ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Գրողը պայքարում է ընդդեմ գրագողության

Գրողը պայքարում է ընդդեմ գրագողության
26.06.2014 | 17:04

Օրեր առաջ գրող Արփի Ոսկանյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածել էր հետևյալ հայտարարությունը:

«2012 թվի դեկտեմբերի 6-ին «Առաջին լրատվական» կայքը «Հայկական ժամանակ» օրաթերթից արտատպեց իմ քաղաքական հանելուկներից մեկը՝ առանց ինձ հետ նախապես համաձայնեցնելու։ Կայքը նաև հայտարարել էր երգի մրցույթ իմ հանելուկի բառերով՝ խոստանալով հաղթողին 1500 դոլար մրցանակ։ Չնայած իմ բազմաթվ հորդորներին՝ խմբագիրը չհանեց հանելուկը կայքից և չեղյալ չհայտարարեց մրցույթը։
Ես դիմել էի ոստիկանություն, սակայն գործը վարույթ չվերցրին՝ հորդորելով ինձ խնդիրը լուծել դատական կարգով։ Լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմինը առաջարկեց ինձ գործը քննել արտադատական կարգով և փորձեց մեզ հաշտեցնել։ Շատ շնորհակալ եմ Արա Ղազարյանին, Աշոտ Մելիքյանին, Իռեն Ալոյանին գործադրած ջանքերի համար. ափսոս, որ դրանք ապարդյուն եղան։ Այն պահից, երբ «Առաջին լրատվական»-ի խմբագիրն ասաց, որ ես պիտի ներողություն խնդրեմ իրենցից, պարզ էր, որ հարցը կարող է լուծվել միայն դատական կարգով։ Սակայն այդտեղ պարզվեց նաև, որ օրենքը թերի է, և չնայած կարող է պատկերացում ստեղծվել, որ հեղինակը լիովին պաշտպանված է օրենքով, իրականում այդ պատկերացումը թյուր է, և արժանի նախադեպ ստեղծելու համար պետք է անցնել տեղական դատական բոլոր ատյաններով և դիմել Եվրադատարան։ Այսինքն, գործը մեծ ծախսերի հետ էր կապված, որոնք արդարացված չէին։ Այս ողջ ընթացքում ինձ համար պարզ դարձավ երեք բան՝ նախ, որ Հայաստանում գրեթե չկան հեղինակային իրավունքի մեջ մասնագիտացած փաստաբաններ, երկրորդ՝ որ արդարադատությունն իսկապես անմատչելի է, երրորդ՝ որ մասնավոր սեփականության տեր հանդիսացող սուբյեկտներից ամենախոցելին Հայաստանում գրողներն են, որովհետև եթե էլի երաժշտության ու երգերի բառերի ապօրինի օգտագործման թեմայով արդարադատություն պահանջող եղել էր, գրական գործի մասով ես առաջինն էի։
Անցյալ տարի լրատվամիջոցների գործունեությունը կանոնակարգող օրինագծեր ընդունվեցին, որոնք սահմանեցին տուգանքի չափ և հնարավորություն տվեցին լրատվամիջոցներին պահանջել միմյանցից դրամական փոխհատուցումներ հեղինակային իրավունքի խախտման դեպքում։ Դա հնարավորություն տվեց նաև ինձ սկսել դատական գործընթաց՝ ունենալով նյութական փոխհատուցման ոչ գոհացուցիչ, բայց գոնե ռեալ հնարավորություն։ Այդ մասին ինձ հուշեց Վահե Մակարյանը, ով թեզ էր գրում լրատվամիջոցներում հեղինակային իրավունքի խախտումների թեմայով և ցանկանում էր, որ իմ խնդիրը հնարավորինս արագ ինչ-որ լուծում ստանա։ Նրա ջանքերի շնորհիվ էր, որ ես իմացա ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի ստորաբաժանում հանդիսացող «Իրավաբանական կլինիկայի» մասին, որի անդամ, սկսնակ և խոստումնալից փաստաբան Հասմիկ Բալաբեկյանը ոչ միայն գրեց դատական հայցը բարձր մակարդակով, այլև ստանձնեց իմ պաշտպանությունը։
Հունիսի 25-ին՝ չորեքշաբթի օրը, ժամը 11.30-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանում («Ռոսիա» տոնավաճառի դիմաց) տեղի կունենա առաջին դատական նիստը, որի ընթացքում կներկայացվի գործը։ Ինչպիսին էլ լինի դատական գործընթացի ելքը, այն ստեղծելու է նախադեպ։ Ահա թե ինչու շատ կարևոր է ձեր աջակցությունը։ Միանալով այս միջոցառմանը Ֆեյսբուքում՝ դուք չեք պարտավորվում ներկա գտնվել նիստերին, այլ հնարավորություն եք ստանում հընթացս տեղեկանալու գործի մանրամասներին, լուսաբանելու այն (եթե լրագրող եք) և ինձ հայտնելու ձեր բարոյական աջակցությունը։
Նյութական փոխհատուցումը սիմվոլիկ է, հետևաբար սա գլխավորապես «գրողական պատվի» համար արվող նախաձեռնություն է, որի իմաստն է առողջացնել գրական-լրագրողական համքարությունում տիրող մթնոլորտը, անել այնպես, որ խմբագիրների և գրողների միջև հարաբերությունները խարսխված լինեն փոխադարձ հարգանքի վրա»:
Իսկ ահա երեկ դատական առաջին նիստին ներկայացած Արփի Ոսկանյանը նույն սոցիալական ցանցում նկարագրում է, թե ինչ իրականության է բախվել:
«Ուրեմն, էսօր գնում եմ դատարան, սպասում եմ մի կես ժամ Շանթի ու քաղբանտարկյալների համար եկած ժողովրդի հետ, որոնց չեն թողնում ներս։ Ասում եմ՝ եկեք ես ձեզ իմ դատի պատրվակով մտցնեմ ներս, կգնաք Շանթի մոտ, ուզում ենք մտնել, սրանք, թե՝ ձեր դատը այստեղ չէ, այլ Թբիլիսյան խճուղու վրա, լամպերի գործարանի մոտ։ Շատ չկամությամբ իմանում և ասում են ինձ հասցեն, թե բա՝ Ձեր ծանուցագրի վրա նշված ա։ Ասում եմ՝ ես ծանուցագիր չեմ ստացել, «Դատալեքս» կայքից եմ իմացել իմ դատի օրն ու ժամը, որպես տեղ էլ նշված էր էս դատարանը։ Ասում ա՝ էն դատարանի անունն էլ ա նույնը։ Էլ չխորանալով, թե որն ա իմաստը քաղաքի տարբեր մասերում նույն անունով դատարաններ ունենալու, նստում եմ տաքսի, և տաքսիստը մեծ արագությամբ հասցնում ա ինձ տեղ, ընդամենը տասը րոպեում։ Իսկ այդ տասը րոպեն լիովին բավարար էր, որ նիստը հետաձգեին։ «Ճիշտ ա, ասացին, պատճառը միայն ձեր ուշանալը չէր, որովհետև Առաջին լրատվական-ը միջնորդություն էր ներկայացրել, որ հետաձգենք, քանի որ իրենք...»։ Արդեն չեմ հիշում՝ գործուղման են գնացե՞լ, թե՞ արձակուրդ։ Էդ երկուսից մեկը։
Մի խոսքով, նախնական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 31-ը»։

Դիտվել է՝ 2100

Մեկնաբանություններ