Հայաստանի Հանրապետության շատ քաղաքացիներ, մասնավորապես հավատացյալ ժողովուրդը (խոսքը «Եհովայի վկաներ» կազմակերպության մասին չէ), խաբված են։ Այս իրողությունն արդյո՞ք չի նպաստում վստահության կորստին, ինչն այնքա՜ն կարևոր է պետություն-քաղաքացի հարաբերություններում։
Խնդիրն այն է, որ «Եկամտահարկի մասին» օրենքը, որով պարտադրվում է էլեկտրոնային ստորագրություն, և որը չի տրամադրվում առանց նույնականացման քարտի, հակասում է Սահմանադրական դատարանի որոշմանը (սոցիալական քարտերը կամավոր դարձնելու մասին) և «Նույնականացման քարտերի մասին» օրենքին։ Մենք այս մասին մանրամասն խոսել ենք նախորդ համարներից մեկում (տե՛ս «Իրատես de facto», թիվ 78), այժմ կարծում ենք` պետք է անդրադառնալ հարցի մյուս կողմին։ Պետական պաշտոնյաների պնդմամբ` էլեկտրոնային ստորագրությունն անհրաժեշտ է, քանի որ նույնականացման քարտի հետ միասին կուտակվում է տվյալ գործարարի տվյալների ամբողջական բազան։ Չժխտելով ամբողջական բազայի անհրաժեշտությունը, այնուհանդերձ, պետք է նկատել, որ այդ տվյալների բազան առանց նույնականացման քարտի էլ առկա է հարկային, և ոչ միայն հարկային մարմիններում։
Նկատենք, որ էլեկտրոնային ստորագրության հետ նույնականացման քարտի պահանջը, մի կողմից, ուղղակի անհեթեթ է դառնում, քանի որ երկու տարի է, ինչ հարկային համակարգում գործում է էլեկտրոնային ստորագրության սկզբունքը` առանց նույնականացման քարտերի, ավելին` առանց սոցիալական քարտերի։ Հիշեցնում ենք սոցիալական քարտերի մասին, քանի որ դրանք այժմ «հանրային ծառայության համարանիշ» անվանումով զետեղված են նույնականացման քարտերի մեջ։ Այսինքն` մինչ այս գործարարն իր հաշվետվությունը հարկային մարմիններին ներկայացնում էր առանց սոցիալական քարտի և էլեկտրոնային ստորագրությամբ։ Մեզ հետ զրույցում «Կենտրոն» հարկային ստորաբաժանման աշխատակիցները փաստեցին. «Մինչ վերջերս գործող էլեկտրոնային ստորագրությունն առանց սոցքարտերի նորմալ աշխատում էին, և մարդիկ առանց որևէ խնդրի ներկայացնում էին իրենց հաշվետվությունները»։
Ստեղծված իրավիճակում ինքնին հարց է առաջանում. այդ դեպքում ո՞ւմ է պետք, որ էլեկտրոնային ստորագրությունները պարտադիր տրվեն նույնականացման քարտի հետ, այսինքն` նույնականացման քարտերը դառնան պարտադիր։ Դեռ ամբողջ օրն էլ գովազդել այս գործընթացը և նշել, որ նույնականացման քարտերը պարտադիր են։ Գուցե «շան գլուխը» շատ խոր է թաղված, Եվրամիության պահանջների տակ։ Ինչևէ։ Եթե մենք իրավական երկիր ենք, ու եթե չեմ սխալվում` այդպես է, հետևաբար մեր պետությունը ոչ միայն օրենքների, այլև մարդկանց խղճի ազատության, մարդու իրավունքների ապահովման երաշխավորն է։ Սրանից ելնելով` պետությունը պետք է հաշվի նստի Սահմանադրական դատարանի վերը նշված որոշման հետ և իր ժողովրդի հավատացյալ հատվածին թույլ տա էլեկտրոնային ստորագրություն վերցնել առանց նույնականացման քարտի։ Համաձայնեք, անհասկանալի է, երբ պետությունը պաշտպանում է համասեռամոլների իրավունքները, բայց անտեսում է հավատացյալների իրավունքը։ Իսկ նրանց ուզածը մեծ բան չէ. հատկապես, որ մեր պետությունը հարգել է վերջիններիս իրավունքը` և՛ Սահմանադրական դատարանի որոշմամբ, և՛ «Նույնականացման քարտերի մասին» օրենքով, ինչը թույլ է տալիս առանց հանրային ծառայությունների համարանիշի, ասել է թե` նույնականացման քարտի, աշխատել և արարել։ ՈՒրեմն, ինչո՞ւ չի կարելի, հաշվի առնելով այդ նույն սկզբունքները, փոփոխություն մտցնել «Եկամտահարկի մասին» օրենքում և թույլ տալ վերջիններիս էլեկտրոնային ստորագրություն ստանալ առանց նույնականացման քարտի։ Հուսանք, որ իշխանություններն այս խնդիրն ականջի հետև չեն գցի։
Ի դեպ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մեզ հետ ճեպազրույցում ասաց. «Խնդիրը կփորձենք կարգավորել ենթաօրենսդրական ակտերով»։ Իսկ մինչ այդ «Մարդկանց համարակալման դեմ» կազմակերպության նախագահ Խաչիկ Ստամբոլցյանն իր օրինակով հորդորում է առանց նույնականացման քարտերի վերցնել էլեկտրոնային ստորագրությունները։ Նշենք, որ դրա համար անհրաժեշտ է ոստիկանության անձնագրային բաժնից կամ վիզաների և անձնագրերի վարչությունից ստանալ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանք և ներկայացնել հարկային մարմիններին էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար, ինչպես վարվել է պարոն Ստամբոլցյանը։ Իսկապես, եթե կարելի է մեկին, ինչո՞ւ չի կարելի մյուսներին։ Ինչո՞ւ չի կարելի թույլ տալ, որ մնացած հավատացյալ ժողովուրդը պետության առջև կատարի իր հարկային պարտավորություններն առանց խոչընդոտների և պետության կողմից առանց նրանց իրավունքների ոտնահարման։ Կարծում ենք` ժողովրդի մի զգալի հատվածը շատ բարձր կգնահատի պետական գործիչների դերը, եթե խնդիրը լուծվի օրենսդրորեն։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ