ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

«Չլքե՛լ շարքերը, դրանք առանց այն էլ նոսր են»

«Չլքե՛լ շարքերը, դրանք  առանց այն էլ նոսր են»
19.06.2012 | 00:15

Լրատվական գործում ընդունված չէ հրապարակել այնպիսի իրադարձային լուր, որը, այսպես ասած, «ժամկետանց» է, ուշացած, իսկ ստորև շարադրվող պատմությունն ավելի քան մեկ ամսվա վաղեմություն ունի։ Սակայն նկատի առնելով հեղինակի համառ պնդումները, իրադարձության թողած, իր ասելով, ջերմ տպավորությունը, ազգային և մարդկային արժանապատվության կարևոր դասը և անգամ այլազգի հանրության շրջանում գտած դրական արձագանքը, որոշեցինք, այնուամենայնիվ, հրապարակել Լոս Անջելեսից ստացված նյութը։

«Իրատես de facto»

Այս տարվա մայիսի 12-ի շաբաթ օրը Մեծ Լոս Անջելեսի Գլենդել քաղաքի «Հայրենական պատերազմի հայ վետերանների ասոցիացիան» տոնում էր ֆաշիզմի դեմ հաղթանակի 67-րդ տարեդարձը։ Ասոցիացիայի նախագահ ՎԻԳԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ և կազմակերպության կոմիտեի անդամներն ամեն ինչ արել էին այն արժանավայել նշելու համար։ Պատերազմի վետերանների հետ բազմաթիվ հյուրեր էին հավաքվել այդ արևաշող օրը Գլենդելի կենտրոնական զբոսայգում, ուր թևածում էր հայկական մեղեդին, միմյանց ուղղված շնորհավորանքի խոսքեր էին հնչում, իսկ բեմահարթակում պատանիներն ու աղջիկներն ազգային շուրջպար էին բռնել։ Շուտով հանդիսավայրին մոտեցավ ճերմակ «Լինքոլնը», որի վրա փողփողում էր ՀՀ պետական դրոշը, և որով ժամանեց պատվավոր հյուրերի վերջին խումբը։ Հայ վետերանների ասոցիացիայի նախագահն ու ներկաները դիմավորեցին Լոս Անջելեսի «Պատերազմի մասնակիցների և հաշմանդամների միության» նախագահ, պահեստի առաջին կարգի նավապետ ԻԶՐԱՅԻԼ ԱՅԶԵՆԲԱՆԴԻՆ և միության` նրան ուղեկցող անդամներին։ Ներկաների ծափահարությունների ներքո բացօթյա հանդիսավոր ցերեկույթը հայտարարվեց բացված։ Ջերմ ելույթներ հնչեցին, բարեկամության և միաբանության խոսքեր, որոնք ուղեկցվում էին երգ ու պարով, ու դրանց, չնայած պատկառելի տարիքին, միացել էին պատերազմի վետերանները։ Առանձնապես ջերմորեն ընդունվեց ավագ սերնդի ռազմածովային Ի. Այզենբանդի ծովային «չեչոտկան»։ Հայ վետերանների ասոցիացիայի նախագահը պատվոգրեր ու արժեքավոր նվերներ շնորհեց վետերաններին։
Տպավորիչ էր Իզրայիլ Այզենբանդի խոսքը։ Երևում է, վաղուց էր պատրաստվել, քանի որ ելույթն սկսեց հայերեն սրտառուչ խոսքով և ավարտեց այսպես. «Ռուսաստանում` Տուլայի մարզում, ապրում է հայ ժողովրդի մի արժանի զավակ, ես կասեի` արժանապատիվ զավակ` Գեղամ Սարգսյան անունով, որին հիմա ճանաչում են շատ շատերը Ռուսաստանում, Հայաստանում, աշխարհում։ Նրա կենսագրության մանրամասներին ծանոթ չեմ, բայց սա այն տղամարդն է` ոչ երիտասարդ ու փոքրամարմին, որն այս տարվա ապրիլի 7-ի օրհասական պահին, երբ կողոպուտի նպատակով բնակարան ներխուժած ավազակներն իրեն հասկանալի կովկասյան մի լեզվով սպառնացին վնասել ընտանիքի մորն ու երեխաներին, Աստծուց զորություն առած, հանուն իր ընտանիքի, հանուն արժանապատիվ կյանքի, ծառս ելավ ավազակախմբի դեմ, անհավասար կռվում խողխողեց նրանցից երեքին, չորրորդին փախուստի մատնեց, փրկեց կնոջն ու զավակներին, ու այսօր ստացած վերքերից ապաքինվում է կամաց-կամաց։ Ես խոնարհվում եմ այդ հայ տղամարդու առջև` նրա արիության, պատվախնդրության համար, և առաջարկում եմ հանգանակություն կազմակերպել նրա ընտանիքի օգտին։ Տեսնո՞ւմ եք այս կաշեպատ պայուսակը։ Հենց այս նպատակով եմ գնել։ Ահա այս 100 դոլարով առաջին դրամական մուտքն եմ կատարում և բոլորիդ կոչ եմ անում նույն կերպ վարվել»։
Շատ կարճ ժամանակում պայուսակը լցվեց հանգանակված գումարով, ու տարբեր ազգերի ներկայացուցիչներն այսպես զորավիգ եղան պատվին ու արժանապատվությանը, ճշմարիտ հերոսականությանը։
Իսկ օրվա խորհուրդը` բոլոր վետերանների հոգուն հաճո Հաղթանակի տոնը, հիանալի նշվեց, և հանդիսաճաշի սեղանի շուրջ երկար շարունակվեցին զրույցն ու հուշերը, գալիք տարի` Հաղթանակի 68-ամյակին, էլի լիակազմ ներկայանալու կեսկատակ մաղթանքով։ Ոչ ոք իրավունք չունի լքելու շարքերը, առանց այն էլ դրանք նոսր են արդեն։


Գայանե ԱՎԱԼՅԱՆ
Լոս Անջելես

Դիտվել է՝ 1984

Մեկնաբանություններ