ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Պայքարի լեզուն, աղվեսի հռետորաբանությունը և մարդու հայեցի իրավունքը

Պայքարի լեզուն, աղվեսի հռետորաբանությունը և մարդու հայեցի իրավունքը
11.12.2013 | 17:17

«Քանզի մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ արժանապատվությունը և հավասար ու անօտարելի իրավունքներն աշխարհի ազատության, արդարության ու խաղաղության հիմքն են։

Քանզի մարդու իրավունքների նկատմամբ քամահրանքն ու արհամարհանքը հանգեցրել են մարդկության խիղճը խռոված բարբարոսական գործողությունների, քանզի այնպիսի աշխարհի ստեղծումը, ուր մարդիկ կվայելեն խոսքի ու համոզմունքների ազատություն և զերծ կլինեն վախից ու կարիքից, հռչակվել է որպես մարդկանց բարձրագույն ձգտում։
Քանզի անհրաժեշտ է, որ մարդը, որպես մի վերջին միջոց, չդիմի ապստամբության ընդդեմ բռնության ու ճնշման, օրենքի իշխանությամբ պաշտպանել մարդու իրավունքները»։


Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր

Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, մի քանի հազար երևանցիներ դուրս եկան Ազատության հրապարակ՝ օրը հիշատակելու: Միջոցառումը կազմակերպել էր 2007-ին երկրում հաստատված ռեժիմի դեմ պայքարի համազգային շարժում ձևավորած և 6 տարի անց նույն ռեժիմի սահմաններում գործող ավանդական կուսակցությունների շարքերը համալրած ՀԱԿ-ը (Հայ Ազգային Կոնգրես):
Հիշեցնեմ, որ համաժողովրդական շարժման առաջնորդը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, որը հռչակեց մարդու ոտնահարված իրավունքները վերականգնելու պահանջը և հավաքեց հարյուր հազարավոր համակիրների, որովհետև շարժման նպատակը հստակ ձևակերպված էր. իշխանափոխություն, այսինքն` ռեժիմի տապալում և խախտված սահմանադրական կարգի (մարդու ոտնահարված իրավունքների) վերականգնում: Կոնկրետ պահանջով ՀՀ բնակչության գերակա հատվածը ամբողջ 5 տարի կանգնեց փողոցում՝ դրսևորելով աներևակայելի կամք ու համառություն: Պայքարի հռետորաբանությունը նույնպես հստակ էր և մարդկանց համար հասկանալի` իրերն իրենց անուններով էին կոչվում. ժողովրդի ու պետության ունեցվածքը զավթած մի քանի ընտանիքները, որոնք ձևավորել են օլիգարխիկ կլան, քրեական ու տնտեսական հանցագործներ են, իշխանական համակարգում հաստատված կոռուպցիան երկիրը տանում է կործանման, քաղաքական գործիչները, ովքեր ներկայանում են ժողովրդի անունից, բառացիորեն տգետ են ու ի զորու չեն ներկայացնելու երկրի շահը: Մի խոսքով, պայքարի լեզուն հստակ էր ու պայքարը նպատակասլաց:
2008-ի նախագահական ընտրություններից հետո, փետրվարի 20-ին, երբ ՀԱԿ շարժման ամեն մի անդամը կրկին հստակ պահանջով եկավ Երևան ու կանգնեց Մատենադարանի հարթակի տակ, իր քվեին տեր կանգնելու և Սերժ Սարգսյանին հեռացնելու վճռականությամբ, համաժողովրդական շարժումը դեռ կենսունակ էր: Իմ խորին համոզմամբ, այն ջարդվեց ու տրոհվեց ոչ այն բանից հետո, երբ ռեժիմը 2008-ի մարտի 1-ին բանակի ու օլիգարխների զինված հրոսակախմբերի միջոցով կազմակերպեց ցուցարարների սպանդը` Ազատության հրապարակում և Երևանի կենտրոնական փողոցներում, այլ երբ փոխվեց պայքարի լեզուն, խախտվեց հռետորաբանությունն ու պահանջը լղոզվեց՝ արժեզրկելով խոսքը: Իսկ խոսքն արժեզրկվեց 2008-ի մարտի մեկից մի երկու տարի անց, երբ Ազատության հրապարակում ռեժիմի մասին խոսելիս ու նրա պարագլուխներին հիշատակելիս, հստակորեն հնչեց «Հայաստանի Հանրապետության իշխանությունները» և «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը»… Թեպետ նախորդ տարիների պայքարի իներցիայով ապրող ու հրապարակ եկող, բայց շատերի սրտերը կոտրվեցին: Այլևս տեսանելի էր, որ Ազատության հրապարակում հավաքված հոծ բազմությունը նվազում է: Նվազման առիթները շատ տարբեր էին, բայց բուն պատճառը խոսքն էր, խոսքի արժեզրկումը: Խոսքը սկսեց չհամընկնել իր էությանը, առանցքը խախտվում էր: Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծություններն ու իրավիճակի բացատրության փորձերը հակառակ ազդեցությունն էին ունենում` մարդիկ հիասթափվում էին: Ես կրկին համոզված եմ, որ Տեր-Պետրոսյանը Հայաստանում խոսքին տիրապետող այն եզակի հռետորներից է, որը կկարողանար, եթե անգամ պայքարը լատենտ վիճակի հասցնելու նպատակ հետապնդող, բայց մարդկանց սրտերին հասանելի լեզու կիրառեր: Բայց նրա խոսքերը հետզհետե սկսեցին դատարկվել ու վերջում դաժանացան: Վերջին արտահայտությունը, որ տպավորվել է, հետևյալն էր. ով պատրաստ չէ զրկանքների, նա մեր շարքերում տեղ չունի: Հանուն երկարատև պայքարի իրենց կյանքն անժամկետ հետաձգած, ռեժիմի ստորաբաժանումների հետ դաժան կռիվների ու կորուստների շնորհիվ հաստատուն մնացած, ռեժիմին չծառայելու վճռականությամբ ինքնակամ գործազրկության, չքավորության ու զրկանքների ուղին ընտրած մարդկանց երեսին այս կշտամբանքը շպրտելը ծայրահեղ անմարդկային հնչեց: Ես խոսել եմ շատերի հետ, ու մարդիկ նույն զգացումներն են արտահայտել Տեր-Պետրոսյանի այս վերջին կշտամբանքի մասին: ՀԱԿ պայքարի լեզուն ամփոփեց, սակայն, հրապարակային բառապաշարից «հեղափոխություն» բառն օտարելու միանձնյա որոշումը, որն ուղղակի փակուղի տարավ մարդկանց գիտակցությունն ու արգելակեց: Միակ հարցը, որ մնաց առկախ, հետևյալն էր. եթե իշխանափոխություն ենք ուզում, ապա ինչպե՞ս:
Ինչևէ, շրջանցելով Տեր-Պետրոսյանի կողքին կամ նրա վերաձևակերպած ՀԱԿ կուսակցության շարքերում մնացածների ու հատկապես վերանախավի «զրկանքների» թեման, նշեմ միայն, որ տարբեր պատճառներով, իսկ իմ խորին համոզմամբ, խոսքի արժեզրկման պատճառով տրոհված շարժումն այսօր կրում է բաբելոնյան առասպելի հետևանքները:
Միասնական կամքի արտահայտման ակտը, որ հայ ժողովրդի հոգեկերտվածքի պարագայում եզակի հաջողություն էր, այսօր արդեն գրեթե անհնար մի բան է, լեզվի բաբելոնյան խառնակչության պատճառով: Այն տպավորությունն է, որ մարդիկ չեն հասկանում իրենց մայրենի լեզուն, իրենց հռչակած մտքերին հաշիվ չեն տալիս և միայն բնազդաբար, մոտավորապես են արտահայտում իրենց ցանկությունը, պահանջը, ասելիքը: Զորօրինակ, դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած զանգվածային ցույցի լեզուն: Այն Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ակցիա էր, որը արտահայտվում էր ոչ միայն գրավոր ու բանավոր, հայերեն, ռուսերեն, անգլերեն, այլև գործողությունների ու դիրքորոշման լեզվով նաև: Իսկ մարդու իրավունքների հռչակագիրը նույնպես լեզու ունի, գրավոր ու շատ կոնկրետ, հստակ ձևակերպված նախաբանով: Հայաստանում գաղտնիք չէ, որ ինչպես այդ հռչակագրով, այնպես էլ երկրի կարևորագույն փաստաթղթով` Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների բոլոր կետերը խախտվում են ամեն վայրկյան: Ես, իհարկե, համարձակություն չունեմ միայնակ կրկնելու Շանթ Հարությունյանի սխրանքը, որ փորձեմ ապստամբության միջոցով վերականգնել իմ առանձին իրավունքը, բայց գոնե այդ իրավունքի վերականգնման պահանջն արտահայտելու զանգվածային միջոցառման կազմակերպիչներից կարո՞ղ եմ ակնկալել կրավորական ցուցքի բացառություն: Հասկացանք, աչքներս վախեցած է, որովհետև մեր դեմ կանգնած է բիրտ ու արյունռուշտ ռեժիմ, բայց դա գոնե լեզվի միջոցով արտահայտել հնարավո՛ր է: «Պայքար, պայքար մինչև վերջը» վաղուց հավատ ու վստահություն չի ներշնչում, «Մենք ենք տերը մեր երկրին» համոզիչ չէ, որովհետև այդպես չէ, ճիշտ հակառակն է, «Սերժիկ հեռացիրը» դարձել է օդ տատանելու պես մի բան, իսկ ազդեցիկ երանգներով հարթակից հնչող տափակ արձանագրություններն առ այն, որ աշխարհում գոյություն ունեն մարդու իրավունքներ, ու որ այդ իրավունքները մեր նկատմամբ չեն գործում, ընդամենը տեսաձայնագրության և փաստավավերագրական նյութի համար անհրաժեշտ պայման են: Անգամ երթուղին, որով մարդու իրավունքների օրը իրենց գոյության մասին հիշատակողները գնացին, ռեժիմն էր արտոնել և ուղեկցում էր իր խարազանի` ոստիկանության ջոկատների կանոնավոր շարասյուներով, անպայման` Բաղրամյան 26-ից հեռու ճանապարհներով: Մենք նույնիսկ փորձ չենք անում մեր իրավունքները հանուն իր ընտանիքի ու իր հենասյուների ընտանիքների անձնական բարեկեցության ոտնատակ տված Սերժ Սարգսյանի նստավայրին մոտիկ քայլել մեր երթերով, որովհետև ընդամենը «գալոչկա» ենք ապահովում, մեր մի մասն ինքնախաբեությամբ, ղեկավար մասը` ինքնանպատակ գործով է զբաղված: Իսկ այն խմբերը, որոնք հայտնվում են Բաղրամյան փողոցում ու ինչ-ինչ պահանջներ են ներկայացնում Ազգային ժողովի ճաղավանդակների տակ, խիստ կասկածելի են թվում այն պարզ պատճառով, որ ռեժիմը, այնուամենայնիվ, արյուն կթափի, բայց անկանխատեսելի ոչ մի պայքարողի Բաղրամյան փողոց չի թողնի մտնել: Ի դեպ, ո՛չ նորերս Բաղրամյանի վրա ԱԺ կենսաթոշակային նոր օրենքի դեմ պայքարողները, ո՛չ ընդդիմադիր հռչակված ու զանգվածային միջոցառումները վարպետորեն իրենով անող «Ժառանգությունը», ո՛չ ազգապահպանության մարմաջով տառապող դաշնակցությունը Մարդու իրավունքների պաշտպանության օրն այդպես էլ ոչ մի տեղ չերևացին:
Միայն նոր ձևավորված անարխիստական «Սև բլոկը» դուրս եկավ նախանշված երթուղով քայլելու և, ի դեպ, առանձնացավ կոնկրետ ու հասկանալի խոսքով` պարզեց «Նվաճիր իրավունքդ» բովանդակությամբ հայերեն պաստառը: Սակայն իր բանավոր վանկարկումներում կրկին բաբելոնյան խառնաշփոթի տիրույթում հայտնվեց: Ռուսախեղված ու իբր ենթատեքստ պարունակող բարձրաձայնումն իր էտիմոլոգիական նշանակությամբ, իրականում նվաստի կանչ էր, չգիտակցված կանչ, որը շատ կոնկրետ պահանջ է նշանակում հենց ռուսերեն: Անարխիստների այս հավակնոտ, իրականում երկչոտ ձայնարկումը հեռավոր երկրներում պայքարողների կոնկրետ վերաբերմունքի արտահայտման արձագանքն էր` տեղական նշանակություն ստացած: Ամենայն հավանականությամբ, անարխիստների երկչոտության պատճառն էլ փոքր թվաքանակն է: Իսկ մենք գիտենք, թե փոքրաքանակ խմբերին ռեժիմն ինչպես է ջարդում. Շանթ Հարությունյանը մեզ վառ օրինակ: Իսկ լեզուն, կարծում եմ, նույնիսկ ռեժիմն է հասկանում, որ նյութեղեն է և ճշգրիտ կիրառելու դեպքում ամենավտանգավոր զենքի ազդեցություն կարող է թողնել: ՈՒստի հենց այդ պատճառով մեզ ստիպում են լռել, չխոսել, հատկապես հավաքական մեր կամքը մթնոլորտ չնետել, որ չառարկայանա: Իսկ մարդու ամենաարժեքավոր իրավունքը հենց ազատ արտահայտվելու իրավունքն է, եթե հիշում եք:


Գայանե ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3020

Մեկնաբանություններ