ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Աբու Դաբին կունենա իր Լուվրը

Աբու Դաբին կունենա իր Լուվրը
22.01.2013 | 12:18

Արաբական Միացյալ Էմիրությունները վերջին տասնամյակներում իր ժամանցի վայրերով, առևտրի կենտրոններով կարողացել է աշխարհի տարբեր կողմերից գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը: Նախորդ հրապարակումներում խոսել ենք այն մասին, թե տարեկան որքան գումար է ծախսում երկիրը զբոսաշրջության ոլորտի զարգացման վրա: Նրանք նաև գիտակցում են, որ զբոսաշրջիկների համար երկիրն ավելի գրավիչ կդառնա մշակութային կենտրոններով (թանգարաններ, համերգասրահներ, պատկերասրահներ): ՈՒստի մեծ ներդրումներ են արվում այսպիսի կենտրոնների կառուցման համար: Նաև երկրի իշխանությունները ցանկանում են ակտիվացնել երկրի մշակութային կյանքը` դրանում ներգրավելով ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև բուն բնակչությանը: Այսօր նրանց առաջնային խնդիրներից է աշխարհի մշակութային քարտեզի վրա ծանրակշիռ տեղ զբաղեցնելը: Սովորաբար երկրի մայրաքաղաքում է ավելի ակտիվ լինում մշակութային կյանքը, այստեղից են դեպի տարբեր բնակավայրեր տարածվում «մշակութային ալիքները»: Մայրաքաղաք Աբու Դաբին էլ, բնականաբար, այսպիսի հավակնություններ ունի: Եվ այդ ուղղությամբ հետևողական աշխատանք է տանում` մայրաքաղաքում կառուցելով մշակութային օջախներ: Մայրաքաղաքի տարածքը շատ մեծ չէ (67,34 քառակուսի կմ), ուստի նոր կառուցումների համար ստիպված են արհեստական կղզիներ հիմնել և դրանք կառուցապատել: Այդ կղզիներն այս դեպքում պատկանում են մայրաքաղաքին: ՈՒշագրավ է այդպիսի կղզիներից Սաադիյաթը: Այն հիմնադրվել է Աբու Դաբի մայրաքաղաքից 500 մ հեռավորության վրա: Կղզին դեռ կառուցապատման փուլում է, որը կավարտվի 2020-ին: Համաձայն կղզու կառուցապատման նախագծի` այստեղ մոտ ապագայում պետք է կառուցվեն բնակելի, ժամանցի, մշակութային, առևտրային գոտիներ: Կղզու նախագծման և հիմնադրման գործում մեծ աշխատանք է իրականացրել Աբու Դաբիի «Զբոսաշրջության զարգացման և ներդրումների ընկերությունը»: Կառուցապատման ծրագրերն իրականացնելու համար հրավիրվում են ներդրողներ, ճարտարապետներ, դիզայներներ, շինարարական կազմակերպություններ: Հանրությանն են ներկայացվել մի քանի նախագծեր, որոնք կղզում կիրականացվեն մոտ ապագայում, այդ թվում` ճարտարապետ Ֆրանկ Գերիի նախագծած «Գուգենհեյմ» թանգարանի շենքը, որը կշահագործվի 2014-ին: Մոտ ապագայում կշահագործվի «Աբու Դաբիի Լուվր» թանգարանը (ճարտարապետ` Ժան Նուվել), ինչպես նաև կառուցվելու են միջազգային չափանիշներին համապատասխան կատարողական արվեստի կենտրոն և համերգասրահ: Այս նախագծի հեղինակն էլ ճարտարապետ Զահա Հադիդն է: Բացի դրանից, Նյու Յորքի համալսարանի ԱՄԷ-ի մասնաճյուղը կղզում կառուցելու է ուսանողական ավան: Կղզին պետք է գրավիչ լինի նաև սպորտի սիրահարների համար. նրանց ցանկությունները հաշվի առնելով` Գարի Պալայերի նախագծով ծովափին կառուցվելու են գոլֆի դաշտ և գոլֆի ակադեմիա: Այսինքն` Սաադիյաթ կղզին կդառնա Աբու Դաբիի մշակութային և սպորտային գրավիչ կենտրոն: Այն քաղաքին կմիանա տասը խճուղիներով: Կարծում եմ, ձեր ուշադրությունից չվրիպեց Սաադիյաթ կղզում կառուցվելիք «Աբու Դաբիի Լուվր» թանգարանի անունը: Անունն արդեն խոսուն է, և իրականում էլ այն, տեղական իշխանությունների ցանկությամբ, պետք է դառնա «Լուվրի» նման հռչակավոր: Թանգարանի կառուցումը 2007-ի հոկտեմբերի 9-ին հաստատել է Ֆրանսիայի խորհրդարանը: Պետք է մեջբերել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի խոսքն այս առիթով. «Այս թանգարանի կառուցումը Աբու Դաբիում ոչ միայն համագործակցության փորձ է աշխարհի հռչակավոր թանգարաններից մեկի հետ, այլև նպատակ ունի ուսումնասիրելու արվեստի հրաշալի գործերը, առնչվելու մարդկային բարձրագույն ստեղծագործությունների հետ»: «Աբու Դաբիի Լուվրի» կառուցումը նաև տարաձայնությունների առիթ է տվել.ոմանք կարծում էին, որ այս քայլով վտանգվում է «Լուվրի» հարստությունը: Անհանգստությունը փարատելու համար Ֆրանսիայի պատասխանատու մարմինները վստահեցրել են, որ իրենք չեն պատրաստվում վտանգելու ֆրանսիական ժառանգությունը, թանգարանի հարստությունը. Լուվրի թանգարան կառուցելով Աբու Դաբիում` նրանք չեն պատրաստվում առևտրի առարկա դարձնելու ցուցանմուշները: Պարզապես ուրախ են, որ «Աբու Դաբիի Լուվր» թանգարանը կառուցելու մտահղացման հեղինակները ցանկանում են արվեստի բարձրարժեք գործերը պարբերաբար ցուցադրել նաև իրենց տարածաշրջանում ապրող մարդկանց համար: Ֆրանսիայի խորհրդարանի կողմից որոշումը հաստատվելուց հետո նախագծի հեղինակ է ընտրվել «Աղա Խան», «Վոլֆ», «Ֆրիսկե»-ի մրցանակակիր, ֆրանսիացի ճարտարապետ Ժան Նուվելը: Ի դեպ, ԱՄԷ-ն մեծ վստահություն ունի արտերկրյա ճարտարապետների հանդեպ և բազմաթիվ կառույցների նախագծեր է վստահել նրանց: Թանգարանն արտաքինից ծովի մեջ լողացող գմբեթի տեսք է ունենալու: Գմբեթը կառուցվելու է այնպես, որ արևի ճառագայթները սահեն թանգարանի ներսը և, ինչպես հեղինակն է մեկնաբանել, «պետք է հիշեցնի արմավենիների օազիս, որի մեջ լողում են արևի ճառագայթները»: Նա բազմաթիվ հետաքրքիր նախագծերի հեղինակ է, որոնք զարդարում են աշխարհի տարբեր քաղաքներ` Տոկիոյի «Դենտսու Բիլդինգը» (1998), Վիեննայի բազմաֆունկցիոնալ հայտնի Գազոմետրերից Ա-ն (նախկին գազաման), որը վերակառուցվել է 2001-ին), Պրահայի «Զլատի Անդել» առևտրի կենտրոնը (2001), Շվեյցարիայի «ԷՔՍՊՈ. 2002»-ի մոնոլիտը (2002), Մադրիդի «Սոֆիա թագուհու անվան Ազգային թանգարանը» (2005), Մինեապոլիսի «Գատրիե» թատրոնի շենքը (2006), «ՈՒան նյու չենջ» առևտրի կենտրոնը Լոնդոնում (2010): Սակայն երկար ժամանակ պատրաստ լինելով, նախագծի իրականացումը հետաձգվում էր, քանի որ չէր գտնվում հարմար շինարարական կազմակերպություն: Վերջերս Աբու Դաբիի «Զբոսաշրջության զարգացման և ներդրումների ընկերությունը» ԱՐԱԲԹԵՔ ընկերության հետ եկավ համաձայնության և նրան հանձնեց թանգարանի կառուցման պայմանագիրը (2,4 մլրդ դիրհամ արժողությամբ): ԱՐԱԲԹԵՔ-ը բազմազգ շինարարական ընկերություն է, որը հիմնադրվել է 1975-ին և շինարարական գործունեություն է իրականացնում բազմաթիվ ուղղություններով` հյուրանոցների կառուցում, հյուրանոցների ներքին հարդարում, գրասենյակների, օդանավակայանների, ստադիոնների, բնակելի տարածքների կառուցում, գազիֆիկացում: Ընկերությունը, ընդլայնելով իր գործունեության աշխարհագրությունը, համագործակցում է Աբու Դաբիի, Հորդանանի, Պակիստանի, Քաթարի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի ընկերությունների հետ: Իր երկարատև գործունեության ընթացքում կառուցել է բազմաթիվ հանրահայտ շենքեր, այդ թվում` Բուրջ Խալիֆան (աշխարհի ամենաբարձր շենքը), Բուրջ Ալ Արաբը (աշխարհի չորրորդ բարձրահարկ հյուրանոցը), Դուբայի միջազգային օդանավակայանի 1-ին տերմինալը, Ինֆինիտի աշտարակը և Դուբայի սպորտային կենտրոնը, նաև արտերկրում է շենքեր կառուցել, ինչպես, օրինակ, Սանկտ Պետերբուրգի «Օխտա» կենտրոնը (Եվրոպայի ամենաբարձր շենքը): Իսկ ինչ վերաբերում է «Աբու Դաբիի Լուվր» թանգարանին, այն կշահագործվի 2015-ին: Նախագծի համաձայն վերջինս զբաղեցնելու է 24000 քմ, իսկ հիմնական հավաքածուն` 6000 քմ տարածք, և ներառելու է տաղավարներ, հանրային հրապարակներ, ջրանցքներ, որտեղ կարելի է մշակութային հանգիստ վայելել: Այս նախագծի իրականացումը ներկայացրին լրատվամիջոցները, հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրելով երկրի իշխանությունների համար կարևոր փաստի վրա, որ երկիրը երբեք ոչ մի լուրջ նախագիծ անկատար չի թողնում: Սպասենք խոստումնալից անունով այս թանգարանի կառուցմանը:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2311

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ