Երբ մեր օրերում այդքան հաճախ ոչ անտեղի տագնապով ու հուսահատությամբ խոսվում է ազգի բարոյական արժեքների անկման, հասարակության այլասերման, ազգային արմատներից հեռանալու, հոգու սովի, նյութականի գերիշխանության մասին, այդ միայն խորհրդավոր վախից ու վատ կանխազգացումից է, որ կործանված արժեքների շարքում չենք հնչեցնում նաև «ընտանիք» սրբազան բառը: Ո՞վ չի հասկանում, որ այդ բոլոր ավերածությունների փոքրիկ «ծննդավայրը», էպիկենտրոնը հենց ընտանիքն է, հենց այստեղ են տեղի ունեցել ու տեղի ունենում բոլոր փոքր ու մեծ ցնցումները: Բայց ասես սրբազան տաբուն խախտած չլինելու համար դեռ չենք արտաբերում այդ նվիրական բառը՝ կարծես ինչ-որ բնազդով, ինչ-որ անբացատրելի զորությամբ դեռ հավատալով, դեռ հույս ունենալով, թե որքան ուշ արտաբերենք այն, այդքան ժամանակ դեռ ընտանիքը հետ կպահենք նոր ու ավելի անդառնալի ավերածություններից:
ՈՒ որպեսզի մեր ընտանիք պաշտող ժողովուրդն իսկապես դրական լիցքեր ու դրական ազդակներ ստանա և հավատա, որ ամեն ինչ կորած չէ, ժամանակն է վերանայել խնդիրը միայն բացասական կողմերով ներկայացնելու մեր միտումը: Չգիտես ինչու, բոլոր սերիալներում, շոուներում, գեղարվեստական գրքերում միայն արատավորված, ընտանեկան հարաբերությունների առողջությունը կորցրած ընտանիքների սյուժեներ են ներկայացվում: Ասես Հայաստանում ու ամբողջ աշխարհում միանգամից վերացել են նորմալ փոխհարաբերություններով ապրող ընտանիքները:
Իր «Երկիրը կապույտ երկնքով» վիպակում ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ շոշափում է հայ մարդու համար օդ ու ջրի պես անհրաժեշտ այս թեման՝ որքան հայտնի, նույնքան էլ անհայտ իր կողմերով: Մեզ խիստ հուզող այս խնդրին նա մոտենում է միանգամայն այլ տեսանկյունից: Հայրենիքից հեռացած, օտար ափերում իր տեղը որոնող հայ մարդու դրաման, ուծացման սպառնալիքը՝ իր բոլոր վտանգավոր կողմերով, հուզող թեմաներ են եղել դեռևս 1915 թվականի Ցեղասպանությունից մազապուրծ առաջին սերնդի կյանքում, որի ահազանգը հնչեցրեց Շահան Շահնուրը՝ իր «Նահանջը առանց երգի» աղմկահարույց վեպում: Նա հանգեց գրեթե ողբերգական եզրակացության. կործանումն անխուսափելի է, անիրատեսական են բոլոր այն լուծումները, թե հայ մարդը կարող է երջանիկ զգալ՝ առանց ձուլվելու այն միջավայրին ու նրա արատավոր կողմերին, որտեղ հայտնվել է: Միաժամանակ ազգային վեպ ու դրամատիկ սիրավեպ համարվելու հանգամանքը ցույց տվեց, որ անհայրենիք աշխարհում ազգային ու սիրային հարցերը այնքան միաձույլ են, որ հնարավոր չէ սիրային սյուժեից դուրս ազգային խնդիրներ արծարծել և հակառակը: Ռոմանտիկ գրողների մոտ սերը, սիրած աղջիկը, կինը միշտ զորավիգ էին հայրենասիրական գաղափարների իրականացմանը, բայց պատկերը միանգամայն փոխվեց, երբ Ցեղասպանության արդյունքում հայերը սփռվեցին աշխարհով մեկ: Սերը և հայրենիքը հայտնվեցին միանգամայն տարբեր բևեռներում, որն էլ խորացրեց նահանջը, հեռացումն արմատներից: Եվ այս իմաստով Անդրանիկ Հակոբյանի «Երկիրը կապույտ երկնքով» վիպակը կարծես Շահնուրի բարձրացրած և այդպես էլ լուծում չգտած խնդրի մերօրյա արձագանքը լինի:
Գրողը համոզված է, որ կոչերով, կարգախոսներով կամ արգելքներով հնարավոր չէ կանխել կամ նվազեցնել օր օրի ավելացող էթնիկ տեսակետից խառը ընտանիքների, խառնածին ամուսնություններից ծնված երեխաների թիվը, գիտի նաև, որ սերը նահանջի, օտարացման ճանապարհներից մեկն է՝ ամենակարճն ու ամենաանվրեպը: Բայց նա պեղում ու դուրս է բերում սիրո, ընտանիքի այն ոսկե հատիկը, որն իր մեջ պահում է ընտանեկան առողջության գենը՝ զերծ ամեն տեսակի պայմանականություններից, արգելքներից, միջավայրի կործանիչ ժանգից: Օտարի հանդեպ այդ նույն սերը, որ կործանել էր Շահնուրի հերոսների կյանքը, խլել հազարավոր ուրիշ հայերի երջանկությունը, Ա. Հակոբյանի վիպակի հերոսին տալիս է ոչ միայն արմատներից չկտրվելու, այլև արմատներին վերադառնալու պարտքի ու պատասխանատվության գիտակցություն, վառ է պահում նրա հիշողության, ազգային պատկանելության անմար ջահը:
Անդրանիկ Հակոբյանի վիպակը խոսում է միանգամայն այլ բևեռի մասին, որտեղ կենդանի թրթռում է մարդկային առողջ բանականության զարկերակը՝ չվիրավորելով, չխաթարելով մաքուրն ու նախասկզբնականը, ամուր պահելով ու պահպանելով այն ամենագեղեցիկն ու լավը, ինչ երբևէ ստեղծել է մարդկությունը՝ ընտանեկան սերն ու ջերմությունը՝ անկախ ազգային պատկանելությունից ու արյունակցական կապերից անգամ:
«Երկիրը կապույտ երկնքով» վիպակում մարդկային հարաբերությունները կառուցվում ու ամրանում են բարձրագույն, վերազգային մի տիրույթում, որ մարդասիրություն անունն է կրում: Դա այն բարձրագոչ մարդասիրությունը չէ, որ հաճախ ծնվում է դրվատանք ակնկալող ցուցադրական եսասիրությունից, այլ այն բնական ու բնածին մարդասիրությունը, որով Աստված օժտել է բոլոր ազգերին աշխարհի բոլոր ծագերում՝ կամացուկ շշնջալով նրանց ականջին՝ սիրի՛ր մերձավորիդ: Այն մարդասիրությունը, որ մարդը դրսևորում է ոչ միայն դիմացինին սատարելու, կարեկցելու մղումից, այլ նախ և առաջ իր խղճի ձայնին դեմ գնալ չկարողանալու գեղեցիկ, ազնիվ ու օրհնյալ «թուլությունից»:
Վիպակի սյուժեի հիմքում հայ մարդու ճակատագրի ծանոթ ուրվագիծն է, նրա հոգնած ոտքերի ոդիսականը աշխարհի խայտաբղետ քարտեզի վրա, արմատների կանչը, տունդարձը և երկրորդ ծնունդը իր փոքրիկ ու բիբլիական հողից: Խառնածին զավակի դրաման վիպակում ավելի խորն է, քանի որ գլխավոր հերոսը՝ Դեննին, շատ փոքրիկ տարիքում կորցրել է իր հայ հորը՝ Լևոնին: Բայց մեռած ամուսնուն տված խոստմանը հավատարիմ ազնվասիրտ մոր, ինչպես նաև մեծահոգի ու մարդկային բարձր արժանիքների տեր օտար հոր շնորհիվ Դեննին մեծանում է ոչ միայն որպես երջանիկ երեխա, այլ նաև իսկական հայ, ով չի հեռանում իր արմատներից՝ ընդառաջ գնալով արյան կանչին:
Այս գեղեցիկ վիպակը հենց այդ լուսավոր ու նվիրական նպատակի՝ օտարության մեջ հայ մարդու հայ մնալու, չնահանջելու մասին է անգամ այնպիսի ընտանիքում, որ ստեղծվել է հայի և սլովակուհի Լուիզինայի ամուսնությունից: Դեննին երեք տարեկան էր, երբ ավտովթարից զոհվեց հայրը՝ Լևոնը, ով անսահման բարի ու գեղեցիկ մարդ էր, և նրա միջոցով շրջապատն իր համար բացահայտում էր հայերին ու Հայաստանը: «Եթե բոլոր հայերը Լեոյի նման են, ուրեմն՝ ազնիվ ու գեղեցիկ մարդիկ են, ուշադիր ու քաղաքավարի, մարդկանց օգնելու պատրաստ, բարեսիրտ»,- ասում է մայրը: Շատերին թվում էր, թե Ցեղասպանություն ապրած ժողովուրդը «չարացած պետք է լիներ անտարբեր աշխարհի ու անտարբեր մարդկության դեմ», սակայն Լուիզինան անթաքույց հպարտությամբ էր հիշում, որ Լևոնը «անսահման բարի ու ջերմ մարդ էր», և օտար ափերում նա սիրվեց ու գնահատվեց հենց այդ արժանիքի համար:
Մոր՝ Լուիզինայի կերպարը ամբողջ վիպակի կառուցվածքում ամենագեղեցիկ, ամենադրամատիկ ու գրավիչ կերպարն է: Նա իր հուզիչ կյանքի պատմությամբ, իր հոգեկան աշխարհի կատարելությամբ, իր կանացիությամբ ու մայրությամբ անսպառ հմայք է հաղորդում վիպական գործողությանը: Ոչ միայն մայր, ով պարզապես լույս աշխարհ է բերել զավակին, հոգ տարել նրա կյանքի, առողջության, ուսման ու ապագայի համար, այլև մեծ ու հզոր մի մարդ, որ ինքը, լինելով օտար և իր հետագա կյանքը կապելով օտար տղամարդու հետ, վայրկյան անգամ չի կորցրել որդու ազգային պատկանելության, արմատների ու ինքնության հանդեպ ունեցած մայրական առողջ և արթուն բնազդը, պարտքի զգացումը:
Անդրանիկ Հակոբյանի վիպակում Լուիզինան մոր իսկական, մոնումենտալ կերպար է՝ դուրս ու վեր ազգային սնափառության նեղ և սահմանափակ շրջանակից: Առաքինի, բարոյական բարձր արժանիքներով օժտված վեհ ու համարձակ մի կին, ում խորթ է զավակին սեփականություն համարելու մայրական վտանգավոր էգոիզմը: Իր զավակն իրենից զատ պատկանում է այն ժողովրդին ու հայրենիքին, որտեղ խրված են նրա արմատները: Այս հզոր ու առողջ գիտակցությունը վիպակի արտահայտած բոլոր մյուս գաղափարների առանցքն է, հենքը, հաղթաթուղթը։ Լուիզինայի սիրո դրսևորման մեջ զավակի հանդեպ պարտքի ազնիվ գիտակցումը տեղ չի թողել անտարբերությանը, էգոիզմին: Հայ ամուսնու մահից հետո ոչ միայն չի մարել, այլև ավելի է խորացել նրա պարտքի գիտակցումը որդու ու նրա արմատների հանդեպ: Մայրական այս բացառիկ սիրո և պատասխանատվության պակասն է, որ ձուլել ու օտարացրել է շատ ու շատ հայ մանուկների: Լուիզինան ինքն էր ամեն անգամ հիշեցնում հասունացող որդուն. «Երբ մեծանաս, քեզ կուղարկեմ հորդ երկիրը, որը Հայաստան են անվանում, այնտեղ դու ազգականներ ունես: Ցավոք, մենք նրանց հետ ծանոթ չենք: Բայց նրանք մեր մասին գիտեն, ես էլ իրենց մասին: Նրանց անունները գրել եմ, որ չմոռանամ. դժվար արտասանվող անուններ են: Հայրդ նրանց անուններն ինձ անընդհատ արտասանել էր տալիս, ու քանի դեռ Լևոնը կար, ոչ մի կերպ չէի կարողանում հիշել, իրենից հետո այլևս չեմ կարողանում մոռանալ»,- մի օր խոստովանում է նա:
Տիկին Լուիզինայի ջանքերով որդին ամբողջ մանկության ու պատանեկության տարիներին ոչ միայն չմոռացավ հորը, այլև ավելին, հայրը դարձավ նրա կյանքի ամեն մի ակնթարթի, ամեն մի արարքի ականատեսը, ուղեկիցն ու պահապանը: Եվ հայրը նրա համար դարձավ ոչ միայն կատարյալ մարդու, տղամարդու, ծնողի խորհրդանիշ, այլև այդ ամենից առաջ կամ ամենից հետո՝ հայրենիքի խորհրդանիշ: Նա իր մեջ չկորցրեց հայրենիք ունենալու, հայրենիքը սիրելու, հայրենիքին կապված լինելու զարկերակի բաբախը: «Համարյա միշտ գիտեի, թե որ պահին Լեոն ինչ կասեր ու ինչպես կաներ: Նույնիսկ չգիտեմ, թե հոր կողքին ապրող երեխան այդքան բան գիտի՞ իր հոր ու նրա նախասիրությունների մասին, գիտի՞, թե հայրն ինչն է սիրում ու ինչը՝ ոչ: Գիտի՞ հոր նախասիրած գույները, իր մոր պատրաստած ո՞ր կերակուրներն է սիրել, իր ձեռքով ի՜նչ է պատրաստել»,- խոստովանում է որդին:
Բայց միայն հիշողություններն ու լուսանկարները քիչ էին հոր ներկայությունը զգալու համար: Օտարուհի մայրը հայի պաշտամունք ու ակնածանք ուներ նաև իր հանգուցյալ ամուսնու շիրիմի հանդեպ և հաճախ էր այցելում այնտեղ՝ տանելով նաև տղային ու երկրորդ ամուսնուն: Որդին այնքան խաղաղ էր իրեն զգում հոր գերեզմանի կողքին, ինչ-որ մոգական ուժով անգամ մոռանում էր գերեզմանի գոյության մասին, և նրան թվում էր, թե իր կողքին հենց Լևոն հայրն է և ոչ թե նրա գերեզմանը:
Լևոնը լքել էր Խորհրդային Միություն կոչվող երկիրը, լքել էր պետությունը, բանտը, որում ապրում էր, բայց մեկ վայրկյան անգամ չէր լքել իր հայրենիքը, որտեղ իր համար ամենանվիրական ու թանկ մարդիկ էին ապրում: Երբ Դեննին ծանոթացավ հոր հայրենիքին, հասկացավ, թե նրա համար «որքան դժվար է եղել կայացնել երկիր չվերադառնալու որոշումը», իսկ երբ ծանոթացավ հոր ծնողների ու հարազատների հետ, խորությամբ զգաց, որ ավելի դժվար է եղել հոր համար ապրել օտար երկրում՝ կտրված լինելով այսպիսի հարազատների հետ շփումից, անգամ նամակագրությունից: «Ծանոթանալով հորս հայրիկին` զարմացել ու հիացել էի միաժամանակ, թե ինչքան ուժեղ է եղել աշխարհ տեսնելու հորս կիրքը, որ նա կարողացել է թողնել այս խստաբարո հորն ու սիրառատ ընտանիքը: Միաժամանակ սաստիկ կարեկցում էի այս անսահման ջերմ ու բարեսիրտ մարդկանցից զրկվելու իր ընտրության համար»,- խորհում էր Դեննին:
Սակայն սիրո ու ջերմության մթնոլորտում մեծացած մարդն առանց սիրո ու ջերմության չէր կարող ապրել օտար և խորթ երկրում: Նա պիտի ստեղծեր սիրո ու ջերմության սեփական մարտկոցները, պիտի վառեր լույսի ու բարության սեփական կանթեղները: ՈՒ վառեց... վառեց իր մարդասիրությամբ, հավատարմությամբ մարդ, տղամարդ ու հայ լինելու իր կոչմանը: Այդ ճանապարհին էր, որ նա հանդիպեց իր կյանքի անբաժան ընկերուհուն... Լուիզինան չէր մոռանում այդ օրը. «Վատ լուսավորված փողոցում թափառաշրջիկի բուրմունքով անտարիք երկու տղամարդ, ինչ-որ տեղից հայտնվելով, վատ իսպաներենով պահանջեցին եղած-չեղածս տալ իրենց»: ՈՒ կողքով պատահաբար անցնող հայ կնամեծար, պատվախնդիր տղամարդը չկարողացավ անտարբեր անցնել կնոջը վիրավորող ու սպառնացող այդ արարքի կողքով: Նա պաշտպանեց օտար աղջկա անվտանգությունն ու դրամապանակի պարունակությունը՝ վտանգելով սեփական կյանքը: Բայց դա ճակատագրական դիպված էր. աղջկա ականջներում ու հոգում մնաց նրա տղամարդկային թավ, ուժեղ ու հուսադրող ձայնի արձագանքը, որից պաշտպանություն ու քնքշություն էր տարածվել ու մնացել էր, չէր անցել: «Մեկ երկու օր հետո արդեն մոռացած կլինեի տհաճ միջադեպը, եթե չլիներ անծանոթի ձայնը: Այդ ձայնը ականջներիս մեջ էր, լցվել էր ներսս ու հանգիստ չէր տալիս: Մի տարօրինակ վստահություն կար մեջս, որ կրկին լսելու եմ այն, համոզմունք, որ հարյուրավորների մեջ էլ ճանաչելու եմ»,- հոր մասին պատմելիս մայրը խոստովանեց որդուն:
Հաջորդ հանդիպումը կայացավ այդ նույն ձայնի կանչով... «Մարդը հաճախ ինքն էլ գլուխ չի հանում, թե ինչու սա, այլ ոչ նա, ինչու օրը ցերեկով, հարյուրավոր տղամարդկանց թողած, նրանց մեջ ես ձայն եմ փնտրում: Ձայն, որ տեսնել հնարավոր չէ»: Նրանց հանդիպումը զուտ տղամարդու և կնոջ միջև ձգողականության, սիրո, անգամ ընտանիք կազմելու պարզ ու սովորական մղումով չէր պայմանավորված: Նրանց կապեց մարդասիրության չփլուզվող կամուրջը:
Լուիզինան խնամում ու հոգ էր տանում մի հաշմանդամ աղջկա՝ Էսթերի մասին, իսկ Լևոնը օտար երկրում պատահաբար գտել էր մի ծեր ու հաշմանդամ հայ պապիկի ու իր վրա էր վերցրել նրան սայլակով զբոսանքի տանելու պարտականությունը: Ծերունին ծնողի պես հարազատ էր դարձել նրան: Օտար երկրում արյան ներքին կանչով հանդիպել էին հայը և հայը, ովքեր, ինչպես Սարոյանի հայտնի պատմվածքում, անգամ ճանճերով լցված կեղտոտ գարեջրատանը ժամերով կարող էին խոսել հայրենիքի մասին: Սարոյանն էլ է զարմանում մեր ցեղի վրա՝ ասելով, որ եթե իրեն հարցնեն, թե ինչպե՞ս են ճանաչում իրար հայերը, ինչպե՞ս կռահեց դիմացինի հայ լինելը, ապա ինքը պիտի պատասխանի. «Չեմ գիտեր, թե ինչեն կռահեցի, բայց կռահեցի ու վստահորեն ու միանգամից հայերենով հարցրի. «Աստված տունդ ավրե, ինչպե՞ս ես»:
Ինտերնատի բակում Լուիզինան լսեց ծանոթ ձայնը, ու այդ օրը դարձավ ճակատագրական։ Նրանք գրեթե ամեն օր հանդիպում էին, և նրանց սերը զորանում ու թրծվում էր մարդասիրությամբ:
Դեննին մի հայ ուսուցչուհու մոտ հայերեն սովորեց, ու թեև Հայաստանում պատերազմական վիճակ էր, անցումային մութ ու ցուրտ տարիներ, նրա ծնողները որոշում կայացրին, որ Դեննին գնալու է Հայաստան: Ամենաանհամբերը սպասում էր պապը. «Նա փնտրում էր մեռած և հարություն առած իր որդուն, փնտրում էր գերեզման ունեցող ու չունեցող իր որդու զավակին: Նա գտնող ու վերագտնող դիմավորող էր: Նա մինչև վերջ ցավ էր, մինչև վերջ ուրախություն: Հասկանում էի, որ նա գգվում էր իր որդուն, որդուց մնացած միակ ժառանգին»:
Հայաստանում անչափ համեստ էին ապրում այդ ժամանակ, Հայկ պապը՝ առավել ևս: Բայց Դեննիի համար կայացավ ամենակարևոր բացահայտումը. «Պապիս տունը համեստ, բայց ճաշակով կառուցված առանձնատուն էր, և բակում ժամանակավոր մի կրակարան էին պատրաստել, որն օջախ էին անվանում: Այստեղ ես իմացա, որ հայի համար ամենասրբազան արժեքներից մեկը հենց օջախն է, որը խիստ բազմարժեք էր իր ընկալումների մեջ, բայց միասնական էր վերաբերմունքը. օջախը՝ կրակ, տուն, ընտանիք, սրբություն էր: Զարմացնում ու հիացնում էր, թե ինչ մեծ խորհուրդ ու մեծ իմաստ էին դնում ինձ իրենց օջախը հրավիրելու այդ ծեսի մեջ»:
Այս օջախի կրակն ու ջերմությունն էր, որ սառը և անտարբեր աշխարհին տարավ Դեննին, ընտանիքի ջերմությունը, որը այնքան անհրաժեշտ է աշխարհի քարացած սրտին։ Հայոց սեղանների հպարտությունը տարավ Դեննին, որոնց «զուսպ համեստությունից աղքատության հոտ չէր գալիս. դա հպարտ սեղան էր, ռազմաճակատում որդիներ ունեցող ընտանիքների հպարտ սեղան, որտեղ ուտելու փոխարեն զրուցում էին: Համալսարաններում մեկ-երկու ժամվա մեջ երբեք չէին կարող այդքան տարողունակ ու հարուստ տեղեկություն տալ, որքան ես ստանում էի հայկական սեղանների շուրջը»:
Դեննին իր համար կյանքի ընկերուհի, իր զավակներին մայր ընտրելուց առաջ հաշվի կառնի ևս մի կարևոր դաս. իր մոր՝ այս օջախի հարսի լուսանկարը պապի տան պատին գրավեց ամենապատվավոր տեղը միայն այն ժամանակ, երբ պապն իմացավ, որ հարսը հավատարիմ է իր ամուսնու գերեզմանին: «Հաջորդ օրը, պապիս տան հյուրասենյակում, ուր պատից ժպտում էր երիտասարդ հորս լուսանկարը, կողքին նոր լուսանկար էր ավելացել՝ մորս լուսանկարը, ինչպես իրենք էին ասում, հարսի լուսանկարը, ում անվերադարձ ու իրենց հոգու ամբողջ զորությամբ ընդունել էին»:
Բայց ամենակարևորը, ինչպես ճաշի աղը, Դեննին ասում է վերջում. «Պապ ու տատիս հետ այդ տաք, հուզառատ երեկոների մեջ ես տեսա ինձ, տեսա ու ճանաչեցի: Նրանց մեջ ես գտա հորս, նրանք իմ մեջ վերակերտեցին հորս դիմանկարը, ում, պարզվեց, այնքա՜ն նման էի»:
Ահա վերադարձի, դեմքով դեպի արմատները շրջվելու մի հուզիչ պատմություն նույն այն աշխարհում, որը մենք վաղուց անսիրտ ու անհայրենիք ենք կոչում, ահա աշխարհի մի ընտանիք, որտեղ սիրում են միմյանց նահապետական սիրով և ապրում գերժամանակակից ռիթմով ու սովորույթներով...
- Պա՛պ, ես կարոտելու եմ իմ տանը...
Դեննիի այս վերջին խոստովանությունը նշանակում է, որ ոչինչ կորած չէ...
Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ