ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Ինքնաբավ երկիր ենք, բայց մթերքի 85 տոկոսը դրսից ենք ներկրում

Ինքնաբավ երկիր ենք, բայց մթերքի 85 տոկոսը դրսից ենք ներկրում
18.10.2012 | 12:49

«Յուրաքանչյուր երկիր պետք է կարողանա իրեն ապահովել այս կամ այն սննդամթերքով, որպեսզի հարկ եղած դեպքում բնակչությունը սոված չմնա: Տարբեր մթերքների բնագավառներում մենք համարվում ենք ինքնաբավ պետություն, թեև մթերքների մեծ մասը ներկրում ենք: Մենք խնդիր ունենք ներկրող երկրից դառնալու արտահանող երկիր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: «Ինչպե՞ս է պետք կերակրել Հայաստանի բնակչությանը» թեմայի շրջանակներում, որը նվիրված էր Սննդի համաշխարհային օրվան, Մ. Հակոբյանն ու ասոցիացիայի մարկետինգի և մոնիթորինգի բաժնի պետ Ֆրունզե Հայթյանը ներկայացրին մթերքի բնագավառում իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները:

Հայկական շուկան այսօր տեղական որոշ մթերքների առումով գերհագեցած է: Օրինակ, ձուն դրսից չի ներկրվում, այսինքն` պետք է մտածել ձվի արտահանման մասին: Իրացվող հացաբուլկեղենի 95-97 տոկոսը տեղական արտադրության են, կաթնամթերքի 95 տոկոսը ևս (իսկ 5 տոկոսը չոր կաթն ու յոգուրտներն են): Ինչպես Ֆ. Հայթյանն է հավաստում, կաթնամթերքի որակի հետ կապված առայժմ խնդիրներ չկան, եթե լինեն, ապա կտեղեկացվի:
Մսամթերքի 87-92 տոկոսը տեղական արտադրության է, բայց ոչ տեղական հումքով, այսինքն` ներկրված մսից պատրաստվում է մսամթերք և արտադրվում: Այդ հանգամանքը պարոն Հայթյանը նույնիսկ ուրախալի համարեց, որովհետև եթե մսամթերքը պատրաստվի միայն մեր տեղական մսով, ապա տեղական շուկայում մսի արժեքը կբարձրանա մոտ երկու անգամ, իսկ մսամթերքինը կդառնա 3000-ից ոչ պակաս (միջինը): Տեղական է և որակյալ նաև իրացվող թռչնամսի 65-70 տոկոսը, ներկրված բդիկների ինքնարժեքն ավելի ցածր է, և մարդկանց դա ավելի ձեռնտու է: Բայց վերջին տարիներին, երբ տեղական թռչնամսի տեսականին ավելացավ, արտադրողներն էլ գինը մի փոքր իջեցրին, մարդիկ սկսեցին տեղականը գնել, այդ իսկ պատճառով նվազեց նաև դրանց ներկրումը (նախկին 40-45 տոկոսի համեմատ այժմ արդեն 30 տոկոս է ներկրվում): Բնական հյութերից էլ ներկրվում է 60-65 տոկոսը: «Շատ ցավալի է այս փաստը, մենք 100 տոկոսով կարող էինք տեղական հյութեր իրացնել: ՈՒնենք արտադրողներ, հնարավորություն: Ցավոք, այսօր դրսից էժան հյութ են ներկրում: Ներկրողներն ապահովում են ավելի շատ շահույթ և շուկայում վաճառում են ի հաշիվ տեղականի: Եվ զարմանալին այն է, որ, հյութերը ներկրում են այն երկրներից (Բելառուս, ՈՒկրաինա), որտեղ ցիտրուսային մրգերի հետք անգամ չկա: Եթե դա ներկրվեր արևադարձային երկրներից, գուցե և հասկանալի լիներ»,- ասաց Ֆ. Հայթյանը: Մոտ 97 տոկոս կազմում են տեղական ըմպելիքները (լիմոնադ, հանքային ջուր): Իհարկե, վերջինս կողմ է, որ շուկայում բազմազանություն լինի, բայց` չափավոր:
Ալրային հրուշակեղենի արտադրության վիճակը Հայաստանում լավ է, սրա էլ մոտ 93 տոկոսն է տեղական, բայց քիչ չեն նաև անհայտ ծագմամբ տորթերը, թխվածքները, որոնք արտաքինից թեև շատ գեղեցիկ ու «համեղ» են, բայց հաճախ վաճառողներն իրենք էլ չգիտեն, որտեղից են և ինչ արտադրանքներ են: «Այ սա խնդիր է, որը պետք է անպայման լուծվի, որ մարդիկ իմանան` ում արտադրանքն են ուտում»: Շաքարային հրուշակեղենի արտադրությունը նույնպես լավ է զարգանում (տեղական է 80-85 տոկոսը), իսկ 15 տոկոսը ուկրաինական արտադրանք է: Շուկայում իրացվող ոգելից խմիչքների 65-70 տոկոսն է տեղական, 100 տոկոսով տեղական է շամպայնը, այն նաև արտահանվում է և որակի առումով ոչ մի խնդիր չունի: Իսկ օղիների 15-20 տոկոսը ներկրվում է դրսից: Դրանց մեծ մասը թանկարժեք խմիչքներ են, որոնք, ի դեպ, որպես կանոն, ժամանակի ընթացքում կեղծվում են: Ըստ Ֆ. Հայթյանի, ամենացավալին գարեջրի 25-30 տոկոս ներկրումն է, որը շատ բարձր տոկոս է ամենաանհրաժեշտ և շատ օգտագործվող մթերքների ցուցակում, իսկ նման բարձր տոկոսները կործանարար են մեր շուկայի նման փոքրիկ շուկայի համար:
Փաստորեն, մենք համարվում ենք ինքնաբավ երկիր, բայց, զարմանալիորեն, մթերքի 85 տոկոսը դրսից ենք ներկրում: Չգիտես ինչու իրացնում ենք օտարի մթերքը, և չգիտես ինչու ժողովուրդը նախապատվությունը տալիս է օտարի արտադրանքին: Ինչո՞վ ենք մենք պակաս օտարից: Հարցեր, որոնց ոչ ոք չի կարողանում պատասխանել:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2432

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ