ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Ժողովո՛ւրդ, Հայաստանում ոչինչ չի փոխվել

Ժողովո՛ւրդ, Հայաստանում ոչինչ չի փոխվել
14.10.2012 | 13:37

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գործակալության պետ Միշա Վանյանին աշխատանքից հեռացնելուց հետո ես մտահոգված էի ծանոթներիցս մեկի համար: Մեկ տարի առաջ, ունենալով առողջական լուրջ խնդիրներ, նա դիմել էր այդ գործակալությանը` հաշմանդամության կարգ ստանալու խնդրով: Հարցը լուծվել էր «ընդունված կարգով»` 15 հազար ՀՀ դրամ կաշառքով: Այժմ մոտեցել էր երկրորդ հետազոտության ժամանակը, և նա պետք է կրկին դիմեր ԲՍՓ գործակալությանը` հաշմանդամության կարգը վերահաստատելու խնդրով: Հաշմանդամության կարգի վերահաստատումն այդ մարդու համար կենսականորեն կարևոր էր, քանզի նա ուներ (և ունի) ոչ միայն լուրջ առողջական, այլև գոյատևման, օրվա հացի խնդիր. հոգալու համար պարզապես անհրաժեշտ էր չզրկվել այդ չնչին թոշակից:

Իմ սեփական փորձից (այս մասին քիչ ավելի ուշ) դատելով` գիտեմ, որ ԲՍՓ-ի բարեհաճությանն արժանանալու և հաշմանդամության կարգ ստանալու համար կամ պետք է վճարես սահմանված կաշառքի չափաբաժինը, կամ պետք է քեզնից ինչ-որ «վտանգ» ներկայացնես, որպեսզի հանձնաժողովը զգուշանա կաշառք պահանջելուց ու լուծի խնդիրներդ` առանց չպատճառաբանված մերժումի:
Ինչևէ, օրեր առաջ զանգահարեցի ծանոթիս և անհանգստացած հարցրի, թե լուծվե՞ց արդյոք հաշմանդամության կարգի վերահաստատման հարցը: Զգուշացրի, որ հանրապետությունում սկսված բացահայտումներից, կաշառակերության մեղադրանքով կատարված ձերբակալություններից, հատկապես Միշա Վանյանի դեպքից հետո բացառվում է ԲՍՓ-ին կաշառելու ճանապարհով որևէ հարց լուծելու տարբերակը: Ծանոթս փարատեց իմ բոլոր անհիմն անհանգստությունները: «Հաշմանդամության կարգս վերահաստատվել է, ես կշարունակեմ թոշակ ստանալ»,- ասաց նա նախանձելի անտարբերությամբ: Ես ներքին մի ուրախություն ապրեցի այն մտքից, որ մեր երկրում իսկապես սկսել է իր դժվարին ուղին հարթել արդարությունը: Բայց ի՞նչ եք կարծում, մեր իրականության մեջ նման իդեալիստական գաղափարները կարո՞ղ են հաջող քննություն բռնել: Ո՛չ: Քանզի մենք ապրում ենք տոտալ ռեալիզմի պայմաններում, իսկ այդ ռեալիզմը շատ դժվար է հանձնվում իդեալիզմի կործանարար ներազդեցություններին:
Եվ այսպես. ծանոթս ինձ ներկայացրեց իր հաշմանդամության կարգի վերահաստատման պարզ, առօրեական համայնապատկերը: Մինչև հանձնաժողովին ներկայանալը նա սեփական հավաստի աղբյուրներից տեղեկացել էր, որ ոչ մի դեպքում չի կարելի հանձնաժողովին դիմումը հանձնելիս ունենալ որևէ ուղեկից (անհրաժեշտ է գործել անտեր, անպաշտպանի տպավորություն), ինչպես և չի կարելի ներկայանալ ինքնավստահ, կասկածելիորեն խելամիտ մարդու կեցվածքով (այդպիսիները քննություն չեն բռնում զգուշավոր բժիշկների աչքում): Այս երկու նախապայմանների առկայության դեպքում արդեն կարելի է խոսք բացել կաշառքի մասին, վճարել այն և ստանալ «բաղձալի» վճիռը` դու հաշմանդամ ես:
Անհրաժեշտ նախապատրաստություններից հետո ծանոթս արժանացել է ԲՍՓ-ի վստահությանն ու լուծել հարցը: Բայց այս անգամ ոչ թե 15, այլ 30 հազար ՀՀ դրամ կաշառքով: Դե՜, հասկանալի է, հանրապետությունում ռեպրեսիաներ են սկսվել, կաշառակերներին ոչ միայն բացահայտում, այլև ձերբակալում են: Արժե՞ ինչ-որ խղճուկ 15 հազարի համար վտանգել սեփական պատիվն ու ազատությունը:
Երբ զարմացած իմ շրջապատում պատմում էի այս տրագիկոմիկական պատմությունը, շատ ուրիշներից ևս լսեցի համանմանները: Բայց քանի որ կաշառք տալու-վերցնելու համաշխարհային «բարձր» մշակույթը գործում է նաև Հայաստանում, ուստի հասկանալի է, որ այդ մշակույթի կրողները, սրբորեն պահպանելով սահմանված ձևաչափը, կաշառք տալիս-վերցնում են` առանց վավերացնելու այդ կարևորագույն գործարքը որևէ փաստաթղթով։ ՈՒստի ես հստակ գիտակցում եմ, որ թե՛ վերաթոշակավորված ծանոթիս, թե՛ ինձ հանդիպած մյուս կաշառատուների և կաշառակերների պատմությունները դատարկ շաղակրատանքից այն կողմ չեն անցնում, ու ես չեմ կարող այդ պատմությունները հիմնավորել և հետամուտ լինել, որ դրանց քննությանը տրվի օրինական ընթացք:
Բայց եթե մեր հանրապետությունում կա որևէ կառույց, որևէ շահագրգիռ կողմ, որ դեմ չէ բարձրացված խնդրով զբաղվելուն, ապա ես սիրով և պատրաստակամությամբ կտրամադրեմ իմ ձեռքի տակ եղած փաստաթղթերը և կպատմեմ իմ մայրիկին հաշմանդամության կարգ չհատկացնելու զավեշտալի պատմությունը:
ԲՍՓ-ի Էրեբունու տարածքային հանձնաժողովը, իմանալով, որ ես լրագրող եմ, մեկ անգամ արդեն դրական լուծում էր տվել իմ դիմումին` կապված մահացած հորս ունեցած արտոնությունները մորս փոխանցելու հետ: Երբ տարիներ հետո դիմեցի մորս համար հաշմանդամության երկրորդ կարգ ստանալու խնդրով, նրանք ո’չ մերժեցին, ո’չ բավարարեցին դիմումը: Շառից-փորձանքից հեռու մարտավարությամբ մեզ ուղարկեցին Նորք-Մարաշ` ներկայանալու ԲՍՓ-ի հանրապետական հանձնաժողովին և այնտեղ ստանալու մեր դիմումի վերջնական պատասխանը:
Բնականաբար, մեզ մերժեցին, քանի որ ոչինչ չգիտեին իմ ով լինելու մասին: Փոխարենը հստակ գիտեին, որ իրենց կաշառելու փաստ իմ կողմից չի արձանագրվել:
Մայրս, ունենալով մի քանի ծանր հիվանդություն, չարժանացավ հանձնաժողովի «հավանությանը»: ՈՒ բնական է, որ ես չհամակերպվեցի այդ իրողության հետ: Հանձնաժողովի մերժման մասին տեղեկացրի արդեն 12 տարի մորս բուժող բժշկին` սրտաբանության բնագավառում մեծ ճանաչում և վաստակ ունեցող, իմ կողմից խորին հարգանքի արժանի մասնագետին` Վիկտոր Ռուբենի Տեր-Գրիգորյանին: Որպեսզի իմ դժգոհությունը ԲՍՓ-ի կայացրած վճռի առնչությամբ սոսկ մորս առողջությամբ մտահոգ դստեր ծայրահեղ դրսևորում չդիտվի, ուղղակի մեջբերեմ հարգարժան բժշկի մեկնաբանությունը մորս հաշմանդամության երկրորդ կարգ չտված հանձնաժողովի մասնագետի վերաբերյալ: «Այդ մարդը կամ տգետ է, կամ սրիկա: Տգետն էլ ասում եմ, որպեսզի մի փոքր վերապահումի տեղ թողնեմ սրիկա ասելուց առաջ»,- ուղղակի ասաց Վ. Տեր-Գրիգորյանը:
Արդ, եթե մորս պատմությունը կհետաքրքրի պատկան կառույցներին, ես պատրաստ եմ տրամադրելու իմ ձեռքի տակ եղած բոլոր փաստաթղթերը, մորս կրկին ներկայացնելու բժշկասոցիալական գործակալության քննությանը և ստանալու տարիներ առաջ ստացած մերժումի բոլոր հնարավոր հինավորումները:
Իսկ մինչ այդ, ժողովո՛ւրդ, առաջարկում եմ թուլանալ և չտրվել պատրանքների գայթակղությանը: Հայաստանում ոչինչ չի փոխվել: Ընդամենը բարձրացել է կաշառքի սանդղակը:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2260

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ