Ի՞նչ խնդիրներ ունի այսօր Սևանը: Ինչպե՞ս են դրանք անդրադառնում տեղաբնակների վրա: Խնդիրների լուծման ինչպիսի՞ ուղիներ են տեսնում նրանք և ինչպե՞ս են մասնակցում լուծմանը: Այս հարցերն էին այսօր բարձրացրել «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ ԻՆԳԱ ԶԱՌԱՖՅԱՆԸ, ԳԱԱ
կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն ԲԱՂԴՈՒՂ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ և Տարածքային հետազոտությունների զարգացման կենտրոնի նախագահ ՍԱԹԵՆԻԿ ԲԱԴԵՅԱՆԸ:
«Էկոլուր» ՀԿ-ի տեղեկացմամբ, այս տարի Սևանի տարածաշրջանում կատարված ուսումնասիրությունները պարզել են, որ թե՛ սևանաբնակները, թե՛ Սևանա լիճն ունեն բազմաթիվ խնդիրներ: «Ամեն տարի կառավարության կողմից մոտավորապես 125 մլն դրամ է հատկացվում Սևանի ափամերձ տարածքների մաքրման համար, 60 մլն դրամ` իշխան ձկան պոպուլյացիայի (մանր ձկների բաց թողում) համար: Այցելելով շուրջ 40 համայնքներ, հասկացանք, որ ո՛չ ափամերձ տարածքներն են նորմալ մաքրվում, ո՛չ էլ իշխան ձկան պոպուլյացիան է նորմալ ընթանում: Իսկ համայնքների մասին խոսք չկա, նրանցից ոչ մեկը չի մասնակցել այդ ծրագրերին: Ստացվում է, որ ոչ ոք տեղյակ չէ` ո՞վ ինչպես է օգտագործում Սևանի ջրային պաշարները, ի՞նչ փողեր են աշխատում դրա հաշվին, ի՞նչ ծրագրեր են իրագործում, ի՞նչ որոշումներ են ընդունվում»,- ասաց Ի. Զառաֆյանը: Նա տեղեկացրեց, որ նկարահանել են մի ֆիլմ, որում արտացոլված են Սևանի բոլոր խնդիրները:
Բաղդուղ Գաբրիելյանի խոսքով` հարկավոր է Սևանի իշխանի պոպուլյացիայի համալիր մոտեցում` կառավարության կողմից, նաև` աշխատանքներ տարվեն գետերի վիճակը բարելավելու ուղղությամբ: «Եթե Սևանի ավազանը հանդիսանում է հատուկ զոնա ձկների բնական բազմացման համար, ապա, համապատասխանաբար, պետք է նաև հատուկ մոտեցում ցուցաբերվի գետերի նկատմամբ: Գեղարքունի և ամառային բախտակ ձկնատեսակները գետում ձվադրող իշխանի ենթատեսակներ են և պետք է բարձրանան գետերը: Բայց մեր ինստիտուտի կատարած ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ գետերի վիճակը գնալով վատանում է: Ես ինքս այցելել եմ մի քանի գետեր: Օրինակ, Կարճաղբյուրը, որը հիմնականում ամառային բախտակի և գեղարքունի ձկնատեսակների ձվադրավայրն է, ուղղակի գոյություն չունի: Գետի ափին սարքել են լճակներ, որտեղ բազմացնում են ծիածանափայլ իշխան, ինչը շատ վտանգավոր է մյուս ձկնատեսակների համար: Դա պետք է արգելվի, քանի որ այն օտարածին տեսակ է Սևանա լճի համար: Հեղեղումներից կամ ինչ-ինչ պատճառներով այդ ձկները փախչում, լցվում են Սևան և թողնում վատ հետևանքներ: Ի տարբերություն մեր այլ տեսակի ձկների, ծիածանափայլ իշխանը գիշատիչ է և կարող է վնաս պատճառել մյուս ձկնատեսակներին: Այդպիսի վիճակ է ոչ միայն Կարճաղբյուրում, այլև շատ ուրիշ գետերում: Տեղաբնակները գետերի հունը փորում են` պատճառաբանելով, որ հեղեղման ժամանակ ջուրը լցվում է տները»,- մտահոգվեց պարոն Գաբրիելյանը, բացատրելով, որ դա անթույլատրելի է: «Ես չգիտեմ` ո՞վ է թույլ տալիս այդ գետերի հունը փորել: Եթե ամեն գյուղ իր ձևով փորի և վերացնի ամբողջ էկոհամակարգերը, բնակչությունը կզրկվի և՛ իշխանից, և՛ կողակից ու բեղլուից»,- ասաց նա:
Տարածքային հետազոտությունների զարգացման կենտրոնի նախագահ Սաթենիկ Բադեյանի խորին համոզմամբ, ամբողջ խնդիրն այն է , որ չկա համալիր մոտեցում Սևանի խնդիրների նկատմամբ: «Չկա քաղաքական կամք, չկա համագործակցություն այն բոլոր կառույցների միջև, ովքեր շահագործում կամ օգտվում են Սևանա լճից: Վերջապես, չկա ոլորտին հատկացված ֆինանսական ռեսուրսների ճիշտ կառավարում»,- ընդգծեց նա:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ