Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

«Դիվադադար»

«Դիվադադար»
05.07.2012 | 18:20

Չակերտեցի բառը, զի անտեղյակ եմ, այն արդյո՞ք ոսկեղենիկ մայրենիի մայրական առաքինությամբ է տոգորված։ Միով բանիվ չերկնենք նոր հեծանիվ և պատասխանը սպասենք արգո Վաչագան Ա. Սարգսյանի «բացատրական առերեսումներում»։
Խնդիրը, անշուշտ, համահայկական է։ Եվ ունի ներազգային բարդ մի ելևէջ։ Ավելի ստույգ` թնջուկ։ Ազգի (եթե կուզեք` անվանեք այն ժողովուրդ, հանրություն, զանգվածներ, էլեկտորատ...) 1 տոկոսը զվարճանում է, 99-ը` դիմակայում։ Մեկ տոկոսը խնջույքի թունդ պահին անցնում է հրետակոծության, հրավառությամբ ազդարարելով ծննդյան օրը, հաջող գործարքը, անբարեհաջող ժամադրությունը և այլն։ Մնացած 99 տոկոսը դիվադադարի «մսացուն է», գուցե թնդանոթի միսը և, թողած մի կողմ հոգս ու հանգիստ, պարտավոր է ունկնդրել դիվային այս թմբկահարումները։ Այո՜։

Գրասեղանս մերձ է պատուհանիս։ Պատուհանս` պատշգամբիս։ Այո՜, անզուգական տեսարան է պատշգամբիցս բացվում յուրաքանչյուր արշալույսին, գոցվում արևամուտից անց։ Ձախից Մեծ Արարատն է, աջից` քառագլուխ Արագածը։ Իսկ կենտրոնում նորակառույց թաղամասն է, առանձնատների հոծ շարակարգով, մեկը մյուսից շքեղ և կառուցիկ։ Այս անզուգական տեսարանը «լրամշակվում» է ցավալի մի զուգորդությամբ` Սբ. Խաչ եկեղեցու անգոյությամբ։ Հինգ տարի առաջ եկեղեցու հանդիսավոր հիմնարկեքն էր։ Ներկա էին երկրիս հոգևոր և աշխարհիկ իշխանապետերը, ներկա էր Աջափնյակ վարչական շրջանի եկեղեցակարոտ հոտը։ Հետո բազմությունը հեռացավ։ Այնուհետև, ոչ պակաս հանդիսավոր, ժամանեցին շինարարները։ Ժամանեցին և կառուցեցին Սբ. Խաչի հիմքը։ Եվ լռիկ հեռացան։ Եվ, ինչպես ժամանակը ցույց տվեց, անդարձ։ Այս ամենը նկարագրում եմ իրավիճակին ավելի անմիջական ձեզ հաղորդակցելու նպատակով։ Այժմ վերադառնանք բուն ասելիքին։

«Շանթ» ռեստորանային համալիրը պատուհանիցս ձախ է, 300 մետր հեռավորության վրա։ Հասկանալի է, ուղիղ գծով։ «Լաթար» հյուրանոցն ուղիղ գծով 1300 մետրի վրա է, Սիլիկյան թաղամասում։ Միջակայքում կան տասից ավելի պանդոկներ, հարսանյաց սրահներ, «ուտուշ-խմուշ» այլևայլ հանգրվաններ։ Եվ ահա մթնշաղ է իջնում, օրն ընթանում է դեպի յուր ավարտափուլը։ Սա՛ է, պատվական ընթերցող, գրելուս թանկագին ժամը։ Բայց շաբաթն ամեն անգամ նախորդում է ուրբաթին, դղրդում է «Լաթարը»։ Հարսանիք է։ Հրթիռակոծությունից թնդում է «Շանթը» (հասկանալի է, կնունք-ծնունդ է կամ անառիթ պաչ-պռոշտի), որոտում են մյուս հանգրվանները, թույլից չափավոր մոլեգնությամբ։ Դե գրիր գրելիքդ, երբ շանթահարում են ուղեղդ ու շորշոփահարում լսելիքդ։ Իսկ բնագավառի պատասխանատուն` արտակարգ իրավիճակների նախարարությունը, «իջել է ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»։
Այսպիսով` մի բան է մեզ մնում. լայնընդգրկուն ստորագրահավաք կազմակերպել և դիմել երկրի նախագահին։ Այլ ճանապարհ` չիք։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2700

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ