Հյուսիսային Կորեան դժգոհություն է հայտնել Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի վերջին համատեղ զորավարժությունների առիթով: «Ներկայիս իրավիճակը, երբ Միացյալ Նահանգները շարունակում է «զսպման» քողի տակ ինքնիշխան պետության դեմ միջուկային զենք կիրառելու փորձերը, ընդգծում է այն անհրաժեշտությունը, որ ԿԺԴՀ-ն օժտված լինի ավելի ռազմավարական և մահաբեր միջուկային զսպման միջոցներով, որոնք կարող են հուսալիորեն պաշտպանել նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը »,- ասվում է ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարության մեջ։               
 

Խելոք մնա, թե չէ` «մեշոք պապիին» կկանչեմ

Խելոք մնա, թե չէ` «մեշոք պապիին» կկանչեմ
23.12.2012 | 14:44

Երեխայի համար առաջին դպրոցը ընտանիքն է: Մեծահասակները շատ կարևոր դեր ունեն երեխայի դաստիարակման հարցում:Հաճախ, երբ ծնողները վիճում են, թվում է` երխան չի հասկանում, բայց ինչպես հետևանքն է ցույց տալիս, նա ոչ միայն ընկալում է ամեն ինչ և «սպունգի» նման ներծծում լավն ու վատը, այլև դառնում է ագրեսիվ, նյարդային, խեղվում է նրա հոգեբանությունն ու ներաշխարհը: Արդյո՞ք ծնողներն են մեղավոր երեխայի վատ վարքագծի, սխալ պահվածքի և հետագա բոլոր բացասական արարքների համար: Հոգեբանական ծառայության ղեկավար Արմեն Բեջանյանն ու մանկաբույժ Էլմիրա Մինասովան այն համոզմունքին են, որ «վատ» երեխա հասկացություն չկա, կա «վատ» ծնող, հետևաբար խնդրի դեպքում, միակ մեղավորները ծնողներն են:«Ծնողի և երեխայի միջև եթե չեղավ հուզական պահը, երեխան ոչ միայն փոքր ժամանակ, այլև ամբողջ կյանքում ագրեսիա կցուցաբերի»,-համոզված են մանկաբույժները:
Ինչպե՞ս 3-5 տարեկան երեխային բացատրել, թե ինչպես է երեխան ծնվում, որպեսզի հետո նրա աչքում «խաբեբա» չդառնաս:
Էլմիրա Մինասովայի կարծիքով, երեխաներն ամեն ինչ գիտեն, պետք չէ մանրամասն ներկայացնել երեխայի ստեղծման կամ լույս աշխարհ
գալու ողջ «պրոցեդուրան», պարզապես պետք է երեխայի հետ իր լեզվով խոսել, ճիշտ մոտեցում ցուցաբերել, ասել, որ նա սիրո արդյունք է, որ մենք` ես ու հայրիկը, այնքան էինք իրար սիում, որը այդ սիրուց դու ծվեցիր: Պետք է այդ ամենը նրան ներկայացնել մատչելի լեզվով: Հակառակ դեպքում, նա դրսում կտեսնի հղի կնոջ և կհարցնի. «Բա էս տոտայի փորը ինչո՞ւ է ուռած»: Ինչը բնությունն է տալիս՝ շատ գեղեցիկ է: Այդ մենք ենք գռեհկացնում բնության տվածը:
Ինչպե՞ս վարվել, եթե երեխան հրաժարվում է մանկապարտեզ հաճախել և դրան մոտենում է հիվանդագին :
«Մենք ամեն ինչ անելուց առաջ պետք է նախապատրաստվենք»,-ասում է Արմեն Բեջանյանը:- Երեխային նույնպես պետք է նախապատրաստել մինչև մանկապարտեզ ուղարկելը:
Մանկապարտեզը շատ կարևոր դեր ունի երեխայի կյանքում: Որքան էլ ներդաշնակ լինի ընտանեկան մթնոլորտը, երեխաների հետ շփումը անչափ կարևոր է: Ընտանիքում շատ ժամանակ երեխաները վարքականոնները չեն սովորում և արդեն դպրոցում խնդիրներ են ունենում, չեն կարողանում ընտելանալ մեծ շրջապատին: Երեխային, մինչև մանկապարտեզ տանելը, պետք է խոսել նրա հետ, բացատրել, թե ինչ հետաքրքիր ու լավ տեղ է այն, վառ գույներով նկարագրել այնտեղի կյանքը: Միանգամից չթողնել խմբում ու փախչել: «Իհարկե, մորից շատ բան է կախված: Բոլոր հարցերում մոր ճիշտ կամ սխալ մոտեցումը բերում է երեխայի դաստիարակման լավ կամ վատ արդյունքի»:
Պատժել թե՞ չպատժել երեխային: Ի՞նչ միջոցներ կիրառել, եթե նա սխալ է թույլ տվել:
Ըստ մանկաբույժների, սխալ է այն արտահայտությունը, երբ երեխայի վրա բարկանալուց ասում ենք՝ « խելոք մնա, թե չէ` մեշոք պապիին կկանչեմ», կամ «խելոք մնա, թե չէ` քո մաման չեմ լինի, ուրիշի մաման կլինեմ»:Դա այնպիսի վախ է առաջացնում երեխայի ներսում, որ կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջ բերել: Պետք է գտնել երեխային ուղղորդելու կարևոր խոսքը , որպեսզի նա ընդունի և կատարի: Եթե երեխան փողոցում լաց է լինում և համառորեն ինչ-որ բան է ուզում, պետք է նրբանկատորեն ուշադրությունը շեղել, ոչ թե խփել կամ բարկանալ: Ոչ մի դեպքում չպետք է բռնություն կիրառել. երեխան պետք է հասկանա: Եթե չի հասկանում, ուրեմն ծնողն է մեղավոր: Եթե մայրը կիրթ և գրագետ անձնավորություն է, ապա իր երեխային պետք է դաստիարակի, նրա մեջ ձևավորի կիրթ վարվելաձև:
Երեխան երբեմն հրաժարվում է ուտել: Ի՞նչ անել:
Մանկաբույժ Էլմիրա Մինասովան կարծում է, որ երեխայի հետ նախևառաջ պետք է ընկեր լինել և միասին պատրաստել այն կերակուրը , որը երեկոյան պետք է ուտեն. «Ինչպե՜ս կարող է երեխան չուտել իր ձեռքով պատրաստած կերակուրը»: Նա ապագա մայրիկներին խորհուրդ տվեց` անպայման կրծքով կերակրել երեխային , հավաստիացնելով, որ այն ամբացատրելի մեծ սեր և կապվածություն է ստեղծում երեխայի ու մոր միջև, ինչպես նաև` ջերմ փոխհարաբերություն` մինչև կյանքի վերջը:
Երեխան միայն մոր կողքին է իրեն պաշտպանված զգում:
Ցանկացած տարիքում խոցելի են երեխաները: Լիարժեք ընտանիք և առողջ մթնոլորտ՝ ահա թե ինչ է անհրաժեշտ երեխային` առողջ հոգեբանութուն ունենալու և լավ մարդ լինելու համար: Երեխան պետք է շրջապատված լինի բարությամբ, սիրով, հոգատարությամբ, որպեսզի ինքն էլ ձգտի լինել այդպիսին: Նման դրական հատկանիշներ ձևավորելու համար մանկաբույժները խորհուրդ տվեցին ավելի շատ հեքիաթներ կարդալ երեխաներին` այդպիսով անմիջական, կենդանի կապ հաստատելով միմյանց միջև: Իսկ, առհասարակ, սխալ է այն մոտեցումը, երբ երեխային «բամբակի»
մեջ են մեծացնում` թույլ չտալով ինքնուրույն փորձ ձեռք բերել. «Երեխան միշտ պետք է ունենա փորձ` դժվարությունները հաղթահարելու»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1610

Մեկնաբանություններ