Վերարտադրողական առողջության հայկական ասոցիացիայի տվյալներով, Հայաստանի հեռավոր մարզերում նախատեսվում է ստեղծել
գինեկոլոգիական տարբեր հիվանդությունների հետազոտման և բուժման կենտրոններ, քանզի, ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանի խոսքով, հեռավոր շրջաններում ապրող մարդկանց համար դժվար է ամիսը մի քանի անգամ երեք-չորս ժամանոց ճանապարհ կտրել` Երևանում բուժվելու համար:
Ըստ պլանավորման, նմանատիպ բուժկենտրոններ կստեղծվեն Գյումրիում, Գորիսում, ամենայն հավանականությամբ նաև` Վանաձորում:
«Պատրաստվում ենք Գյումրի գնալ և, տեղի առողջապահական հիմնարկների աջակցությամբ, սկսել այդ աշխատանքներն այնտեղ»,-ասաց Է. Համբարձումյանը: Նա նշեց, որ ասոցիացիայի ջանքերով անցյալ տարի նման կենտրոն ստեղծվեց նաև Արցախում և գինեկոլոգիական խնդիրներ ունեցող մոտ 80 տոկոս բնակչությունն այնտեղ արդյունավետ բուժում է ստանում:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ