38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ՍԱՀՄԱՆԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ՇԱՏ ՔԻՉ ԱԶԱՏ ՄԱՐԴ ԵՄ ՏԵՍՆՈՒՄ, ԵՂԱԾՆԵՐՆ ԷԼ ԴԻՆՔԻ ՊԵՍ ՆԱՀԱՏԱԿՎՈՒՄ ԵՆ ԿԱՄ ՓԱՄՈՒԿԻ ՊԵՍ ՕՏԱՐՎՈՒՄ»

«ՍԱՀՄԱՆԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ՇԱՏ ՔԻՉ ԱԶԱՏ ՄԱՐԴ ԵՄ ՏԵՍՆՈՒՄ, ԵՂԱԾՆԵՐՆ ԷԼ ԴԻՆՔԻ ՊԵՍ ՆԱՀԱՏԱԿՎՈՒՄ ԵՆ ԿԱՄ ՓԱՄՈՒԿԻ ՊԵՍ ՕՏԱՐՎՈՒՄ»
23.04.2010 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ
-Ձեր կարծիքով` ինչո՞ւ 1915-ից հետո Մարտիրոս Սարյանը, որ Աստծո կամքով ամեն ինչ կարող էր նկարել, նկարում էր ծաղիկներ:
-Ազգի խառնվածքը նրա պատմության նստվածքն է, իսկ մեր պատմությունը բարոյական ու ֆիզիկական կորուստների անվերջ ընթացք է։ Մեզ, մի կողմից, ճնշում է մեր անցյալի բեռը, որը միշտ չէ, որ թույլ է տալիս, որ մեր հայացքը գետնակախ չլինի ու ողնաշարը պինդ (իր մեջ պարտություններ ունի), բայց նաև հաղթությունների չլքող հույս ու հեռանկար է: Քաղաքակրթությունը իդեալիստներն են առաջ տանում, հակառակ նրան, որ ցինիկներն ու պրագմատիկներն են աշխարհի ղեկին։
-Գուցե հենց դա՞ է Աստծո սահմանած հավասարակշռության օրենքը:
-Այո, մարդկային հավասարակշռությունն ու աստվածային ներդաշնակությունը ամբողջականություն են ենթադրում: Ես հասկանում եմ Սարյանին. աստվածատուր տաղանդի արվեստագետը, ցեղասպանության ողբերգությունն իր բոլոր բջիջներով ընկալող հանճարը չէր կարող դառնության մեջ մնալ:
-Չէ՞ր կարող դառնություն բազմացնել ու փոխանցել...
-Սարյանն ուներ «ինչո՞ւ» և «ի՞նչ անել» հարցերը: Եվ դա ցեղասպանությունից հետո ծնված այն հարցն էր, որ մենք այսօր էլ ունենք:
-Իսկ պատասխան ունենալու ժամանակը չէ՞:
-Պատասխանն ինքդ քեզ հետ ու աշխարհի հետ հաշտ ապրելու ունակության մեջ է: Ցեղասպանությունը քո հիշողությունն է, քո պատմությունն է ու միշտ լինելու է նաև մեր ներքին հայացքի մեջ, բայց նաև պիտի կարողանաս ազատագրվել նրանից, ինչը զոհի քո բարդույթն է, քո ընդհատված պատմությունը, ողբերգությունը: Ինձ համար ցեղասպանությունը պապիս հայացքն է ու պապիս լռությունը՝ մեր չորացած ծիրանենու տակ, իմ հայրենի Աշնակ գյուղում: Ես հետո հասկացա ու լսեցի այդ լռության միջի ծանր աղմուկը: Պապս ու ծիրանի ծառը նույն կերպ էին կյանքից հեռանում: Ես դա էլ հետո հասկացա: Երբ ողբերգությունը չի կիսվում, չի ընկալվում, դառնում է մորմոքվող, արնահոսող սպի: Ռեմարկի հերոսները, հիշում եք, զգում էին պատերազմի դաշտում կորցրած իրենց ոտքի ցավը: Մենք մեր պատմությունն օտարելու իրավունքը չունենք, բայց երբ վիշտդ հասկացված է, ուրիշ կերպ ես վերաբերվում վշտիդ: Սարյանն իր ժամանակին կարո՞ղ էր ուրիշ պոռթկում ունենալ, ծաղիկներ չնկարել:
-Չարենցը «Դանթեական առասպել» էր գրում, որտեղ չկային ծաղիկներ...
-Դա մեծերի ազատագրության ճանապարհն էր` նայած ում կենսափիլիսոփայությունը ուր է տանում:
-Ցեղասպանությունից հետո մենք ունեցանք երկու մասի բաժանված հայ ժողովուրդ` ժողովուրդ, որ ապրում էր Հայաստանում, ժողովուրդ, որ ապրում էր ամբողջ աշխարհում: Ցեղասպանության ընկալումը հասկանալի պատճառներով հայ ժողովրդի այդ երկու մասերի միջև տարբեր եղավ: 1920-ին մեզ «սովորեցրին», որ ցեղասպանություն չի եղել, հեղափոխական թուրք ասկյարը մեր բարեկամն է, այդպես էր Ստալինի մահից հետո էլ, համարյա մինչև 1965-ը: Հայ ժողովրդի Հայաստանում չապրող հատվածը ցեղասպանությունն իր մեջ պահեց ամբողջությամբ` իր գոյության ուժ գտնելով նաև: Այսօր կարո՞ղ ենք հաստատել, որ հայ ժողովրդի երկու հատվածների մեջ արդեն ունենք ցեղասպանության նույն ընկալումը, թե՞ ունենք նույն ցավի տարբեր ընկալումներ:
-Ես չեմ կարծում, որ մենք ունենք նույն ընկալումը: Մենք ունենք նույն ցավի տարբեր ընկալումներ. սփյուռքահայը այս կամ այն երկրի քաղաքացին դարձավ, բայց նրա վիշտը պետականորեն չամոքվեց, չամոքվեց նաև Հայաստանում: Խորհրդային մամլիչը 70 տարում գուցե բթացրեց այդ ցավը, ուղեղների լվացումն արժեքների այլ համակարգ պարտադրեց, բայց հետո պայթեց «Անլռելի զանգակատունը», ու պարզվեց, որ կեղծիքը մի օր մերկանում է: Համամարդկային արդարության ու պոռթկումի օրենքներ կան, որոնք երբեք մեխանիկորեն չեն զսպվում: Սփյուռքն իր ցավի հետ մենակ մնաց և ամոքեց, ինչպես կարողացավ, իր մեջ ունեցավ փյունիկի ֆենոմենը` ունենալով պետության կորստի ու արյան կորստի ողբերգությունը: Սարյանն իր նկարած ծաղկի մեջ էր իր լինելիությունը տեսնում, սփյուռքն իր լինելիությունը գտավ իր ինքնությունը գտնելու ճանապարհի մեջ, որը դարձավ սփյուռքի պահպանության ողնաշարը: Հայերին սփյուռքում երկար ժամանակ միավորում էր ապրված ու չճանաչված ցեղասպանության ողբերգությունը...
-Երբ մենակ ես, պիտի ուժեղ լինես, որ դիմակայե՞ս աշխարհին:
-Մենք հետո գտանք քաղաքակիրթ անուններ` ինքնություն, լինելիություն, ժառանգականություն, հոգևոր Հայաստան... Հայաստանում այլ ողբերգություն էր` քեզ նույնիսկ զրկեցին քո ցավին տեր լինելու իրավունքից...
-«Ծիրանի փողի» համար գնդակահարեցին Ակսել Բակունցի՞ն, ու նա միակը չէ՞ր:
-Այո, բայց որ կաթիլը ժայռ է բեկում, մեր փորձով գիտենք: 1965-ին իմ մայրը Ծիծեռնակաբերդ բարձրացողների առաջին շարքում էր: Ես դժվարանում եմ հավատալ, որ Հայաստանում ու սփյուռքում այսօր ցեղասպանության նույն ընկալումն է, այլ պետություններում սփյուռքահայը կայացած քաղաքացի դարձավ, Հայաստանում սոցիալական անարդարությունն ու չկայացող պետությունն այնքան ճնշիչ են, որ նաև ազգային հարցերն են լուսանցքվում: Մենք գրեթե միջնադար ենք վերադարձել, և անարդարությունը, տգիտությունն ու գավառամտությունը հիմա էլ են գետնաքարշ պահում մեզ` հավաքական ամբողջականության մասին մտածելու օդ չթողնելով: Ապրիլի 24-ը ոմանց համար խորհրդանիշ է, և ոչ միշտ ենք մենք խորանում նրա էության ու ընկալումի մեջ։
-Հիմա փորձենք սահմանն անցնել:
-Հայ-թուրքակա՞նը, չբացվա՞ծը:
-Այո, թուրքերի չբացած սահմանը:
-Ոչ, Հայաստան-Հայաստան սահմանը:
-Այդ սահմանն անցնել չենք կարող, դա մեր ներսում է: Ինձ համար Վանի ու Սևանի միջև սահման չկա իմ ներսում:
-Հայաստանում քանի՞սն են այսօր այդպես մտածում:
-Շատերի համար Սևանն էլ իրենցը չէ` կթողնեն-կգնան:
-Մեր սեփական հողի վրա տեր չենք. մտածում ենք ոչ թե տեղը մեզ հարմարեցնելու, այլ մեզ հարմար տեղ գտնելու մասին: Ներքին նվաճող ենք դարձել: 1990-ին, երբ մեր անկախության ուրվագիծը նոր էր երևում, Հրանտ Մաթևոսյանն էսսե էր գրում` «Որ երկիրը կոչվի Հայաստան». իրեն ու իր պես քչերին պետք էին Սարյանի ծաղիկները, Չարենցի դանթեականը, Բակունցի ծիրանի փողը, Մահարու այգեստանները, Դաշտենցի ռանչպարները, Գալշոյանն էր պետք, Շահնուրը, Մնձուրին: 1990-ին ցավալիորեն կենսունակ հարց էր` որ երկիրը կոչվի Հայաստան: Դառնորեն ճիշտ է Մաթևոսյանը՝ մենք խարխափում ենք արևելյան աղբի ու արևմտյան «դրախտի» միջև... ու դեռ...
-20 տարի հետո հարցնեմ` երկիրը կոչվե՞ց Հայաստան:
-Հավերժական այդ հարցը մեզ ուղեկցում է Տիգրան Մեծից մինչև այսօր 2100 ու ավելի տարիներ: Թումանյանը դարասկզբին այդ հարցը չէ՞ր տալիս: Տերյանն այդ հարցի պատասխանները չէ՞ր փնտրում: Չարենցն ի՞նչ էր անում, նույնը չէ՞ր…
-Այնուամենայնիվ` սահմանն անցնենք. մեր դասագրքերն ու գրքերը մեզ դաստիարակում էին սպանվածի, բռնաբարվածի, կողոպտվածի բարդույթով: Սահմանի մյուս կողմում եղած մարդիկ արդյոք ունե՞ն սպանողի, բռնաբարողի, կողոպտողի բարդույթ: Ես ուզում եմ ինձնից մի քանի կիլոմետր հեռու ապրող իմ հասակակից թուրքին հասկանալ, ես չեմ ուզում նրան մեղադրել-արդարացնել, ուզում եմ հասկանալ` ինչպե՞ս է վերաբերվում իր պատմությանը, իր հորը, իր պապին: Ես` հայս, իմ հոգու խորքում իմ պատմության հետ խնդիր ունեմ, ի՞նքն էլ ունի այդ խնդիրը:
-Պատմության հետ հայերս միշտ խնդիր ունենք: Մեր պատմությունը մեզ համար կուրորեն դաս չի դառնում: Մեր պատմությունը հիմնականում պարտությունների պատմություն է, քաղաքակրթության որոնումներում մենք միշտ սարդոստայնի մեջ ենք հայտնվել: Բարոյականությունն ու անկեղծությունն այսօր Հայաստանում ոտնահարված արժեքներ են, երբ չես առերեսվում (կամ չես ուզում) քո պատմության ու սխալներիդ հետ, վաղվա օրդ չես կարող տեսնել: Սահմանից այն կողմ վարագույրն ավելի թանձր է ու դավադիր: Մի քանի ամիս առաջ թուրքական «Զամանի» լրագրողներն էին այստեղ` դրսից իջեցված պետպատվերով հայ-թուրքական երկխոսություն էր վարվում, ու ակնհայտ էր, որ սահմանը ոչ միայն երկու պետությունների միջև է, այլև մեր մտքերում, ի՞նչ խոսես մի երկրի հետ, որտեղ 301 հոդված կա: Մեր իրականության մեջ մտածող մարդն ու անհատը ազատության և իրավունքի իր տարածքն ունի։ Սահմանից այն կողմ շատ քիչ ազատ մարդ եմ տեսնում, եղածներն էլ Դինքի պես նահատակվում են կամ Փամուկի պես օտարվում:
-Մեզ մի՞շտ է պակասելու ժամանակը:
-Պարտադրված երկխոսությունները սպանում են գաղափարները և կիսատ լուծումներ բերում: Փչացրած գաղափարները կենդանացնելու կամ ծնելու համար նորից աներևակայելի ճիգ ու ջանք ենք գործադրելու: Սահմանի այն կողմինն էլ մարդ է, Աստծո որդի, և Աստծո առաջ մենք իր արարածն ենք: Ես կարող եմ նրան հասկանալ, կարեկցել... Մեզ անպատրաստ մղեցին երկխոսության, մեր բաց ու չսպիացած վերքով, մեր անամոք ցավով: Ես առիթ եմ ունեցել հանդիպելու Թուրքիայի որոշ հայերի հետ, որոնք նույնիսկ չգիտեին, որ ցեղասպանություն է եղել, որովհետև ապրել են մի միջավայրում, որտեղ պատմության դասագրքերում ու քարտեզներում Հայաստան չի եղել ու չկա, իսկ թուրքերը 1915-ին գնացքով «ապահովել են» հայերի անվտանգ տեղափոխումը ավելի խաղաղ ու անվտանգ վայրեր: Այսօր մեր երկխոսությունը դեռ խուլերի խոսակցություն է, որը մեր վշտի մեջ մեզ ավելի է կարծրացնում: Աշխարհի տերերը, որ իրենց շահերին են հետամուտ, ոչ մի կերպ չեն ուզենալու հասկանալ` ինչո՞ւ ենք ոտքի տակ ընկած խանգարում իրենց աշխարհաքաղաքական նպատակներին, նրանք այնքան տեր են ու հեռու են, որ կարող են «չհասկանալ»` ամբողջականությունը մանրամասների մեջ է:
-Տարիներ շարունակ տարբեր խառնվածքի ու մասնագիտության մարդկանց ես հետևողականորեն հարցրել եմ` ի՞նչ է իրենց համար պահանջատիրությունը, վերջին հաշվով, մենք ի՞նչ ենք ուզում Թուրքիայից, բոլորի պատասխաններն էլ յուրովի ճիշտ են եղել, բայց նրանց զգացումների ու ընկալումների մեջ ես չեմ տեսել ամբողջականություն ու հասկացել եմ, որ մենք այդ ձևակերպումը չունենք: Ինչո՞ւ ենք ուզում, որ թուրքերն ունենան, որ նրանք միասնական լինեն իրենց ընկալումներում:
-Պետք է լինի պետության բանաձևումը` անցյալի նկատմամբ ընդհանուր հիշողությամբ ու պատասխանատվությամբ պայմանավորված ընդհանուր ճակատագրի ձևավորում, ուր հավասարությունն ու արդարությունը անկասելի արժեքներ են։ Հայկական հարցից մենք պետք է ազատվենք Ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու հատուցման ճանապարհով: Քաղաքակիրթ աշխարհը միայն կշահի դրանից։ 21-րդ դարի ազատ հայիս «խանգարում է» այդ ծանր բեռը, որ կշռաքարերի պես կախված է իմ ոտքերից:
-Ձեր ասածի հերքումը թվացող, բայց իրականում հաստատումը եղող օրինակ է ռուսների համար Մեծ հայրենական պատերազմը. 1945-ին Ռուսաստանը միանշանակ հաղթեց, 65 տարի շարունակ բոլոր կինոֆիլմերում, բոլոր գրքերում, բոլոր երգերում, բոլոր անեկդոտներում ռուսներն անընդհատ հաղթում են ֆաշիստներին ու այսօր էլ դեռ նկարում են ֆիլմեր, գրում են գրքեր, որտեղ հաղթում ու հաղթում են գերմանացիներին... Գերմանացիները վաղուց պարտվել են, ընդունել են իրենց պարտությունը, ընդունել են հոլոքոստը... Ռուսները շարունակում են նրանց համառորեն հաղթել վիրտուալ աշխարհում: Ինչո՞ւ: Ես երկար ժամանակ չէի հասկանում, որ հաղթելով ռազմադաշտում, հոգեբանական դաշտում ռուսները չեն հաղթել, որովհետև ունեցել են 1946 թիվ, երբ շարունակվեցին ստալինյան ռեպրեսիաները, որովհետև իրենց հաղթանակը չապրեցին: Գերմանիան իր պարտությունն ապրեց ու հաղթահարեց, ռուսները 65 տարի որոնում են իրենց հաղթանակը, որ իրենց հաղթող զգան...
-Ո՞վ է մեղավոր, որ մենք մեր հաղթանակներին տիրություն չենք անում:
-Ի՞նչ տարբերություն մեր ու ռուսների միջև:
-Մենք մեր սեփական հողի վրա քոչվորի պես ենք ապրում: Մենք մեր առանց այն էլ քիչ հաղթանակներին չենք կարողանում տիրություն անել: Եթե դու քո հաղթանակին տիրություն չես անում, անտեր հաղթանակներն ապրիլներ են դառնում: Ցեղասպանությունը միայն արյունը չէ, նաև արյան չգիտակցումն է: Մենք այսօր ունենք հաղթանակ, որ լուծ է դարձել մեզ համար, չգիտենք տակից ոնց դուրս գանք: Այսօր ցավալիորեն այդ հաղթանակը մեզ բեռ է դարձել, ոչ բարոյական, ոչ հոգեբանական, ոչ քաղաքակրթական կապիտալ մեր հաղթանակը մեզ համար չդարձավ: Մեր բոլոր քաղաքական ճամարտակությունները ոչ թե էությանը, այլ ձևին են ուղղված:
-Այդ պատճառով էլ այսօր ամենակարևոր-ամենապատմական-ամենակենսական հարցը` ապրիլի 24-ին ԱՄՆ-ի նախագահն իր ուղերձում «ցեղասպանություն» կասի՞, թե՞ չի ասի: Տեսություններ են զարգացվում` արտասանեց, այս-այս-այս հարցերը կլուծվեն, չարտասանեց` մեր ազնիվ ցեղը կգնա-կկորչի... Աբսուրդ չէ՞:
-Իմ, Ձեր, մեր երեխաների անունից այսօր խնդիր է լուծվում: Մենք երկու ճշմարտությունների Հայաստան ենք` մի կողմից Շնորհալու «հայտարարված» բարոյականությունը, մյուս կողմից` ցինիզմի, քաղաքական աղբի, կեղծիքի, սպանությունների մեջ թաղված Հայաստանը, որտեղ մարդը ոչինչ է: Դու աշխարհից հատուցում ես ուզում, բայց քո երկրին տեր ու թիկունք չես: Խոսքը նաև Ղարաբաղի հաղթանակի մասին է, իսկ այդ հաղթանակի տակ ճակատագիր է, մարդ է, հայրենիք է, սահման է:
-Գուցե ցեղասպանության չգիտակցված հետևանքն է մեր հավերժական պատերազմը մեր ներքին աշխարհում: Աշխարհից վախենում ենք, մեզ էլ չենք խնայում:
-Մեր սխալները, մեր մեղքերը մեր մեջ չենք փնտրում ու սկսում ենք պատճառներ հնարել: Երբ մեր սխալները տեսնելու քաղաքական ու քաղաքացիական քաջություն կունենանք, լուծումներ կգտնվեն և կան: Մեր բոլոր ձախողումների պատճառները մեր մեջ են:
-Մենք մեր մեջ մեր հաշտությունը գտնենք մեզ հետ, թուրքերն իրենց մեջ իրենց հաշտությունը իրենց հետ գտնեն, ու հետո հանդիպենք իրար: Եթե հիմա նույնիսկ սահմանը բացվի, հայերի ու թուրքերի հաշտություն չի լինելու. քաղաքական անհրաժեշտությունը, միջազգային խնդիրները, այս ու այն գերտերության շահերը գալու-գնալու են ու շատ հարափոփոխ են, մնալու ենք մենք դեմ առ դեմ ու երկկողմանիորեն անպատրաստ իրար հետ հարաբերվելու:
-Երբեք չես կարող հաղթանակել դրսում, եթե տանդ տեր չես ու տանդ մեջ տեր չես: Անհանդուրժողականությունը, չարությունը, դառնությունը, անտարբերությունը շարունակելու են մեզ ամուլ ճանապարհով տանել: Երբ չունես ներքին իմունիտետ, արտաքին որևէ հարցում դատապարտված ես պարտության: Խելացի իշխանությունն ապավինում է ոչ թե իր, այլ ժողովրդի ինտելեկտին:
-Այսինքն` նախքան հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններին անդրադառնալը հայ-հայկական հարաբերություննե՞րը կարգավորենք:
-Անշուշտ, մեզ ներքին հաշտություն է պետք, որ կարողանանք հասկանալ ու հասկացվել: Այսօրվա Թուրքիան, 95 տարի անց էլ ճերմակ ձեռնոցներով երկիր չէ, բաց նյարդով, մաշկազերծ Թուրքիան կճանաչես Օրհան Փամուկի «Ձյունով», որը դավադրությունների, խավարի, ծայրահեղությունների, մատնության, ինքնախարազանման պատմություն է բազմագլուխ հրեշով, ուր գլուխները միմյանց հետ հաշտ ու միմյանց զիջող չեն: Սա անհավասարների, խորթ քաղաքակրթությունների երկխոսություն է, մեզ բաժանում է ոչ միայն պատմությունը, ցեղասպանությունը, հողը, անցյալն ու ներկան... Սելավի հեղեղով չես կարող ալպիական մանուշակներիդ մարգագետինը ջրել: Հայրենիքը միայն աշխարհագրություն չէ, ոչ էլ 29000 քառակուսի կիլոմետր տարածք, ամեն մեկն իր հոգու Հայաստանն ունի ու պատասխանատու է նրա համար ու նրա առաջ:
-ՈՒ այդ յուրովսանն հայրենիքդ դառնում է շագրենի կաշի:
-Իսկ դու անցիր սահմանը նախ մտքումդ, հետո ուժիդ հանգույն սահմանիր սահմանդ:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1524

Մեկնաբանություններ