38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ՄԵԾ ԻՄԱՍՏՈՎ, ՑՌԱՆ ՎԵՐԳՈՅԻ ՇԱՌԱՎԻՂՆ ԵՆՔ, ՈՉ ԹԵ ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԹԻ ԿԱՄ ԳՈՆԵ ՓՈՔՐ ՄՀԵՐԻ»

«ՄԵԾ ԻՄԱՍՏՈՎ, ՑՌԱՆ ՎԵՐԳՈՅԻ ՇԱՌԱՎԻՂՆ ԵՆՔ, ՈՉ ԹԵ ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԹԻ ԿԱՄ ԳՈՆԵ ՓՈՔՐ ՄՀԵՐԻ»
11.12.2009 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրավունքը de facto»-ի հյուրն է կոմպոզիտոր, դիրիժոր ՍԵԴՐԱԿ ԵՐԿԱՆՅԱՆԸ, որին շնորհավորում ենք վերջերս նշված հոբելյանների` ծննդյան 55, ստեղծագործական գործունեության 40, «Տաղարան» համույթի հետ աշխատանքի 15-ամյակների առթիվ: Մաղթում ենք նոր ստեղծագործական հաջողություններ և իրազեկում հանրությանը, որ առաջիկայում հնարավորություն կունենա լսելու մաեստրոյի մշակած «Կարոս խաչ» վիպական ասերգը և «Հորովելների» շարքը:
«ՄԵԶ ՄՈՏ ԾԼԵԼ-ԾԼԱՐՁԱԿԵԼ Է «Խ.Ծ.Բ.» ԵՐԵՎՈՒՅԹԸ»
-Պարո՛ն Երկանյան, վերջին շրջանում արվեստագետները քննարկման թեմա են դարձրել պետական կառավարական պարգևներն ու դրանց շնորհման մեխանիզմների անկատարությունը: Ի՞նչ կասեք այս մասին:
-Եթե խոսեմ այսօր հանձնվող մրցանակների, կոչումների մասին, պիտի տպավորություն ստեղծվի, որ վիրավորված եմ: ՈՒստի ավելի լավ է` լռեմ: Եթե ամբողջ հասարակությունը, գրողներն ու երաժիշտներն արդեն այդ մասին խոսում են, ես ի՞նչ նոր բան պիտի ասեմ: Ծուխն առանց կրակի չի լինում: Ես, չանձնավորելով հարցը, խոստովանում եմ, որ ընդհանուր առմամբ համաձայն եմ այն դժգոհությունների հետ, որ հնչում են այսօր: Թող չմտածեն, որ պարգևներ, կոչումներ չստացած արվեստագետ եմ, այդ պատճառով էլ բողոքում եմ: Ասեմ, որ դեռ շատ երիտասարդ տարիքում կարող էի ստանալ, եթե ընդունակ լինեի կաշառք տալու: Այդ պարագայում կարող էի լինել Հայաստանի ամենաերիտասարդ վաստակավոր արտիստը: Բայց քանի որ կաշառք չեմ տալիս, շոկոլադ, ծաղիկներ չեմ նվիրում (թեև ծաղիկը միայն կանանց պիտի նվիրեն), չեմ էլ արժանանում կոչումների, պարգևների: Հիմա կա՛մ պիտի լինես դատարկախոս արքունի միմոս, կա՛մ բարձրաստիճանավորների հարսանիքներին երգող-պարող շոումեն, գետնաքարշ աստղ, կա՛մ աղանդավորական, մասոն, կա՛մ ղեկավարների բարեկամը, քույրը, եղբայրը, զավակը: Այսինքն` մեզ մոտ ծլել-ծլարձակել է «խ.ծ.բ.» (խնամի-ծանոթ-բարեկամ) երևույթը: Ինձանից առաջ մարդիկ կան, որոնք պետք է վաղուց ստացած լինեին կոչումներ, բայց չեն ստացել: Նրանց ներդրումն իմից շատ ավելի մեծ է: Այդ մարդկանց ուշադրության չեն արժանացնում, իսկ նրանց շրջապատի նորելուկ երիտասարդներին հեղեղում են պարգևներով: Որովհետև երիտասարդների հետ գումարներ են կիսում` «ծրագիր» անվան տակ: Խայտառակ բաներ են կատարվում, բայց ես ուզում եմ լռել:
-Ձեր հոբելյանական երեկոյի ընթացքում «Տաղարանը» կատարեց «Հարսանեկան շար» կոմպոզիցիան: Ենթադրում եմ, որ սա փորձ է` մեզ վերադարձնելու դեպի ազգային տոնակատարությունների ակունքները: Մենք շա՞տ ենք հեռացել դրանցից:
-Իհարկե, շատ ենք հեռացել: Իհարկե, նպատակ կա մեզ վերադարձնելու ազգային արմատներին: Թեև այդ վերադարձն անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ մեր հարսանիքներին երգում են օր օրի բազմացող անճաշակ «երաժիշտները»: Բայց մենք գոնե պիտի փորձենք մի փոքրիկ օազիս ապահովել ինքներս մեզ համար, մեր երեխաների համար, այն մարդկանց համար, ովքեր փնտրում ու չեն գտնում մեր մաքուր ազգային երաժշտությունը: Ինչպե՞ս գտնեն, երբ ո՛չ հեռուստատեսությունն է մատուցում, ո՛չ ռադիոն: Նախ` պետք է եղածը մեջտեղ բերել, ինչպես ժամանակին անում էին Կոմիտասը, Միհրան Թումաճյանը, Սպիրիդոն Մելիքյանը, Ռոմանոս Մելիքյանը: Սրանք մեր երևելիներն են, որոնց գործն այսօր չի հիշվում: Այս տարի Կոմիտասի 140-ամյակն էր նշվում, Կոմիտասի քանի՞ գործ հնչեց եթերում, հենց Կոմիտաս անունը քանի՞ անգամ հնչեց:
-Ըստ Ձեզ` եթերի այսօրվա վիճակն ընդամենը անտարբերության, անճաշակության, պրոֆեսիոնալիզմի պակասի հետևա՞նք է, թե՞ հետևողական քաղաքականության արդյունք:
-Այստեղ իսկապես մեծ դեր է կատարում հայի անճաշակությունը, ուրիշի աղբի առաջ խոնարհվելու, մեծարելու սովորությունը: Այսպես էլ հասարակությունն է ձևավորվում, այս հասարակությունն էլ նախագահ է ընտրում: ՈՒ եթե նախագահը «ինկոգնիտո» չի գալիս իմ կամ մյուսի համերգին, ապա երկրի ճաշակը մնում է «ֆուտբոլային»: Ամեն ինչ փոխկապակցված է: Եթե նախագահը բավարարվում է, որ անճաշակ ռաբիսն իր հարսանիքներին երգի-պարի, էլ ի՞նչ Կոմիտաս, ի՞նչ յոթերորդ դարի արվեստ, ի՞նչ Երուսաղեմի արխիվներից պեղած արժեքներ:
«ՎԱՂԸ ԿԿՆՔԵՆ ՄԻ ՆՈՐ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ, ԷՍ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԿԲԱԺԱՆԵՆ ԿՏՈՐՆԵՐԻ, ՈՒ ՄԵՆՔ ԿՎԵՐԱԾՎԵՆՔ ԸՆԴԱՄԵՆԸ ՈՏՔԻ ՏԱԿ ԸՆԿԱԾ ՇՈՒԿԱՅԻ»
-Եթե վերանանք բարձրաշխարհիկ հարսանիքներից և հարսանեկան «մշակույթից», ի՞նչ իրողությունների պիտի բախվենք:
-Մեր ամբողջ պատմությունն է այդպիսին` այն ժամանակներից ի վեր, երբ մենք սկսել ենք չապավինել ինքներս մեզ:
-Երբվանի՞ց ենք սկսել:
-Դեռ Խորենացին է գրել, թե մենք էլ ունենք երևելի մարդիկ, հիշատակության արժանի գործեր: Հազարամյակներ առաջ մեր պատմիչը հազիվ մի քանի պատառիկ է կարողացել գտնել Վահագնի, Արտաշեսի, Սաթենիկի մասին: Այսինքն` մենք քանդող-ավերող ազգ ենք, և ընդամենն ունենք երևելի անհատներ, որոնք դարը կամ հարյուրամյակները մեկ անգամ ինչ-որ արժեքավոր բան են թողնում այս ժողովրդի համար: Ես զարմանում եմ, թե ինչպես է պահպանվել մեր լեզուն:
-Եվ, այնուամենայնիվ, լեզուն ու նաև մենք պահպանվել ենք: Ինչի՞ հաշվին, ինչի՞ շնորհիվ:
-Մեր իշխանական խավն իր աճպարարություններում հենց դրա վրա է կառուցում սեփական հաշվարկները: Նրանց թվում է, որ եթե այսքան ժամանակ կարողացել ենք գոյատևել, էլի կկարողանանք: Կգոյատևենք էլի, ի՞նչ է պատահել: Էլ ի՞նչ ներդրումներ անենք մշակույթի մեջ, ի՞նչ կրթության, լուսավորչության հարցեր լուծենք: Կանք էլի, ապրում ենք էլի: Պարսիկն էլ եկավ-գնաց, թուրքն էլ, ռուսն էլ: ՈՒ մենք էլի կանք: Ի՞նչ է պատահել: Այս հոգեբանությունը, այս չարաբաստիկ ինքնավստահությունն է մեզ խանգարում: Տխմար-տխմար մեզ հույսեր ենք ներշնչում: Ճոռոմ-ճոռոմ հայտարարում ենք, թե Աստված մեր գլխի վերևում է, մեզ պահում է: Բայց մի օր պայթելու է այս ամենը, ցնդելու է: Վաղը կկնքեն մի նոր ռուս-թուրքական պայմանագիր, էս հայրենիքը կբաժանեն կտորների, ու մենք կվերածվենք ընդամենը ոտքի տակ ընկած շուկայի:
-Աշխարհում կարծես թե շուկայի պակաս չի զգացվում, Հայաստանն ինչո՞վ պիտի գրավի շուկայատերերին:
-Աչքածակ մարդու համար մեկ կոպեկն էլ շահույթ է: ՈՒ եթե մենք մեզ չենք հավատում, ինքներս մեզ չենք պաշտպանում, մեր արժեքներով չենք ապրում, մեր գոյապարիսպներն այդ արժեքներով չենք ամրացնում, միշտ էլ կգտնվեն ուժեր, որ մեզ կդարձնեն շուկա ու այստեղ կունենան իրենց մեծ կամ փոքր շահույթը:
-Այս տրամաբանության շրջանակներո՞ւմ եք տեսնում հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարը:
-Մեր սահմանները վաղուց են բաց անճաշակության, գռեհկության, ոճրագործության, բոլոր տեսակի բացասական երևույթների առաջ: Թե հիմա ձևականորեն ինչ-որ ճանապարհ պիտի բացեն, որպեսզի մարդկանց երթևեկն ավելի դյուրին ու արագ դառնա, դրանից մեր կայքում մեծ բան չի փոխվելու: Դա սուտ բան է: Ասենք թե բացվեց, մեքենաներն էլ գնացին-եկան, ի՞նչ է փոխվելու:
-Իրո՞ք կարծում եք, որ մեր քաղաքական, սոցիալական իրավիճակներում դրանից հետո ոչինչ չի փոխվելու:
-Մի բան հստակ է. հարուստներն ավելի կհարստանան, աղքատներն ավելի կաղքատանան: Շուկայի օրենքը պիտի գործի:
-Եթե աղքատներն ավելի աղքատանան, ո՞վ է սպառելու հարուստի ապրանքը, ո՞ւմ հաշվին է նա ավելի հարստանալու:
-Հենց այս հարցերի մասին չմտածելը մեր հարուստների տհասության նշանն է: Նոր տարի է գալիս, փոխանակ ապրանքն էժանացնեն, ավելի են թանկացնում: Եվ այսպես է վերջին քսան տարիների ընթացքում: Այսինքն` այնքան բութ են, որ չեն հասկանում, թե պետք է ստրուկին իր մի փոր հացը տալ, որպեսզի էդ մարդը կշտանա, ուժ ունենա ու վաղը կրկին աշխատի իր համար: Ո՜նց կարելի է էս ժողովրդին նման հարկեր, թանկացումներ պարտադրել: Դրանով են ուզում պետական բյուջեն լցնե՞լ, խեղճ ժողովրդի հաշվի՞ն: Իսկ ո՞ւր են մեծահարուստները, ինչո՞ւ նրանց եկամուտներով չեն լցնում բյուջեն: Որովհետև էդ մարդիկ աչքածակ են, չեն ուզում իրենց մի կոպեկից հրաժարվել: Եթե հարկահավաքներն էլ չեն կարողանում նրանց ստիպել իրենց հարկերը մուծելու, թող գնան-կորչեն, այդ գործը վստահեն կարողացողներին: Բոլոր պաշտոնները բաշխված են, ոչ մի պատառ չեն ուզում բաց թողնել: Մարդուն զոռով մտցնում են այս ու այն կուսակցության մեջ, որ հանկարծ պատերը ներսից ճաք չտան:
-Իսկ այս համատարած կուսակցամոլության պարագայում որևէ վստահելի ուժ տեսնո՞ւմ եք:
-Չարենցն այնքան պարզ է ասել այդ ուժի մասին:
-Հայ ժողովրդի հավաքական ուժի՞:
-Այո՛: Ընդամենն այս է, շատ պարզ թեորեմ է: Եվ դա միայն դրսևորվում է այն դեպքերում, երբ «Խթը»-ն թույլ է տալիս, որ մի քանի մարդ հավաքվի հրապարակում ու ձեռքները բռունցք արած թափահարի: Այդքանով ամեն բան վերջանում է: Դա չի դառնում մեր կենսաձևը:
-ՈՒզում եք ասել, որ ժողովրդական ցասումի հրապարակային բռնկումները, հանրահավաքների անցկացումն իրականում կառավարվում են վերևի՞ց:
-Իհարկե, մոտավորապես հրահանգն այսպիսին է. դուք զբաղեցրեք ժողովրդին ինչ-որ բանով, մենք փորում ենք շենքի հիմքերը, որպեսզի առևտուրը մեր ձեռքը վերցնենք: Վերևից մի պահ թույլ տվեցին, որ մենք բավարարենք ազատ արտահայտվելու մեր դարավոր մղումը, իսկ իրենք այդ ընթացքում երկրի ամբողջ տնտեսությունն իրենցով արեցին: Հարկավոր էր, որ մենք չխանգարեինք իրենց, չնկատեինք, որ խլեցին գործարանը, շենքի հիմքերը քանդեցին, խանութ սարքեցին:

«ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՐՑՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԼԻՆԵԼ»
-Ղարաբաղի համար մղված պատերազմը և հաղթանակը նո՞ւյնպես մեզ «շեղելու» ծրագրի մի մասնիկն էին:
-Ես այնքան խելացի չեմ, որ նման խոր դատողություններ անեմ: Բայց վստահ եմ, որ Ղարաբաղն էլ վաղուց մերը կլիներ, սահմաններն էլ վաղուց մերը կլինեին, լավ նախագահ էլ վաղուց կունենայինք, եթե դավադիր ոգին անընդհատ չպտտվեր մեր մեջ չարքի նման: Եթե ես, օրինակ, ծովափում հանդիպում եմ ղարաբաղցու, և նա ամեն բան անում է, որ ինձնից խուսափի, որովհետև ես երևանցի եմ, էլ ինչի՞ մասին խոսենք: Ինքը կորցրել է վստահությունը հայաստանցու հանդեպ, մտածում է, որ ես պիտի իրեն ձաղկեմ ղարաբաղցի լինելու համար, հալածեմ Հայաստանում բարձր պաշտոններ զբաղեցրած ղարաբաղցիների պատճառով: Երբ 1994-ին ստանձնեցի «Տաղարանի» ղեկավարությունը, մեր հարևանությամբ էր գտնվում «Ղարաբաղ կոմիտեի» գրասենյակը: Քանի անգամ գնացել եմ նրանց մոտ ու առաջարկել իրենց համար համերգ տալ: Մինչև հիմա պատասխանի ենք սպասում:
-«Ղարաբաղ կոմիտեն» եկել էր ազգային արժեքների առաջնայնությունը քարոզելու առաքելությամբ, ինչո՞ւ չի կայացել Ձեր և նրանց փոխըմբռնումն այն տարիներին:
-Այո՛, եկել էր, բայց մնա՞ց: Քանի՞սը մնացին, քանիսի՞ն թողեցին ասպարեզում: Ես 88-ի օգոստոսից հետ կանգնեցի այդ ամենից, որովհետև հասկացա, որ դա շատ խոշոր խաղ է, քաղաքական տուրևառություն:
-Խաղը, ըստ Ձեզ, դրսի՞ց էր ղեկավարվում:
-Նաև` դրսից: Տղաներին ինչո՞ւ տարան Մոսկվա: Մի՞թե նույն տղաները վերադարձան այնտեղից: Ո՛չ: Ես, որ այդ ամեն ինչից հեռու մարդ եմ, շատ պարզ տեսնում էի, թե ինչ է կատարվում:
-Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հետ կապված դժգոհության ամենահզոր ալիքը բարձրացավ ՀՅԴ-ի կազմակերպած հանրահավաքում: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ այդ շարժումը չունեցավ շարունակություն:
-Ցանկացած հարցում պետք է հետևողական լինել, պետք է տանող ուժ ունենալ: Մեկ օրով, մեկ անգամով չպետք է սպառվի նման կարևորագույն խնդրի հրամայականը: Այստեղ ժողովուրդը դեմ է, դրսում դեմ է, բայց ստորագրությունը դրվում է: Սփյուռքում քանի՜ ցույց եղավ, քանի՜ կուսակցական ժողով եղավ, քանի՜ որոշում կայացվեց:
-Հայաստանի ղեկավարությունից սփյուռքի դժգոհությունը կտարածվի՞ Հայաստան հայրենիքի վրա:
-Միշտ է այդպես եղել: Եթե սփյուռքահայը տեսնում է, որ իր ներդրած գումարները ոչնչով չեն նպաստում երկրի տնտեսությանը, ժողովրդի վիճակի բարելավմանը, եթե այստեղ միայն ամառանոցներն ու կազինոներն են ավելանում, էլ ինչո՞ւ պիտի փող ներդնի: Թոշակառուի թոշակը մի կոպեկ չի ավելանում, մի գործարան չի կառուցվում, որ մարդիկ աշխատանք ունենան, ընտանիք պահեն: Այս ամենից հետո ի՞նչ ներդրում անի սփյուռքահայը:
-Տարիներ առաջ Ձեզ հետ ունեցած հարցազրույցի ժամանակ ասացիք, որ հաճախ եք ունենում արտասահմանյան համերգների հրավերներ: Դրանք շարունակվո՞ւմ են:
-Բոլոր հրավերները չէ, որ լուրջ են, հաճախ դրանք ընդամենը պարապ խոսքեր են:
-Երաժիշտները ճգնաժամային իրավիճակում ինչպե՞ս են ապրում:
-Երաժիշտները չեն ապրում, իրենք իրենց խաբելով` գոյատևում են ու սպասում, մինչև ավարտվի այս պատմությունը: Այս սերունդն էլ կվերջանա, ու մենք այլևս ոչ մի հիմք չենք ունենա մշակութային ազգ կոչվելու: Ի՞նչ արեցին Ջուղայում: Մեր պապերի գերեզմանները քանդեցին, ոչ մեկի պետքը չեղավ: Ես լինեի ղեկավար, կմտնեի-կգրավեի Նախիջևանը: Թող մի քանի տանկ մտներ Նախիջևան, տեսնեմ կշարունակեի՞ն ջարդել խաչքարերը: Այսօր էլ նույն բանը Վրաստանում է կատարվում: ՈՒ մերոնք պարապ «նոտաներ» են հղում: Մենք մեր ձեռքով մեր տունը քանդում ենք, որովհետև, մեծ իմաստով, Ցռան Վերգոյի շառավիղն ենք, ոչ թե Սասունցի Դավթի կամ գոնե Փոքր Մհերի:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1900

Մեկնաբանություններ