ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ինչ են խոսել ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն ու վարչապետը

Ինչ են խոսել ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն ու վարչապետը
16.04.2014 | 12:40

ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնում առաջինն ընդունեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներին՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամներին:
Կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ զրույցում վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը շարունակելու է ավելի զարգացնել և ամրապնդել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ համագործակցությունը: «Ես համոզմունք ունեմ, որ դա շատ կարևոր է մեր երկրի, տնտեսության, քաղաքացիական հասարակության համար: Սա երրորդ աշխատանքային օրն է իմ նշանակվելուց հետո, և կարևորելով այս ոլորտի ապագան և կառավարության հետ համագործակցությունը՝ ես տրամադրված եմ ավելի ակտիվացնելու մեր հանդիպումներն ու քննարկումները, լսելու ձեր մտահոգությունները և առաջարկությունները: Իմ մոտեցումը լինելու է գործնական. ոչ միայն այս ոլորտի, այլև բոլոր ոլորտների հետ մեր բոլոր պայմանավորվածությունները լինելու են խոսք և պատասխանատվություն: Ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը և առաջարկությունները»,- ասել է կառավարության ղեկավարը:
Մեզ հետ զրույցում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նկատեց, որ կա համագործակցության տրամադրվածություն կառավարության կողմից: Ըստ պարոն Վարդանյանի՝ վարչապետի հետ քննարկված թեմաներից մեկը Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքն էր։ «Հանդիպման ընթացքում մենք նկարագրեցինք, թե ինչ վտանգներ են ստեղծվել այսօրվա երկչոտ իրավաբանական իրավիճակի պատճառով, և դա ինչ հետևանքներ կարող է ունենալ բիզնեսի վրա։ Կարծում եմ՝ հանդիպումն անցավ դրական մթնոլորտում։ Վարչապետն ասաց, որ որոշակի ժամանակ է պետք կենսաթոշակային համակարգի հետ կապված խնդիրները լուծելու համար։ Մեզ խնդրեց մի քիչ համբերությամբ լցվել, որպեսզի կառավարությունը ձևավորվի։ Վարչապետը նշեց, որ ծրագրում է նաև հանդիպումներ շարք հասարակական կազմակերպությունների հետ, և այդ հանդիպումների արդյունքում ինքը հանդես կգա առաջարկներով»,- նշեց Կարեն Վարդանյանը։
Հանդիպման ընթացքում ՏՏ ոլորտի ներկայացուցիչները նշել են այն ուղղությունները, որոնք ռազմավարական նշանակություն ունեն ոլորտի զարգացման համար, մասնավորապես, խոսք է եղել կրթության, տեխնոլոգիական ձեռներեցության, ՏՏ ոլորտի կառավարման պետական առանձնացված մարմնի ստեղծման անհրաժեշտության մասին և այլն։
Կարեն Վարդանյանը տեղեկացրեց, որ Հովիկ Աբրահամյանի հետ պարբերական հանդիպումների և շարունակական քննարկումների մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որոնց ընթացքում էլ առավել մանրամասն կներկայացվեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խնդիրները։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2630

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ