38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ԻՄ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՐևԱՆԸ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ, ԻՍԿԱԿԱՆ ՍԻՐՈ և ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔ ՏԵՍՆԵԼՆ Է»

«ԻՄ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՐևԱՆԸ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ, ԻՍԿԱԿԱՆ ՍԻՐՈ և ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔ ՏԵՍՆԵԼՆ Է»
03.11.2009 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է Եր—անի քաղաքապետ ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ

-Որպես Երևանի քաղաքապետ` Ձեր առաջին քայլերից էր Սովետաշենի թափոնների վերամշակման և գազի օգտագործման խոստումնալից և մայրաքաղաքի համար կարևոր ծրագրի ստորագրումը ճապոնացիների հետ։ Ինչպե՞ս են գործերն այդ ասպարեզում։
-Իսկապես, դա իմ ստորագրած առաջին պայմանագրերից էր, որին ծանոթանալով, ես տեսա, որ մինչ այդ պայմանագրի ստորագրման ձգձգումն արդարացված չի եղել։ Մինչդեռ այն անհետաձգելի անհրաժեշտություն էր մայրաքաղաքի համար և քաղաքին միմիայն օգուտ էր բերում։ Իմ նշանակման երրորդ օրը կնքվեց պայմանագիրը, և ճապոնական կողմն անմիջապես և օպերատիվորեն սկսեց աշխատանքները։
Անցել է շուրջ 6 ամիս։ Աշխատանքներն օրերս ավարտվեցին։ Պայմանագիրը լիարժեք կատարվեց։ Շրջակա ամբողջ միջավայրն աղտոտող աղբավայրի դիմաց քաղաքը ստացավ 8 հեկտար էկոլոգիապես մաքուր, մշակման և կանաչապատման համար լիարժեք պիտանի հողատարածք, որը մեծ նվեր էր Երևան քաղաքին։ Ծրագրի իրագործման համար ճապոնական կողմը ծախսել է 5,5 մլն դոլարի գումար։ Ավելին, ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ աշխատանքները հետագայում ևս կշարունակվեն։ Աշխարհում այս մեթոդը կիրառվում է շատ արդյունավետ։ Արտերկրում ես անձամբ այցելել և հատուկ ծանոթացել եմ այս տեխնոլոգիայով վերականգնված այնպիսի հրաշալի տարածքների, որտեղ աղբավայրի տեղում շատ գրավիչ, էկզոտիկ այգիներ են հիմնվել` բնական ջրավազաններով և փարթամ բուսականությամբ։ Երևանի համար ևս նման ծրագրեր ունենք։ Նպատակ ունեմ այն Երևանի ամենագեղատեսիլ վայրերից մեկը դարձնել, որտեղ մեր քաղաքացիները կանցկացնեն իրենց ազատ ժամանակը։ Այնտեղ կարող ենք նաև ջերմոցներ կառուցել, որոնք կջեռուցվեն հենց տեղում արտածվող և ուտիլիզացվող գազերի այրման էներգիայով։ Իհարկե, դա մի օրվա գործ չէ, բայց, համոզված եմ, որ հենց այսօր մենք պետք է դնենք մեր ապագա սերնդի, մեր երեխաների ու թոռների բարեկեցության և ապագայի համար կարևոր գործերի հիմքերը։
Երևանի աղբավայրերի հարցի նկատմամբ կիրառվելու են արմատապես նոր մոտեցումներ, աշխատանքը կազմակերպվելու է ամենավերջին տեխնոլոգիաներով։ Արդեն աշխատում են մասնագետները, արտերկրից հրավիրվել են խորհրդատուներ։ Եկող տարի ստեղծվելու են նոր աղբավայրեր, աշնանն օպերատորների տենդեր կհայտարարվի՝ երկուսը աղբի և սանմաքրման գծով, մեկը՝ աղբավայրի, որոնց առջև խնդիր կդրվի աշխատանքները կազմակերպել ժամանակակից տեխնիկայի վերջին խոսքով, այնպես, որ այս վայրերը ևս հետագայում ամբողջովին օգտագործելի լինեն քաղաքաշինական նպատակներով, երևանցու համար, իսկ շահագործման ընթացքում եկամուտ բերեն քաղաքին։
-Քաղաքապետարանը բյուջետային ֆինանսավորումից անցել է ինքնուրույն ֆինանսավորման։ Ինչպիսի՞ փոփոխություններ է բերում դա, և ինչպիսի՞ դժվարություններ պետք է հաղթահարվեն։ Հատկացումներն ավելացե՞լ, թե՞ պակասել են։ Ո՞ր ոլորտներն են առաջնային ուշադրության կենտրոնում։
-Նախկին օրենքով ֆինանսավորումը հավաքագրում էին թաղապետարանները, այսօր՝ վարչական շրջանները, կազմելով քաղաքային բյուջեն։ Էականն այն է, որ Երևանի քաղաքապետարանն այսօր դրանում շահագրգիռ կողմ է, ի տարբերություն նախկինի։ Հենց դա ստիպում է մեզ հետևողական ու ակտիվ քաղաքականություն վարել, որն իր արդյունքները կտա արդեն հաջորդ տարի։ Դրա համար անհրաժեշտ է օրենսդրական դաշտում համապատասխան փոփոխություններ կատարել։ Այս նախաձեռնություններում մենք ունենք հանրապետական կուսակցության աջակցությունը, որն ինչպես խորհրդարանում, այնպես էլ Երևանի ավագանու կազմում իշխող մեծամասնություն է։
Այսօր ընթանում է մայրաքաղաքի համար երեք շատ կարևոր օրենքների ընդունման գործընթաց, որոնք անմիջականորեն կնպաստեն նաև այդ ոլորտներում ֆինանսական կարգուկանոնի հաստատմանը։ Առաջինն աղբահանության-սանմաքրման մասին օրենքն է։ Մենք այսօր փորձում ենք այստեղ գոյություն ունեցող բազմաթիվ կոպիտ խախտումները կարգավորել վարչական տույժերի մասին օրենքով, որը մեծ թերություններ ունի, ասենք, այսօր, այս օրենքով աղբն առաջին հանդիպած վայրում թափողին, քաղաքը աղտոտողին չես կարող համարժեք տույժի ենթարկել։ Հիմա քաղաքում ունենք հասարակական կարգի պահպանման վարչություն, որը փորձում է համակարգել այս ոլորտի աշխատանքները, սակայն օրենքների թերի լինելու պատճառով չի կարողանում այն իրագործել։ Համապատասխան անհրաժեշտ օրենքների մշակման նպատակով այսօր մենք համագործակցում ենք արդարադատության նախարարության, կառավարության, Ազգային ժողովի հետ, գործընթացը գտնվում է հանրապետության նախագահի անմիջական հսկողության ներքո։ Կարևոր է, որ օրենքի կարգավորումն իրագործվի մինչև այս տարվա վերջը, որպեսզի հաջորդ տարի ունենանք լիարժեք օրենք և կարողանանք դրանով առաջնորդվել։ Այլապես միջոցները կփոշիացվեն, և սպասվող ներդրումը չի մտնի քաղաքային բյուջե։
Քաղաքի կառավարման խնդրում հաջորդ առաջնահերթ փոփոխությունը վերաբերում է համատիրությունների մասին օրենքին։ Բոլորին է հայտնի, որ ներկա օրենքի շրջանակում մեր համատիրություններին չի հաջողվում արդյունավետ կառավարել քաղաքի բազմաբնակարան շենքերը` ծնելով երկկողմանի չդադարող դժգոհություններ։ Բնակչությունից գանձվող միջոցներն էլ հաճախ նպատակային չեն օգտագործվում` հարուցելով մեր բնակիչների արդարացի բողոքը։ Այստեղ շտապ օրենսդրական շտկումներ են պետք։
Երրորդը քաղաքում մեքենաների կայանատեղիների խնդիրը կարգավորող օրենսդրական փոփոխություններն են։ Այսօր մայրաքաղաքում գործող կայանատեղիներն օգտագործում են տարբեր կազմակերպություններ, ստացվող գումարներն անկառավարելի և անվերահսկելի են և մեծ մասամբ չեն մուտքագրվում տեղական բյուջե։ Ընդհանրապես, Երևան քաղաքում տրանսպորտի կարգավորման հարցում դեռ շատ անելիքներ կան։ Այս ուղղությամբ ևս քաղաքապետարանի նախաձեռնությամբ կարևոր և հետևողական աշխատանքներ են կատարվում։
Համոզված եմ` մոտ ապագայում այս խնդիրները կարգավորված կլինեն, և երևանցին արդեն հաջորդ տարի կզգա կոնկրետ փոփոխությունները։ Ընդգծեմ՝ դրական փոփոխությունները, թե չէ երբեմն փոփոխություններ են լինում, որոնք դեպի վատն են տանում։ Ամեն ինչ անելու ենք, որ երևանցու համար ստեղծվի իսկապես հարմարավետ միջավայր, և նա ունենա արժանավայել ապրելակերպ։
-Տնտեսական ճգնաժամն ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ Երևանի վրա։ Ինչպիսի՞ հեռանկարներ են գծագրվում։
-Երևանի տնտեսությունը հանրապետության տնտեսության կարևոր և զգալի մասն է, հետևաբար, տնտեսական ճգնաժամը չէր կարող շրջանցել մայրաքաղաքը։ Հայտնի է, որ շինարարության տեմպերի զգալի դանդաղումը հատկապես անդրադարձավ Երևանի վրա։ Այս ոլորտում շրջանառվող գումարներն էապես կրճատվեցին։ Սակայն մենք աշխատանքները կազմակերպեցինք այնպես, որ շարունակվեն հատկացումները հանրային նշանակության ամենաանհրաժեշտ օջախներում։ Կարողացանք գտնել գումարներ՝ ֆինանսավորելու դպրոցների, մանկապարտեզների կաթսայատների կառուցման աշխատանքները։ Շատ դժվար էր, իհարկե, բայց կարողացանք։ Մանկապարտեզներում և դպրոցներում բարեփոխումները շարունակելու ենք իրականացնել նաև 2010 թվականին։ Այսօր ունենք մանկապարտեզներ, որոնք գտնվում են ծայրահեղ վատ վիճակում, և անհասկանալի է` ինչպես ենք թույլ տվել, որ այնտեղ երեխաներ հաճախեն։ Պետք է կարողանանք պայմաններ ստեղծել և անել ամեն ինչ, որպեսզի մեր բալիկներն ապրեն և դաստիարակվեն ժամանակակից միջավայրում։ Ստեղծելով նորմալ մանկապարտեզներ` մենք դնում ենք մեր մատաղ սերնդի ձևավորման նորմալ հիմքերը։ Նախապատրաստվել են մեթոդաբանական նոր մոտեցումներ և բարեկեցիկ պայմանների ստեղծմանն ուղղված մի քանի կարևոր նորամուծություններ, որոնք դարձյալ մինչև 2010 թվականը կներկայացնենք հանրությանը։ Որից հետո կսկսվի դրանց իրագործումը։
-Ի՞նչ ռազմավարական փոփոխություններ են կատարվել Երևանի կառավարման համակարգում և ինչո՞վ պայմանավորված։ Ինչպե՞ս է իրեն դրսևորում ավագանու նորաստեղծ համակարգը։
-Երևանի կառավարման համակարգում կատարված բոլոր փոփոխություններն էլ կարելի է ռազմավարական համարել։ 2009 թվականը մեր քաղաքի կառավարման պատմության մեջ հեղաշրջումային տարի էր։ Երևանի մասին օրենքի կիրառումից հետո փոխվել են քաղաքի կառավարման հիմնական մոտեցումները։ Ընտրովի թաղապետի պաշտոնը վերածվեց վարչական շրջանի նշանակովի ղեկավարի պաշտոնի։ Մայրաքաղաքի կառավարման համակարգում ավելացել է մի ներկայանալի, դեմոկրատական հիմունքներով կազմավորված օղակ՝ ավագանին։ Այսօր որոշումների 80 տոկոսը կայացնում է ավագանին։ Ճիշտ է, այն դեռևս ամբողջապես չի մտել իր աշխատանքային գործառույթների մեջ, սակայն ես տեսնում եմ ձգտում, կա ջանադիր աշխատանք և՛ հանրապետական կուսակցության, և՛ «Բարգավաճի» ներկայացուցիչների մոտ։ Իհարկե, զգացվում է նաև փորձի պակասը։ Նախկինում թաղապետարաններում գործել է ավագանու ինստիտուտը, և նրանցից ոմանք ընդգրկվել են քաղաքապետարանի ավագանու այժմյան կազմում, սակայն դրանց միջև տարբերություն կա։ Նախկին ավագանին ընտրվում էր մեծամասնական սկզբունքով, այսօր՝ միայն կուսակցական։ Ես համոզված եմ, որ մեր ավագանին կդառնա յուրատեսակ «մինիպառլամենտ», որտեղ որոշումները կկայացվեն արդարամտորեն և ամենակարևորը՝ բոլոր երևանցիների նկատմամբ հավասար չափանիշներով։ Ինձ ուրախացնում է որ Երևանի ավագանին այսօր դառնում է մտքերի, նախաձեռնությունների առաջադրման օջախ, կենտրոն։ Նույնիսկ եթե դրանք երբեմն անկատար են, մշակված չեն լինում, միևնույն է, օգտակար են գործընթացի համար։ Սա դպրոց է, որն անցնում ենք, սխալը նույնպես մարդու համար է։ Համոզված եմ` երբ մարդիկ ունեն ձգտում, անպայման կլինեն նաև արդյունքներ։
-Այսօր ժողովրդին ամենահուզող քաղաքական խնդիրը հայ-թուրքական հարաբերությունների հաստատումն է։ Ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ դա Երևանի կյանքում։
-Սահմանի բացումը, անշուշտ, բերելու է երկրի տնտեսական կյանքի աշխուժացում, ձեռներեցության ընդլայնում, այդ թվում և` մայրաքաղաքում։ Դրանում անմիջապես կհամոզվենք սահմանները բացվելուց հետո։ Կասկածի ենթակա չէ մեր երկրի համար սահմանների բացման անհրաժեշտությունը։ Բայց այսօր կան մեկնաբանություններ, որոնք փաստաթուղթ չեն, արձանագրված չեն, սակայն լայնորեն շրջանառվում են։ Այդ թվում այլ երկրի ղեկավարների արած բանավոր հայտարարությունները՝ կատարված այլևայլ նպատակներով, այլևայլ լսարանների համար։ Աններելի է, երբ դրանք մատուցվում և պարտադրվում են մեր հասարակությանը։ Այն դեպքում, երբ ունենք մեր պաշտոնական աղբյուրները, որոնք օրենքով ստեղծված են մեր շահերը ներկայացնելու և պաշտպանելու համար։ Անհնար է հարցականի տակ դնել այնպիսի քաղաքական գործչի, երկրի ղեկավարի տարիներով փաստված հիմնարար արժանիքները, ինչպիսին Սերժ Սարգսյանն է։ Չի կարելի պապից ավելի կաթոլիկ լինել։ Ոչ ոք թող չհավատացնի, թե հանրապետության նախագահից ավելի է սիրում մեր երկիրը կամ Ղարաբաղը։ Իհարկե, ես հավատում և վստահում եմ մեր նախագահին և պետական քաղաքականությանը։ Վերջապես, սա անձի ցանկություն չէ, այլ պետության, թիմի քաղաքականություն, իսկ ես այդ թիմի մեջ եմ, և ոչ մեկից պակաս պատասխանատու չեմ մեր քաղաքացիների բարեկեցության ու ապագայի համար, իհարկե, իրավիճակի հնարավորության սահմաններում։ Որոշումներն այսօր Հայաստանում և ողջ սփյուռքում քննարկման են դրված այնպիսի առավելագույն հրապարակայնության պայմաններում, որ երբևէ չի եղել։ Ակնհայտ է, որ մեր իշխանությունն ամբողջովին գիտակցում է պահի պատասխանատվության աստիճանը։ Սակայն կան նաև անհրաժեշտություններ, որոնք վաղ թե ուշ հասունանում և լուծումներ են պահանջում։
Ավելորդ է ասել, որ նման վճռական պահերին ազգային միաբանությունն ամենաան-հրաժեշտ արժեքն է, որը մենք դեռ չենք կարողանում գտնել քաղաքական մակարդակում։
-Ի՞նչ ծրագրեր ունեք Երևանի համար առաջիկայում։
-Աղբահանության, կայանատեղիների, տրանսպորտի, կրթության բնագավառներում մոտ ապագայի անելիքների մասին ասացինք, որ կիրագործվեն առաջիկա ամիսներին։ Իհարկե, ամենահետաքրքիր ոլորտը մնում է քաղաքաշինությունը։ Այստեղ ունենք ստրատեգիական մոտեցումներ և բազմաթիվ ընթացիկ խնդիրներ։ Ավելի խիստ ելակետեր են կիրառվելու քաղաքաշինական նորմերի պահպանության ուղղությամբ։ Այսօր անհամաչափ, բարձրահարկ շենքեր են կառուցվել, որոնք ավտոկայանատեղիներ չունեն, և նրանց մեքենաները խճողելու են հարակից փողոցները։ Այսպիսի բաներ այլևս թույլ չեն տրվելու։ Ժամանակակից ռեալ նորմերով յուրաքանչյուր բնակարանի հաշվով պետք է հաշվարկվի միջինը մեկուկես մեքենատեղ։ Կառուցվող շենքի հարկայնությունը պետք է որոշվի իրեն հատկացված հողամասի չափի և շրջակա շենքերի հարկայնության հետ համապատասխան։
-Չէի՞ք ուզենա Երևանն իր երկնաքերն ունենա, ասենք՝ 30 հարկանի կամ ավելի։
-Բայց ոչ անպայման կենտրոնում, որտեղ, որպես կանոն, այն բերում է գերխտացում և հակասության մեջ է մտնում քաղաքի կայացած ճարտարապետության հետ։ Սրանք համատեղելը շատ դժվար է։
Հակառակը, Նորագյուղում նախատեսվում է քաղաքաշինական նոր, ժամանակակից ծրագրի իրագործում, այդ թվում` բարձրահարկերով։ Դա տասնամյակներ պահանջող ծրագիր է, բայց մենք արդեն սկսել ենք աշխատանքները, նախագծերը կազմվում են` Երևանի համար խոստանալով զարգացման գեղեցիկ հեռանկար։ Վերջերս Մոսկվա կատարած այցելության ժամանակ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերեցինք Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ։ Դեկտեմբերին նախատեսվում է նրա այցելությունը Երևան, համագործակցության հետաքրքիր և խոստումնալից առաջարկներով։ Հաստատել ենք մի շարք այլ քաղաքների հետ բարեկամական և գործարար հարաբերություններ, որոնք ժամանակին կներկայացնենք հանրությանը։ Կան նաև ծրագրեր, որոնք հաստատվելու են ժողովրդական հանրաքվեի միջոցով, նոր օրենքը դա նախատեսում է։ Նպատակ ունենք ուղևորափոխադրումների ավելի մեծ մասն իրականացնել տրոլեյբուսի երթուղիներով, որն էկոլոգիապես մաքուր է և հարմար մեր բնակչության համար։ Երևանի մետրոպոլիտենը, որ երկար տարիներ չի ընդարձակվել, կհասնի Աջափնյակ։ Այս ուղղությամբ «Ասիական բանկի» հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, աշխատանքները նախատեսվում են սկսել 2010-ին։ Նախագիծ կա այն հասցնելու մինչև օդանավակայան։ Միանալու են Արտաշատի և Աշտարակի խճուղիները։
Այս ամենը մենք իրագործելու ենք։ Բայց մեզ պետք է նաև, որ երևանցին հավատով տրամադրվի, որ քաղաքի զարգացումը չի խանգարելու, այլ միայն նպաստելու է ընդհանուր բարեկեցությանը և հարմարավետությանը։
Կատարում ենք բոլոր նախընտրական խոստումները, որոնց մեծ մասը, վկա են մեր բնակիչները, արդեն իրականություն է դարձել։ Անկախ պայմաններից, երբեք չենք հրաժարվելու ծանր վիճակում հայտնված մեր քաղաքացիներին համակարգված օգնություն տրամադրելուց։ Վերջերս կարողացանք հաճելի անակնկալ մատուցել Աերացիայի թաղամասի 4-րդ աստիճանի վթարային հանրակացարանի բնակիչներին՝ բոլորին նորակառույցներում ապահովելով բնակարաններով։ Իմ նախընտրական ծրագրերից էր նաև, որ Երևանում ոչ մի բակ չի մնալու առանց բարեկարգման. սա իմ հատուկ նպատակն է։ Այսօր ավարտվել են բակային բարեկարգման աշխատանքները Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա համայնքների բոլոր կիսատ մնացած հատվածներում, աշխատում ենք Շենգավիթում և Էրեբունիում, աշխատանքները շարունակվելու են 2010 թվականին, մինչև բոլոր ծրագրերի ավարտը։
-Վերջերս ճոխությամբ նշվեց Երևանի օրը։ Ժողովուրդը ոգևորությամբ մասնակցեց այդ տոնին։ Ի՞նչ է արվում այն շարունակական դարձնելու և, ընդհանրապես, ժողովրդի հոգևոր կապն իր մայրաքաղաքի հետ և նրա առօրյան բարձր մակարդակի վրա պահելու համար։
-Իսկապես, «Էրեբունի-Երևանը» մեզ համար միայն ժամանակակից տոն չէ, ես շատ կարևորում եմ հոգևոր ուժեղ կապի գոյությունը ժամանակակից երևանցու և իր քաղաքի միջև։
Իմ կարծիքով, իսկապես, տոնը կայացավ։ Երկու հանգամանք առավել կարևոր էր ինձ համար։ Նախօրեին ես հեռուստատեսությամբ դիմել էի երևանցիներին՝ այդ օրը սիրո և հարգանքի օր դարձնել միմյանց հանդեպ։ Տոնի ողջ ընթացքում մեր մարդաշատ քաղաքում ոչ մի անկարգության դեպք չարձանագրվեց։ Երկրորդ, երբ ես հանդիպումներ ունեցա Կենտրոնի բոլոր այն վայրերում, որտեղ անցկացվում էին տոնակատարությունները, բոլոր օբյեկտների տերերն իրենք արել էին ամեն ինչ այդ օրվա տոնականությունն ապահովելու համար։
Իմ նպատակն է, որ ամեն տարի հոկտեմբերին յուրաքանչյուր երևանցի սպասի այս օրվան՝ որպես կայացած, ավանդական տոնակատարության, և ամեն ինչ անելու եմ, որ այն ոչնչով չզիջի մեր ամենասիրված ազգային տոներին իր մասսայականությամբ և համաժողովրդական ընդգրկմամբ։ Այն պետք է մի գեղեցիկ առիթ լինի մեր ժողովրդի տարբեր հատվածների համախմբման, հայրենիքի հետ կապերի մերձեցման և Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար։ Ես բազմաթիվ շնորհավորական հեռախոսազանգեր եմ ստացել այդ առիթով։ Վաղուց այդպիսի ջերմ ու անկեղծ խոսքեր չէի լսել։ Մեծ էր սփյուռքահայերի մասնակցությունը, որոնք այդ օրն առավել ևս հպարտանում և ուրախանում էին իրենց Երևանով։ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը համոզիչ կերպով ապացուցեց, որ իսկապես Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, ինչը հնչեց նաև իմ խոսքում։
Սա էր ինձ համար կարևորը և ոչ թե այնպիսի մակերեսային մեկնաբանությունը, թե՝ Չելենտանոն ի՞նքն էր, թե՞ նմանակը։ Դա ծրագրի ընդամենը մի փոքրիկ կտորն էր, որ ընդունված սովորություն է, և ամբողջ աշխարհում այդ մասին գիտեն։ Իհարկե, բամբասանքներ եղան նաև տոնակատարության ծախսերի շուրջ։ Ասեմ միայն, որ «Էրեբունի-Երևան» տոնին բյուջեից ոչ մի լումա չի ծախսվել, ողջն իրականացվել է մեր բարերարների միջոցներով, ովքեր դա նվիրել են Երևանի տոնին, մեր ժողովրդի բարձր տրամադրությունն այդ օրն ապահովելու նպատակով՝ նախնական պայմանավորվածությամբ, որ ոչ մեկի անունը չի գովազդվելու։ Ես շնորհակալություն եմ հայտնում նրանց՝ այս ճգնաժամի պայմաններում իրենց քաղաքին այդպիսի նվիրվածության համար։ Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներին, տոնի բոլոր մասնակիցներին, ովքեր այդ օրերին Երևանը դարձրին իսկական սիրո և համերաշխության քաղաք։
Զրուցեց Անժելա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 1630

Մեկնաբանություններ