ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

ԿՎԵՐԱՑՎԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ «ԽԱԽՏՎԱԾՆԵՐԻ» «ՏՐԱՆԶԻՏ ԼՈՒՖՏԸ»

ԿՎԵՐԱՑՎԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ «ԽԱԽՏՎԱԾՆԵՐԻ» «ՏՐԱՆԶԻՏ ԼՈՒՖՏԸ»
02.12.2011 | 00:00

ՎՊ-ն, որ սառը ցնցուղ է հայաստանյան գերատեսչությունների ու կառույցների գլխին, վերջին շրջանում հետաքրքիր տրանսֆորմացիոն գործընթացների մեջ է. տոտալ բացահայտումներին զուգահեռ` ինստիտուցիոնալ լուծումների դաշտն է ընդլայնում:
Այն է` փորձում է բացառել ոչ միայն «հետևանքները» և ՎՊ հաշվետվությունների արդյունքում բյուջե է վերադարձնում միլիոնավոր «կորսված» գումարները, այլև հնարավորինս վերացնում է դրանք ծնող պատճառները: ՈՒսումնասիրությունների արդյունքում շեշտադրում կատարելով օրենսդրական, նորմատիվ դաշտի փոփոխության, նորովի մոտեցումների վրա, որոնց միջոցով կվերացվի խախտումների և «խախտվածների» «տրանզիտ լուֆտը»:
Հերթական անգամ այդ մասին տեղեկացանք Արարատի մարզում տեղի ունեցած ՎՊ արտագնա նիստից հետո կայացած ասուլիսում:
Նախագահ Սերժ Սարգսյանից ժամեր առաջ Վրաստանից վերադարձած, վիրաց ՎՊ-ի հետ համագործակցության, կոռուպցիայի դեմ (գաղտնիք չէ, որ Վրաստանն այդ «գետնին» վրա բավականին լուրջ հաջողություններ ունի) պայքարի կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերած մեր ՎՊ թիմն օրերս` «հայդե Արարատ» էր մեկնել` նիստի (ընդ որում, մեր տեղեկություններով, այնտեղից էլ «կմեկնի» Գեղարքունիք, հետո էլ` Կոտայք)։
Քաղաքական վերջին զարգացումների տեսանկյունից` հետաքրքիր աշխարհագրություն: Որը, սակայն, քաղաքական-սկանդալային սպասումներին բավարարում չտվեց. բնականոն աշխատանք, ընթացիկ նիստ և հետվերահսկողական ասուլիս տեղի ունեցավ` ՎՊ երկրորդ սերնդի բարեփոխիչ գործունեության տարրերով հագեցած:
Ընդ որում, «թույլ նյարդեր ունեցողներն» ընդհանրապես հիասթափություն «ապրեցին» Արարատում ընթացած վերահսկողության արդյունքներից, երբ ի պատասխան հարցադրմանը` եթե համեմատական անցկացվի, ապա Արարատի մարզում տեղ գտած խախտումներն ու բացթողումները ի՞նչ «վիճակում կլինեն» այլ մարզաց «կողքին», պարզվեց, որ մարզը նույնիսկ դրական «սալդո» ունի այլոց համեմատ:
Բայց, մինչ «սալդոյին» հասնելը, վերահսկված մարզի ընդհանուր քրոնոլոգիայի մասին. ՎՊ ստուգումները ներառել են 2009-2010 թվականները:
Քաղաքաշինության բնագավառում իրականացվել է 415 մլն դրամի շինարարություն, որից ՎՊ-ն հսկիչ չափագրման է ենթարկել 249 մլն դրամը, որից` 24 մլն 300 հազար դրամի խախտում, որից 5 մլն դրամը կվերադարձվի պետական բյուջե:
Առողջապահական ոլորտում արձանագրվել է 14 մլն 500 հազար դրամի խախտում, որը նույնպես ենթադրում է վերականգնում:
Կրթական ծրագրերի ուսումնասիրությունն ավարտվել է 5,7 մլն դրամ արձանագրված խախտմամբ. այն նույնպես կվերադարձվի պետբյուջե: Սոցիալական ծառայության տարածքային գրասենյակներում նույնպես խախտումներ են հայտնաբերվել. Մասիսի գրասենյակում 4,3 մլն դրամի խախտում, Արտաշատում` 5,8 մլն դրամի, Արարատի գրասենյակում` 1 մլն դրամի:
«Սրանք բոլոր մարզերին բնորոշ խախտումներ են, որոնց մեծ մասն արդեն իսկ վերականգնվել է»,- արձանագրեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:
Ընդ որում, եթե փորձենք որոշակի սոցիոլոգիա անցկացնել գումարների վերականգնման գործընթացում ընդհանրապես, ապա միանշանակ է, որ այդ պրոցեսում նույնպես հետաքրքիր տեղաշարժ կա` ժամանակագրական առումով: Եթե առաջներում գումարները վերականգնվում էին տևական ժամանակում (բնականաբար, ըստ ժամանակացույցի), ապա վերջին շրջանում ակնհայտ է հետևյալ միտումը. մինչև ՎՊ-ն «կհասնի» մարզ կամ որևէ գերատեսչություն` վերահսկողության վերջնական արդյունքները հրապարակելու` սառը ցնցուղը նրանց գլխին պահելու, «խախտվածներն» արդեն իսկ վճարումները կատարած են լինում:
Ասել է` ինքնակարգավորման մեխանիզմն է աշխատում: Ինչն ուրախացնող կլիներ, եթե այդքան տխրեցնող չլիներ. այն է` խախտումների հետ կապված չլիներ:
Մյուս կողմից էլ` ՎՊ ստուգումների արդյունքում այդպես արագ վերադարձվող գումարները «մեղմացուցիչ հանցանաց» են այն պարզ պատճառով, որ ՎՊ-ն վերահսկողություն է իրականացնում առավել ռիսկային խնդիրների ու ոլորտների առնչությամբ, և չի վերահսկում պետբյուջեից տրամադրված գումարների ողջ ծավալը, բաց է մնում (իհարկե` ոչ ՎՊ մեղքով) ողջ բյուջեի նկատմամբ վերահսկողության խնդիրը, ինչը ՎՊ-ին «փոխկապակցված» կառույցների` օրենսդրական, գործադիր մարմինների համար լուրջ խնդիր է դնում գլուխ ցավեցնելու մասով:
Իսկ առայժմ «համապատասխանները» գլուխ պետք է ցավեցնեն ու բարելավեն նպաստների ոլորտը:
Հայտնի է, ՎՊ-ն այս ոլորտում բարեփոխումների խիստ մեծ «կոնկրետիկա» առաջարկեց թե՛ կենսաթոշակային, թե՛ նպաստների համակարգերում:
Ընդ որում, սա նպաստների ոլորտում ՎՊ-ի երկրորդ թռիչքն էր «վՈ սցվց»: Առաջինը նույնպես շատ կարևոր էր. առաջարկ էր արվել ոլորտում «մեկ պատուհանի» (դե` էլի) սկզբունքը կիրառել: Բանն այն է, որ նպաստ ստացող չարքաշ մարդը պարտավոր էր մոտ երեք տասնյակ փաստաթուղթ հավաքել-հայթայթել-ներկայացնել` «երեք կոպեկ» նպաստ ստանալու համար:
ՎՊ առաջարկների շնորհիվ այդ ճանապարհը բավականին կարճացավ:
Այժմ, ինչպես տեղեկացրեց Իշխան Զաքարյանը, ոլորտը բարեփոխելու, խախտումները մինիմումի հասցնելու համար անհրաժեշտ է օրենսդրական նոր փաթեթ, որով կհասցեականացվի հստակ պատասխանատուն:
Այդով` խախտումով տրված նպաստը հետ կգանձվի ոչ թե նպաստառուից, ինչպես ցայս եղել է` տեղիք տալով նոր սոցիալական խնդիրների ու լարվածության, այլ այն չինովնիկից կամ սոցծառայության ղեկավարից, որը թույլ է տվել այդ խախտումը:
Ափսոս, որ օրենսդրական այդ փոփոխությունը հետադարձ ուժ չի ունենալու:
Գուցե փորձե՞ն:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1155

Մեկնաբանություններ