Այսօր Հայաստանում ամենագլոբալ խնդիրը արդարության հարցն է: Ըստ Արամ Սարգսյանի, մեր իշխանություններն այս հարցում դժվար թե կարողանան հաջուղոթյան հասնել այն պարզ պատճառով, որ «ստվերային, օլիգարխիկ և մենաշնորհային համակարգի մասին ընդհանրապես չի խոսվում»: Այսինքն, նրա խոսքով, հարուստները կարող են շատ հանգիստ շարունակել իրենց հարստությունը դիզել, որովհետև որևէ մեկը չի ուզում նրանց «չոռ» ասել: Չեն ուզում խոսել իրենց գողության, իրենց իրականացրած ողջ անարդարության մասին:
Սա է, բանախոսի կարծիքով, այսօրվա հիմնական խնդիրը:
Թե ինչպիսի դիրքորոշում կընդունի ՀԴԿ-ն, կախված է գործող նախագահի գործունեությունից: Իսկ ընդհանրապես իրենց դիրքորոշման մասին կհայտարարեն հանրապետական խորհրդի նիստի ժամանակ, որը տեղի կունենա հունվարի 15-20-ին:
«Այն մարդիկ, որ տարիներ շարունակ ասում են, թե կոռուպցիայի դեմ պայքարում են, ուզում եմ, որ այդ ասողները, այդ կոռուպցիայի դեմ պայքարողները, անուն առ անուն նշեն, թե ովքեր են նրանք: Հիմա դա կարող են անել, հենց այսօր կարող են գումարները, որոնք գողացված են,
հետ բերել: Դրա համար ամիսներ պետք չեն, պետք չէ ամիսներ շարունակ պայմաններ դնել և ասել` մենք կանենք դա, բայց արդյունքում ոչինչ չանել:
Եթե խոսք այն մասին է, թե բյուջեից գումարներ են գողացվել, ապա թող այսօր ցույց տան, ասեն, որ բյուջե են վերադարձրել այսքան գումար: Եթե իրենք հայտարարում են, թե ստվերի հետ պետք է պայքարել, այսօր կարող են մեզ ցույց տալ, թե ո՞վ և ի՞նչ ստվերային գործերով է զբաղված, որովհետև դա շատ հեշտ խնդիր է: Եթե այսօր նրանք հայտարարում են, որ երկրից ահռելի չափով գումարներ են դուրս գալիս, ապա իրենք գիտեն, թե «ովքեր են այդ գումարները տանում: Եթե այս կարգի փոփոխություններ կսկսվեն երկրում և տեսանելի կլինեն, ապա, այո, մեր կուսակցությունն իր դորքորոշումը կընդունի»,-հայտարարեց Արամ Սարգսյանը:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ