ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«2015-ին կապիտալ վերանորոգմանը հատկացվում է 4 մլրդ դրամ»

«2015-ին կապիտալ վերանորոգմանը հատկացվում է 4 մլրդ դրամ»
04.11.2014 | 17:39

Տրանսպորտի և կապի, ինչպես նաև էկոնոմիկայի փոխնախարարների խոսքը շատ հակիրճ էր ԱԺ բյուջետային լսումներում, ինչը նկատեց նաև լսումները վարող ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։ «2015-ին կապիտալ վերանորոգմանը հատկացվում է 4 մլրդ դրամ, որից 3 մլրդ-ը ներդրվելու է ճանապարհների նորոգմանը, իսկ 0,5 մլրդը` ենթակառուցվածքներում` երկու թունելի և մեկ կամրջի վերանորոգմանը»,- պատգամավորներին ներկայացրեց տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը։ Սակայն օրենսդրին ավելի հետաքրքիր էր «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցումը։ «2015-ին աշխատանքները կսկսվեն Իրանի Իսլամական Հանրապետության հատվածից, և նախատեսվում է ծրագիրն ավարտել 2019-ին»,- պարզաբանեց փոխնախարարը։ Այլ հարցեր չեղան։
Նկատենք, որ 5 տարուց ավելի է` «Հյուսիս-Հարավ» ճանապարհը կառուցում են-կառուցում են... Գուցե, իսկապես, 2019-ին մեկ էլ տեսար կառուցեցին։ Ի վերջո, ցանկացած ծրագիր իրականություն է դառնում տնտեսական բարենպաստ պայմաններում։ Ինչ ակնկալիքներ կան 2015-ի բյուջեից էկոնոմիկայի ոլորտում, սա կարևոր հարց է, քանի որ խթանիչն է տնտեսության զարգացման։ «ՓՄՁ ոլորտի աջակցության նպատակով ՓՄՁ զարգացման գրասենյակին նախատեսվում է հատկացնել 152 մլն դրամ։ Պետական աջակցությունը արտահանման ոլորտին նախատեսել է 600 մլն 500 հազար դրամ, զբոսաշրջությանը` 180 մլն դրամ»,- ներկայացնելով բյուջեի նախագիծը, ասաց էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը։ Ծրագրային բյուջետային հատկացումների մեջ պատգամավորները բարձրացրին Գյումրու և Վանաձորի տեխնոպարկի հարցը։ ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը և ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը խոսքները կարծես մեկ էին արել այդ լսումների ժամանակ։ Այս դեպքում էլ տեխնոպարկի զարգացումն ու դրական ազդեցությունը ՀՆԱ-ի մեջ հետաքրքրեց նրանց։ «Այս փուլում կարևորվում է ինժեներական և տեղեկատվական տեխնոլոգիաների միջավայրի ձևավորումը։ Համագործակցություն է հաստատվել «Մակրոսոֆտ», IBM ընկերությունների հետ»,- անընդմեջ կարևորելով տեխնոպարկի դերը, պարզաբանեց էկոնոմիկայի փոխնախարարը։ Սակայն օրենսդրի կոնկրետ հարցին, թե տեխնոպարկի աշխատանքն ինչ ազդեցություն է թողել ՀՆԱ-ի վրա, և ընդհանրապես ազդեցություն կա՞, թե՞ ոչ` մնաց օդից կախված, պատասխան այդպես էլ չհնչեց։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2277

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ