ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԱՍՏԻՃԱՆ

ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԱՍՏԻՃԱՆ
17.06.2011 | 00:00

2008 թվականի դեկտեմբերի 3-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Եվրոպական հանձնաժողովը նոր Արևելյան գործընկերության վերաբերյալ ներկայացրեց առաջարկ, որը փոփոխության է ենթարկելու Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և ՈՒկրաինայի հետ Եվրոպական Միության արտաքին հարաբերությունները: Այս գործընկերությունը ենթադրում է քաղաքական ինտեգրման ավելի բարձր աստիճան, որը կներառի նաև ասոցացված պայմանագրերի կնքման նոր հնարավորություններ, ինչպես նաև Եվրոպական Միության տնտեսության մեջ ներգրավվելու հեռանկարային նպատակներ: Եվ, ի վերջո, այս գործընկերության շրջանակներում ԵՄ-ի հարևան երկրներին տրամադրվելու է առավել մեծ ֆինանսական օժանդակություն: Արևելյան գործընկերության գլխավոր նպատակն այն է, որ ԵՄ արևելյան հարևան երկրներն առավել մոտենան Եվրոպական Միությանը: Միևնույն ժամանակ ԵՄ-ի կենսական շահերից է բխում իր արևելյան սահմաններում կայունություն, առավել լավ կառավարում ու տնտեսական զարգացում ապահովելը:
Ըստ էության, Եվրոպական Միությունը նպատակ է հետապնդում օժանդակելու իր գործընկերներին բարեփոխումների իրականացման հարցում։ Ինստիտուտների զարգացման համապարփակ ծրագրի, ինչպես նաև նոր, բազմակողմանի հնարավորությունների միջոցով, ինչն իր գործընկերներին կմիավորի ընդհանուր հիմնախնդիրների դեմ պայքարում:
Նոր գործընկերությունը ներառում է վեց երկրների սոցիալական և տնտեսական զարգացմանը նպաստելուն ուղղված նոր միջոցներ: Այս կապակցությամբ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն նշել է. «Միայն երկու կողմից ամուր քաղաքական կամքի և հանձնառության շնորհիվ Արևելյան գործընկերությունը կկարողանա հասնել քաղաքական միության և տնտեսական ինտեգրման: Մենք պետք է շատ ավելի մեծ ներդրում կատարենք փոխադարձ կայունության և հաջողության համար: Այն արագ կփոխհատուցվի քաղաքական և տնտեսական կարևոր օգուտներով և կհանգեցնի ավելի մեծ կայունության և անվտանգության ինչպես Եվրոպական Միության, այնպես էլ նրա արևելյան գործընկերների համար»: Այս գործընկերության կարևորությունն ընդգծել է նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և արտաքին հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները, նշելով, որ այն նոր էջ կբացի իրենց արևելյան հարևանների հետ հարաբերություններում: Նա նաև ավելացրել է, որ, հաշվի առնելով անցած տարիների առաջընթացը, այս գործընկերությունը կառուցվելու է Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում տեղի ունեցած իրադարձությունների հիման վրա, որոնք ազդեցություն են ունենում Եվրոպական Միության վրա: Հետևաբար, այս վեց երկրներին ուղղված քաղաքականությունը պետք է լինի ավելի ամուր և առաջադիմական: Իհարկե, դա նշանակում է, որ այս գործընկերությամբ նախատեսված առաջընթացի համար անհրաժեշտ են նաև ԵՄ այս վեց երկրների ջանքերը, և այս նոր փաթեթով նրանք կապահովվեն առավել մեծ օժանդակությամբ իրենց նպատակներին հասնելու համար:
Նախաձեռնության հիմնական նոր կետերը պետք է լինեն.
1. նոր ասոցացված պայմանագրեր` ներառյալ ազատ առևտրի համապարփակ պայմանագրեր նրանց համար, ովքեր պատրաստ են և ցանկություն ունեն պարտավորություններ ստանձնելու դրանցով,
2. Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող համապարփակ ծրագրեր, որոնց նպատակն է կատարելագործել ԵՄ-ի գործընկերների վարչական կարողությունները,
3. աստիճանական ինտեգրում ԵՄ-ի տնտեսությանը (գործընկեր պետությունների տնտեսություններին համապատասխանող անհամաչափությամբ), ներառյալ կարգավորման համապատասխանեցման վերաբերյալ իրավաբանորեն պարտադիր պարտավորություններ,
4. գործընկերների խրախուսում միմյանց միջև առևտրային ցանցի զարգացման հարցում, ինչը կարող է հետագայում վերածվել հարևանության տնտեսական համայնքի,
5. «Տեղաշարժի և անվտանգության վերաբերյալ դաշնագրերի կնքում», ինչը թույլ կտա առավել հեշտությամբ ճանապարհորդել Եվրոպական Միությունում օրինական կերպով, միևնույն ժամանակ մեծացնելով ջանքերը կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության և անօրինական միգրացիայի դեմ պայքարում: Բացի այդ, դաշնագրերը թույլ կտան ապաստանի գործող համակարգերը համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին, ինչպես նաև կձևավորեն սահմանների կառավարման համակցված համակարգեր, որոնց վերջնական նպատակը կլինի բոլոր համագործակցող երկրներում առանց վիզայի ճանապարհորդելը,
6. հանձնաժողովի կողմից աշխատանքի շարժունակության վերաբերյալ հնարավորությունների քննարկում` ԵՄ աշխատանքի շուկայի հետագա ընդլայնման նպատակով,
7. ԵՄ-ի և նրա արևելյան գործընկերների համար ընդլայնված էներգետիկ անվտանգության առկայություն,
8. տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերի կազմում գործընկեր երկրներում, որոնք հատկապես ուղղված են տնտեսական և սոցիալական ծայրահեղ անհավասարություններին դիմակայելուն,
9. ռազմավարությունների չորս բազմակողմ հարթակների ձևավորում, ժողովրդավարության, արդյունավետ կառավարման և կայունության, տնտեսական ինտեգրման և ԵՄ քաղաքականություններին համապատասխանեցման, էներգետիկ անվտանգության, ինչպես նաև մարդկանց միջև կապերի ձևավորման` ուղղված գործընկեր երկրների անհատական բարեփոխումների իրականացման ջանքերին,
10. այնպիսի առանձնահատուկ նշանակություն ունեցող նախաձեռնությունների առկայություն, ինչպիսիք են սահմանների համակցված կառավարման ծրագիրը, էլեկտրական էներգիայի տարածաշրջանային շուկաների զարգացումը, էներգիայի արդյունավետության և վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումը, Հարավային էներգետիկ միջանցքի կատարելագործումը և այլն,
11. մարդկանց միջև կապերի զարգացումը և քաղաքացիական հասարակության ու այլ շահառուների ներգրավվածությունը, ներառյալ Եվրոպական պառլամենտում։
Ինչ վերաբերում է այս գործընկերության ներքո տրամադրվող լրացուցիչ ֆինանսական օժանդակությանը, ապա, 2008-ին տրամադրված 450 մլն եվրոյից բացի, մինչև 2013 թվականը կտրամադրվեն լրացուցիչ 350 մլն եվրո ֆինանսական միջոցներ: Դեռ ավելին, ԵՀՔ տարածաշրջանային ծրագրերին արդեն իսկ հատկացված 250 մլն եվրոն կվերաբաշխվի:
Ծրագրի իրագործման առումով կարևոր էր հատկապես 2009 թ. մայիսի 7-ին Պրահայում տեղի ունեցած հանդիպումը` մի կողմից Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, ՈՒկրաինայի, մյուս կողմից` Եվրոպական Միության և նրա անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարների միջև, որտեղ քննարկվեց կողմերի միջև Արևելյան գործընկերության կողմից սահմանվող հարաբերությունների նոր մակարդակը: Հանդիպումը, ըստ էության, ընդգծեց, որ Արևելյան գործընկերությունը Եվրոպական Միության անդամ երկրների և արևելաեվրոպական երկրների ջանքերի արդյունք է և հիմնվում է կողմերի փոխադարձ շահերի և պարտավորությունների վրա: Պրահայի գագաթնաժողովի ընթացքում ճշգրտվեցին մոտեցումներն այն հարցում, որ Արևելյան գործընկերությունը պետք է հիմնվի միջազգային իրավունքի սկզբունքների և հիմնարար արժեքների վրա` ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգում, շուկայական տնտեսություն, կայուն զարգացում և լավ կառավարում: Բացի տնտեսական խնդիրներից, ակնհայտորեն Արևելյան գործընկերության գլխավոր նպատակն է լինելու անհրաժեշտ պայմաններ ստեղծել քաղաքական համագործակցության զարգացման և Եվրոպական Միության ու շահագրգիռ գործընկեր երկրների միջև խոր տնտեսական ինտեգրման համար: Արևելյան գործընկերությունը նաև կաջակցի գործընկեր երկրների կողմից իրականացվող սոցիալ-տնտեսական բարեփոխումներին և կնպաստի փոխադարձ վստահության ձևավորմանը:
Այդուհանդերձ, հիշյալ քայլերը կնպաստեն նաև գործընկեր երկրների միջև ամուր կապերի հաստատմանը: Մասնավորապես, Արևելյան գործընկերությունը նպատակ ունի նպաստելու Եվրամիության (ԵՄ) հետ արևելյան հարևան երկրների առավել մերձեցմանը և, ի թիվս այլ նպատակների, միտված է կայուն և ընդլայնված էներգետիկ անվտանգություն ապահովելու ԵՄ և նրա արևելյան գործընկերների համար: ԵՄ-ի կենսական շահերից է բխում իր արևելյան սահմաններում կայունություն, առավել լավ կառավարում ու տնտեսական զարգացում ապահովելը: Ինչպես Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, ՈՒկրաինայի, այնպես էլ Եվրոպական Միության անդամ պետությունների կառավարությունների և բնակչության համար խիստ կարևորվում են տարածաշրջանի էներգիայի շուկաների խոր և բազմակողմանի վերլուծությունը, էներգետիկայի համակարգը սպասարկող ենթակառուցվածքների ներկա վիճակի առարկայական գնահատականը և դրանց բարելավումը, ինչն անմիջական ազդեցություն ունի էներգետիկայի համակարգի արդյունավետության վիճակի բարելավման գործընթացի վրա: Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել գործնական լուծումներ գտնելու էներգետիկ անվտանգության այնպիսի կարևորագույն խնդիրների, ինչպես, օրինակ, համատեղ պահեստային տարածքների ընդլայնումն ու օգտագործումն են, երկկողմանի միջհանգուցային համակարգի զարգացումը, էներգիայի կոնսերվացումը, արտաքին աղբյուրներից կախվածության թուլացումը: Հիշյալ և դրանց առնչվող այլ խնդիրների արդյունավետ լուծման նպատակով հնարավոր կլինի նաև վերարժևորել ԵՄ և Արևելյան գործընկերության անդամ երկրների հետ Հայաստանի էներգետիկ ռազմավարությունը, ինչպես նաև բարելավել էներգետիկայի բնագավառում երկրի տնտեսական քաղաքականությունը:
Իր հերթին, էներգետիկայի ոլորտում մրցունակության մակարդակը պայմանավորված է նաև ոլորտին առնչվող օրենքների և որոշումների, վիճակագրական ցուցանիշների և դրանց հաշվարկների մեթոդաբանության համապատասխանությամբ` ԵՄ չափորոշիչներին: Կարևոր է նաև մշակել էներգետիկայի բնագավառում ԵՄ երկրների հետ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման նոր մեխանիզմներ` հաշվի առնելով ինչպես ներքին շուկայի ու սպառողների, այնպես էլ տարածաշրջանի տնտեսական շահերը: Ինչ վերաբերում է Հայաստանի էներգետիկ համակարգի մրցակցային առավելությունների իրացման հնարավորություններին, ապա դրանց կանդրադառնանք հաջորդիվ:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2421

Մեկնաբանություններ