38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ԳՈՐԾՈՂ ԳՆԵՐԻ ՈՒ ԳՆԱՃԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԵՆՍԱՊԱՀՈՎՄԱՆ ԽՆԴԻՐ ՉԵՍ ԼՈՒԾԻ»

«ԳՈՐԾՈՂ ԳՆԵՐԻ ՈՒ ԳՆԱՃԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԵՆՍԱՊԱՀՈՎՄԱՆ ԽՆԴԻՐ ՉԵՍ ԼՈՒԾԻ»
11.12.2009 | 00:00

2010-ի պետական բյուջեի, հայ-թուրքական արձանագրությունների և ղարաբաղյան խնդրի շուրջ իր դիտարկումներն է ներկայացնում «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:
-Ինչպե՞ս կբնորոշեք 2010-ի բյուջեի նախագիծը:
-Ըստ իս` անկանոն բյուջե, որովհետև այդ նախագծում անձամբ ես չեմ տեսնում լուծումներն այն խնդիրների, որ ունենք:
-Կոնկրետ` ո՞ր խնդիրների։
-Առաջին հերթին` սոցիալական իրավիճակի լարվածության մեղմացումը: Աշխատավարձերի, թոշակների բարձրացում չկա, նվազագույն աշխատավարձը մնում է նույնը, պաշտոնական գնաճը` 1 տոկոս, այն դեպքում, երբ աշխարհում բավականին մեծ գնանկում կա։ Իսկ մեզ մոտ առաջին անհրաժեշտության ապրանքները բավականին թանկացել են: 2010-ին սպասվում է գազի գնի աճ, որն իր հետ պարտադիր բերելու է նոր թանկացումներ, որովհետև գազը տնտեսության մեջ գնագոյացնող միջոց է, ավելացրեք դրան նաև տրանսպորտը, որովհետև մեծ թվով մեքենաներ գազով են աշխատում, և ակնհայտ կդառնա 2010-ին գնաճի անխուսափելիությունը: Համադրելով այդ թվերը փորձագիտական եզրակացության հետ` կենսապահովման զամբյուղը պետք է լիներ 50000 դրամ, սպառողական զամբյուղը` 40000: Տրամաբանական է, որ նվազագույն աշխատավարձը սահմանվի կենսապահովման նվազագույն զամբյուղի հիման վրա: Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում այդպես էլ նախատեսվում է, բայց 2007 թվականից առայսօր դա տեղի չի ունեցել: Պետական սեկտորում աշխատավարձը մոտավորապես 80-90000 դրամ է, մասնավոր սեկտորում` 120-200000: Գործող գների ու գնաճի պայմաններում այս գումարով կենսապահովման խնդիր չես լուծի:
-Դուք չե՞ք մոռացել ֆինանսատնտեսական ճգնաժամի մասին:
-Ֆինանսատնտեսական ճգնաժամը, ցավոք, հնարավոր չէ մոռանալ: Աշխարհում ամենախոր տնտեսական անկում ունեցող երկիրը դարձանք, ճգնաժամն ամենաուժեղ ներգործությունն ունեցավ խոցելի խմբերի, փոքր ու միջին բիզնեսի վրա:
-Խոշոր բիզնեսը ճգնաժամից չտուժե՞ց:
-Խոշոր բիզնեսն ինչպես եղել էր ստվերում, այդպես էլ մնաց: Նրա հարկային մուտքերը բավականին նվազեցին փոքր ու միջին բիզնեսի վճարած հարկերի համեմատ: Իսկ այդ եկամուտները պետք է մտնեին բյուջե և սոցիալական խնդիրներ լուծեին: Արդյունաբերության այն ճյուղերը պետք է խթանել, որոնք մեծ թվով աշխատատեղեր ու եկամուտներ են ապահովում։ Այդ առումով կարևոր է ներդրումների խնդիրը, բայց վարվող քաղաքականության պատճառով մի քանի օր առաջ Հունգարիայում կայացած էներգետիկ կոնֆերանսի ժամանակ «Դոյչե բանկի» ներկայացուցիչը կոչ էր անում Հայաստանում ներդրումներ չանել, որովհետև դրանք մեծ ռիսկեր են պարունակում: Նման ֆորումում այդպիսի գնահատականի արժանացող երկիրը ներդրումների համար անբարենպաստ է դառնում: Հարկային քաղաքականության առնչությամբ ևս մեկ անգամ կցանկանայի շեշտել պրոգրեսիվ հարկման մեխանիզմի ներմուծման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա փոքր ու միջին բիզնեսին խոշոր բիզնեսից պաշտպանվել և խուսափել գերկենտրոնացումից: Այս խնդիրների լուծմամբ կունենայինք և՛ աշխատավարձերի բարձրացում, և՛ հարկային մուտքերի ավելացում, ճգնաժամն էլ այդքան ծանր ազդեցություն չէր ունենա:
-Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունները մյունխենյան հանդիպումից հետո:
-Կարծում եմ` իշխանությունները փորձում են ժամանակ շահել: Սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորված են հայ-ադրբեջանական հարաբերություններով։ Թուրքական կողմն անընդհատ շեշտում է, որ առանց ազատագրված տարածքները վերադարձնելու սահման չեն բացի:
-Ե՞րբ խորհրդարանները կվավերացնեն արձանագրությունները:
-Կարծում եմ` Թուրքիայի խորհրդարանը` մինչև ապրիլի 24-ը, Հայաստանինը` դրանից հետո:
ԼՂ խնդիրն ավելի ուշ կլուծվի, որովհետև Հայաստանի իշխանություններն այս պահին չեն կարող դա անել: «Ժառանգությունը» կողմ է հայ-թուրքական հարաբերություններին, բայց ոչ` նախապայմանների հաշվին: Քաղաքակիրթ երկխոսությունը նախապայմաններ չի ընդունում, ուղղակի քննարկվում են խնդիրները, ոչ թե մի կողմը ստանում է իր ցանկացածը, մյուս կողմը գնում է զիջումների: Նույն կերպ «Ժառանգությունը» դեմ է մադրիդյան սկզբունքներին, որտեղ անընդունելի մեխանիզմներ կան: Նախ` չկա Լեռնային Ղարաբաղը որպես բանակցող, որոշում ընդունող կողմ, այլ ընդամենը Ղարաբաղին «մատուցվում» է որոշվածը: Այդքանից հետո նույնիսկ եթե ԼՂՀ-ն անկախություն ստանա (չմոռանանք նաև, որ կա հանրաքվեի խնդիր), ակնհայտ է, որ Ղարաբաղն այսուհետ անվտանգ չի կարող լինել:
-Իսկ միջազգային երաշխիքնե՞րը, խաղաղապահ ուժերը չե՞ն կարող ապահովել ԼՂՀ-ի անվտանգությունը:
-Ցանկացած խաղաղապահ ուժ, վաղ թե ուշ, հեռանում է, նրա առաքելությունը կարճաժամկետ է, իսկ հեռանալուց հետո՞...
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը ներկա իրադրությունում պատրաստ է կանխելու ցանկացած ագրեսիա և հակահարված տալու, բայց բնական պաշտպանական միջոցները կորցնելուց հետո այդպես չի լինի: Ազատագրված շրջաններն ուղղակի կենսատարածքներ են, որոնք ունեն քաղաքական, տնտեսական, ռազմական նշանակություն և ապահովում են զարգացման հնարավորություններ: Ինձ շատ մտահոգեցին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշ հայտարարությունները: Ադրբեջանի նախագահն ուղղակի հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքները հայերը կարող են չվերադարձնել միայն մի դեպքում, եթե դրանք բնակեցվեին, բայց հայերը չեն կարող բնակեցնել, որովհետև Հայաստանն ունի ժողովրդագրական խնդիր` 1,7 միլիոն հայերը տարածքներ բնակեցնելու ռեսուրս չունեն: Ի հակադրություն նշվում է, որ Ադրբեջանն ունի 9 միլիոն բնակիչ, մի քանի տարուց` 10 միլիոն կդառնա: Թվերը չքննարկենք, բայց պրոբլեմը կա: Իսկ Դավուդօղլուն արձանագրությունները խորհրդարանին ներկայացնելիս ասաց. «Հայաստանը հիմա աղքատ երկիր է և մեծ արտագաղթ կա»: Համադրեք այս խոսքերը։ Հնարավո՞ր է իրավիճակը փոխել: Իհարկե: Բայց դրա համար պետք է մտածել ոչ թե սեփական շահի ու պաշտոնի մասին, այլ պետական երկարաժամկետ քաղաքականություն մշակել։ Մենք ունենք հզոր սփյուռք, կարող ենք այնպիսի պայմաններ ստեղծել, որ Հայաստանը տնտեսապես զարգանա, և բնակչության թվի աճ արձանագրվի:
-Մյունխենյան հանդիպման ընթացքում, լրատվամիջոցների հավաստմամբ, շրջանակային համաձայնագրի պայմանավորվածություն է ձեռք բերվել: Եթե այդպես է, Ձեր կարծիքով, ե՞րբ այդ համաձայնագիրը կստորագրվի:
-Երբ խորհրդարանները վավերացնեն արձանագրությունները, սահմանները բացվեն, հասարակությունը ժամանակ ունենա այդ ամենն ընկալելու:
-Հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ շրջանակներում Թուրքիան ընդունի Հայոց ցեղասպանությունը:
-Սահմանների ճանաչումից հետո արդյո՞ք ցեղասպանության ընդունումն այն նշանակությունը կունենա, ինչը մենք ենք ցանկանում: Եթե ընդունումն ընդամենը մեկ նախադասությամբ է լինելու, առանց իրավական հետևանքների, Թուրքիան դա կանի և ազատ կարձակի ձեռքերը...
-Ե՞րբ:
-Չեմ կարծում, թե մոտակա ժամանակներում:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1439

Մեկնաբանություններ