38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻԿՈՒՆՔԻՆ Է»

«ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻԿՈՒՆՔԻՆ Է»
02.02.2010 | 00:00

Սփյուռքի նախարարությունը, կարծես, գտել է հայրենիք-սփյուռք գործնական հարաբերությունների բանաձևը` «չմիջամտել, այլ օժանդակել, նպաստել, հայտնաբերել...», ինչը կարծում ենք, չի կարող չգոհացնել սփյուռքահայությանը։ Սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆՆ իր ղեկավարած կառույցի անցած տարվա աշխատանքներից, կարելի է ասել, գոհ է, սակայն ինչպե՞ս է գնահատել դրանք վարչապետը։ Հարցը փորձեցինք ճշտել հենց նախարարից։
-Ճիշտ կլինի այդ հարցը վարչապետին ուղղել,- ասաց Հրանուշ Հակոբյանը։
-Այդ դեպքում ինչպե՞ս եք գնահատում կառավարության աշխատանքը։
-Կարծում եմ, կառավարությանը ծանր տարի էր բաժին ընկել։ Մենք գործ ունեցանք երկու դժվարին իրողությունների հետ։ Առաջինը ֆինանսական ճգնաժամն էր, երկրորդը` հայ-թուրքական արձանագրությունները, որոնք ալեկոծեցին սփյուռքը։ Այնպես որ, կարող եմ ասել` մենք սկսեցինք գործել արտակարգ իրավիճակներում։ Կարծում եմ` կառավարությունը նույնպես արտակարգ իրավիճակում կարողացավ երկիրը հետ պահել սոցիալական ցնցումներից` կենսաթոշակների, նպաստների նվազեցում, ուշացումներ չեղան։ Իհարկե, տնտեսությունն անկում ապրեց, սակայն, ասել, որ դա մեր սխալների հետևանք էր, ճիշտ չի լինի, դա համաշխարհային պրոբլեմ է։ Բոլոր դեպքերում, իհարկե, կան ռեզերվներ, որոնք պետք է աշխատեցնել։
-Այնուհանդերձ, կառավարությունը գո՞հ էր, թե՞ դժգոհ ձեր նախարարության աշխատանքներից։
-Այն գնահատականը, որ լսեցի գործընկերներիցս և անձամբ վարչապետից` իմ ներկայացրած հաշվետվությունից հետո, շնորհակալությունն էր։ Այսինքն` վարչապետը ո՛չ հարց տվեց, ո՛չ էլ հանձնարարական։ Այն, ինչ ներկայացրինք, ընդունվեց շնորհակալությամբ։
-Դուք բազմիցս եք կարևորել նախարարության որդեգրած «Մեկ ազգ, մեկ բռունցք» մոտեցումը։ Սրանից ելնելով, ուզում եմ հստակեցնել հետևյալը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դաշտում արդյոք գործո՞ւմ է «Մեկ գաղափար, մեկ բռունցք» սկզբունքը համայն հայության համար, և արդյոք ազդեցություն չթողե՞ց սփյուռք-հայրենիք հարաբերությունների վրա։
-Ասեմ, որ հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումն ու ստորագրումն ապացուցեցին հայ ժողովրդի ուժը և ցույց տվեցին, որ հայ ժողովրդի երկու երրորդը, բնակվելով Հայաստանից դուրս, կարողացավ բռունցքվել, միավորվել ու լրջագույն հարցադրումներ անել, որոնցից մեկն առնչվում է ցեղասպանության ճանաչման խնդրին։ Ասեմ, որ սփյուռքահայության այս վախը, ալեկոծությունը, մտահոգությունը ես ամբողջությամբ կիսում եմ։ Հատկապես, երբ թուրքական կողմը հայտարարում է, որ ստորագրելով արձանագրությունները, հետին պլան է մղում ցեղասպանության ճանաչումը։ Այս մոտեցումը, իհարկե, արժանացավ սփյուռքի ամենախիստ հակազդեցությանը։ Արդյունքում ես շատ ուրախ եմ, որ կայացավ ՀՀ նախագահի համահայկական ուղևորությունը, անկախ այն բանից, որ ի հայտ եկան տաք գլուխներ` ոչ կոռեկտ պահվածքով, սակայն դա չէր կարևորը, այլ ժողովրդի հավաքական գնահատականը։ Մարդիկ պետության առաջին դեմքից լսեցին կարևոր հարցերի պարզաբանումները, բացատրությունները, որոնք վերաբերում էին ցեղասպանության ճանաչմանը։ Երկրորդ` սփյուռքին մտահոգող խնդիրներից էր նաև այն, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը չկապվի հայ-թուրքական հարաբերությունների հետ։ Այս երկու խնդիրների քաղաքական գնահատականը տվեց ՀՀ նախագահն իր ուղերձում։ Ես չեմ կարծում, որ կա այս ինստիտուտից ավելի բարձր մարմին, որի խոսքն ավելի հավաստի լինի։ Կարծում եմ` նախագահի հոկտեմբերի 10-ի ուղերձն ամբողջ սփյուռքն ընդունեց։ Դրանից հետո մենք եղել ենք Քուվեյթում, և ես լսել եմ տեղի ամենաըմբոստ և ընդդիմադիր կառույցի` Հայ դատի գրասենյակի ղեկավարի խոսքերը, որը շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին` ուղերձում հնչած այդ երկու խնդիրների վերաբերյալ պարզաբանումների համար։ Այսինքն, համահայկական խնդիրներում մենք չենք կարող այլ կերպ մտածել։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը, սահմանի բացմանը, մեծ հաշվով, մարդկանց մեծամասնությունը համաձայն է մեկ վերապահումով` «առանց նախապայմանների»։ Կարծում եմ` սփյուռքն իր մտավոր և այլ կարողությունների բազմաշերտությամբ չի կարող միատարր լինել, առնվազն միամտություն է, երբ ասում են` սփյուռքն այսպես է մտածում։ Որևէ մեկը սփյուռքի անունից հանդես գալ չի կարող։ Սփյուռքի 30 հազար կազմակերպություններն ու ավանդական կուսակցություններն են ներկայացնում այս կամ այն խմբի, սոցիալական շերտի շահերն ու տեսակետները։ Այնպես որ, շատ ուրախ եմ, որ մենք ունենք հավաքական սփյուռք, որը համազգային հնչողություն ու կարևորություն ունեցող բոլոր խնդիրներում Հայաստանի թիկունքին է։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1312

Մեկնաբանություններ