38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ՊԻՏԻ ԿԱՐՈՂԱՆԱՍ ՔՈ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ ՆՈՒՅՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՆԱՅԵԼ»

«ՊԻՏԻ ԿԱՐՈՂԱՆԱՍ ՔՈ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ ՆՈՒՅՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՆԱՅԵԼ»
19.11.2010 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆԸ
-Ամեն տարի սպասում ենք թեժ աշնան, աշունը կիսվել է, Ձեր կարծիքով` թեժության մասին կանխատեսումներն արդարանո՞ւմ են, թե՞ սովորական աշուն է` բարի աշուն:
-Հանրահավաքներում ես հաճախ եմ բարի աշուն մաղթում, և ես չէ, որ առաջինն եմ բարի աշուն մաղթել: Կցանկանայի, որ աշունը թեժ լիներ` հօգուտ ժողովրդի, որ ճտերը հաշվեին ու սպասածից ավելին լիներ, որ թեժ լիներ ստեղծագործելու, արարելու, բարի լուրեր ստանալու, բարի նպատակների իրագործման և արդարության առումով:
-Իսկ քաղաքակա՞ն:
-Մեր իրավիճակում հայտնված երկրների պարագայում գործող նախագահներից աշխարհը սպասելիքներ ունի։ Ներքաղաքական թեժությունն ամբողջությամբ կապվում է արտաքին քաղաքական խնդիրներին: Դա հաշվի առնելով է, որ ՀԱԿ-ն իր գործողությունները կազմակերպում է ժամանակի մեջ հաշվարկված, լուրջ աշխատանք տանելով նաև արտաքին քաղաքական դաշտում ժողովրդավարության բացերն ի հայտ բերելու և ներքաղաքական դաշտում տեսակետ ձևակերպելու առումով: ՈՒզո՞ւմ է աշխարհը, թե՞ ոչ, ուզո՞ւմ է իշխանությունը, թե՞ ոչ, բայց այսօր Հայաստանում հասարակական կարծիք ձևավորողը իրականում ՀԱԿ-ն է, և որևէ լուրջ հարցում հնարավոր չէ քիչ թե շատ դրական արդյունքի հասնել առանց ՀԱԿ-ի հետ հաշվի նստելու:
-Ձեր կարծիքով, ի վերջո, ի՞նչ էր մեզ համար նշանակում Աստրախանը, և ի՞նչ կարող է Աստանան նշանակել:
-Ակնհայտ է, որ Ղարաբաղի խնդրի չլուծման հնարավորությունները սպառվել են, դա հստակ երևում է եռանախագահող երկրների միմյանցից առաջ ընկնող առաջարկություններից: Ոչ վաղ անցյալում Ղարաբաղի խնդրով գրեթե միշտ ռուսական իշխանությունները և նրանց ներկայացուցիչը Մինսկի խմբում տեսակետներ էին հայտնում, որ խնդիրը երկար ժամանակ է պահանջում, շուտափույթ լուծման տարբերակները ոչ իրատեսական են և վտանգավոր: Աստրախանում արդեն ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը շուտափույթ լուծման խնդիր դրեց և հանձնարարական տվեց թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի նախագահներին ու արտգործնախարարներին: Այս ենթատեքստում պատահական չէին թե՛ մայնդորֆյան հայտարարությունը, թե՛ աստրախանյան հանդիպումը, պատահական չէր ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը, որ փաստաթուղթ պիտի ստորագրվի, որտեղ արձանագրվի` ինչին են համաձայնել, իսկ ինչին չեն համաձայնել` բոլորս գիտենք: Այսինքն, հակամարտության հաղթահարման ուղղությամբ Ռուսաստանը քայլեր անում է: Ես համաձայն չեմ այն տեսակետին, որ խնդրից հեռացել են ԱՄՆ-ը և Եվրոպան: Նրանց գործունեությունը հրապարակային առումով չի երևում, բայց ներքին քաղաքական դաշտում ազդեցությունը շատ մեծ է: Վերջերս այդ մասին բաց տեքստով ասաց նաև ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: ԵԱՀԿ գագաթնաժողովները միշտ ունեցել են իրենց ուրույն դերը Ղարաբաղի խնդրի լուծման գործընթացներում` 1996-ին, 2000-ին, դրվել են կոնկրետ խնդիրներ, Հայաստանի իշխանություններն ասել են կամ «այո», կամ «ոչ»: Շատ տրամաբանական է, որ հիմա էլ կոնկրետ խնդիր դրվի, որը 2000-ի համեմատ քայլ առաջ պետք է լինի:
-Դուք դա շահեկա՞ն, թե՞ վտանգավոր եք համարում:
-Ես լուրջ վտանգներ եմ տեսնում թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի նախագահների ելույթներում: Երկուսն էլ ռազմատենչ հայտարարություններ են անում, երկուսն էլ խոսում են պատերազմից: Իսկ դա նշանակում է, որ փորձում են վախեցնել գերտերություններին` նախկինում իրենց տված խոստումը չկատարելու դեպքում սպասվելիք պատժամիջոցներից խուսափելու համար, կամ էլ փորձում են վախեցնել սեփական ժողովրդին` հետագայում իրենց ստորագրածն արդարացնելու նպատակով:
-Ադրբեջանի նախագահը համարյա երկու տարի անընդմեջ խոսում է պատերազմից, ինչ-որ պահից պետք չէ՞ր նրան պատասխանել, որ պատերազմն իր հնարածը չէ, այդ գործից մենք էլ ենք հասկանում: Կամ` ինչո՞վ եք բացատրում ելակետի փոփոխությունը, արդյոք պատճառն այն չէ՞, որ խաղաղ բանակցությունները սպառել են իրենց, իսկ պատերազմում` ոնց պատերազմում, ինչպես ֆրանսիացիներն են ասում:
-Ալիևը Գինեսի գրքում հայտնվելու համար իր հենասյունով աշխարհի ամենամեծ դրոշը դրեց Բաքվում, քամիները պատռեցին դրոշը, հենասյունը կոտրվեց: Հայաստանի իշխանությունները Գինեսի գրքում գրանցվելու համար Տաթևում աշխարհի ամենաերկար ճոպանուղին կառուցեցին, որով հայտնի չէ` ով է երթևեկելու: Մոտեցումների նմանությունը, համարժեք քայլերով իրար պատասխանելու մակարդակը ցավալի, խորթ ու վիրավորական են: Եթե Ալիևը հոխորտում է, մենք չպիտի իջնենք այդ մակարդակին: Ես չեմ հիշում որևէ դեպք, որևէ ելույթ, որ հաղթական պատերազմի բովով անցած Վազգենը հայտարարեր, թե դա վերջին կռիվն է հակառակորդի համար: Պապս միշտ ասում էր, որ տղամարդը չպիտի վախենա կռվից, բայց պիտի աշխատի չկռվել:
-Բայց ընդունեք, որ հակադարձել պետք է, այլապես թվում է` Ադրբեջանը պատրաստ է պատերազմելու, մենք` ոչ:
-Մաքիավելին էլ պապիս պես խելոք մարդ էր ու ասում էր, որ պատերազմը սկսում են, երբ ցանկանում են, ավարտում են, երբ կարողանում են: Հայաստանը երբեք չի խուսափել պատերազմից: Ժողովուրդը, պետությունը, մարդը պետք է արժանապատվություն ունենան: Պարտադրվող պատերազմի դեպքում պետք է պատերազմել միանշանակ: Արցախյան ազատամարտը պարտադրված պատերազմի հետևանք էր, բայց պատերազմից առաջ ոչ ոք չէր ասում` դե փորձեք-հարձակվեք, Բաքուն գրավելու ենք: Մահապարտներին ուղղված հայտնի կոչում Վազգենն ասում էր` ողջ մնալու հավանականությունը հիսուն-հիսուն է: Ալիևի նախորդներն էլ պատրաստվում էին Սևանում թեյել, թե ընթրել: Հետո ի՞նչ եղավ:
-Աստրախանից առաջ ու հատկապես հետո իշխանությունները տարբեր մակարդակներով ասում են, որ Աստանայում ոչինչ չի ստորագրվելու: Ի՞նչ է առաջարկվելու ստորագրել, որ միանշանակ մերժվում է, գուցե նեյտրալ, նորմալ փաստաթուղթ է` ճանապարհային քարտեզ, որտեղ արձանագրվում է ընդամենը կողմերի քայլերի ու մտադրությունների հաջորդականությունը:
-Եթե նորմալ, չեզոք, անվտանգ փաստաթուղթ լիներ, ապահովեր այն երեք կետերը, որ բազմիցս նշվել են` Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, անվտանգությունը, ցամաքային կապը Հայաստանի հետ, Սերժ Սարգսյանն այդ փաստաթուղթը կարող էր ստորագրել Աստանայում, Մոսկվայում, Վաշինգտոնում, Փարիզում, Պեկինում, Հռոմում` որ քաղաքում լիներ: Բայց ոչ մի անգամ Հայաստանի իշխանությունները չեն ասել, որ պատրաստ են ստորագրելու:
-Ինչո՞ւ:
-Որովհետև այդ փաստաթուղթը չի ապահովում իրենց ստանձնած քաղաքական պարտավորությունների կատարումը:
-Այսինքն, բանակցային գործընթացում սխա՞լ է եղել ու սպասված արդյունքին չի՞ հանգեցնում:
-Այսինքն, վարած արտաքին քաղաքականությունն ակնկալված պտուղները չի տալիս և հանգեցրել է այն վիճակին, որ ստիպված են պատերազմական հայտարարություններով փակուղի մտցնել բանակցությունները և բոյկոտել դրանք: Իսկ արտաքին քաղաքականության մեջ բոյկոտը կրախ է: Միանշանակ: Աստված չանի` դրան հասնենք, որովհետև այդ դեպքում այլընտրանքը մնում է պատերազմը:
-Այսինքն, ստորագրում ենք` վատ է, չենք ստորագրում` ավելի՞ վատ է:
-Իշխանությունների պահվածքի և Աստանայում ոչինչ չստորագրելու հաստատակամության հետևությունը միանշանակ է` գոյություն ունի փաստաթուղթ, որը ստորագրելը վատ է, չստորագրելը` է՛լ ավելի վատ:
-Ելքը ո՞րն է:
-Հայաստանի իշխանությունները սպառել են Ղարաբաղի հարցով բանակցությունները շարունակելու ռեսուրսը: Եթե հայրենասեր են, սիրում են Ղարաբաղը, այդ առաքելությունը պիտի փոխանցեն ուրիշին: Փոխանցելու ձևը չպիտի լինի իրավահաջորդի նշանակումը, որ նույն խոցելի կարգավիճակն է ունենալու, այլ պիտի լինի ժողովրդավարական ճանապարհով: Աստանայից առաջ, թե Աստանայից հետո, Աստանայում ինչ-որ խնդիրներ կլինեն, թե չեն լինի, միևնույն է, իրավիճակից դուրս գալու ելքը մեկն է` Հայաստանում պիտի լինեն արտահերթ նախագահական ընտրություններ: Արտահերթ, որոնք նոր մարդկանց ու նոր լուծումների հնարավորություններ կստեղծեն, քաղաքական դաշտը նվազ խոցելի կդարձնեն բոլոր առումներով: Ղարաբաղի բանակցային կողմ դառնալու հարցն էլ կհեշտանա:
-Այսինքն, ժողովրդավարությո՞ւնն է մեր բոլոր խնդիրների լուծման բանալին:
-Միանշանակ` այո, բայց, դժբախտաբար, քաղաքակիրթ աշխարհը կարծում է, որ Ղարաբաղի հարցը Հայաստանում ու Ադրբեջանում խանգարում է ժողովրդավարության հաստատմանը, և լուծումից հետո, երբ ընտրություններում այդ խնդիրը չի շահարկվի, հնարավոր է հասնել ժողովրդավարության: Իրականում, սակայն, Ղարաբաղի հարցը դարձել է միջոց, որ իշխանությունը Հայաստանում էլ, Ադրբեջանում էլ ընտրությունները վերածի ինքնանշանակման կամ իրավահաջորդի նշանակման: Իրենք իրենց ու իրենց շրջապատին համոզում են, որ միայն իրենք են միակն ու անկրկնելին, որ ուրիշ ոչ ոք իրենցից գիտակ, լավ բանակցող ու Ղարաբաղի շահը հասկացող չէ, որ արտաքին ճնշմանը միայն իրենք կարող են դիմակայել, միայն իրենք են, որ սիրում են Ղարաբաղը։
Իրականում, երբ իսկապես սիրում ես, պիտի զիջես, որ քո սիրելին էլ իրեն լավ զգա: Էքզյուպերին ասում էր` սիրել չի նշանակում իրար նայել, նշանակում է` նույն ուղղությամբ նայել: Պիտի կարողանաս քո ժողովրդի հետ նույն ուղղությամբ նայել:
-Անտուան դե Սենտ Էքզյուպերին նաև ասում էր, որ պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես:
-Իհարկե, բայց Էքզյուպերին չէր ասում, որ պատասխանատու լինել նշանակում է կամքի վրա բռնանալ, ազատությունից ու ինքնուրույնությունից զրկել, իրավունքները փոխարինել պարտականություններով: Ի վերջո, պատասխանատվությունից կանգ չի առնում ժամանակը:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1175

Մեկնաբանություններ