Շաբաթ օրը՝ ժամը 16.00-ից սկսած‚ «Հայփոստի» բոլոր բաժանմունքներն անգործության էին մատնված։ Աշխատակիցները չէին կարողանում ո՛չ փաթեթներ տրամադրել‚ ո՛չ վճարումներ ընդունել՝ պատճառաբանելով‚ թե «Ազգային մեկ պատուհան» ծրագիրը չի գործում։ Եվ այդպես՝ մինչև ժամը 18.00՝ փոստային բաժանմունքների փակվելը։ Խնդիրն ամբողջ հանրապետությունով մեկ էր‚ և ոչ միայն «Հայփոստում»‚ այլև բոլոր այն գերատեսչություններում‚ որտեղ կիրառում են «Ազգային մեկ պատուհան» ծրագիրը։ Քաղաքացիների արդարացի վրդովմունքին‚ թե նման խնդիրներ շատ հաճախ են ծագում‚ և ստիպված են լինում իրենց թանկարժեք ժամանակն անիմաստ ծախսել‚ «Հայփոստի» աշխատակիցները պատասխան չունեին։ Երկուշաբթի առավոտյան զանգահարեցինք «Հայփոստի» թեժ գծի հեռախոսահամարին՝ 010 514 514։
Մեզ պատասխանեցին նույնը՝ ծրագրային խնդիրներ են‚ ընդ որում‚ ծրագրային այդ պրոբլեմը մինչև երկուշաբթի առավոտյան ամբողջությամբ լուծված չէր։ Թեժ գծի օպերատորը տեղեկացրեց‚ որ «Ազգային մեկ պատուհան» ծրագիրը գործարկում է պետական եկամուտների կոմիտեն‚ և մենք կարող ենք միայն մեր բողոքը հանձնել թղթին ու հասցեագրել համապատասխան մարմնին։ Ի դեպ‚ նոր համակարգից դժգոհում էին նաև փոստի աշխատակիցները՝ նշելով‚ որ խափանումները բավականին հաճախ են տեղի ունենում‚ ու իրենք ստիպված են լինում դրա պատճառով անընդհատ բանավեճի մեջ մտնել քաղաքացիների հետ ու արդարանալ։ Ստացվում է` ոչ կատարյալ ծրագրի պատճառով ժամերով կաթվածահար է լինում փոստի նման ռազմավարական նշանակություն ունեցող համակարգը։ Արդյոք սա ազգային անվտանգության խնդիր չէ՞։ Եվ ընդհանրապես՝ ո՞վ է փոխհատուցելու քաղաքացիների ժամանակի կորստի համար։
Լիլիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ