Նոր տարին սկսվում է շատ կարևոր իրադարձությամբ` նախագահական ընտրություններով, ինչը հոգեբանորեն տարբեր կերպ է ընկալվում հասարակության կողմից: Ինչպիսի՞ն է մարդակնց տրամադրությունը նախընտրական շրջանում, հույսե՞ր, սպասումնե՞ր, թե՞ հիասթափությունն է գերակշռում այսօր:
Հոգեբան Կարինե ՆԱԼՉԱՋՅԱՆԸ «Զարկերակ» ակումբում անդրադառնալով նշված թեմային, կարծիք հայտնեց, որ սպասվող ընտրությունները հոգեբանական տեսանկյունից շատ «յուրահատուկ» են: Պատճառը հասարակության մեջ «արտահայտված ընդդիմության» բացակայությունն է:
Իհարկե, սա, ըստ հոգեբանի, վատ է: Վատ է, քանի որ կոնստրուկտիվ, կառուցողական ընդդիմություն ունենալը միշտ ավելի դրական է թե՛ երկրի զարգացման, թե՛ բուն ընտրական գործընթացի համար: «Չկա այլընտրանք: Մենք կանգնած ենք ոչ այլընտրանքային ընտրությունների առաջ: Սա ունի իր դրական և բացասական կողմերը: Դրական է այն, որ այսօր ավանդույթ դարձած ընտրակաշառք և բանակների բաժանվել հասկացությունը չկա»,-ասաց բանախոսը:
Նրա դիտարկմամբ, վերջին տասնամյակների ընթացքում այս ընտրությունները ամենաարդարն են լինելու Հայաստանում: Այսինքն` մարդիկ
կգնան, կընտրեն, որևէ մեկը շահագրգռված չի լինի կաշառք բաժանել (ինչի արդյունքում ընտրակաշառքի հույսեր ունեցողները պիտի հուսահատվեն), թաղային հեղինակությունները նույնպես անելիք չեն ունենա այս ընտրություններում: Ասել է թե` ընտրված նախագահը պարտքեր, պարտականություններ չի ունենա այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրեն օգնել են:
Հասարակությունը նույնպես անտարբեր է ընտրությունների նկատմամբ, տրամադրությունները՝ «ոչ պոզիտիվ»:
«Մարդկանց հետ իմ շփումներից պարզել եմ, որ նախընտրական կրքեր և ոգևորություն չկա: Սա մի կողմից լավ է, մյուս կողմից` վատ:
Այն ընտրազանգվածը, որը կողմնորոշված էր և գիտեր ում է ընտրելու, այդ աաջնորդները չդրեցին իրենց
թեկնածությունը, մարդիկ, ինչպես ասում են, մնացին օդի մեջ, առկախ: Հավանաբար մինչև ընտրությունները իրենց առաջնորդները կհուշեն, կողմնորոշիչ ազդանշաններ կտան նրանց»,-ասաց տիկին Նալչաջյանը, նկատելով, որ այդ «չառաջադրվելը» ընտրազանգվածի մոտ առաջացրել է որոշակի հիասթափության ալիք:
Մեզանում բավականին լուրջ զանգված է նաև «չկողմնորոշվողների» զանգվածը, որը, ըստ էության, ընտրություններում միշտ որոշիչ դեր ունի:
Բանն այն է, որ հենց այս զանգվածի վրա են պայքարողները սկսում աշխատել:
Այսօր շատ քաղաքացիներ չեն մասնակցում ընտրություններին, համարելով, որ իրենց ձայնը ոչինչ չի փոխի: Հոգեբանի դիտարկմամբ,
այս բացասական երևույթը վկայում է քաղաքացիական հասարակության ձևավորված չլինելու մասին, որ «մարդը իր արժեքը, իր դերը, իր ազդեցությունը որպես քաղաքացի, թեկուզ այդ մի կաթիլով չի գնահատում, չի արժևորում»:
Տարբեր անձանց կողմից իրենց թեկնածությունը առաջադրելու գաղափարը, ըստ բանախոսի, իրականացվում է «ինչ-որ ուժերի» կողմից, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ կա մրցակցային դաշտ. «կամ էլ իսկապես այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ մարդիկ մտածում են`այ եթե ես լինեի, ես ամենաճիշտ ճանապարհով կտանեի երկիրը: Եվ ահա գտնվում են մարդիկ, որ կարողանում են լուծել առաջադրվելու համար պահանջվող գումարային խնդիրը և ուզում են հայտնի դառնալ: Մի՞թե սա քիչ է: Տվյալ մարդու կենսագրության համար դա շատ լուրջ փաստ է»,-համոզված է հոգեբանը:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ