Հյուսիսային Կորեան դժգոհություն է հայտնել Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի վերջին համատեղ զորավարժությունների առիթով: «Ներկայիս իրավիճակը, երբ Միացյալ Նահանգները շարունակում է «զսպման» քողի տակ ինքնիշխան պետության դեմ միջուկային զենք կիրառելու փորձերը, ընդգծում է այն անհրաժեշտությունը, որ ԿԺԴՀ-ն օժտված լինի ավելի ռազմավարական և մահաբեր միջուկային զսպման միջոցներով, որոնք կարող են հուսալիորեն պաշտպանել նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը »,- ասվում է ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարության մեջ։               
 

«Հետո էլ պիտի ասեն համայնք ենք ղեկավարո՞ւմ. իրենք կհանդուրժե՞ն նման վերելակ իրենց շենքում»

«Հետո էլ պիտի ասեն համայնք ենք ղեկավարո՞ւմ. իրենք կհանդուրժե՞ն նման վերելակ իրենց շենքում»
22.12.2012 | 18:24

Էրեբունու զանգվածի Խաղաղ Դոնի 27 շենքի, 2-րդ մուտքի բնակիչներն արդեն չորրորդ տարին է զրկված են վերելակից: Բազմահարկ շենքի բնակիչների բողոք-դիմումները տարիներ շարունակ անտեսվել և անուշադրության են մատնվել համապատասխան կառույցների կողմից:
Խնդրին տարբեր լրատվամիջոցներ նույնպես անդրադարձել են, բայց, ինչպես ասում են, «սայլը տեղից չի շարժվել»:
Վերելակի աշխատանքը, բնակիչների խոսքով, դադարեցվել է 2009 թվականին (պատճառ է հանդիսացել հարևան թաղամասի շենքերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարը, երբ վերելակի անսարքության հետևանքով բնակիչներից մեկը զոհվեց):
«Ինչ-որ կազմակերպությունից եկան, տեսան, ուսումնասիրեցին, պատճառաբանեցին, թե` վթարային է և դադարեցրեցին աշխատանքը: Խոստացան, թե կվերանորոգեն, բայց ունքի տեղ աչքն էլ հանեցին ու քաշվեցին մի կողմ: Գումար չկա` ասացին, ու վերջ:
Անկեղծ ասած, այդ դժբախտ դեպքից հետո մենք էլ էինք շատ վախեցած, մտածում էինք` ճիշտ են անում, թող վերանորոգեն, մեկ-երկու օր է, կսպասենք , ի՞նչ կա որ: Անցան շաբաթներ, ամիսներ, տարիներ: Ոչ եկան, ոչ էլ մի օր հիշեցին այս վերելակի մասին: Այնքան այդպես մնաց, մինչև վրայի ալյումինե սարքերը գողացան-տարան: Դա էլ մի պատճառ էր, որ ասեին` «գիտե՞ք ինչ, թանկարժեք մասեր են թալանել, մեզ գումար որտեղի՞ց, որ բերենք տեղադրենք»,-պատմում էին շենքի բնակիչները:
Նրանք, հուսահատությունից մղված, ուր ասես չեն դիմել` համատիրությունից սկսած մինչև քաղաքապետարան: Համատիրության ներկայացուցիչները, երբ զննել են վերելակի անսարքության աստիճանը (շուրջ երկու տարի առաջ), հայտարարել են` «այս վերելակի վերանորոգումը թանկ հաճույք է, մեզ վրա հույս մի դրեք, ինչ կարող եք` ինքներդ արեք»: Մինչդեռ, բնակիչների խոսքով, վերելակն անջատելուց մոտ 5-6 տարի առաջ իրենք իրենց
սեփական միջոցներով նորոգել էին այն, մաշված սարքերը փոխարինել նորերով:
Սրանից մոտ տասը ամիս առաջ, երբ փորձեցինք խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալ Էրեբունի համայնքի «Եվրավերելակ» ՍՊԸ-ից, տնօրեն Հունան Ավետիսյանը դեռ մի փոքր էլ նեղացավ, թե ինչու ավելի շուտ չենք տեղեկացրել, որ այդ հասցեում նման խնդիր կա. «Չէ՞ որ դա մեր գործն է, մեր պարտականությունը: Ես չգիտեմ, թե այդ ինչ կազմակերպություն է եկել-անջատել վերելակը, բայց մենք պատրաստ ենք ցանկացած խնդրի լուծում տալ»,-հեռախոսազրույցում ասաց նա:
Մասնագետների հաշվարկներով` մոտ 1 մլն դրամի գումար է պահանջվում վերելակի վերանորոգման համար: Էրեբունի վարչական շրջանի տվյալ շենքի համատիրության պատասխանատուն էլ մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ վերելակն այս տարավա ընթացքում անպայման կգործի: Տարին անցավ: Եվս մի քանի օր, և կթևակոխենք հաջորդ` 2013 թվական, իսկ հիշյալ շենքի բնակիչները դեռ սպասում են: Վերջիններիս հույսը նախագահական ընտրություններն են, հավատում են, որ որևէ դրական տեղաշարժ կլինի:
Հ.Գ.- «Իրատես de facto»-ն փորձեց «տարեվրերջյան ամփոփում» անել (վերելակի մասով) այն կառույցների պատասխանատուների հետ, որոնք պարտավորություն ունեն խնդրի նկատմամբ: Փորձեցինք հիշեցնել իրենց տված խոստումները և հետաքրքրվել` ինչո՞ւ ոչինչ չարվեց, և դեռ որքա՞ն բնակչները պիտի հանդուրժեն այս վիճակը: Պատասխանատուները, ինչպես սովորաբար լինում է, խնդրի լուծումը «պաս» տվեցին մեկը մյուսին` վերջում կանգ առան քաղաքապետարանի վրա, պատճառաբանելով , որ առանց նրա միջամտության հնարավոր չէ հարցը կարգավորել, քանի որ համապատասխան գումարներ չունեն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը խիստ զարմացավ` լսելով հարցս. «Դա համատիրության խնդիրն է, քաղաքապետարանի պարտավորությունների մեջ չի մտնում: Հնարավորության դեպքում քաղաքապետարանը միայն կարող է, կոպիտ ասած, բարի կամք դրսևորել»: Իմ պնդմանը` հարցի պարզաբանումն ստանալ կոմունալ տնտեսության վարչությունից, պարոն Գևորգյանն առաջարկեց հարցերն ուղղել էլեկտրոնային փոստով: Համաձայնեցի: Երեկ քաղաքապետարանի կոմունալ վարչության կողմից ստացա հետևյալ պատասխանը.«Խաղաղ Դոնի 27 շենքի 2-րդ մուտքի վերելակի հարցը քննարկվել է Էրեբունու վարչական շրջանում: Իրոք, վերելակը շուրջ չորս տարի չի աշխատել:
2013 թ. ախատանքների ծրագրերի համար շրջանի բյուջե է հաստատվել, որի մեջ ընդգրկված են նշված վերելակի վերանորոգման և
վերագործարկման ծախսերը: Առաջնահերթության կարգով նշված աշխատանքների ավարտ է նախատեսվել 2013 թ. մարտ ամիսը»:
Դե, ինչ, չորս տարի սպասել են բնակիչները, մինչև մարտ էլ կսպասեն:
Տեսնենք:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1469

Մեկնաբանություններ