168.am-ի պրեսինգ հաղորդման վերջում ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանը պատասխանել է քաղաքական բլից հարցերի։
-«Սասնա ծռեր»-վարչապետ հանդիպումը Ձեր հրաժարականի հարցում դերակատարում ունե՞ր, թե՞ ոչ:
-Չեմ պատասխանի այդ հարցին: Ես ներողություն եմ խնդրում, բայց մենք պայմանավորվել ենք, որ քաղաքական հարցեր չենք տալու և զրուցելու ենք բացառապես ֆուտբոլի մասին:
-Օրվա իշխանությունները ֆուտբոլն այս պահին օգտագործո՞ւմ են որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք:
-Կարծում եմ՝ այո:
-Ձեր առջև խնդիր դրվե՞լ է Հայաստանի ֆուտբոլի 15 տարեկանների հավաքականից հեռացնել Վարդան Թովմասյանին, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի որդին է:
-Ոչ, նման խնդիր չի դրվել:
-Ձեզ համար սպասելի՞ էր ֆեդերացիայում Ձեր դեմ սկսված այս դեմարշը:
-Այո, սպասելի էր:
-Հայաստանի անվտանգությունը վտանգվա՞ծ է:
-Չեմ պատասխանի այդ հարցին:
-Արցախյան հիմնահարցի բանակցային փուլը վտանգվա՞ծ է:
-Չեմ պատասխանի այդ հարցին:
-Հանրությունը մոլորության մե՞ջ է:
-Կարծում եմ՝ այո:
-Անձամբ Ձեր անվտանգությունը վտանգվա՞ծ է, թե՞ ոչ:
-Չեմ պատասխանի այդ հարցին:
-Հայաստանում «Սորոսի» գրասենյակի դեմ լայնամասշտաբ պայքար է ընթանում: «Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի Հանրապետության համար վտանգներ պարունակո՞ւմ է:
-Եթե կարճ պատասխանենք՝ այո:
-Հայաստանում կա՞ն դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժեր:
-Կարծում եմ՝ այո:
-Այդ կուսակցությունները ակտիվ քաղաքական գործունեություն ծավալո՞ւմ են:
-Այո:
-Նրանք հակահեղափոխականների՞, թե՞ հեղափոխականների կողքին են:
– Չեմ պատասխանի այդ հարցին:
-Հայաստանում հնարավո՞ր է հեղափոխություն: Իմ որոշ զրուցակիցներ ասել են, որ փոփոխությունների պահանջը դեռ փողոցում է:
-Եկեք ես չպատասխանեմ այդ հարցին:
-Ազգային անվտանգության ծառայությունում Ձեր աշխատած ժամանակահատվածում Սերժ Սարգսյանին ձերբակալելու հարց օրակարգում եղե՞լ է, թե՞ ոչ:
– Չեմ պատասխանի այդ հարցին:
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը նպաստո՞ւմ է Մարտի 1-ի բացահայտմանը:
– Չեմ պատասխանի այդ հարցին:
-Չե՞ք կարծում, որ լռելը սխալ է, պարոն Վանեցյան:
-Կարծում եմ:
-Եվ որքա՞ն երկար եք դեռ լռելու:
-Ես ասացի, որ ժամանակը կգա, և ես անպայման կխոսեմ և կներկայացնեմ իմ տեսակետները այն ամենի մասին, ինչը կատարվում է մեր երկրում այսօր, ինչ կատարվել է մեր երկրում, և ինչ եմ ես պատկերացնում, ինչ է լինելու:
-Ի՞նչ պլաններ ունեք, շատերը կանխատեսում են ակտիվ քաղաքական գործունեություն, հասարակական գործունեություն:
-Ես իմ ողջ գիտակից կյանքում ծառայել եմ հայրենիքիս: Ծառայել եմ որպես ԱԱԾ սպա, և ես այլ կերպ ուղղակի ապրել չեմ կարող: Ես պետք է շարունակեմ ծառայել իմ հայրենիքին: Եվ այդ ծառայությունը թե ոնց կարտահայտվի, ժամանակը ցույց կտա: Կախված է պահանջից և այն իրադարձություններից, որոնք տեղի կունենան: Իսկ ինչ վերաբերում է իմ հետագա գործունեության վերաբերյալ Ձեր հարցին, ես ազատ մարդ եմ, կաշկանդված չեմ որևէ բանով և կզբաղվեմ քաղաքականությամբ, թե հասարակական գործունեությամբ, դա ես կորոշեմ:
-Իսկ եթե Ձեզ կալանավորե՞ն:
-Ինչի՞ համար: