ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Անբախտ անցումներ

Անբախտ անցումներ
09.01.2013 | 15:57

(վերգետնյա ռապսոդիա)

Համենայն դեպս, բախտավոր չէ Շիրազի փողոցի վերգետնյա անցումը։ Բախտավոր չէ, քանզի կառուցումից օրեր անց պարզվեց, որ այն «խորթ զավակ է»` բոլոր հնարավոր հետևանքներով հանդերձ։ Սակայն իմ ընթերցողն օժտված է քաղաքացիական վսեմ հատկանիշներով և իր խոնարհ ծառայից (ասել է թե` տողերիս հեղինակից) պահանջում է հասարակական լուրջ հնչողություն ունեցող որևէ խնդրի անաչառ լուսաբանում, թեկուզ և ֆելիետոնի «եղող ու դեղող» լեզվով։ Պահանջում է` իրականացնում եմ։ Եվ այսպես, ամռան մի կապտաչ երեկո էր, փողոցի ողջ բնակչությունը պատշգամբներում էր, ոմանց ձեռքին շամպայնի շիշն էր, մյուսների գլուխն էր զարդարված ծաղկեպսակով։ Արժեր, տեղադրվում էր վերգետնյա անցման գլխավոր հեծանը, այսինքն` բուն անցումը։ ՃՈ-ն փակել էր փողոցը, պահը պատմական էր, հուզախռով և ցնծալի։ Կամուրջն արդեն իրողություն էր, որոտացին շամպայնները (մի պստլիկ անհամություն գրանցվեց. մի անպատասխանատու խցան անպատկառ շրջագծով թռավ և հարվածեց կամրջաշինարարներից մեկի (կարծես թե գլխավոր պետի) ձախ ականջին), ծաղկեպսակները զարդարեցին բանվորների սեգ ճակատները։ Մի խոսքով, անխռով քուն մտանք։ Ես, օրինակ, երազում տեսա հարևան բակի դռնապան Սանդուխտ տատին։ Նա ցախավելով փորձում էր ականջներս մաքրել։ Ես դիմադրում էի։ Մի խոսքով, երազի մեկնությունն ինքն իրեն եկավ, ամռանը կամրջի վերին հարթակ-անցուղին պատեցին ներքին հարդարման սալաքարերով։ Աշնանը, առաջին անձրևների հետ, պարզ դարձավ, որ գլխներիս խաղ են խաղացել, սալաքարերը սայթաքուն էին, բնականաբար, վտանգահարույց։ Ձմռանը կամուրջն անանցանելի դարձավ։ Հավանաբար շամպայնի խցանն էր պատճառը, որ պայթել էր կամրջաշինարար-պետի ականջին, ու վերջինս վրիժառության կսկիծը սրտում այսպես էր պատժում «անմարիֆաթ» բնակիչներին։ Կամուրջն անանցանելի դարձավ, բնակիչներն էլ վշտացան և մինչ օրս փնտրում են անպատասխանատու խցանի սեփականատիրոջը։ Բայց մինչ այս, մինչ այն սալաքարերը փոխարինվեցին ասֆալտով։ Կարծես թե կարելի է հանդարտվել, խոր շունչ քաշել և մոռանալ անցյալը։ Անհնար է։ Զի վերգետնյա այս անցում-կամուրջը քաղաքային իշխանությունների կողմից անտերության է մատնվել, աստիճանների քարերը «լքել» են դիրքերը, կամուրջը լուսավորող լապտերները շարքից դուրս են գալիս և չեն վերականգնվում, առհասարակ, անցումը չի մաքրվում և այլն, և այլն։ Բայց չէ՞ որ նման անցում-կամուրջների սպասարկման համար որոշակի գումարներ են հատկացվում, իսկ թե ուր են անհետանում, մնում է անհայտ։
Ինչևէ, գուցե հրապարակումը կխթանի մեր որոշ պաշտոնատարների խիղճը, և այս ու մյուս վերգետնյա անցումները պատշաճ կերպով կսպասարկեն հանրությանը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1897

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ