Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Շուրջպարեր» կովկասյան «վառոդի տակառի» շուրջ

«Շուրջպարեր» կովկասյան  «վառոդի տակառի» շուրջ
10.07.2012 | 12:23

Եթե հին Հունաստանում առեղծվածային, անըմբռնելի, սակայն վեհապանծորեն առինքնող աշխարհակտորի` Կովկասի շուրջ բազում առասպելներ էին հյուսվում աստվածների ու հերոսների մասին, ապա այսօր վեհ պոետականությանը փոխարինելու է եկել չոր իրատեսությունը: Սակայն վերջին տասնամյակների ընթացքում Կովկասն իր վրա է հրավիրում զորեղ տերությունների ուշադրությունը: Մինչև 16-րդ դարը Կովկասի համար իրար միս էին ուտում Պարսկաստանն ու Թուրքիան, հետո տարածաշրջանը գրավեց Մոսկվայի ուշադրությունը: Ապա նրա «յուրացմանը» սկսեցին միանալ նաև այդ լեռներից շատ հեռու ընկած երկրներ: Այսպես, 19-րդ դարում Անգլիան Կովկասը հայտարարեց բրիտանական կենսական շահերի գոտի, ընդլայնվող ռուսական նվաճողականության դեմ պայքարի մեջ ներգրավեց Ֆրանսիային, Թուրքիային և ստացավ Ավստրիայի աջակցության հավաստիացումը: Այն ժամանակ առաջին անգամ ծնունդ առավ տարածաշրջանում իսլամական «բաժանարար» պետություն ստեղծելու գաղափարը` գործի դնելով իսլամական գործոնը և օգտագործելով լեռնցիների դիմադրությունը:
Հայտնի է, որ պատմությունն այս կամ այն կերպ կրկնվելու առանձնահատկություն ունի, ու թվում է, Արևմուտքի ներկա քաղաքականությունը խիստ հիշեցնում է այն տարիների գործելաոճը: Չէ՞ որ քաղաքական առումով Կովկասը` Եվրոպայի, Ասիայի ու Մերձավոր Արևելքի խաչմերուկը, չի կարող չլինել ընդհանուր աշխարհաքաղաքական գործընթացների և նոր համապարփակ խաղերի կարևորագույն բաղկացուցիչ: 1997-ին ԱՄՆ-ի Կոնգրեսը Կովկասը հայտարարեց ԱՄՆ-ի կենսականորեն կարևոր շահերի գոտի, և ամերիկացիներն սկսեցին վարել Կովկասից, Կասպյան ավազանից և Միջին Ասիայից Ռուսաստանի դուրսմղման քաղաքականություն, ինչը պաշտպանեցին ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակիցներն ու Մերձավոր Արևելքի միապետական վարչակարգերը: Նկատենք, որ անգամ Օբամայի և Մեդվեդևի «վերաբեռնման» տարիներին ծավալված «կովկասյան ճակատամարտը», ըստ էության, չի փոխվել: Եվ դա հասկանալի է, որովհետև աշխարհի ներկա նոր վերաբաժանման գործում և տնտեսական գերակայությունների ու ռեսուրսների համար մղվող կոշտ պայքարում առանձնակի նշանակություն է ստանում Կովկաս-կասպյան-կենտրոնասիական տարածաշրջանը: Եվ այն, որ բազմաթիվ հիմնական հաղորդուղիներ անցնում են կամ պետք է անցնեն այստեղով, խոշորագույն տերությունների վաղեմի դիմակայությունը նոր աննախադեպ մակարդակի է բարձրացնում: Իսկ մենք Հայաստանում հիանալի ենք հասկանում, թե տարածաշրջանի և հատկապես մեր երկրի վրա ինչ են նստել նախկին «շուրջպարերը» կովկասյան «վառոդի տակառի» շուրջ: Պետք չէ մոռանալ, որ մինչև հիմա էլ օրախնդիր է պատմական շատ անհատականությունների ու քաղգործիչների կարծիքն այն մասին, որ Կովկասի նվաճման բանալին Հայաստանն է: Այնպես որ, ակնհայտ է, որ ինչպես Հարավային, այնպես էլ Հյուսիսային Կովկասում իրադարձությունները ոչ միայն չեն հանդարտվում, այլև նոր վճռական փուլ են թևակոխում: Ընդ որում, հարկ է նշել, որ ռուսական «կովկասյան քաղաքականությունը» ոչ միայն տեղապտույտ է տալիս, այլև ճիշտ հակառակ ուղղությամբ է ընթանում: Որպես հետևանք, տարածաշրջանի նկատմամբ պատշաճ և, գլխավորը, համարժեք ու խելամիտ ուշադրության բացակայությունը հանգեցրել է այն բանին, որ Ռուսաստանը քիչ էր մնում լրիվ կորցներ այստեղ իր ազդեցությունը (մի քանի առայժմ ռուսական «կղզյակներ» կարող են արագորեն կորցնել իրենց գործառույթներն ու համակրանքը «թշնամական շրջապատում»): Սակայն, ինչպես վկայում են վերջին հարյուրամյակները, Ռուսաստանը երբեք Կովկասում աչքի չի ընկել ո՛չ իրավիճակի ընկալման նրբությամբ, ո՛չ տեղի բնակչության նկարագիրը հասկանալու ցանկությամբ: Նա գրեթե միշտ նախընտրել է հարցերը լուծել «սապոգի մեթոդով», այլ բան է, որ դա մեծ մասամբ դժվարությամբ է տրվել: ՈՒ եթե Հարավային Կովկասի նոր պետություններում կովկասյան փոխադրական միջանցքի «անվտանգության գոտու» ստեղծման, ինչպես նաև այդ երկրների վրա ռուսական ազդեցության զգալի նվազեցման հետ (Հայաստանի, ըստ էության, «կղզիական» դրությունը անխուսափելիորեն, վաղ թե ուշ, կանդրադառնա նրա կողմնորոշման վրա) Մոսկվան, եթե ոչ խոսքով, ապա գործով հաշտվել է, ապա դրամատիկ իրադարձությունները Հյուսիսային Կովկասում, կարծես, դեռ վերջ չունեն:
Հանուն արդարության պետք է նշել, որ «Ընդհանուր Կովկաս» արևմտյան պլանի սպառնալիքը Մոսկվայում եթե լիովին չեն գիտակցում, ապա բնազդորեն հասկանում են և ջանում խլել նախաձեռնությունը: Այսպես, Մոսկվայում կանոնավորապես գիտաժողովներ են անցկացվում «Կովկասը մեր ընդհանուր տունն է» թեմայով: Սակայն ռուսները, կարծես, զեկուցումներից ու խրոխտ զեկույցներից այն կողմ դեռ չեն անցնում: Ավելին, Մոսկվայի վերջին գործողությունները գալիս են հիշեցնելու, որ դաշնային պաշտոնյաները պատկերացում չունեն Հյուսիսային Կովկասի իրավիճակի մասին, որ նրանք այդպես էլ իրենց նեղություն չեն տալիս հասկանալու այդ ինքնատիպ տարածաշրջանը, որի հանդեպ պետք է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել: Ռուսաստանի ուժային գերատեսչությունները շարունակ զեկուցում են ահաբեկչության և հյուսիսկովկասյան ընդհատակյա ավազակախմբերի դեմ պայքարում իրենց հաջողությունների մասին։ Նշվել է, որ վերջին շրջանում Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգի տարածքում անցկացվել են հիսունից ավելի հակաահաբեկչական և 4,5 հազարից ավելի օպերատիվ մարտական միջոցառումներ։ Այդուամենայնիվ, ոչ ոք պատասխան չի տալիս, թե ինչո՞ւ է հերթական «ավազակախմբի» ոչնչացումից հետո պատերազմի աշխարհագրությունը միայն ընդլայնման կայուն միտում դրսևորում։ Ավելին, ինչո՞ւ է այդ բոլոր «հաջողություններից» և լրատվամիջոցներում սպանվածների լուսանկարների ցուցադրություններից հետո ահաբեկիչների թիվը գնալով ավելանում։ Ինչո՞ւ է կովկասյան խնդիրը տասնամյակներ հետո էլ մնում ոչ միայն սուր, այլև քիչ կանխատեսելի։
Նշենք ևս մեկ հանգամանք։ Ամենայն հավանականությամբ, Կրեմլում կարծում էին, թե փողը ցանկացած սոցիալական և ազգային խնդրի լուծման ամենակարող միջոցն է։ Մշակվեց «Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգի մինչև 2025 թ. սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությունը», սկսվեց դրա ակտիվ ֆինանսավորումը։ Ինչպես միանգամայն արդարացիորեն նշվում է Ռուսաստանի քաղաքական շրջանակներում, «Կովկասը կարիք ունի փողի, մասնագետների ու տեխնոլոգիաների», թեև դժվար է հիշել մեկ այլ ռուսական տարածաշրջան, որն այդ ամենի կարիքը չունենար։ Այստեղ, իրոք, գործազրկության տոկոսն ամենաբարձրն է, «բարեկեցիկ» Չեչնիայում այն հասնում է 50 %-ի (միակ բանը, ուր Հյուսիսային Կովկասն առայժմ «անկարոտ» է` ժողովրդագրությունն է. ծնելության բարձր և մահացության ցածր մակարդակով նա շատ առաջ է Ռուսաստանի մյուս շրջաններից)։ Սակայն դրամական խոշորածավալ ինտերվենցիայի այդ ծրագրերը, մեղմ ասած, առայժմ այնքան էլ չեն հարթում իրադրությունը։
Խիստ հատկանշական է, որ ամերիկյան քաղաքագետների մեծամասնությունը երկար ժամանակ համարում էր, որ Կովկասյան տարածաշրջանում առավել հավանական են հետևյալ լուծումները. կա՛մ Ռուսաստանը հեռանում է որպես աշխարհաքաղաքական ակտիվ դերակատար, կա՛մ այստեղ պահպանվում է ներկա կարգավիճակը, և լարվածությունն ավելի ու ավելի է սրվում, և դա տևում է շատ երկար (այն տարբերակը, որ Ռուսաստանը վերականգնում է իր դիրքերը Կովկասում և հակազդում է ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին, առավել քիչ հավանականն է համարվում)։ Սակայն բացահայտորեն սկսել են նախապատվություն տալ այն մոտեցումերին, որոնք մշակել էր դեռ նախագահ Քլինթոնի վարչակազմը։ Այն ժամանակ Սպիտակ տունը Կովկասում իրականացվելիք քաղաքական լուծումը տեսնում էր «այդ ամբողջ տարածաշրջանի և նրա շուրջ միջազգային համակարգի վերափոխման» եղանակով։ Հենց այս տարածաշրջանում սկսեց գործել ԱՄՆ-ի ազգային անվտանգության «Մեղմ ուժ» հայեցակարգը, որը նախատեսում է առաջադրված նպատակներին հասնել մարդկանց ու միավորումներին իր կողմը հրապուրելու միջոցով։ «Մեղմ ուժը» օգտագործվում էր ոչ միայն Հարավային Կովկասի պետությունների բնակչության համակրանքը շահելու համար, այլև Ռուսաստանի տարածքում, Հյուսիսային Կովկասի հանրապետություններում։ Առանց որևէ ուժի կիրառման, կողմնակիցների և օգնականների շրջանակի ընդլայնմամբ, օգտագործելով լրատվամիջոցներն ու համացանցը, հաղորդակցության արդի միջոցները, լուծվում են տարածաշրջանում ԱՄՆ-ի ազդեցության մեծացման ռազմավարական խնդիրները։ «Մեղմ ուժի» քաղաքականության միջոցով առավել մեծ հաջողության ԱՄՆ-ին հաջողվել է հասնել Վրաստանում, որը համեմատաբար կարճ ժամանակում կարողացավ վերածվել «ժողովրդավարության պատվարի»։ «Ռուսթավի-2» հեռուստակայանի տարածած տեղեկության համաձայն, 2012 թ. մարտ-ապրիլին անցկացված հարցման մասնակիցները Վրաստանի ամենակարևոր գործընկեր են համարել ԱՄՆ-ը (60 տոկոս), իսկ ամենամեծ սպառնալիք` Ռուսաստանը` (82 տոկոս)։ Հարցվածների 79 տոկոսը պաշտպանել է Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։
Հարկ է ուշադրության առնել նաև այն հանգամանքը, որ հիմա տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի գլխավոր ջատագովը և Հյուսիսային Կովկասում ԱՄՆ-ի ներգործության գլխավոր գործիքը Վրաստանն է։ Այն բանից հետո, երբ Թբիլիսին միակողմանի կարգով վերացրեց վիզային այցեկարգը Հյուսիսային Կովկասի բնակիչների համար, հասարակական գիտակցության մեջ Վրաստանի հանդեպ վերաբերմունքն էապես բարելավվեց։ Իրոք, այն վիճակը, որ Վրաստան մուտք գործելու համար հյուսիսկովկասցիները ստիպված էին երկար ճանապարհ կտրել և ելքի թույլտվություն ստանալ մոսկվաներից, առնվազն անհեթեթություն էր։ Այնպես որ, առաջին հայացքից այդ նախաձեռնությունը զուտ մարդասիրական է և լիովին ներդաշնակում է միջազգային պրակտիկային։ Սակայն ակնհայտ է, որ Սաակաշվիլին, հերթական անգամ իր գլխին բարդելով Կրեմլի ցասումը և լրատվամիջոցների «ցփնած» կեղտի նոր չափաբաժինը, գործել է ոչ իբրև այլասեր, և, իհարկե, այդ ծրագրերը համադրել է «գլխավոր գծի» հետ։ Հիմա արդեն լուրջ արդյունքներ կան։ Վրաստանը, հատկապես նրա արևմտյան կողմնորոշումը, սկսել են ընկալվել որպես օրինակ, ընդ որում, ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև հասարակական-քաղաքական ոլորտում։ Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, «այդ մասին բացահայտորեն ու սեփական նախաձեռնությամբ խոսում են քաղգործիչներ, ձեռնարկատերեր, փաստաբաններ, քաղաքացիական ակտիվիստներ և, որ առավել կարևոր է, շարքային քաղաքացիներ»։ Իսկ ինչպես կարծում է Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կովկասյան հետազոտությունների սեկտորի ղեկավար Յանա Ամելինան, «այդ գիծն առավել հստակորեն դրսևորվեց վերջին կես տարում, և առայժմ ոչ մի հիմք չկա ենթադրելու, թե այդ միտումը կփոխվի»։ Բացի այդ, ամենայն հավանականությամբ, Թբիլիսին մտադիր էլ չէ բավարարվել ձեռք բերածով։ Այսպես, Հյուսիսիային Կովկասի ժողովուրդների հետ Վրաստանի հարաբերությունների պետական ռազմավարության նախագծում մի առանձին բաժին նվիրված է գիտությանը։ Նշվում է վրացական և հյուսիսկովկասյան գիտնականների համատեղ նախագծերի իրականացման կարևորությունը, Վրաստանում գործող գրապահոցների ու արխիվների օգտագործման անհրաժեշտությունը։ Թբիլիսին կնպաստի հյուսիսկովկասյան գիտնականների աշխատությունների և հոդվածների վրացերեն և օտար լեզուներով թարգմանությանն ու հրատարակությանը, կաջակցի արևմտյան կովկասագետների համագործակցությանը։ Վրացական պետությունը մտադիր է աջակցություն ցուցաբերել հնագիտության, բանահյուսության, ազգաբանության, ճարտարապետության, պատմագրության և սոցիալ-քաղաքական գիտությունների զարգացմանը։ Դրան զուգընթաց, կան նաև այլ բնույթի ծրագրեր, ինչպես, օրինակ, հյուսիսկովկասցիների հանգստի և բուժման կազմակերպումը Վրաստանում և նրանց լիարժեք սպասարկումը վրացական հիվանդանոցներում ու պոլիկլինիկաներում։ Այնպես որ, Թբիլիսին սկսել է շատ հաջող քայլեր անել «մեղմ ուժի» ճանապարհին և, կարծես, մտադիր չէ շեղվելու այդ ուղուց։ Առավել ևս, որ նա աշխարհաքաղաքական ազդեցիկ կենտրոններից, անշուշտ, ստացել է և՛ հավանություն, և՛, իհարկե, անհրաժեշտ ֆինանսներ։ Ինչպե՞ս է այդ ամենին արձագանքում Մոսկվան։ Առայժմ, ինչպես սովորաբար ու հավանաբար անշրջելիորեն, այդ արձագանքը նենգ է, բայց վերացական։
Իսկ վերջում կուզեի նշել, որ մի ամբողջ շարք չափանիշներ վկայում են այն մասին, որ «ժողովրդավարության այդ բոլոր կածանները», հնարավոր է, շատ շուտով կմիանան կովկասյան լեռնագագաթներին և կհայտնվեն տարբեր շահերի խառնարաններում։ Սև ու Կասպից ծովերի միջև ձգվող լեռները հին հույներն անվանում էին Աստվածների գահ։ Կդառնա՞, արդյոք, տարածաշրջանն իրոք այդպիսին։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 5858

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ