Գյումրեցի երիտասարդ ակտիվիստներ` Հասմիկ Տոնապետյանը, Արսեն Վարդանյանը և Մարինե Խաչատրյանը Ամանորի նախաշեմին իրենց կողմից կազմակերպված բարեգործական ակցիայի շրջանակներում, օգնել են գյումրեցի անօթևան բազմազավակ և միայնակ մայրերի ընտանիքներին` բաժանելով նրանց վառելափայտ, սնունդ և հագուստ: Այս մասին տեղեկացնում է «Շիրակ» կենտրոնը, նշելով, որ երիտասարդները վառելափայտը ձեռք էին բերել Հ.Տոնապետյանի ֆեյսբուքյան «պարզապես ամերկացի քրիստոնյա» ներկայացող ընկերների կողմից ուղարկված գումարով: Հագուստը տրամադրել էր ամերկահայ բարերար Էլվիս Մադաթյանը, իսկ սնունդը` երևանցի երիտասարդ գործարարներ Արմենը և Արմանը:
Վաղուց շարքից դուրս եկած, պաղ և խոնավ տնակներում մի կերպ պատսպարված անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում գտնվող այս յոթ ընտանիքներից և ոչ մեկը մինչ այդ վառելափայտ չէին կարողացել ձեռք բերել և որպես վառելիք օգտագործում էին այս ու այն կողմից հավաքած պլաստմասե շշեր, ծառի ճյուղեր և արկղեր:
«Շիրակ» կենտրոնի հետ համատեղ կազմակերպված այս ակցիայի շնորհիվ, շուրջ 25 երեխաներ և նրանց ծնողները Նոր տարին դիմավորեցին տաք պայմաններում:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ