ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Դեպարդիեն և աջ հայրենասիրությունը

Դեպարդիեն և աջ հայրենասիրությունը
21.12.2012 | 14:07

Հեռացած Դեպարդինեն հասարակությունը երկփեղկեց: Նույնիսկ Բեռնար Առնոյի մեկնումը, ում կարողությունը 250 անգամ ավելին էր, այդքան աղմուկ չհարուցեց: Ժան Մարկ Էրոն Դեպարդիեի մեկնումը որակեց խղճուկ արարք: Միշել Սապենը հայտարարեց անկման մասին, իսկ Օրելի Ֆիլիպետին պատահածը անվանեց դասալքություն: Մյուս ճամբարում` Նադին Մորանոն արտիստին անվանեց «մեծ սրտով հսկա», իսկ Լորանս Պարիզոն քննադատեց կառավարության «հարկային խելագարությունը»:
Դուք համարում եք, որ Դեպարդիեն մեկնումի ծանրակշիռ պատճառներ ուներ կամ չուներ, վարչապետին ուղղված նրա բաց նամակը չի կարող չզարմացնել: «Ես հեռանում եմ, որովհետև Դուք գտնում եք, որ հաջողությունը, ստեղծագործությունը, տաղանդը և ընդհանրապես տարբերվելը պատժի է արժանի»: Դեպարդիեն մեզ բացատրում է, որ հարկերը «պատիժ» են, այլ ոչ թե պատիվ կամ ընդհանուր գործում ներդրում ունենալու հնարավորություն: Ոչ, հենց պատիժ են: Նույնիսկ եթե այդ հարկը ընդունվել է իբրև հակաճգնաժամային քայլ: Լավ, ասենք այդպես է: Բայց ուրիշ ու՞ր կարելի է այդ հարկը ուղղել, եթե ոչ «հաջողությանը, ստեղծագործությանը, տաղանդին»: Անհաջողությա՞նը: Անգործությա՞նը: Անտաղանդի՞ն: «Ես խղճուկ եմ համարում դատավորների որոշումը իմ որդի Գիյոմի գործով, թեպետ նա ընդամենը տղեկ էր, խիստ ռեժիմի երեք տարի տվեցին երկու գրամ հերոինի համար, երբ այնքաններն են խուսափել բանտից շատ ավելի լուրջ հանցանքներից հետո»: Նշանակու՞մ է, որ եթե ոմանց հաջողվում է խուսափել արդարադատությունից, մյուսներին չի կարելի դատել: Մտքերի վտանգավոր ընթացք է: Գիյոմ Դեպարդիեին մեղավոր ճանաչեցին թմրանյութերի վաճառքի մեջ և ազատ արձակեցին պատժաժամկետի կեսից:
«Ես քար չեմ նետում բոլոր նրանց վրա, ովքեր տառապում են բարձր խոլեստերինից, ճնշումից, շաքարախտից կամ չափազանց շատ են խմում, կամ նրանց, ովքեր քնում են մոտոցիկլի ղեկին` ինքս այդպիսիններից եմ, ինչպես սիրում են կրկնել ձեր սիրելի լրատվամիջոցները»:
Անձնական կյանք սպրդելու լրատվամիջոցների ձգտման դատապարտումը միանգամայն հասկանալի է, զարմանալի է, որ անձնական հիվանդությունները, ալկոհոլի չարաշահումը և քնկոտությունը նույն մակարդակի վրա են դիտարկվում: Մնում է հուսալ, որ նրանց վրա, ովքեր մոտոցիկլի ղեկին կքնեն, իրոք քարեր կնետվեն: Թեպետ Դեպարդիեն գրել է, որ իր մեկնումը պայմանավորված է «բազում անձնական պատճառներով», բոլորին հիանալի հայտնի է իրականությունը. «Ես հեռանում եմ, որովհետև Դուք գտնում եք, որ հաջողությունը, ստեղծագործությունը, տաղանդը և ընդհանրապես տարբերվելը պատժի է արժանի»:
Չի կարելի ասել, որ Դեպարդիեն հեռանում է նոր մշակույթ որոնելու. նա վճռել է փոխադրվել Բելգիա և բնակություն հաստատել ֆրանսիական սահմանից մեկ կիլոմետրի վրա: Մեկնումի պատճառ չէ և արժեքների տարբերությունը. նա կարող էր հանդես գալ միասեռական ամուսնությունների և օտարերկրացիների ձայնի իրավունքի դեմ: Բայց ոչ` նա հեռանում է ֆինանսական պատճառներով: Կարելի է եզրակացնել, որ Դեպարդիեն այնքան էլ ինքնամոռաց հայրենասեր չէ: Բայց մի՞թե դա հանցանք է: Ես այս հարցը չեմ ուզում բարձրացնել, առավելևս չեմ պատասխանի այս հարցին: Ես չեմ պատրաստվում երկինք հանել «նախկինների հայրենասիրությունը», բայց և չեմ քննադատի` հայրենասիրությունը բնական արժեք է մարդու համար, ով անհրաժեշտություն է զգում նույնականացվել ինչ-որ խմբի հետ` ընտանիք, գործընկերներ, կրոն, մշակույթ, ազգ: Բնականաբար` հայրենասիրությամբ չի կարելի արդարացնել բոլոր արարքները, սակայն այս դեպքում մեղադրել պետք է բնավ էլ ոչ հայրենասիրությանը, պատասխանատվությունը կրում են նրանք, ովքեր խաղում են հայրենասիրությամբ:
Այնուհանդերձ, լուսավորության և պոզիտիվիզմի ժամանակների ռացիոնալիզմի ալիքի վրա մեր արևմտյան հասարակությունն աստիճանաբար քայքայել է այս խմբային միավորները: Արդյունքում ժամանակակից հասարակությունը կազմված է կորուսյալ անհատներից, ում համար կյանքն այլ իմաստ չունի, բայց սպառումը: Չքննարկենք` լավ է դա, թե վատ, սակայն ընդունենք, որ մեր պայմաններում զարմանալի չէ, որ Դեպարդիեն տնտեսական հայրենասիրություն չունի:
Ես չեմ ձգտում պաշտպանել կամ մեղադրել Դեպարդիեին, այլ ընդամենը ուզում եմ ընդգծել, որ նա արտացոլում է արդի կեղծգոլլական-աջերի մեջ արմատացած գաղափարը` «Փրկվեք` ով կարող է Շվեյցարիայում»: Հընթացս նա դեռ խոսում է հայրենասիրությունից: Հայրենասիրությունի՞ց: Գուցե, բայց ի՞նչ հիմքով: Հայրենասիրությունը կարող է հինգ աղբյուր ունենալ, որոնք նաև նրա արտահայտման միջոցներն են: Հայրենասիրությունը կարող է լինել ռազմական, տնտեսական և մշակութային, և կարող է հենվել ավանդույթների ու արժեքների վրա: Ռազմական հայրենասիրությունը Ֆրանսիայում վաղուց կորցրել է արդիականությունը: Տնտեսական հայրենասիրությունը մերժում են ժամանակակից ազատական աջերը, որ պաշտպանում են Առնոյին ու Դեպարդիեին: Մշակույթն այսօր նույնպես հայրենասիրության աղբյուր չէ աջերի համար` պատճառը ոչ միայն զանգվածային, միակերպ մշակույթի գոյությունը չէ, այլև այն, որ Լեֆևրի սեղանի գիրքը «Զադիգ և Վոլտեր» կատալոգն է: Ավանդույթները քաղաքականության մեջ տեղ չունեն:
Այսպիսով միակ հնարավորը 2012 թվականին մնում է միայն արժեքների վրա հիմնված հայրենասիրությունը: Բայց այդ արժեքները դեռ պետք է անվանել: Աշխատա՞նքը: Բուն ֆրանսիացուն բնորոշ ոչինչ չկա աշխատանքի մեջ, իսկ Սարկոզիի նախագահության տարիներին գործազրկությունը կտրուկ աճեց: Ընտանի՞քը: Այս հարցում էլ Ֆրանսիայի համար առանձնահատուկ ոչինչ չկա, իսկ բնակարանի իրավունքը սառույցի վրա գրեց նախորդ կառավարությունը: Բուն ֆրանսիական արժեքները աջերը ծաղրում են: Օրինակ, «Միություն` հանուն ժողովրդական շարժման» խոշոր կուսակցության մեջ «Ուժեղ աջեր» հոսանքը, որ առաջարկում է Սահմանադրության մեջ հավելել Ֆրանսիայի «քրիստոնեական ավանդույթը» և ստեղծել «ֆրանսիացի մուսուլմանների հանրապետական խարտիա»: Հիշեք նաև աջերի «աջապաշտպանության» բազում մեղադրանքները, այդ թվում` և նախկին նախագահ Սարկոզիի: Այդ պնդումների անհեթեթությունը և ազգային ինքնագիտակցության բանավեճի ձախողումը հաստատում է, որ ժամանակակից աջերը արժեքներ չունեն:
Նրանց մնացած միակ արժեքը հայրենասիրությունն է: Այլ խոսքով` աջերի հայրենասիրության բուն պատճառը ինքը հայրենասիրությունն է: Եվ քանի որ այդ հայրենասիրությունը հենվում է միայն որոշակի աշխարհագրական հպարտության վրա, սահուն վերածվում է ատելության: Այդքան հպարտ, միևնույն ժամանակ դատարկ ու սին պոռթկումը հարկադրում է արհամարհել շրջապատը առանց որևէ պատճառի: Այսօր աջ հայրենասիրությունը դրսևորվում է ոչ թե Ֆրանսիայի, նրա ժողովրդի ու մշակույթի նկատմամբ սիրո մեջ, այլ` մուսուլմանների, նպաստների հաշվին ապրողների կամ ցանկացած այլ մշակութային, հասարակական ու տնտեսական խմբի նկատմամբ բացահայտ արհամարհանքի, որը ուղղակի մոդա է դարձել: Խնդիրը իսկական թշնամիներ գտնելը չէ` իսկական արժեքների բացակայությամբ դա ուղղակի անհնար է, այլ` խորացնել լարումը և շուրջբոլորը մեղադրանքներ սփռել: Այդպիսի մարտավարությունը ծառայում է միայն քողարկելուն ընտրություններում հաղթելու համար գաղափարների պակասը: Ամենասարսափելին` որ իշխանության գալուց հետո այդ մարդիկ ոչինչ չունեն առաջարկելու բոլորին ձանձրացրած դեմագոգիայից բացի: Թվում է` նրանք արդեն սկսել են հավատալ իրենց թախիծ սփռող հայտարարություններին:
Համաձայն եք, թե ոչ տնտեսական հայրենասիրության հետ, որ առաջարկում են աջերը, նման եզրակացությունը որոշակի տագնապներ է հարուցում:

Թարգմանությունը՝

Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2043

Մեկնաբանություններ