Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Նախախորհրդարանը աջակցություն է խնդրում

Նախախորհրդարանը աջակցություն է խնդրում
03.06.2013 | 15:18

Այսօր Նախախորհրդարանը հայտարարություն է տարածել, որով ակնկալում է իր համակիրների աջակցությունը: «Նախախորհրդարանի գործունեության և ժողովրդի հետ նրա հետադարձ կապն ապահովելու նպատակով առաջնահերթորեն անհրաժեշտ են համապատասխան նյութատեխնիկական միջոցներ, որոնք ակնկալում ենք մեր հայրենակիցներից ստանալ որպես նվիրաբերություն (ինչպես կոնկրետ միջոցների հատկացման, այնպես էլ գումարի տրամադրման ձևով)»,-ասվում է հայտարարության մեջ: Կից ներկայացված է անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների ցանկը, որում թվարկված են այնպիսի սարքավորումներ, ինչպիսիք են բարձրախոսները, տեսախցիկը, համակարգիչը, պատճենահանման սարքը, տպագրիչները և այլն, մի խոսքով, այն բոլոր սարքավորումները, որոնք անհրաժեշտ են թե´ գրասենյակային աշխատանքի, թե´ հանրահավաքներ կազմակերպելու համար:
Մեր հարցին` կարծում եք ձեր կոչը արձագանք կունենա՞, և եղե՞լ են մինչ այժմ նվիրատվություններ կանխիկ դրամի կամ որևէ այլ աջակցության տեսքով, Նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Այո, մենք համոզված էինք, որ արձագանքներ լինելու են, և արդեն իսկ առաջին արձագանքները ստացել ենք: Մենք գտնվում ենք տեղեկատվական բլոկադայի մեջ. և մեր առջև շարունակում են փակ մնալ երկրի հիմնական լրատվամիջոցները, սակայն վստահ ենք, որ շուտով ճեղքելու ենք այն»: Սեֆիլյանն ասաց, որ ավելի նախընտրելի են ոչ թե դրամական, այլ տեխնիկական միջոցների տեսքով կատարվող նվիրատվությունները, թեև` դրամական նվիրատվությունները ևս ընդունելի են: Ասվեց, որ նվիրատվությունների թափանցիկությունն ապահովելու համար հանրությանը պարբերաբար տեղեկացնելու են դրանց մասին: Մեր նախորդ զրույցում Ժիրայր Սեֆիլյանն ասել էր, թե կարևորը մարդկային գործոնն է, համակիրների մեծաթիվ բանակը, իսկ նյութական խնդիրները ժամանակի հարց են: «Այժմ պայքարը մտել է գործնական փուլ, զգալի ծավալում է ստացել, և դրա նյութատեխնիկական ապահովումն արդեն կենսական անհրաժեշտություն է դառնում: Մեր ժողովուրդը պետք է պատրաստ լինի մոտ ապագայում իր մտավոր, գործնական և նյութական լուրջ մասնակցությունը բերելու ազգային-ազատագրական շարժմանը, որի նպատակը հայրենիքի ազատագրումն է և ազգային պետության կառուցումը»,-շեշտեց Ժիրայր Սեֆիլյանը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2791

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ