Ինչպես տեսնում եք‚ Երևանում թափառող կենդանիների խնդիրը «լուծվել է»։ Լուսանկարն արվել է քաղաքի սրտում՝ Հանրապետության հրապարակում։ Թափառող շները սկսել են շրջել ոհմակներով‚ հարձակվում են մարդկանց վրա‚ կծում նրանց‚ նույնիսկ սկսել են ջուր խմել ցայտաղբյուրներից‚ հոշոտել կենդանաբանական այգու կենդանիներին։ Շատ շուտով նրանք կսկսեն երթևեկել տրանսպորտով‚ մտնել խանութներ և այլն‚ և այլն։
Դեռևս հոկտեմբերին՝ Էրեբունի-Երևանի 2801-ամյակին նվիրված տոնական երեկոյի ընթացքում Երևանի քաղաքապետը մեկ տարվա ձեռքբերումների թվում շեշտեց‚ որ Երևանում ստերիլիզացվել է մոտ 2000 թափառող կենդանի։ Ստերիլիզացվել է‚ բայց այդ խնդիրը լուծվե՞լ է։ Ընդհանրապես‚ ի՞նչ քաղաքականություն ունի Երևանի քաղաքապետարանն այս ոլորտում‚ ի՞նչ նպատակի են ուզում հասնել‚ ոչ ոք չգիտի։ 2000 թափառող շուն ստերիլիզացվել է‚ բայց փաստն այն է‚ որ նրանց թիվը բազմապատկվել է. սա՞ է աշխատանքի արդյունքը։ Ոչ ոք չի պնդում‚ թե թափառող շներին պետք է իսպառ վերացնել‚ այդքան անգութ չենք‚ ոչ էլ կենդանատյաց։ Սակայն քաղաքը առաջին հերթին քաղաքացիների համար է‚ և պետք է ապահովվի նրանց անվտանգությունը։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ