ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ԴիջիԹեք բիզնես ֆորում 2013` միջոցառում առաջադեմ գործարարների համար

ԴիջիԹեք բիզնես ֆորում 2013` միջոցառում առաջադեմ գործարարների համար
15.05.2013 | 16:28

Մայիսի 15-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` «ԴիջիԹեք Բիզնես ֆորում 2013` միջոցառում առաջադեմ գործարարների համար» թեմայով: Ասուլիսի բանախոսներն էին` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ավագ փորձագետ Լևոն Գալստյանը:
«Խելացի լուծումներ՝ խելացի երկրների համար» կարգախոսի ներքո հունիսի 21-22-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա 6-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը:
«Երբ 2008-ին մեկնարկում էր ԴիջիԹեք բիզնես ֆորումը, տեղեկատվական տեխնոլոգիաներն այսքան տարածված չէին։ Նախկինում գործարարներին պետք է բացատրեիր, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը։ Հիմա արդեն բիզնես ոլորտի ներկայացուցիչները հիմնականում այս կամ այն կերպ առնչվել են տեղեկատվական տեխնոլոգիաների հետ, և ավելի իրական պատկերացում կա, թե ինչով կարող է տեխնոլոգիական ոլորտը օգնել Հայաստանի բիզնեսին։ Այս առումով, կարծում եմ, հետաքրքրությունը ֆորումի նկատմամբ բիզնես ոլորտի կողմից շատ ավելի մեծ կլինի, առավել ևս, որ մենք համագործակցում ենք ոլորտային միությունների հետ՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Առևտրաարդյունաբերական պալատի, շինարարների, դեղագործների միությունների, որոնք նոր լուծումների կարիք ունեն՝ իրենց արդյունավետությունը բարձրացնելու առումով»,- նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կարծիքով, քիչ թե շատ ժամանակակից տնտեսության մենեջմենթին ծանոթ մարդը պետք է ընդունի, որ առանց տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, առանց դրանց նորամուծությունների ադապտացման հնարավոր չէ բիզնեսի արդյունավետ կառավարումն ու մրցունակության ապահովումը. «Տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօր այն կարևորագույն գործիքն են, որ հնարավորություն են տալիս էապես բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը, կառավարել սեփական ռեսուրսները, կադրերին, արագ արձագանքել ընկերության մեջ առկա խնդիրներին, սայթաքումներին, բացթողումներին: Արդեն գիտական ճշմարտություն է. առանց տեխնոլոգիական լուծումների կիրառման մենք վերադառնում ենք քարի դար»:
«Արդեն երկրորդ տարին է, ինչ «Ի-Դի-Էմ-Սի»-ն աջակցում է ԴիջիԹեք բիզնես ֆորումի կազմակերպման և իրականացման աշխատանքներին: Այս տարի մեր հիմնական նպատակն է քաջալերել և ապահովել բարձր տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերությունների մասնակցությունը ֆորումին: Այսօր Հայաստանի սկսնակ ընկերություններն առաջարկում են նորարար և բավականին հետաքրքիր տեխնոլոգիական գաղափարներ և լուծումներ, որոնք կարող են արդյունավետորեն օգտագործվել բիզնեսի տարբեր ճյուղերում: Անցյալ տարի ծրագիրն աջակություն է ցուցաբերել 10 թիմերի: Այս տարի օժանդակություն կստանան 12 թիմեր, ինչպես նաև 5 տեխնոլոգիական միություններ և կազմակերպություններ»,- նշեց «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի բարձր տեխնոլոգիաների ավագ փորձագետ Լևոն Գալստյանը:
Ֆորումի շրջանակում այս տարի կլինեն պրոբլեմային քննարկումներ, կլոր սեղաններ, որոնք կառնչվեն էլեկտրոնային առևտրին, կքննարկվի պետության դերակատարումը տեխնոլոգիաների զարգացման մեջ, մասնավորապես անդրադարձ կլինի տենդերային համակարգի բարելավմանը։ Երեք առանձին դահլիճներում կանցկացվեն տեխնոլոգիական վերջին նորույթների վերաբերյալ սեմինարներ։ Այստեղ լուծումներ կներկայացնեն թե՜ տեղական, թե՜ օտարերկրյա ընկերությունները։ Բացի այդ, կլինի նաև ցուցահանդեսային հատված, որտեղ էլ կցուցադրվեն տեխնոլոգիական լուծումները:
Միջոցառմանն արդեն իսկ մասնակցության հայտ են ներկայացրել արտասահմանյան ընկերություններ Իտալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սինգապուրից և ԱՄՆ-ից: Ակնկալվում է, որ այս տարի ֆորումին կմասնակցեն և իրենց տեխնոլոգիական լուծումները բիզնես համայնքին կներկայացնեն տեղական և արտասահմանյան շուրջ 60 կազմակերպություն:
«Այս տարվա առանձնահատկություններից է այն, որ ցուցահանդեսի մուտքն ազատ է լինելու։ Կարծում ենք, որ տեխնոլոգիաների ներդրման վերաբերյալ հետաքրքրությունն այսօր արդեն ոչ միայն տնօրենների մենաշնորհն է, այլև հասարակ աշխատողներն էլ հետաքրքրվում են, թե ինչ լուծումներ կան, որպեսզի կարողանան բարձրացնել իրենց աշխատանքի արդյունավետությունը»,- հավելեց Կարեն Վարդանյանը:
Գործարար և տեխնոլոգիական այս համաժողովը կազմակերպվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը:

Դիտվել է՝ 3023

Մեկնաբանություններ