Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Ես էլ ասում եմ` բա Արևմտյան Հայաստա՞նը, բա Արարատ լե՞ռը, որին ամեն օր նայում ենք»

«Ես էլ ասում եմ` բա Արևմտյան Հայաստա՞նը, բա Արարատ լե՞ռը, որին ամեն օր նայում ենք»
17.07.2009 | 00:00

«ԱՄԲՈՂՋՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՏԻՊՎԱԾ ԵՆՔ ԿՏՈՐ ԿՈՐՑՆԵԼ»
Երբ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցություններում «լույս աշխարհ եկավ» մադրիդյան սկզբունքներ ձևակերպումը, քաղաքական տարբեր շրջանակներ պարբերաբար պահանջում էին գոնե ընդհանուր գծերով գաղտնազերծել` ի վերջո, ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ սկզբունքները։ Անակնկալ կերպով գաղտնազերծումն արեց ԱՄՆ-ի պետդեպարտամենտը` պաշտոնապես հրապարակելով 2007-ի «Մադրիդյան սկզբունքների» կոնկրետ կետերը, որոնց շուրջ Հայաստանում խիստ հակասական են ընկալումները։ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԻ հետ մեր զրույցն առնչվում է այս և հարակից այլ թեմաներին։
-Թվում էր` քաղաքական ամառը պասիվ կանցնի, սակայն հատկապես ղարաբաղյան հիմնախնդրի բանակցություններում ուշագրավ զարգացումներ են նախանշվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարություն, մադրիդյան սկզբունքների հրապարակում, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպում։ Արդյունքը եղավ այն, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում լարվածությունը սկսեց մեծանալ։ Այս իրավիճակում ՀՀ իշխանություններից չի՞ պահանջվում առավել շրջահայաց լինել։
-Երկրի արտաքին քաղաքականության ճարտարապետը նախագահն է, ով նաև մեր կուսակցության ղեկավարն է, իսկ կուսակցության դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ հստակ ձևակերպված է ու ոչ մի փոփոխություն չի կրել։ Այն է` «ո՛չ» ասելով պատերազմին` բանակցությունների միջոցով հասնել հիմնախնդրի լուծմանը, այսինքն, Ղարաբաղը պետք է դառնա միջազգային սուբյեկտ` անկախ պետություն։ Բնականաբար, սա գործընթաց է, որը ենթադրում է նաև փոխզիջումներ։ ՀՀԿ-ն երբեք չի ասել ու այսօր էլ չի ասում, որ զիջումների գնով պետք է հասնենք խնդրի հանգուցալուծմանը։ Քանի որ ներկայումս մոլորակի հզորներն իրենց կամքն են թելադրում, ուստի այս հանգամանքը ևս չպետք է անտեսել։ Գերհզոր տերությունների ղեկավարներն իրենց պատրաստակամությունն են հայտնել արագացնելու բանակցային գործընթացը։ Այս իմաստով մենք ողջունում ենք այդ պատրաստակամությունը, սակայն միաժամանակ կարծում ենք, որ հրապարակված փաստաթղթում կան շատ անորոշ, մինչև անգամ անհասկանալի մոտեցումներ։ Մի բան հստակ է. որպես ՀՀԿ-ի ակունքներում կանգնած մարդ և անձամբ ճանաչելով կուսակցության ու երկրի ղեկավարին, համոզված եմ, որ նա արտաքին քաղաքականության մեջ, մանավանդ Ղարաբաղի հարցում, չի գնա այնպիսի լուծումների, որոնք չեն բխում մեր ազգային շահերից։
-Մադրիդյան սկզբունքների հրապարակումը միանշանակ չընկալվեց քաղաքական շրջանակների կողմից։ Եթե իշխանության ներկայացուցիչները պնդում են, թե դրանք հայանպաստ են, ապա ընդդիմադիրները հակահայկական և վտանգավոր են որակում դրանք։ Ինչպե՞ս է պատահում, որ միևնույն փաստաթղթի շուրջ նման հակադիր մոտեցումներ են ի հայտ գալիս։
-Կարծում եմ` ՀՀԿ-ն ու նրա ղեկավարը գիտեն բանակցային գործընթացի մանրամասները, իսկ մյուսները պարզապես տեղյակ չեն։ Այստեղ հավատի ու վստահության խնդիր կա։ Նրանց կհորդորեի հավատալ։
-Ի՞նչ գիտեն հանրապետականները, որ մյուսները չգիտեն։
-Երբեմն-երբեմն խորհրդի նիստերի ժամանակ նախագահին` մեր կուսակցության ղեկավարին, հիմնախնդրի առնչությամբ հարցեր են տրվում, որոնց հետևում է հստակ պատասխան` այն կուրսը, որ Ղարաբաղի հիմնախնդրում նախապես որդեգրել ենք, շարունակվում է, որևէ բեկում, ոչ հայանպաստ մոտեցում չի լինելու։ Սա բավական է, որ ես լիովին հավատամ երկրի նախագահին։
-Այդ հավաստիացումները մեկ անգամ չէ, որ պաշտոնական կամ ոչ պաշտոնական լեզվով հրամցվել են քաղաքական այլ ուժերի, այդ թվում` ՀՅԴ-ին։ Ինչո՞ւ նրանք չեն հավատում, ո՞րն է նրանց թերահավատության պատճառը։
-Չեն հավատում, որովհետև դրա հետ կապված ուրիշ խնդիրներ ունեն։ Այդ դեպքում նրանք պետք է ասեն` իշխանափոխություն ենք ուզում, վաղուց մեր աթոռները սպասում են մեզ, մենք կգանք, ու Հայաստանը կդառնա հզոր, միասնական, Տարոն աշխարհը կմիանա Հայաստան երկրին։
-Այդուհանդերձ, Դուք ևս փաստեցիք, որ հիշյալ փաստաթղթում «անհասկանալի, անորոշ» մոտեցումներ կան։ Կմանրամասնե՞ք։
-Փաստաթղթում գրված է, որ Լեռնային Ղարաբաղի իրավունքն է` իրավական բնույթի կամարտահայտման միջոցով որոշելու իր վերջնական կարգավիճակը։ Պարզ չէ` նորի՞ց հանրաքվե պիտի անցկացվի, ովքե՞ր այն պիտի անցկացնեն և այլն, և այլն։ Սակայն մի բան պարզից էլ պարզ է, որ ԼՂՀ-ում ապրում է միատարր բնակչություն, ու ակնհայտ է, թե հանրաքվեի արդյունքն ինչպիսին կլինի։ Հաջորդը` «բոլոր փախստականների և բռնի տեղահանվածների` իրենց բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք»: Այստեղ էլ անհասկանալի է, թե արդյոք Շահումյանի, Գետաշենի ազգաբնակչությունը ներառվա՞ծ է այդ կետում, թե՞ ոչ։ Վերջին կետը ևս` «միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնք ենթադրում են խաղաղարար առաքելություններ», որոշ տարընթերցման տեղիք է տալիս։ Փորձը ցույց է տվել, որ խաղաղապահ ուժերն այնքան էլ ի զորու չեն պաշտպանելու տվյալ տարածքի բնակչության անվտանգությունն ու շահերը։
-Կարծում եք փաստաթուղթը դեռևս մշակման, փոփոխման ու վերանայման կարի՞ք ունի։
-Այո՛, բավականին շատ աշխատանք կա անելու։ Ահա այստեղ էլ առաջանում է ջրբաժան մեր և ՀՅԴ-ի միջև, քանի որ ՀՅԴ-ն չի հավատում, որ մենք մինչև վերջ կգնանք ու մեզ համար նպաստավոր բանակցային փաստաթուղթ կունենանք։ Բնականաբար, Ադրբեջանն էլ ձեռքերը ծալած չի նստի, որ միմիայն հայանպաստ փաստաթուղթ լինի։ Հենց այս հանգամանքի պատճառով էլ ՀՀԿ-ն ասում է, որ պետք է փոխզիջումներ լինեն, քանի որ ամբողջն ունենալու, պահելու համար ստիպված ենք կտոր կորցնել։
-Որտե՞ղ է ավարտվում փոխզիջման մաքսիմալ սահմանը։
-Ցանկությունս այն է, որ դա լինի առանց կորուստների, սակայն սա իրատեսական չէ։ Այսօր հեշտ է ասել` ոչ մի թիզ հող չպիտի զիջենք։ Է՜, չզիջենք։ Ես էլ ասում եմ` իսկ ինչո՞ւ այդքանով բավարարվենք, բա Արևմտյան Հայաստա՞նը, բա Արարատ լե՞ռը, որին ամեն օր նայում ենք։
-Պարո՜ն Կարախանյան, ուզում եք դաշնակցակա՞ն դառնալ։
-Իհարկե, ոչ։ ՀՅԴ-ն դեռևս բավականին սրբագրվելու կարիք ունի։ Նրանց հարգում եմ, շատ ընկերներ ունեմ այս կուսակցությունում ու նրանց այսօրվա քաղաքականությանն էլ վատ հայացքով չեմ նայում։ Նրանք, ի տարբերություն ՀԱԿ-ի, իսկապես, մտածում են զոհերի գնով ձեռք բերված տարածքները պահպանելու մասին։
-Սակայն ՀԱԿ-ն արձանագրում է, որ նախագահն արտաքին քաղաքական հարցերում և, մասնավորապես, Ղարաբաղի հարցում, ձախողվել է ու պետք է հրաժարական տա։ Հրաժարական պահանջելու հիմքեր կա՞ն։
-Մենք մտել ենք մի փուլ, երբ շատ կապանքներից ենք ազատագրվել, այսինքն` հազիվ ենք հասել բաց դռների քաղաքականության։ ՈՒղղակի մարդիկ կույր պիտի լինեն` չտեսնելու համար, որ նախագահը հաշվի է նստում և՛ ՀԿ-ների, և՛ մտավորականների, և՛ այլ կուսակցությունների տեսակետների հետ։ Մենք երկար տարիներ այսպիսի մոտեցում չենք տեսել։ Կարծում եմ` ընդդիմադիր հատվածից այսօր պետք է զատվի այն զանգվածը, որն օտարերկրյա գործակալների աջակցությունն է վայելում, ֆինանսավորվում է նրանց կողմից ու կատարում նրանց պատվերը։
-Կարծում եք` ընդդիմադիր այդ հատվածը հստակ ուղղորդվում է դրսի՞ ուժերի կողմից։
-Դույզն-ինչ չեմ կասկածում։ 1995-ին այս թեմայի շուրջ իմ երջանկահիշատակ ընկերոջ` Աշոտ Նավասարդյանի հետ վիճել եմ։ Երբ որոշում էր կայացվում, որ պետք է մտնեն «Հանրապետություն» բլոկի մեջ, ընդամենը մեկ բան ասացի` այս երիտհայերը երիտթուրքերից ոչ մի բանով չեն տարբերվում։ Նրանց երկուսի տերերն էլ նույնն են` միջազգային այն մութ ուժերը, որոնք երբեք մեր լավը չեն ուզում։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2249

Մեկնաբանություններ