ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Հայ զինվորը չպետք է երանգավորում ունենա»

«Հայ զինվորը չպետք է  երանգավորում ունենա»
20.11.2012 | 12:13

Ինչպես յուրաքանչյուր պատերազմ, ղարաբաղյան ազատամարտը նույնպես ծնեց իր հերոսներին ու ի հայտ բերեց ազգի նվիրյալ զավակներին: Լեոնիդ Ազգալդյանն ամեն ինչ ուներ հանգիստ ու անհոգ ապրելու, իր հասակակիցների նման կյանքի վայելքներին տրվելու համար: Հայրը կուսակցական բարձրաստիճան ղեկավար էր, մայրը` կիրթ ու մտավորական կին: Ընտանիքը նյութապես ապահովված էր: Ծնողները ոչինչ չէին խնայել իրենց երկրորդ զավակին բարձրագույն կրթության տալու, բազմակողմանիորեն զարգացած մարդ դաստիարակելու համար: Նա ուսումնառությանը զուգահեռ նաև լողի, բռնցքամարտի, ջրագնդակի պարապմունքների էր գնում, մարզվում ու պրկում էր մկանները ևս: Մռավյանի անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Լեոնիդն ընդունվել էր Մոսկվայի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի բաժինը, բարձր առաջադիմություն ուներ: Բայց ահա, կուսակցական բարձրաստիճան ղեկավարի զավակը, ի հեճուկս տիրող բարքերի ու բացահայտ արգելքների, ղեկավարում է Մոսկվայի հայ ուսանողների ցույցը` նվիրված հայոց Մեծ եղեռնի ճանաչմանը, ու կանգնում համալսարանից հեռացվելու փաստի առջև: Ծնողները խառնվում են գործին ու անհնազանդ զավակին տեղափոխում` ուսանելու Երևանի պետական համալսարանում, որն ավարտելուց ու թեկնածուական թեզը պաշտպանելուց հետո պատասխանատու աշխատանքներ է կատարում մի շարք գիտահետազոտական հաստատություններում, դասավանդում մայր բուհում:
...Ղարաբաղյան շարժման սկզբնավորման առաջին օրից Լեոնիդ Ազգալդյանը, թողած իր սիրած զբաղմունքն ու անձնական կյանքը, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցեց ազգային-ազատագրական պայքարին, գործուն դեր ունեցավ ազգի սրբազան իղձերն ու արժանապատվությունը ամեն տեսակի ոտնձգություններից զենքը ձեռքին պաշտպանելու գործում: Համագործակցելով հանրապետական կուսակցության և Անկախության բանակի հիմնադիր, երջանկահիշատակ Աշոտ Նավասարդյանի հետ, մեծ չափով նպաստեց անկախության բանակի կազմավորմանը, երբեք չհավակնելով կուսակցական գործիչ լինելուն: Երդվյալ անկուսակցական լինելն էլ հետագայում պատճառ դարձավ նրանց բաժանման, քանի որ Նավասարդյանն առաջարկեց մտնել կուսակցության մեջ: Լեոնիդն առանձնացավ և ձեռնամուխ եղավ ազատագրական բանակի ստեղծմանը: Հեռատես ու բանիմաց հայորդին ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրից բարձրաձայնում էր, որ մեզ լուրջ փորձություններ են սպասում, քանզի ադրբեջանցիները հեշտությամբ չեն հրաժարվի Ստալինի կողմից իրենց նվիրաբերված բնիկ հայկական տարածքներից ու ոչինչ չեն խնայի Արցախը նույնպես Նախիջևանի բախտին արժանացնելու, հայաթափելու և սեփականացնելու համար: Պատահական չէ, որ դեռևս խորհրդային բռնապետության օրերին նա զենքեր պատրաստելու, ադրբեջանցիների կողմից մեզ պատերազմ պարտադրելուն պատրաստ լինելու բացահայտ կոչեր էր անում: «Ձեռքերը թափահարելով և ճառեր ասելով Արցախը պահել հնարավոր չէ»,- կրկնում էր նա, հընթացս իր շուրջը համախմբելով համալսարանական ու լազերային ինստիտուտի ընկերներին, ֆիզիկոս-գիտնականներին և սկսելով ինքնաշեն զենքերի արտադրությունը: 1990 թ. փետրվարից Ազգալդյանը վարել է անկախության բանակի հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում` Նյուվադիի ազատագրմանը: Հետագայում Ազգալդյանն իր ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես կապել է արցախյան ազատամարտի հետ. սկզբում գործելով Գետաշենի և Շահումյանի, այնուհետև Մարտակերտի շրջաններում: Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թ. հունիսին ֆրանսահայ ազատամարտիկ Հովսեփ Հովսեփյանի («Պարոն Հովսեփ») հետ ստեղծեց «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին միտված շարժումների շղթայում:
Ահա թե ինչպես է հիշում փառապանծ հրամանատարին ջոկատի մարտիկ, այսօր «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար, մասնագիտությամբ կիբեռնետիկ, հոգով ու էությամբ բանաստեղծ-երաժիշտ, ազգային պարարվեստի երախտավոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԸ. «Ես ազատագրական բանակին անդամագրվեցի Ազգալդյանի զոհվելուց մեկ ամիս հետո: Նա չկար, բայց բանակն ապրում ու շնչում էր նրա ոգով: Եթե մի բան անում էինք, անպայման խորհրդակցում էինք, թե Ազգալդյանն ինչպես կվարվեր: Նրա տված հանձնարարականները մինչև պատերազմի ավարտը բոլորիս համար ուղեցույց էին: Իհարկե, մինչև ջոկատին անդամագրվելը, ես ճանաչում էի Ազգալդյանին, գիտեի նրա անցած ճանապարհը»:
1988 թվականին նա չմասնակցեց միտինգներին, այլ ուղղակի կանգնեց, լսեց ու ձեռքը թափ տալով հեռացավ` ասելով, որ այս պայքարը զինված պայքարի է վերածվելու: Իր մարգարեական հեռատեսությամբ, իմաստուն ու ազգային հոգեկերտվածքով հայորդին հեռացավ աղմկահարույց միտինգներից, ինչպես ավելի քան մեկ դար առաջ պատկերավոր ասել էր Բեռլինի կոնգրեսից հիասթափված ու ձեռնունայն վերադարձած Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկը` «Երկաթե շերեփ», ասել է` զենք ստեղծել: Առաջին ինքնաշեն զենքերը հենց նա էլ ստեղծեց: Հայերը, երկար տարիներ լինելով Խորհրդային Միության կազմում, զրկված էին զենք ունենալուց, որպեսզի կարողանային մարտնչել Արցախում: Եթե չլինեին Ազգալդյանի այդ ձեռնարկումները, միգուցե այդ շարժումը դատապարտված լիներ: «Այս երկրում` մերօրյա Հայաստանում, ավելի թանկ արժեք ունեցող երևույթ չկա, քան կամավոր զինվորագրված հայ տղան»,- սիրում էր կրկնել Ազգալդյանը:
Նա ջոկատում խիստ կարգուկանոն էր սահմանել` չծխել, չխմել, զենքը միշտ ձեռքին պահել: Պատահական չէ, որ Ազգալդյանի հրամանատարության 4 տարիներին զոհվել է ընդամենը 6 զինվոր, իսկ նրա գլխավորած ջոկատն ազատագրել է 27 բնակավայր: Գ. Գինոսյանի համոզմամբ` հենց Լեոնիդ Ազգալդյանն է Նժդեհի հոգեզավակը: Նա ոչ միայն զինվոր է կերտել, այլև ՀՀ քաղաքացի: Նրա ջոկատում լինելը պատիվ էր ու մեծ դպրոց, որտեղ թրծվել են նաև հայոց բանակի ապագա բազմաթիվ սպաներ:
«Լաչինի ազատագրումից հետո,- շարունակում է Գինոսյանը,- Լեոնիդ Ազգալդյանն ասել է, որ այս հաղթանակները կհավասարվեն զրոյի, եթե այս ամենի հետևում կանգնած չլինի հայոց կանոնավոր բանակը: Լ. Ազգալդյանն իր անկուսակցական լինելու սկզբունքին հավատարիմ է մնացել մինչև կյանքի վերջը: Արտասահմանցի լրագրողի` Ազգալդյանին ուղղված հարցին, թե նա ինչ գույնի է, այսինքն` ինչ կուսակցության է հարում, հայրենասեր հայորդին ծնկաչոք վերցրել է մի բուռ հող և ասել, որ դա է իր գույնը. հայ զինվորը չպետք է երանգավորում ունենա»:
Գ. Գինոսյանը հիշում է Ազգալդյանի մարգարեությունը. «Եթե ուզում եք, որ Արցախը վերամիավորվի Հայաստանին, ապա պետք է ազատագրել Քելբաջարը»: Քելբաջարի ազատագրումը տեղի է ունենում արդեն Լ. Ազգալդյանի մահից հետո: Գործողության իրականացումը ղեկավարում էր մեր ժողովրդի մյուս նվիրյալ զավակը` Մոնթե Մելքոնյանը, Ազգալդյանի կազմավորած ջոկատի տղաների ակտիվ մասնակցությամբ: Գինոսյանը հիշեց Ազգալդյանի խոսքերը` ազատագրված տարածքները սակարկման ենթակա չեն: Նա համոզված էր, որ ով կորցնի Արցախը, նա էլ կկործանվի: ՈՒ, կրկնելով իր մեծ հայրենակցի` Դրաստամատ Կանայանի խոսքերը, ասում էր` Արցախը նրանն է, ում պատկանում է Շուշին:
Գինոսյանը պատմեց Լ. Ազգալդյանի հետ կապված հիշարժան դեպքեր ևս. մեքենայով գնալիս տղաներից մեկն օդում արծիվ է տեսել և ցանկացել է կրակել: Լեոնիդը զենքն իջեցրել է ու ասել. «Երբե՛ք ոչ մեկի ճախրանքը մի ընդհատեք, առավել ևս, որ այդ թռչունը նաև Հայաստանի զինանշանի վրա է»: «Մեկ ուրիշ անգամ,- շարունակում է Գինոսյանը,- ջոկատի տղաներից մեկը, պարապությունից, թե ինչից, կրակել ու սպանել էր դաշտում հայտնված կրիային: Ազգալդյանը կանչել էր զինվորին ու, զսպելով մեջը կուտակված զայրույթը, ցածրաձայն հարցրել. «Դու քանի՞ տարի ես ապրելու»: «Մի 60-70»,- վախվորած քրթմնջացել էր տղան: «Իսկ գիտե՞ս կրիան քանի տարի է ապրում»,- հանգիստ հարցրել էր հրամանատարն ու ինքն էլ պատասխանել իր հարցին,- մի երկու-երեք հարյուր տարի, այսինքն` 3 դար, դառնալով այս բնության մի մասը, լուռ ու անվրդով վկան, իսկ դու նրան զրկեցիր կյանքից: Բա կարելի՞ է: Գնա, այս անգամ ներում եմ: Մենք այստեղ եկել ենք ոչ թե սպանելու, այլ հաղթելու, արժանապատվորեն ապրելու ու ապրեցնելու համար, էլ չկրկնվի»։
«Լեոնիդ Ազգալդյանի գերնպատակը պատերազմի դաշտում մարդկային անխուսափելի կորուստների թիվը նվազագույնի հասցնելն էր, -շարունակում է Գինոսյանը։- «Շատ քրտինք` քիչ արյուն»,- ասում էր նա ու ինքն էլ անձամբ ղեկավարում զինվորների մարզումն ու զինպատրաստության պարապմունքները: Յուրաքանչյուր զինվոր նրա համար անչափ թանկ էր, յուրաքանչյուր կորուստ շատ ծանր էր տանում: Այդ պատճառով էլ ցանկացած գրոհի ամենամանրակրկիտ ձևով էր պատրաստվում` լավագույնն ընտրելու համար, հնարավոր բոլոր տարբերակները, թշնամական դիմադրության ուղղություններն ու ձևերը հաշվարկելով: Ազատ ժամերին ռազմարվեստ էր ուսումնասիրում, հետը գրքերի մի ամբողջ պայուսակ էր ման տալիս, պատեհ առիթը բաց չթողնելով` ընթերցում: Յուրաքանչյուր զինվորի հիմնովին բացատրում էր մարտական գործողության բոլոր մանրամասները, հաղթելու և առաջ շարժվելու միջոցները: Պատահական չէ, որ այս խիստ, պահանջկոտ, միաժամանակ անսահմանորեն բարի հրամանատարն իր բոլոր մարտիկների կուռքն էր: Նրա բանակի կարգապահության հիմքում, Նժդեհի բառերով ասած, գիտակցական կարգապահություն կար: Այսինքն` երբ զինվորը հասկանում էր իր կարգապահ լինելու առաքելության կարևորությունը, նրան պետք չէր պարտադրել կարգապահություն»:
Գինոսյանի խոսքերով` եղել են դեպքեր, երբ Լեոնիդը զինվորին դիրքերում տեսել է քնած, արթնացրել է նրան ու հրամայել «գնալ քնելու»` վերջինիս փոխարեն անձամբ հերթապահելով դիրքում:
Զինվորը հաջորդ անգամ ամեն ինչ անում էր նման վիճակում չհայտնվելու համար: Նա շատ ավելի ուշիմ էր լինում, ամոթից չգիտեր, թե ուր գնար, ոչ թե ասում էր` ինչ լավ ա, գնամ քնեմ: Այսինքն` երբ քո զորավարն իրոք բարոյական նկարագիր ունի, դա քեզ համար ավելի քան ապտակ է, ավելի քան պատիժ է: Սա իրական մեծ զորավարի խնդիր է. հզոր մարդը վատ լինելու, չար լինելու, պատժաբեր լինելու խնդիր չունի: Սա պիտի ընդօրինակման առարկա դառնա խստությունն ու կոպտությունը ինքնահաստատման ու դաստիարակության միջոց դարձրած մեր շատ վայ-հրամանատարների համար:
Լեոնիդ Ազգալդյանի մեծությունն ամեն ինչում էր արտահայտվում. նա մարմնով առողջ էր, հոգով հզոր, մտքով իմաստուն, իսկական Վերածննդի շրջանի անձ` այրական գեղեցկությամբ և հին սպարտացիների արքաների անունով, որը հպարտությամբ էր կրում: Խորհրդավոր էր նաև «ազգ» արմատով ազգանունը` նրա համար ամենասուրբ բառը: Նա պաշտում էր իր ժողովրդին, իր հայրենիքը: Վերջինս նրա համար ժամանակակից Հայաստանի սահմաններով չէր ավարտվում: Ազատագրելով Արցախը` նա մտովի ազատագրում էր նաև Կարինն ու Վանը, Կարսն ու Էրզրումը, ողջ պատմական Հայաստանը: Նա սիրում էր կրկնել. «Մի՛ հավատացեք, եթե ասեն, որ մահացել եմ: Ես Իսթամբուլի պարիսպների տակ եմ ընկնելու»:
Մարտական ընկերները մեծ հաճույքով մեջբերում են նրա մյուս թևավոր խոսքը Արցախի մասին, որը Լեոնիդը կարողացավ ապացուցել անգամ զոհվելու գնով. «Սա Հայաստան է և վերջ… Ո՛չ ոք չի կարող ասել, որ սա Հայաստան չէ, ո՛չ ոք իրավունք չունի սա վաճառքի դնելու, փոխանակման դնելու, հանձնման դնելու: Ո՛չ մի գաղափարով չի կարելի արդարացնել Շահումյանի, Գետաշենի, Արցախի, ինչպես նաև մնացած հայոց հողերի հանձնումը»։
«Ազատագրական բանակի» մեկ այլ զինվոր` ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ, հավելում է. «Ինչպես Զանգեզուրը պահելուն և թուրքի հերթական բռնազավթման նկրտումներն ի դերև անելուն ենք պարտական մեծն Նժդեհին, այնպես էլ ազգային գաղափարի անմնացորդ նվիրյալ Լեոնիդին ենք պարտական Քելբաջարի ամբողջ տարածքի ազատագրման համար: Երկար տարիների զինվորական լուրջ աշխատանքի շնորհիվ բոլոր մանրամասնություններով հանդերձ, իր նախապատրաստած ծրագրի իրականացմամբ, հրամանատարի զոհվելուց հետո անգամ, նրա դաստիարակած զինվորները փայլուն գործողությամբ, չնչին կորուստներով ազատագրեցին պատմական Քաշաթաղը: Լեոնիդն է մեր փոքրիկ Արցախ աշխարհը հայրենիքին միացնելու նպատակով կատարված հաջող այս ռազմական գործողության պատմական հեղինակը»:
«Շփվելով հետը` ես զարմանում էի նրա այդքան գիտակ լինելով, նրա պատրաստվածությամբ: Այն, որ Լեոնիդը գիտնական էր, խելացի, դաստիարակված, մտավորական ընտանիքի զավակ, ես գիտեի, բայց որ ռազմարվեստին էլ էր տիրապետում, ինձ համար թե՛ զարմանալի էր, թե՛ ուրախալի: Զինվորական կրթություն և ռազմական գործողություններ վարելու փորձ չունենալով` Լեոնիդը կարճ ժամանակում, այն էլ` ծայրահեղ պայմաններում, կարողացավ անել այն, ինչը ռազմական շատ գործիչներ տարիների ընթացքում կանեին: Ռազմական ակադեմիական գրականություն ուսումնասիրելով, Ազգալդյանը ոչ միայն ամենալավն ընտրեց, այլև ստեղծեց իրենը` նորն ու արժեքավորը, ես կասեի` իր դպրոցը: Նրա կերպարը մեզ համար որպես օրինակ էր ծառայում: Եվ այսօր շատ կարևոր կլիներ, որ նրա փորձը մեր բանակում ուսումնասիրեին: Իսկ թե ինչու մինչև այսօր Ազգալդյանը չի արժանանում հայրենիքի բարձրագույն կոչմանը, ինձ համար անհասկանալի է»:
Սա, ինչպես նաև այն, որ Լեոնիդ Ազգալդյանն իրենից հետո թողել է փորձառու հրամանատարների մի ամբողջ սերունդ, արցախյան գոյամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի` Կոմանդոսի զուսպ գնահատականն է մարտընկերոջը:
Լեոնիդ Ազգալդյանը 1992 թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ մղված մարտերում զոհ գնաց թշնամու դավադիր գնդակին, կիսատ թողնելով երազանքների ու ծրագրերի մի զգալի մասը։


Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2250

Մեկնաբանություններ