի խախտմամբ։

Դիտվել է՝ 6629

Մեկնաբանություններ