38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ԵՐԲ ԼՑՎՈՒՄ Է ՀԱՅԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿԸ»

«ԵՐԲ ԼՑՎՈՒՄ Է ՀԱՅԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿԸ»
19.11.2010 | 00:00

ԲԼԻՑՆԵՐ
«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶԱՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ «ՍԵՎՆ ՈՒ ՍՊԻՏԱԿԸ», ԽԻՍՏ ՏԱՐԱՆՋԱՏՎԱԾ Է»
ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար)
-«Մենք երբեք չենք ցանկացել պատերազմ, բայց այն ժամանակ ուղղակի պարտադրված էինք պաշտպանել մեր հայրենիքը։ Եթե պահը գա, եթե մեզ պարտադրեն, ապա այս անգամ մեր հարվածը պետք է լինի կործանարար և վերջինը»,- օրերս, ի պատասխան Ալիևի հոխորտանքների, բարձրաձայնեց Սերժ Սարգսյանը։ Նախագահի ասածին հետևեց ընդդիմության արձագանքը` «ռասիստ» որակմամբ։ Ի՞նչ կասեք այս առնչությամբ։
-Ընդդիմությունը կարող է իր տեսակետն արտահայտել։ Կարծում եմ, այդ հայտարարությունը հետագա գործընթացների առնչությամբ վճռական դերակատարություն կունենա։ Բնականաբար, ընդդիմությունը մեզանում, ինչպես «սևն ու սպիտակը», խիստ տարանջատված է, պետք է, որ ընդդիմանար այս տեսակետին։
-Ի դեպ, ընդդիմությունը նաև պնդում է, թե Սերժ Սարգսյանը չպետք է այդօրինակ հայտարարություններ անելու համար անպայման զինվորական հագուստ հագներ ու գնար Արցախ։
-Խորհուրդ կտայի, որ այդ ասողներն էլ զինվորական հագուստ հագնեին և նույն մոտիվներով վճռականություն ցուցաբերեին։
-Մի կողմից` Ալիևի իրար հաջորդող լպիրշ հոխորտանքները, մյուս կողմից, մեր արձագանքը հետագա գործընթացների համար ի՞նչ շարունակություն կարող են ապահովել։
-Շարունակությունը մեզ համար գոնե լիովին պարզ է ու հստակ. Ղարաբաղն անկախ պետություն է։ Պարզապես մենք պետք է այնպես անենք, որ այդ փաստը նաև միջազգային հանրությունն ընդունի։ Փոքր Ալիևն իր հոր դրսևորումների ճանապարհով չգնաց ու խնդիրը տարավ դեպի ազգային ակունքներ, ինչը բավականին ծիծաղելի է։
-Այսօր արդեն բարձրաձայնում են, թե Աստանայում գուցե «ճանապարհային քարտեզ» ստորագրվի։ Հնարավոր համարո՞ւմ եք։
-Չեմ կարծում։
-Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կտրուկ աճեցին շփման գծի խախտման դեպքերը, որոնք այսօր էականորեն նվազել են։ Ըստ Ձեզ, նման իրավիճակը պայմանավորված էր ընտրություններո՞վ։
-Այդ ամենը ոչ թե խորհրդարանական ընտրություններով էր պայմանավորված, այլ Աստանայում կայանալիք հանդիպումով։ Միջազգային հանրությունը լավ ընկալում է, որ Ադրբեջանը ոչ թե քաղաքակիրթ պրոցեսների, այլ իրեն բնորոշ վայրիվերո, վայրենի դրսևորումների մեջ է։ ՈՒզում են Աստանա գնալ իբրև կշռադատված։ Պատերազմող երկիրը միշտ պատերազմ է ուզում։ Սակայն Ադրբեջանը շատ լավ գիտի, թե ինչ է տեղի ունենում, երբ լցվում է հայի համբերության բաժակը։

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԼԻՆԻ ՊԼՅՈՒՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՈՉ ԹԵ ՄԻՆՈՒՍ»
ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)
-Կրտսեր Ալիևի ռազմատենչ հայտարարություններին շաբաթվա վերջին բավականին կոշտ արձագանքեց նախագահ Սերժ Սարգսյանը։ Ձեր գնահատականն այդ ելույթին։
-Նախագահի հայտարարությունը նշանակում էր, եթե պահը գա, մենք կարող ենք հաղթանակ արձանագրել ու վերջակետ դնել։ Աշխարհն այս փաստին ըմբռնումով կմոտենա ու Ղարաբաղի անկախությունն անմիջապես կճանաչի։ Նախագահի այցին նախորդել են զորավարժությունները, որոնք մենք աշխարհով մեկ չգովազդեցինք, բայց Ադրբեջանին ցույց տվեցինք, որ Ղարաբաղն իրավասու է և հաղթանակի համար ունի անհրաժեշտ ռեսուրսներ։ Հիշյալ զորավարժություններում ավելի շատ տեխնիկա է ցուցադրվել, քան պատերազմի ժամանակ եղել է։ Ադրբեջանցիները, չգիտես ինչու, կարծում են, թե 7-8 օրում հնարավոր է պատերազմել և վերադարձնել ազատագրված տարածքները։ Հայկական կողմն այս զորավարժություններով ապացուցեց, որ եթե գա պահը, ապա պատրաստ կլինի լուծելու խնդիրը։ Սա նաև պատասխան էր Ալիևի այն հոխորտանքներին, թե 5-6 օրում կարող են գրավել մեր հողերը։
-Սակայն միայն զենքով չէ, որ պատերազմում հաղթում են։
-Ղարաբաղը պատմականորեն հայկական տարածք է, և սեփական հողի պաշտպանությունը չի կարող լինել առանց ոգու` տոգորված Նժդեհի գաղափարներով։ Ազգային գաղափարախոսությունը բոլորիս համար ընդհանուր է։ Պարտադիր չէ, որ յուրաքանչյուր զինվոր ամեն օր նստի ու սերտի Նժդեհի գաղափարները, սակայն նրա անցած ճանապարհը կարող է նրանց համար լավագույն օրինակը լինել։ Հայ զինվորը բավականին մարտունակ է, պատրաստ է անգամ ինքնազոհության գնալու հանուն հայրենիքի։
-Օրերս ՌԴ-ում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրա այցին հաջորդելու է Ռուսաստանի նախագահի այցը Բաքու։ Ըստ Ձեզ, Աստանայի նախաշեմին հնարավոր լուծման տարբերակնե՞ր են փնտրվում` Ռուսաստանի «ձեռամբ»։
-Բնականաբար, մինչ Աստանայի հանդիպումը փնտրվում են լուծման միջոցներ, որովհետև իրականում Ադրբեջանը չի համաձայնում Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը ճանաչել։ Սկզբունքների հստակեցումներ են լինում Ռուսաստանի և Մինսկի համանախագահների միջնորդությամբ։ Մեդվեդևի այցն ամբողջովին չի կարելի պայմանավորել ղարաբաղյան հիմնախնդրով, բայց այդ հարցը ևս չի շրջանցվի։ Պետք է հասկացնել Ադրբեջանին, որ հարկավոր է հանդուրժող լինել, իսկ Մեդվեդևն էլ, լինելով բարձր ինտելեկտի տեր մարդ, պիտի բացատրի Ալիևին, որ պետք է, ի վերջո, պատմությունը սովորել, քանի որ ղարաբաղցիներն ապրում են իրենց պատմական հողում։ Եթե Նախիջևանում չկա մի հայ, մենք չենք մտել ու այն գրավել, չնայած դա կարող էինք։
-Դուք ասում եք` պետք է հանդուրժող լինել։ Համամիտ եմ։ Սակայն ի՞նչ անել, երբ անվերջ ականատես ենք այն իրողությանը, թե Ադրբեջանն ինչպես է խեղաթյուրում պատմական փաստերը։ Արդյոք հայկական կողմն այս ամենին չպե՞տք է ավելի կոշտ արձագանքի։ Ի վերջո, միջազգային հանրությունը չի նստի ու «գրքեր քրքրի», որ իմանա, թե ով է ճիշտ։
-Հայկական կողմն արձագանքում է, երբեմն էլ` կոշտ։ Այստեղ տեսնում եմ նաև ընդդիմության դերը, քանի որ նրանք ևս պիտի հակադարձեն ու ճշմարտությունը ներկայացնեն։ Ընդդիմության ձայնն էլ յուրովի է լսվում։ Բայց երբ ընդդիմության կողմից լսվում են այլ կոչեր, թե սրանք ռասիստներ են և այլն, ինչքան էլ իշխանության հայտարարությունները կոշտ լինեն, այն ազդեցությունը չեն ունենա։ Ընդդիմությունը կարծես հինգերորդ շարասյան նման լիովին այլ բան է հայտարարում։ Ոչ թե պետք է ելնել իշխանության շահերից, այլ հայրենիքի։ Սա թողած մի կողմ, գնում են ադրբեջանական կուսակցությունների հետ համաձայնություններ ստորագրում` ինչ-ինչ նպատակներով։ Իհարկե, ընդդիմադիր մեկ այլ ուժի` ՀՅԴ-ի միջոցով ևս կոշտ հայտարարություններ են հնչում, երբեմն էլ` «Ժառանգության»։ Հիմա որ ասեմ Ադրբեջանի կարծիքն է ՀԱԿ-ը ներկայացնում, պիտի ասեն` Զոհրաբյանն էլի ասաց։ Ընդդիմության օբյեկտիվությունը պիտի լինի պլյուս Հայաստանի, ոչ թե մինուս։
Ճեպազրույցները` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1295

Մեկնաբանություններ