38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ԿԱՐԵՎՈՐԸ` ՈՒՐԻՇԻ ԴՈՒԴՈՒԿԻ ՏԱԿ ՉԵՄ ՊԱՐՈՒՄ»

«ԿԱՐԵՎՈՐԸ` ՈՒՐԻՇԻ ԴՈՒԴՈՒԿԻ ՏԱԿ ՉԵՄ ՊԱՐՈՒՄ»
22.12.2009 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ հանրապետական պատգամավոր ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ
-Պարոն Շարմազանով, այսօր Ձեզ հետ ո՛չ որպես ՀՀԿ խոսնակի եմ ասում-խոսում, այլ որպես քաղաքական գործչի և պարզապես մարդ Շարմազանովի հետ եմ զրուցում: Բոլոր դեպքերում, ինչո՞ւ այդքան աղմուկ «շարքերում»:
-Ի՞նչ նկատի ունեք:
-Նկատի ունեմ Սասուն Միքայելյանի «ազատման» հետ կապված վերջին պատմությունն ու հայտնի ստորագրությունները:
-Նախ` չեմ կարծում, որ շարքերում «աղմուկ» կա: Եվ երկրորդ` ավելի շատ աղմկում են նրանք, ովքեր ցանկանում են ՀՀԿ-ում «աղմուկ» տեսնել, իսկ ՀՀԿ-ում, որքան էլ նրանց համար ցավալի լինի, շա՜տ հանգիստ, նորմալ վիճակ է:
-Այդ դեպքում ինչո՞ւ խորհրդի «էքստեռն հանրահավաք» տեղի ունեցավ, և ինչո՞ւ այդքան մեղայականներ հնչեցին ներքոստորագրյալների կողմից, իսկ էն խեղճ Գրիգորիչը դադրեց-բեզարեց-մաշվեց այդ ստորագրությունների «մասով» բացատրություններ տալուց լայն հանրությանը:
-Նախ` Գալուստ Գրիգորիչը բավականին ուժեղ անձնավորություն է, եռանդով լի քաղաքական գործիչ, այնպես որ Ձեր որակումն ամենևին էլ տեղին չէ: Եվ երկրորդ` տեղի է ունեցել ընդամենը ՀՀԿ խորհրդի հերթական նիստ` կազմակերպչական որոշակի հարցերի շուրջ, ինչը նորմալ պրակտիկա է կուսակցության համար:
-Տպավորվա՞ծ դուրս եկաք խորհրդի նիստից:
-Մեր նիստերում միշտ էլ խոսվում է ըստ էության, այնպես որ` կարելի էր և տպավորվել:
-«Պարզ» է, առավել քան` պարզ: Իսկ ինչպե՞ս են նորեկներն իրենց զգում. նկատի ունեմ նորագիր անդամներ վարչապետին և նախարարներին:
-Նորմալ, նրանք ևս նախագահ Սարգսյանի թիմի անդամներ են և լուրջ անելիք ունեն թիմում:
-Կնշե՞ք` ինչպիսի անելիք, բայց` շատ կոնկրետ: Կարծում եք` իսկապե՞ս նրանց կհաջողվի կուսակցությունում բարեփոխումներ իրականացնել, նորացման տանել ՀՀԿ-ն:
-Ես, իհարկե, հասկանում եմ հարցի ենթատեքստը և շատ կոնկրետ ասում` ՀՀԿ-ում չկան յուրայիններ, չկան օտարներ, այնտեղ բոլորն են յուրային, իսկ թե ինչպիսին կլինի կուսակցության ապագան, այդ մասին նշեց ՀՀԿ նախագահը` համագումարյան իր հայտնի ելույթում:
-Իսկ ի՞նչ եք կարծում` 2010 թիվն ինչպիսի՞ն կլինի:
-Եթե նկատի ունեք ներքաղաքական զարգացումները, ապա, ի տարբերություն շատերի, ովքեր կարծում և ակնկալում են, որ մեծ հանրահավաքային շարժում կընթանա, բողոքի հզոր ակցիաներ տեղի կունենան, կարծում եմ, որ նման բան չի լինի, և ինչպես ընդունված է ասել` «կյանքը կընթանա իր բնական հունով», ընդդիմության շարժումը կհանդարտվի հազար ու մի պատճառներով, բայց նախ և առաջ` ընտրազանգվածի նոսրացման:
-Չէ, պարոն Շարմազանով, դաշնակցությունը հիմնարար ձևով պնդում է, որ պետք է մանրամասնորեն իշխանափոխություն իրականացնի, նրանց պետք է ամբողջը և հիմա:
-Ցանկացած քաղաքական ուժ թերևս շատ է ցանկանում «ամբողջը և հիմա», քաղաքական խաղի տրամաբանությունն է այդպիսին, սակայն կա նաև շատ կարևոր մի «մանրուք»` հնարավորությունների հարցը: Ինչ վերաբերում է կոնկրետ դաշնակցությանը, ապա, կարծում եմ, բնական է, որ ՀՅԴ-ն պետք է ձգտի իշխանության, սակայն նա երկար, շատ երկար պետք է սպասի դրան:
-Նկատի ունեք, որ ստատուս-քվոն կշարունակվի թե՛ ղարաբաղյան, թե՛ հայ-թուրքական հարցերո՞ւմ:
-Ղարաբաղյան հարցում ստատուս-քվոն կշարունակվի այնքան, քանի դեռ Ղարաբաղը չի դարձել բանակցային կողմ:
-Ասել է թե` «շրջանակային» համաձայնագիրը ղարաբաղյան կո՞ղմը կստորագրի:
-Ասել է թե` նախ պետք է «շրջանակային» համաձայնագիրը պատրաստ լինի, հետո էլ դրանում անպայմանորեն պետք է հաշվի առնված լինի ղարաբաղյան կողմի կարծիքը:
-Թվաց, թե պետք է ասեք` «շրջանակային» համաձայնագրում, նախ, պետք է գրված լինի Ղարաբաղի կարգավիճակի մասին, հետո նոր...
-«Ղարաբաղի կարծիք» ասելով` մենք նկատի ունենք, որ այդ համաձայնագրում պետք է առաջնահերթորեն, այո՛, ամրագրված լինի ԼՂ կարգավիճակը:
-Փորձագետների մի մասը պնդում է, որ այդ հարցերը` հայ-թուրքական և ղարաբաղյան, միմյանց շաղկապված են տարբեր զուգահեռումներով. մեկ` մինչ Ղարաբաղի հարցը չլուծվի, հայ-թուրքականում առաջընթաց չի լինի, և մյուս` հայ-թուրքականի հարցը կլուծվի, որից հետո շատ արագ ռեժիմով կստորագրվի նաև «շրջանակային» պայմանագիրը:
-Կարծում եմ` պետք է հաշվի առնել մեկ շատ կարևոր հանգամանք. երբ մենք ասում ենք` հայ-թուրքական արձանագրությունները կապ չունեն միմյանց հետ և միմյանցով պայմանավորված չեն, բոլոր դեպքերում, պետք է գիտակցել, որ տարածաշրջանային ցանկացած գործընթաց անպայմանորեն իր ազդեցությունն է թողնում մյուս բոլոր գործընթացների վրա։ Օրինակ, հարավօսական պատերազմը, որը եթե ոչ ամբողջովին, ապա բավականին փոխեց տարածաշրջանի քարտեզը, ինչպես նաև քաղաքական մոտեցումների և ընդհանուր խաղի տրամաբանությունը:
-Փաստորեն, Դուք, պարոն Շարմազանով, առաջնորդվում եք չերչիլյան սկզբունքով. կանխատեսում եք, հետո նույն արագընթաց ռեժիմով էլ բացապարզում, թե ինչու Ձեր կանխատեսումը չիրականացավ: Հիմա եկեք «նույն սկզբունքով» հայ-թուրքական արձանագրությունների վավերացման նոր ժամկետ կանխատեսենք։ Խնդրեմ:
-Նախ` ես ժամկետ չէի կանխատեսել, այլ ասել էի` Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն կտա արձանագրություններին, և հետո` մենք տեսանք, որ նույն արտաքին հարցերով այդ հանձնաժողովը բացասական կարծիք էլ չտվեց: Ավելին, ըստ արտասահմանյան, այդ թվում և` թուրքական լրատվամիջոցների` պաշտոնական Վաշինգտոնը շատ պարզ հասկացրել է թուրքական կողմին, որ, ըստ ամենայնի, ԱՄՆ-ի կոնգրեսը կընդունի բանաձև ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:
-Այսինքն` Ձեր այս անգամվա կանխատեսումն առնչվում է ապրիլի 24-ի՞ն:
-Մասամբ տրամաբանական եմ համարում այդ ճանաչումը:
-Իսկ եթե` ո՞չ:
-Եթե` ոչ, ապա մենք ասել ենք` միակողմանի պարտավորվածություն չունենք որևէ մեկի հանդեպ: ՈՒ հիմա պիտի կրկնեմ ՀՀ նախագահին. եթե Թուրքիան ձգձգի վավերացման գործընթացը, մենք պատրաստ ենք չեղյալ հայտարարելու արձանագրությունները:
-Է՜, պարոն Շարմազանով, բայց չէ՞ որ չէր բացառվում` Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն իսկապես դրական կարծիք տար, և Դուք էլ ճիշտ դուրս գայիք Ձեր կանխատեսումում, թե մինչև դեկտեմբերի 7-ը` Էրդողան-Օբամա հանդիպումը, արձանագրությունները կվավերացվեն, եթե պաշտոնական Վաշինգտոնն ու «անպաշտոն» Էրդողանը կարողանային պայմանավորվել գոնե քրդական հարցի շուրջը: Մանևրի նման դաշտ չտրվեց Թուրքիային, ինչի հույսը Թուրքիան շատ ուներ: ՈՒ Դուք, փաստորեն, այնքան էլ «սխալ» չէիք. ինչո՞ւ եք թողնում, որ Ձեզ «սխալ» հանեն և վատ կանխագուշակողի համբավ ձեռք բերեք, պարոն Շարմազանով:
-Նախ, կցանկանայի նշել, որ երբեք չեմ տառապել կանխատեսումներ անելու հավակնություններով, և հետո` ասացի, թե իրականում ես ինչ եմ ասել:
-Շարմազանով, «Դուք լինել վատ աշակերտ», իսկ օրինակ Գալուստ Գրիգորիչ «լինել լավ կանխատեսիչ»:
-Ես շարունակեմ. եթե Թուրքիան այս ապակառուցողական գործընթացները շարունակի, ապա լուրջ ճնշման կենթարկվի բոլոր այն երկրների կողմից, որոնց ներկայացուցիչները ներկա էին Ցյուրիխում` արձանագրությունների ստորագրմանը, կանգնել էին ստորագրողների թիկունքին:
-Է՜, Շարմազանով, պատմությունը նման կանգեր չէ, որ գրանցել է:
-Պատմությունը նաև ցույց է տվել, որ Թուրքիան շատ հաճախ ենթարկվել է նաև գերտերությունների ճնշումներին, մի՛ մոռացեք, որ Թուրքիան ունի այնպիսի ցավոտ հարց, ինչպիսին քրդականն է:
-Պարոն Շարմազանով, արդյոք տեղյա՞կ եք` կլինի՞ Սարկոզիի այցը Հայաստան։ Ասվում է` հենց նրա ներկայությամբ էլ կֆիքսվի հայ-թուրքականի «ողջամիտ ժամկետը»:
-No comment !
-Իսկ ձերոնք, լավ` մերոնք, արձանագրություններն իսկապե՞ս չեղյալ կհայտարարեն:
-Սերժ Սարգսյանի խոսքն ու գործը երբեք միմյանցից չեն տարբերվում:
-Շարմազանով, Դուք գնո՞ւմ եք շնորհավորելու Սերժ Սարգսյանի Նոր տարին։
-Ես մշտապես իմ Ամանորն անցկացնում եմ Ալավերդիում, իսկ դրանից առաջ ողջ կուսակցությունով դիմավորում ենք Նոր տարին:
-Որտե՞ղ:
-Տարբեր:
-Պա՜ր տի՞ս գալ, Շարմազանով:
-Աշխատելիս լավ աշխատում եմ, քեֆ անելիս էլ` լավ քեֆ անում:
-Շարմազանով, ասում են` դու էլ ես լավ պարում:
-Կարևորը` ուրիշի դուդուկի տակ չեմ պարում:
Զրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1442

Մեկնաբանություններ