ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

150 մլն դրամ` նստարանների համար

150 մլն դրամ` նստարանների համար
18.06.2012 | 17:37

«Չգիտեմ, ում գաղափարն է փողոցներում նստարանների տեղադրումը, բայց շատ շնորհակալ գործ է արվել։ Վերջապես ոչ միայն նստելու, հանգստանալու, այլև քաղաքը հանգիստ դիտելու հնարավորություն է ընձեռվում»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց քաղաքացի Վլադիմիր Բաղդասարովը։ Նրա տեսակետը` կապված մայրաքաղաքի փայտե նստարանների տեղադրման հետ, ինչպես պարզեցինք, համամիտ են շատերը և նշում են, որ, բացի հարմարավետությունից, նաև ապահովված է գեղագիտական տեսքը։
Նստարանների տեղադրումը ոչ թե այգիներում, այլ փողոցների տարբեր հատվածներում, կարելի է ասել, բոլորովին նոր մշակույթ է Հայաստանի անկախությունից հետո։ Պետք է նկատենք, որ սա այն եզակի ծրագրերից է, որի ազդեցությունը ժողովուրդը գործնականում նկատում է։ Սակայն որքան հասցրինք ուսումնասիրել, պարզեցինք, որ նստարանները տեղադրվում են մայրաքաղաքի կենտրոնում։ Մինչդեռ հանգիստ վայելելու, զբոսնելու կարիք ունեն ոչ միայն Կենտրոնի, այլև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բնակիչները։ «Նրանց իրավունքները չեն ոտնահարվի»,- վստահեցրին քաղաքապետարանում և նշեցին, որ ծրագիրը շարունակական է լինելու և իրականացվելու է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Թե որքանով ասվածն իրականություն կդառնա, ժամանակը ցույց կտա։ Սակայն եթե այն իսկապես իրականացնեն վարչական բոլոր շրջաններում, ապա կարելի է առաջընթաց համարել, քանի որ, ըստ ավանդույթի, հիմնականում բարեկարգվում կենտրոնը։ Գաղտնիք չէ, որ բոլոր լուրջ ներդրումները կենտրոնացված են մայրաքաղաքի այս հատվածում։ Մինչդեռ քաղաքի համաչափ զարգացումը պահանջում է ներդրումների համահավասար քաղաքականության իրականացում, և ոչ միայն նստարանների տեղադրման, այլև բոլոր ոլորտներում։
Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ, 2012-ի հունիսի 18-ի դրությամբ, տեղադրված է 600 նստարան։ Մեկ նստարանի արժեքը 165 հազար դրամ է։ Նշենք, որ ծրագիրն իրականացվում է «Երևան» հիմնադրամի միջոցներով, որն արդեն տրամադրել է 150 մլն դրամ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2964

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ